Ա) ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Ա) ՀԻՍՈՒՍԻ ԹԱՂՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին արգումենտը, որ նպաստում է Հարության պատմականության վերաբերյալ վերջնական կարծիք կազմելու գործընթացին, Հիսուսի թաղման պատմականության թեման է։
Ակնհայտ է, որ եթե Հիսուս Նազովրեցին թաղված չլինի, անհնարին կլինի հավատք ընծայել քրիստոնեական գրություններին, երբ խոսում են դատարկ գերեզմանի գտնման մասին, և չափազանց դժվարին կլինի վստահելի համար զատկական պատմություններն ընդհանրապես։
Բայց ի՞նչ է ասում ակադեմիական համայնքը Հիսուսի թաղման մասին։ Այն միաձայն կերպով փաստվա՞ծ է որպես պատմական դեպք, այնպես՝ ինչպես վստահաբար կատարված են նկատվում դատավարությունը, խաչելությունն ու խաչի վրա մահը։ Այո՛, բայց այս դեպքում կա մասնագետների մի փոքրամասնություն, որը կասկածի տակ է առնում թաղման պատմականությունը, պատճառաբանություններով, որոնք, ինչպես կտեսնենք, փաստվել են որպես սխալ պատճառաբանություններ։
Մարկոսի Ավետարանի համաձայն, Հովսեփ Արիմաթեացին էր, հրեական Ատյանի հեղինակավոր անդամներից մեկը, որ Պոնտացի Պիղատոսից խնդրեց և ստացավ Քրիստոսի դիակը՝ այն մի կոթողային գերեզմանի մեջ թաղելու դիտավորությամբ (հմմտ. Մրկ 15, 42-47). գերեզման, որն ամենայն հավանականությամբ իր սեփականությունն էր, և հավանաբար՝ փորված էր հենց իր և իր ընտանիքի համար։ Պատմությունը հաստատված է երեք ա՛յլ, միմյանցից անկախ աղբյուրներից ևս, որոնցից յուրաքանչյուրը ինչ որ մի փոքրիկ մանրամասնություն է ավելացնում հիմնական պատմությանը. Մատթեոսը (Մտթ 27, 57-66), Ղուկասը (Ղկս 23, 50-53) և Հովհաննեսը (Հվհ 19, 38-42)։
Ինչպես ավելի մանրամասն կերպով ցույց կտանք հետո, մարկոսյան տեքստի ամենակարևոր ուսումնասիրողը՝ գերմանացի Ռուդոլֆ Յոհաննես Պեշը (1936-2011), նախամարկոսյան աղբյուրը – որի վրա է հիմնվում Ավետարանիչը խաչելության պատմության համար – թվագրել է Ք.հ. 37 թվականին, հետևաբար՝ «պատմված դեպքերից կարճաժամկետ հեռավորության վրա, Երուսաղեմում բնակվող և արամայերեն խոսող սկզբնական համայնքի շրջանակներում»[1]։
Ժամանակակից ուսումնասիրողների ու պատմաբանների մեծամասնության մոտ սակավաթիվ են կասկածները, թե Հիսուս Նազովրեցու թաղման վերաբերյալ կարող է խոսք գնալ իսկապես տեղի չունեցած իրողության մասին։ Յակոբ Քռեմեռը (1924-2010), ով Նոր Կտակարանի Աստվածաշնչյան Ուսումների դոցենտ է եղել Վիեննայի Համալսարանում, արդարև վկայագրել է, որ «մեկնաբանների մեծամասնությունը ամրապինդ կերպով վստահելի է համարում դատարկ գերեզմանին վերաբերվող աստվածաշնչյան տվյալները»[2]։
Ականավոր աստվածաշնչագետ Ռայմոնդ Էդուարդ Բռաունը (1928-1998), ով դասավանդել է Նյու Յորքի Յունիոն Աստվածաբանական Ակադեմիայում, Հիսուսի թաղումը նկատում էր որպես «շատ հավանաբար պատմական» իրականություն[3], որպես մեկնակետ ընդունելով փաստը, որ ավետարանական պատմությունը գոհացնում է պատմականության երեք չափանիշներին, որոնց միջոցով ուսումնասիրողները վերլուծում են հին ժամանակների պատմությունները։
«Բազմակի վկայվածության» չափանիշը գոհացվում է, քանի որ պատմությունը հետևողական (կոեռենտ) կերպով ներկայացվում է միմյանցից անկախ չորս աղբյուրների կողմից, որոնք վստահաբար մեջբերում են իրենցից առաջ գոյություն ունեցող աղբյուրների (նախաավետարանական) վկայությունները։ «Անհամապատասխանության» (կամ ոչ-նմանության) չափանիշն իր հերթին գոհացում է գտնում, քանի որ Հովսեփ Արիմաթեացու կերպարը ապշեցուցիչ կերպով չի համապատասխանում առաջին քրիստոնյաների հանդեպ Ատյանի անդամների կողմից որդեգրված դիրքորոշմանը. և ի վերջո «շփոթմունքի» (կամ ամոթի) չափանիշը գոհացվում է, քանի որ սկզբնական Եկեղեցու անդամների համար իսկապես շփոթեցուցիչ էր այդ աստիճան դրական արժևորումը հրեական իշխանությունների ականավոր անդամներից մեկի, երբ հենց այդ իշխանությունների ձեռքով էր Հիսուսը մահվան դատապարտվել։
Հովսեփ Արիմաթեացու ներկայությունը, որ հաստատվում է քրիստոնեական բոլոր աղբյուրների կողմից, հետևաբար այն կետն է, որն իսկապես հավաստի է դարձնում ողջ պատմությունը. եթե Ավետարանիչները հորինած լինեին Հիսուսի թաղման դրվագը, որպես գլխավոր դերակատար երբեք չէին ներկայացնի այսքան սպեցիֆիկ մի կերպար, – ինչպիսին էր հրեական Ատյանի անդամներից մեկը, – քանի որ նման հորինվածքը չէր դիմանա հրեական իշխանությունների կողմից ներկայացված անհապաղ հերքումներին։
«Թեև բարձր հավանականությունը հավասարազոր չէ ապահով վստահությանը», եզրակացնում է Ռայմոնդ Էդուարդ Բռաունը, «Հովսեփի ձեռամբ Հիսուսի թաղման նախաավետարանական հիմքի պատմության մեջ չկա ոչինչ, որ չի կարող հավաստի կերպով համարվել իբրև պատմական»[4]։ Ի նկատի առնելով նաև, որ Մարկոսի Ավետարանը մեջբերում է մի հնագույն նախամարկոսյան աղբյուր, որը վկայում է թաղմանը (որի մասին կխոսենք հետո), Ջոն Արթուր Թոմաս Ռոբինսընը (1919-1983), ով եղել է Քեմբրիջի Համալսարանի Թռինիթի Քոլեջի դեկանը, կարողացել է մինչև իսկ եզրակացնել, որ խոսքը վերաբերվում է «Հիսուսի վերաբերյալ մեզ հասած ամենահին ու ամենալավ վկայված փաստերից մեկին»[5]։
Հարության ալտերնատիվ առարկությունների մեծագույն տեսաբաններից մեկը հանդիսացող սկեպտիկ աստվածաբան Գերդ Լյուդմաննը (1946-2021) նույնպես ընդունել է, որ Հովսեփ Արիմաթեացու և Հիսուսի թաղման պատմականությունը չընդունելը նշանակում է «չափազանց այն կողմ գնալ»[6]։
Բազմաթիվ ուսումնասիրողներ, ի վերջո, կարծիք են հայտնել, որ Արիմաթեա ավանի՝ այդ քիչ ճանաչված և աստվածաբանական կամ պատմական նշանակությունից զուրկ բնակավայրի հիշատակումն ինքնին պատմական հավելյալ հավատալիություն է հաղորդում Հովսեփի կերպարին։
Հիսուսի թաղման պատմության պատմականության ամենակարևոր հետևանքներից մեկը նաև այն է, – հետագա ողջ պատմությունը (դատարկ գերեզմանից սկսած) ներդաշնակ ու հետևողական դարձնելու փաստից բացի, – որ Հիսուսի գերեզմանի տեղակայումը Երուսաղեմում քաջ հայտնի էր և՛ հրեաներին, և՛ քրիստոնյաներին։ Անկասկած, պատմական ներկայությունը Ատյանի այնպիսի անդամներից մեկի, ինչպիսին էր Հովսեփ Արիմաթեացին, հավաստի է դարձնում տվյալը, ըստ որի՝ հրեական իշխանությունները ստույգ տեղեկություններ ունեին Հիսուսի գերեզմանի վերաբերյալ։
 
[1] R. Pesch, Il vangelo di Marco, Paideia 1982, Vol. 2, p. 46, 45.
[2] J. Kremer, Die Osterevangelien Geschichten um Geschichte, Katholisches Bibelwerk 1977, p. 49-50.
[3] R.E. Brown, The Death of the Messiah, 2 vol., Garden City 1994, p. 1240.
[4] R.E. Brown, The Death of the Messiah, 2 vol., Garden City 1994, p. 1240-1241.
[5] J.A. Robinson, The Human Face of God, Westminster 1973, p. 131.
[6] G. Ludemann, The Resurrection of Jesus, Fortress Press 1994, p. 207.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։