Զ) ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ – Գրադարան – Mashtoz.org

Զ) ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ

Պատմության ընթացքում կատարվել են զատկական իրադարձությունների այլընտրանքային ամենաբազմազան բացատրությունների փորձեր, որոնցից ամենատարածվածներին անդրադառնում ենք այս հոդվածում. դավադրության տեսությունը, թվացյալ մահվան տեսությունը, ցնորքների տեսությունը, և այլն։ Բայց այդ բոլոր տեսությունները հերքվել են ժամանակակից ուսումնասիրողների կողմից։
Սա կարող է հաշվի առնվել որպես արգումենտ՝ ի նպաստ զատկական իրադարձությունների օրիգինալ տարբերակի պատմականության, հետևելով այս սկզբունքին. որքան ավելի է տարբերակներից մեկը ձախողվում, այնքան ավելի է մյուս տարբերակն արժանահավատ դառնում։ Եվ որքան ավելի համոզիչ է տարբերակներից մեկը, այնքան ավելի անհիմն են մյուսները։
Իրոք, «ընդդիմադիր վարկածների նկատմամբ գերազանցության» պատմական չափանիշը մեծագույն լրջությամբ է հաշվի առնվում այն ուսումնասիրողների կողմից, ովքեր քննում են ինչ որ մի պատմության պատմականությունը՝ այն համեմատելով ալտերնատիվ տարբերակների հետ։ Հիսուսի Հարության վերաբերյալ պատմության ընթացքում առաջարկված բազմաթիվ ալտերնատիվ բացատրություններից ոչ մեկը երբեք չի հասել ընդունելի արժանահավատության ստատուսին և այս պահի դրությամբ (երկու հազար տարի հետո) գոյություն չունի ուրիշ ոչ մի բացատրություն, որն իսկապես մրցակից կարող է նկատվել այն տարբերակի համեմատ, որը ներկայացվում է առաջնային աղբյուրների կողմից։
Չնայած իր սկեպտիկությանը, Սթեֆեն Թ. Դեյվիսը (1940-), ով Փիլիսոփայության անվանի դասախոս է եղել Քլեռմոնթի ՄըքՔեննա Քոլեջում, հենց քննադատների կողմից զատկական իրադարձությունների շարանին նատուրալիստական մի հնարավոր բացատրություն տալու անկարողության մեջ է կարծես թե տեսնում փաստերից մեկը, որ Հիսուսի Հարությունը «այդ իրադարձությունների ամենահավանական բացատրությունն է»[1]։
Ինչպես նաև, գոյություն չունեն և ո՛չ իսկ քրիստոնեական ալտերնատիվ տարբերակներ, այսինքն՝ քրիստոնյաների կողմից շարադրված հնագույն աղբյուրներ, որ գրված կլինեին օրիգինալ Ավետարաններին քիչ թե շատ ժամանակակից շրջանում, և որ կպարունակեին ալտերնատիվ՝ տարբեր կամ մրցակցող վկայություններ։ Ինչպես հիշեցրել է աշխարհահռչակ փիլիսոփա Ուիլլիամ Լեյն Քռեյգը, «ոչ մի տեղ ի հայտ չեն եկել միմյանց բախվող ավանդություններ»[2]։ Օրինակ, գոյություն չունեն Հիսուսի հուղարկավորությանը վերաբերվող մրցակից ավանդություններ (ո՛չ քրիստոնեական, ո՛չ հրեական, ո՛չ էլ հեթանոսական)։
Մինչդեռ հին դարերի բոլոր պատմությունները, որոնք, օրինակի համար, վերաբերվում են հեթանոսական աստվածություններին, բացի այն, որ ակնհայտ կերպով առասպելական են և զուրկ են պատմական հիմնավոր տարրերից, ավանդված են մեկը մյուսից տարբեր, ալտերնատիվ բազմաթիվ տարբերակներով։ Ընդհակառակը, գոյություն չունի Հիսուսի աշակերտներից ինչ որ մեկի, ընտանիքի անդամներից ինչ որ մեկի, ականատես վկաներից ինչ որ մեկի կողմից, բայց նաև ընդդիմադիրներից՝ հրեաներից ու հեթանոսներից ինչ որ մեկի կողմից զատկական պատմությունների մասին ավանդված տարբեր, այլընտրանքային հաշվետվություն։ Միակ հայտնի վարիացիաները պարականոն ավետարաններն են, որոնք ակնհայտ կերպով կախումնավոր են կանոնական Ավետարաններից, ժամանակակից չեն առաջնային աղբյուրներին և անկասկած առասպելական են։
Գոյություն չունեցան և ո՛չ իսկ «տարբեր քրիստոնեություններ», ուր յուրաքանչյուր համայնք հակասում էր մյուսին, ինչպես սպասելի կլիներ, եթե ամեն ինչ ծնված լիներ Երուսաղեմում հորինված հեքիաթներից կամ առասպելներից։ Ժամանակակից գլխավոր աստվածաշնչագետներից մեկը՝ Ջոն Փոլ Մեյեռը, իրավացիորեն բացատրել է, որ «չեղավ մի ժամանակաշրջան, որում Հիսուսի մասին ավանդությունների մասերը շրջանառվում էին եկեղեցիներից մեկում, որը զուրկ էր Հիսուսի կյանքին, մահվանն ու հարությանը վերաբերվող ամենաընդարձակ տեղեկությունների ցանցից»[3], հիմնված՝ Նոր Կտակարանի գրությունների վրա։
Ի վերջո, գերբնականի մերժումն անգամ ալտերնատիվ վավերական բացատրություն չէ։ Հարության պատմությունները գտնվում են միևնույն հարթության վրա, ինչ խաչելության պատմությունները, օրինակի համար։ Որևէ պատմաբան, որպես պատմաբան, կարող է հարց տալ. «Ի՞նչ եղավ Հիսուս Նազովրեցու մարմնի հետ», այն նույն պարզությամբ, որով կարող է հարցնել. «Ինչպե՞ս մահացավ Հիսուս Նազովրեցին»։ Եթե մերժվում է հավաքական փաստերի ուժը Հիսուսի թաղման, դատարկ գերեզմանի գտնման և Հարուցյալ Հիսուսի երևումներին վերաբերվող վկայությունների դեպքում, ուրեմն հարկավոր է ներկայացնել նույնքան համոզիչ փաստարկներ նաև ալտերնատիվ տեսությունների համար։
[1] S.T. Davis, Faith and Philosophy, Vol. 2, No. 3, 06/1985, p. 152, 153.
[2] W.L. Craig, J.P. Moreland, Jesus Under Fire, Zondervan 1995, p. 149.
[3] J.P. Meier, Un ebreo marginale, Queriniana 2008, Vol. 1, p. 118.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։