Դ) ԿԱՆԱՅՔ ՈՐՊԵՍ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

Դ) ԿԱՆԱՅՔ ՈՐՊԵՍ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ

Ուսումնասիրողների կողմից գործածվող մի չորրորդ արգումենտ ուժգին կերպով քիչ հավանական է դարձնում զատկական իրադարձությունների գրական կեղծարարության հնարավորությունը։ Փաստացի, քրիստոնեական առաջին համայնքը պնդում է, որ մի քանի կանայք են եղել, որ գտել են դատարկ գերեզմանը և ներկա են գտնվել Հարուցյալ Հիսուսի առաջին երևմանը։
Մարիամ Մագդաղենացին, ի մասնավորի, բոլոր չորս Ավետարանիչների կողմից մատնացույց է արվում որպես Հիսուսի խաչելության ու թաղման գլխավոր վկան (հմմտ. Մրկ 15, 40-41) և որպես դատարկ գերեզմանի առաջին վկաներից մեկը (հմմտ. Մրկ 16, 1-8)։ Մատթեոսյան և Հովհաննեսյան ավանդությունները հասնում են ներկայացնելու նրան որպես Հարուցյալ Հիսուսի առանձին երևումներից մեկի հասցեատեր (հմմտ. Մտթ 28, 8-10; Հվհ 20, 11-18), նախքան որ Հիսուսն Ինքը կհայտնվեր Առաքյալների՝ տղամարդկանց խմբին։ Կանանց կարևոր դերակատարությունը հաստատվում է նաև Գործք Առաքելոց գրքում (հմմտ. Գրծ 2, 29 և 13, 29)։
Եվ սակայն, պատմությունից քիչ թե շատ տեղյակ անձանց քաջ հայտնի է, որ այդ ժամանակներում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ հրեաների մոտ, կանայք չնչին արժեք էին ներկայացնում հասարակական կյանքում։ Հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիուսը գրում է, որ «կինը ստորադաս է ամեն ինչում։ Ուստի պետք է ենթակա լինի, ո՛չ թե ստորացվելու, այլ՝ առաջնորդվելու նպատակով»[1]։ Կանայք և ո՛չ իսկ ընդունվում էին որպես վկաներ հրեական դատարաններում, ճիշտ որովհետև նրանց վկայությունը ո՛չ կշիռ ուներ, ո՛չ էլ՝ արժեք։
«Հաճելի լինի կամ ո՛չ», գրում են Նիքոլաս Թոմաս Ռայթը և Քռեյգ Ալլան Էվանսը, «կանայք հին աշխարհում բնավ չէին համարվում վստահելի ականատես վկաներ»[2]։
Եթե դատարկ գերեզմանի և Հարուցյալ Հիսուսի երևումների դրվագները հորինված լինեին, ո՞վ պետք է այդ աստիճան անուղեղ լիներ (հիանալի առասպել հորինելուց հետո), որ ավետարանական պատգամի սիրտն ու կորիզը ներկայացնելու դերակատարությունը հանձներ վկաների, որոնք – իրենց սահմանումով իսկ – չէին նկատվում որպես արժանահավատ անձինք։ Ինչպես նաև, եթե հնարավոր եղած լիներ ավետարանական գրությունների հետագա ձևափոխումը, այդ մանրամասնությունը վստահաբար կջնջվեր կամ գոնե փոփոխությունների կենթարկվեր, օրինակ՝ մեկ կամ մի քանի տղամարդիկ ավելացնելով որպես ականատես վկաներ։ Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, թե Առաքյալներն են գողացել Հիսուսի դին, հմտորեն խաբելով բոլորին, ինչպե՞ս է հնարավոր, որ ամեն ինչ փչացրել են՝ ականատես վկայի պաշտոնը տալով կանանց։ Եվ ինչպիսի՜ կանանց. նրանց մեջ կենտրոնական դիրք գրավող Մարիամ Մագդաղենացին բոլորին հայտնի նախկին դիվահար էր։
Ականավոր աստվածաշնչագետ Ջոն Փոլ Մեյեռը (1942-), ընդգծելուց հետո, որ զատկական իրադարձությունների թատերաբեմում կանանց վարած գլխավոր դերակատարությունը անխուսափելիորեն պատմական է և գոհացնում է բազմակի վկայվածության պատմական չափանիշին (ինչպես արդեն նշվեց), կանգ է առել «շփոթմունքի» կամ «ամոթի» չափանիշի վրա. «Անհավանական է թվում, որ քրիստոնեական սկզբնական ավանդությունն ամեն բան արել է, որպեսզի կասկածներ առաջացնի» Հարության և Հիսուսի առաջին երևման պատմության նկատմամբ, «առանց որևէ տեսանելի պատճառի» հանձնելով վկայության դերը մի կնոջ, որը, մնացած ամեն ինչից բացի, նաև հայտնի էր որպես նախկին դիվահար։ «Ի՞նչ նպատակի կարող էր ծառայել նման հորինվածքը։ Խոցելիությունը մի կին վկայի, որը նախկին դիվահար էր, չի վրիպել Ավետարանների արական սեռի պատկանող քննադատների աչքից, 2րդ դարում ապրած Կելսուսից մինչև 20րդ դարում ապրած Էռնեսթ Ռենանը»[3]։
Եվ իրոք, հույն փիլիսոփա Կելսուսը քրիստոնյաների դեմ մի գրքույկ է գրել, ուր ասում է. «Գալիլեացիները հավատում են մի հարության, որի վկաները միայն մի քանի հիստերիկ կանայք են»[4]։
Բեն Ուայթռինգթընը (1951-), ով հայտնի աստվածաշնչագետ է և Նոր Կտակարանի Ուսումնասիրման Ընկերության հեղինակավոր անդամներից մեկը, իր հերթին մեկնաբանել է, որ «դժվար է հավատալը, թե առաջին քրիստոնյաները կարող էին հորինել այն պատմությունը, որի համաձայն՝ Հիսուսն առաջին հերթին երևաց մի խումբ կանանց։ Նահապետական աշխարհում, որի ներսում ապրում էին այդ քրիստոնյաները, անկեղծ ասած՝ հավատալի չէ, որ նման մտայնությամբ ապրող մի խումբ կարողանար մի այսօրինակ պատմություն հորինել»[5]։ Կասկածից դուրս է, որ եթե դրվագը հորինված լիներ, վկաների պաշտոնը հանձնված կլիներ միջին կամ բարձր տարիքի տղամարդկանց։
Գեռհառդ Լոհֆինկը (1934-), ով Նոր Կտակարանի դոցենտ է եղել Տյուբինգենի Համալսարանում, նշել է (այստեղ հղումը). «Դատարկ գերեզմանի պատմության մեջ կա նաև մի նկատառում, որ ներկայանում է որպես մի տեսակ ''պատմական գետնի վրա կողքից պաշտպանություն''. դատարկ գերեզմանը բացահայտվում է մի խումբ կանանց կողմից, որոնց անունները հստակ կերպով նշվում են։ Եթե այս պատմությունը հորինված լիներ, չէր ներգրավի կանանց, այլ՝ տղամարդկանց։ Հիրավի, կանանց կողմից տրված վկայությունները շատ արժեք չունեին այդ ժամանակվա աշխարհում։ Պատմագետի համար սա մի ցուցմունք է, որ սույն դրվագը պատմականորեն չի կարող թեթև ձեռքով ջնջվել»։
Ռայմունդ Շուագեռը (1935-2004), ով Աստվածաբանության ամբիոնի դեկանն է եղել Իննսբռուքի Համալսարանում, հաստատել է մասնագետների մոտ գերիշխող դիրքորոշումը՝ դրվագի պատմականության համար դրական գնահատելու կանանց դերակատարությունը խաչելության և Զատկի առավոտյան իրադարձություններում[6]։ Նաև (սկեպտիկ) մասնագետ Գեռդ Լյուդմաննը «պատմականորեն անկասկածելի» է համարում փաստը, որ կանայք են եղել, որ գտել են դատարկ գերեզմանը[7]։
Այս արգումենտին կապակցված ևս մի միտք արտահայտվել է Խոսե Միգել Գառսիայի կողմից. «Ամբողջովին զարմանալի է փաստը, որ այդ քրիստոնյաները փորձում են որպես հարության փաստ ներկայացնել մի բան, որը բավարար փաստարկ չէ անգամ հենց իրենց համար»[8]։ Ավետարանական պատմություններում, իրոք, ո՛չ կանանց, ո՛չ էլ Առաքյալների կողմից դատարկ գերեզմանը չի մեկնաբանվում որպես «հարության ապացույց» (Մարիամ Մագդաղենացին, օրինակ, մտածում է, թե Հիսուսի մարմինը հեռացվել է գերեզմանից. հմմտ. Հվհ 20, 2)։ «Եթե հաստատվում է, որ կանայք են բացահայտել դատարկ գերեզմանն այն առավոտյան, երբ գնացել էին այն այցելելու», եզրակացնում է Գառսիան, «պատճառն այն է, որ հենց այդպես էլ եղել է իրականում»։
Քրիստոնեական առաջին համայնքը և Ավետարանիչները պատմում են այն, ինչն իրականում տեղի է ունեցել, առանց պատմության շփոթեցուցիչ կամ հակառակ արդյունքներ ծնող տեսանկյուններով մտահոգվելու։ Սա արժանահավատություն է ավելացնում զատկական դեպքերի պատմական հիմնավորությանը։
[1] Flavio Giuseppe, AP 2, 199-203.
[2] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 105.
[3] J.P. Meier, Un ebreo marginale, Queriniana 2008, Vol. 2, p. 785.
[4] Celso, Il discorso vero, Adelphi 1987.
[5] B. Witherington, Una reposicion de la resurreccion, in P. Copan, Un sepulcro vacio, Voz de Papel 2008, p. 183-184.
[6] R. Schwager, Die heutige Theologie and das leere Grab Jesu, Zeitschrift für Katholische Theologie 1993, p. 436.
[7] G. Ludemann, What Really Happened To Jesus: A Historical Approach to the Resurrection, Westminster John Knox Press 1995, p. 66.
[8] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 277.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։