9.3. Սկեպտիկ աշակերտի՝ Հակոբոսի մտափոխությունը. – Գրադարան – Mashtoz.org

9.3. Սկեպտիկ աշակերտի՝ Հակոբոսի մտափոխությունը.

Ուսումնասիրողներից ոմանք երկար կանգ են առել քննարկելու Հակոբոսի ապշեցուցիչ փոխակերպումը, ով Ավետարանների կողմից նկարագրվում է Հիսուսի նկատմամբ մեծապես սկեպտիկ տրամադրված՝ Նրա հրապարակային գործունեության ընթացքում (հմմտ. Մրկ 3, 21.31-35; 6, 3; Հվհ 7, 5)։ Եվ սակայն, Հիսուսի խաչելությունից քիչ ժամանակ անց, միևնույն Հակոբոսը՝ Հիսուսի զարմիկներից մեկը, դառնում է Երուսաղեմի քրիստոնեական սկզբնական համայնքի առաջնորդներից մեկը, և նրան հանդիպելու է գալիս նաև Պողոս Տարսոնացին՝ իր երկու այցելությունների ընթացքում (հմմտ. Գղտ 1, 18-19; 2, 1-10; Գրծ 15, 13-21)։ Հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիուսը վկայում է, որ Հակոբոսը վերջում մարտիրոսանում է՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատքի համար։
Ամերիկացի աստվածաշնչագետ Ջոն Փ. Մեյեռի համաձայն, Հակոբոսի կասկածամտությունը վստահաբար պատմական տվյալ է, քանի որ գոհացնում է և՛ անկախ աղբյուրների կողմից բազմակի վկայվածության, և՛ ամոթի չափանիշներին, որովհետև սկզբնական Եկեղեցու համար մեծապես վարկաբեկիչ էր փաստը, որ իբրև առաջնորդ ուներ Հիսուսի ազգականներից մեկին, ով հեղինակն էր «խորապես վիրավորական արտահայտությունների» նույն Ինքն Հիսուսի վերաբերյալ։ Ավելի նվազ չափով, եզրափակում է Մեյեռը, գոհացնում է նաև հետևողականության չափանիշին՝ Հիսուսի կողմից հաճախակի հնչեցված կոչի համաձայն՝ Աստծուն նախադասելու սեփական ընտանիքից առաջ[1]։
Հակառակ այն բանի, որ Հակոբոսը Հիսուսի ազգականներից մեկն էր (Ավետարաններում անվանվում է «Տիրոջ եղբայրը», և այստեղ հարմար տեղը չէ մանրամասնելու, որ «եղբայր» տիտղոսը արևելյան մտածողությամբ տրվում էր ընտանիքի բոլոր անդամներին՝ ներառելով բոլոր զարմիկներին. մի խոսքով, Հիսուսի ''եղբայրն'' էր կամ ''զարմիկը'', «բացարձակ հստակություն չկա», բայց «ամենահավանական կարծիքն այն է, որ Հիսուսի եղբայրներն ու քույրերը ճշմարիտ ազգականներ էին», այսինքն՝ ո՛չ սոսկ բարոյական իմաստով մտերիմ ընկերներ, չնայած որ «գաղափարը, թե կարող են ընդարձակ իմաստով մտերիմներ կամ ազգականներ եղած լինել, վստահաբար բացառված չէ»[2] [3]), հակառակ այն բանի, ասում էինք, որ Հակոբոսը Հիսուսի ազգականներից մեկն էր, Հակոբոսը անգամ ներկա չի գտնվել խաչի առաջ, երբ իր եղբայրը դատապարտված էր մահվան և իր կյանքի վերջին վայրկյաններն էր ապրում։ Կա՛մ այդքա՜ն վախեցած էր, որ իրեն էլ կձերբակալեին և իրեն էլ խաչ կբարձրացնեին, կա՛մ էլ՝ այդքա՜ն հավատարիմ էր հրեական կրոնի պահանջներին և հանձինս մահվան դատապարտված իր եղբոր տեսնում էր Աստծուց նզովված մեկին, որին մերձենալ անգամ չէր ցանկանում, որպեսզի չպղծվեր։
Ի՛նչ էլ որ եղած լինի նրա բացակայության պատճառը, ինչպե՞ս բացատրել նրա հոգու և դիրքորոշման այդ արմատական փոփոխությունը, եթե ո՛չ այն վկայությամբ, որ գրի է առնվել նախապողոսյան հնագույն բանաձևում. « ... ապա երևաց Հակոբոսին» (1Կր 15, 7)։
Ռեջինալդ Հ. Ֆյուլլեռը զարմանք առաջացնելով հայտարարել է, որ եթե քրիստոնեական գրությունները վկայած չլինեին Հիսուսի Հարությունից հետո Հակոբոսին տրված երևման մասին, «պետք է որ մենք հորինեինք դա»[4], որովհետև ա՛յլ կերպ չի բացատրվում նրա անակնկալ դարձը և նրա ընտրությունը որպես Երուսաղեմի Եկեղեցու առաջնորդ։
«Ժամանակակից ուսումնասիրողների մեծամասնությունը», վերջում հաստատել է Գեռի Հաբեռմասը, «ներառյալ նրանք, ովքեր ավելի շուտ սկեպտիկ են»[5], կասկածներ չունի Հակոբոսի դարձի պատմականության վերաբերյալ, և գտնում է, որ Հիսուսի անձնական երևումը ամենահավատալի բացատրությունն է։ Օրինակ՝ Հելմութ Քոյշթեռը[6], Ռոբեռթ Ֆանքը[7], Փիթըռ Շթուհըլմախեռը[8] և Է.Փ. Սանդեռսը[9]։
[1] J.P. Meier, A Marginal Jew: Rethinking the Historical Jesus, Doubleday 2001, Vol. 2, p. 68-71.
[2] J.P. Meier, Un ebreo marginale, Queriniana 2008, p. 324-325.
[3] J.A. Fitzmyer, A Christological Catechism. New Testament Answers, Paulist Press International 1981, p. 73.
[4] R. Fuller, The Formation of the Resurrection Narratives, Macmillan 1980, p. 10.
[5] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45. p. 288-297.
[6] H. Koester, Introduction to the New Testament, Fortress 1982, Vol. 2, p. 84.
[7] R. Funk, Honest to Jesus, Harper Collins 1996, p. 33.
[8] P. Stuhlmacher, The Resurrection of Jesus and the Resurrection of the Dead, Ex Auditu 1993, Vol. 9, p. 49.
[9] E.P. Sanders, But Did it Happen?, The Spectator 1996, Vol. 276, p. 17.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։