Ը) ՀԱՐՈՒՑՅԱԼ ՀԻՍՈՒՍԻ ԵՐԵՎՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

Ը) ՀԱՐՈՒՑՅԱԼ ՀԻՍՈՒՍԻ ԵՐԵՎՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ

Քրիստոնեության ծագման ժամանակակից ուսումնասիրողների էականորեն միաձայն դատավճիռն այն է, – չնայած նրանց միջև ա՛յլ հարցերի շուրջ հանդիպող ընդարձակ տարաձայնություններին, – որ պատմական գետնի վրա վստահելի է փաստը, որ Հիսուսի աշակերտները բացարձակ կերպով համոզված էին այն փաստի վերաբերյալ, որ Հիսուսը ողջ էր, հարություն էր առել մեռելներից և երևացել էր իրենց (սա չի նշանակում ինքնաբերաբար հաստատել, թե իսկապես երևացել է նրանց, որովհետև իրոք անհնարին կլիներ ուղղակի կերպով ապացուցել դա, քանի որ խոսքը վերաբերվում է անդրանցական իրադարձության)։
Ավելի լավ ասված, «քննադատ բոլոր ուսումնասիրողները համաձայնվում են այն փաստի շուրջ, որ աշակերտների այդ համոզվածությունները լիովին պատմական են»[1], բացատրել է ամերիկացի ուսումնասիրող Գեռի Հաբեռմասը։
Տվյալ խնդրի շուրջ ամենահստակ եզրակացություններից մեկը տրվել է Էդ Փեռիշ Սանդեռսի կողմից. «Այն, որ Հիսուսի հետևորդները (իսկ հետո նաև Պողոսն ինքը) տեսել են Հարուցյալի երևումները, իմ կարծիքով փաստացի տվյալ է։ Թե ո՛րն է եղել իրականությունը, որ ծնունդ է տվել այդ փորձառություններին, չգիտեմ։ Կամովին գործի դրված կեղծիքը օգտակար բացատրություն չեմ համարում։ Այդ բաներն հաստատող մարդկանցից շատերն իրենց ողջ կյանքն անցկացրեցին հռչակելով, որ տեսել էին Հարուցյալ Տիրոջը և նրանցից շատերը նահատակվեցին դրա պատճառով։ Ինչպես նաև, հաշվարկված խաբեությունը պետք է որ մի մեծ միաձայնություն ստեղծեր։ Մինչդեռ, կարծես թե, առաջ է բերել մի տեսակ մրցակցություն. ''Առաջինը ես տեսա Նրան'', ''Ո՛չ, առաջինը ես եմ տեսել''։ Պողոսի ավանդությունը, որի համաձայն 500 անձինք միաժամանակ տեսել են Հիսուսին, ոմանց մղել է կասկածելու, թե խոսքը զանգվածային հիստերիզմի մասին է։ Բայց զանգվածային հիստերիզմը չի բացատրում մյուս ավանդությունների գոյությունը։ [...] Նրա մահից հետո, Նրա հետևորդները փորձառությունն են ունեցել այն բանի, ինչը որ նկարագրել են որպես ''հարություն''. բնութագիրը մի մարդու, որ ողջ է, բայց փոխակերպված է՝ փաստացի մեռած լինելուց հետո։ Նրանք հավատացել են դրան, նրանք այդ հավատքն ապրել են և նահատակվել են այդ հավատքի համար»[2]։
Ագնոստիկ Բառթ Դ. Էհռմանը նույնպես ընդունել է. «Ինչո՞ւ են աշակերտներից ոմանք հաստատում, թե Հիսուսին տեսել են ողջ՝ Իր խաչելությունից հետո։ Բնավ չեմ կասկածում, որ աշակերտներից ոմանք հաստատել են դա։ Նրանցից ոչ մեկի գրավոր վկայությունը չունենք, բայց Պողոսը, մոտավորապես քսանհինգ տարի անց գրելով, նշում է, որ դա է այն, ինչ նրանք հաստատել են, և չեմ կարծում, թե նա դա հորինել է։ Նա ճանաչում էր նրանցից առնվազն մի քանիսին, նրանց հետ հանդիպել է դեպքերից ընդամենը երեք տարի հետո (Գղտ 1, 18-19)։ [...] Այսպիսով, պատմաբանի համար, Քրիստոնեությունը սկիզբ է առնում Հիսուսի մահից հետո, ո՛չ թե ինքնին հարությամբ, այլ՝ հարության հանդեպ հավատքով»[3]։
Իր մի ուրիշ աշխատության մեջ, տակավին Բառթ Դ. Էհռմանը (որպես ագնոստիկ նախընտրելով հանդերձ նատուրալիստական և ո՛չ թե գերբնական բացատրությունները) ընդունել է. «Կարող ենք բացարձակ վստահությամբ ասել, որ Նրա աշակերտներից ոմանք պնդել են այն փաստի վրա, որ Հիսուսն իրենց երևացել է շատ շուտ, նրանց մեջ համոզվածություն ձևավորելով, որ հարություն էր առել մեռելներից»[4]։ Եվ ապա հավելել է. «Պատմաբաններն, ակնհայտորեն, ոչ մի դժվարություն չունեն խոսելու Հիսուսի Հարության հանդեպ հավատքի մասին, քանի որ դա հանրային տիրապետության ներքո գտնվող հարց է»[5], այսինքն՝ բոլորի կողմից ընդունված իրողություն է այլևս։
Ի վերջո, 2014 թվականին, կրկին Բառթ Դ. Էհռմանը եզրակացրել է, որ անձնական հարթության վրա կարծում է, որ «երևումներն են եղել, և ուրիշ ոչինչ, որ առաջին աշակերտներին մղել են հավատալու հարությանը»[6]։ Իր գրքի հետ միաժամանակ լույս տեսած և իր անմիջական կոլեգաներից մի քանիսի կողմից գրված հանրամատչելի մի հատոր[7] կետ առ կետ վերլուծել և հակադարձել է իր եզրակացություններին։
Երևումների հաշվետվությունները գոհացնում են որոշ պատմական չափանիշներ, որոնք ուսումնասիրողների կողմից գործածվում են պատմությունների վերլուծության համար, մեկնելով ''բազմակի վկայվածության չափանիշից''. Պետրոսին երևումը վկայված է Պողոսի և Ղուկասի կողմից՝ միմյանցից անկախաբար (1Կր 15, 5; Ղկս 24, 34). Տասներկուսին երևումը՝ Պողոսի, Ղուկասի և Հովհաննեսի կողմից (1Կր 15, 5; Ղկս 24, 36-43; Հվհ 20, 19-20). կանանց երևումը՝ Մատթեոսի և Հովհաննեսի կողմից (Մտթ 28, 9-10; Հվհ 20, 11-17). աշակերտներին երևումը Գալիլեայում՝ Մարկոսի, Մատթեոսի և Հովհաննեսի կողմից (Մրկ 16, 7; Մտթ 28, 16-17; Հվհ 21)։
''Շփոթմունքի'' (կամ ամոթի) չափանիշի մասին արդեն խոսել ենք առանձին կերպով, ընդգծելով փաստը, որ առաջին ականատես վկաները եղել են կանայք, այսինքն՝ անձանց այն դասակարգը, որն ամենանվազ հավատալի դասակարգն էր այդ դարաշրջանում։
Պատմաբաններն անշուշտ չեն կարող եզրակացնել (դա իրենց ոլորտի իրավասությունների սահմաններից դուրս է), թե այդ վկայությունները ծնունդ են առել Հարուցյալ Հիսուսի իսկապես գերբնական երևումների արդյունքում, սակայն ակադեմիական համայնքը համարում է, որ պատմական գետնի վրա ինչ որ մի կարևոր, անակնկալ և ամբողջովին չսպասված բան իսկապես կատարվել է աշակերտների հետ և նրանց փոխակերպել է։ Նրանք կասկածներ չեն ունեցել այն փաստի շուրջ, որ տեսել են Հարուցյալ Հիսուսին, իրենց մտքում հղանալ չկարողանալով հանդերձ մարմնավոր անհատական հարությունը պատմության ներսում (ինչպես արդեն տեսանք)։
Ինչպես գրել է Նոր Կտակարանի կարևոր ուսումնասիրող և Քրիստոնեության Հին Շրջանի դոցենտ Լյուք Թիմըթի Ջոնսընը, «մի տեսակ փոխակերպող հզոր փորձառություն է հարկավոր՝ ծնունդ տալու համար այնպիսի շարժման, ինչպիսին եղավ սկզբնական Քրիստոնեությունը, և այնպիսի գրականության, ինչպիսին Նոր Կտակարանն է»[8]։
Ջեյմս Դ.Գ. Դաննը նույնպես գրել է. «Այսօր գրեթե անհնարին է վիճարկել, որ Քրիստոնեության պատմական արմատները գտնվում են առաջին քրիստոնյաների կողմից ունեցած մի քանի երևումների փորձառության մեջ, որոնք նրանք ընկալել են որպես երևումները Հիսուսի, որին Աստված հարություն է տվել մեռելներից»[9]։
Գեռի Հաբեռմասը մի հսկայածավալ ուսումնասիրություն է կատարել՝ ի մի հավաքելով հին ժամանակների Քրիստոնեության գլխավոր (հավատացյալ և ո՛չ հավատացյալ) մասնագետների ու պատմաբանների ավելի քան 2.000 եզրակացությունները Հիսուսի երևումների վերաբերյալ[10]։ Մեջբերենք դրանցից ամենանշանակալիներից մի քանիսը.
Ռեջինալդ Հ. Ֆյուլլեռը (1915-2007), օրինակ, ով Նոր Կտակարանի անվանի դասախոս է եղել Ալեքսանդրիայի Վիրջինիա Աստվածաբանական Ակադեմիայում (ԱՄՆ), Հիսուսի Հարության նկատմամբ աշակերտների հավատքի մասին խոսում է որպես «պատմության ամենաանվիճելի փաստերից մեկի» մասին, համոզված, որ աշակերտներն ապրել են իրական փորձառություններ, նկարագրված՝ որպես Հարուցյալ Հիսուսի երևումներ կամ տեսիլքներ, «անկախ այն հանգամանքից, թե այդ փորձառությունները կարող են բացատրվել բնական կամ գերբնական եղանակով»[11]։
Իր կարևոր աշխատության մեջ, անվանի աստվածաբան Ուոլֆհառթ Փաննենբեռգը քննության է ենթարկել Նոր Կտակարանի քրիստոսաբանությունը Հիսուսի ենթադրյալ նախա-զատկական հեղինակության վրա հիմնելու փորձերը, եզրակացնելով, որ Ավետարանիչների կողմից ներկայացվող քրիստոսաբանության միակ հիմքը Հիսուսի Հարությունն է։ Հարությունն է նաև իմաստ հաղորդում դեպի Հեթանոսներն ուղղված առաքելությանը՝ որպես հինկտակարանյան վախճանաբանության արտահայտություն։ Վերջում եզրակացրել է, որ Հարուցյալ Հիսուսի երևումների և դատարկ գերեզմանի մասին վկայությունները ծագել են միմյանցից անկախ կերպով և փոխադարձաբար լրացնում են միմյանց, համարելով Հարությունը «պատմականորեն շատ հավանական, և [...] որ հարկավոր է ընդունել որպես նախադրյալ, մինչև որ ի հայտ կգան հակառակը փաստող ապացույցներ»[12]։
Նախապողոսյան հնագույն բանաձևը (1Կր 15, 3-7) գրի առնելուց հետո, որ թվագրվում է մոտավորապես Ք.հ. 32 թվականին, Պողոսը հաստատում է, որ Հարուցյալ Հիսուսն անձամբ երևացել է նաև իրեն (հմմտ. 1Կր 9, 1; 15, 8; կրկնված նաև. Գղտ 1, 16)։ Այս կետում ևս ընդարձակ է ուսումնասիրողների համաձայնությունն առ այն, որ քրիստոնյաների նախկին հալածողն իսկապես տեսիլք է տեսել (նրանց համար ա՛յլ հարց է, թե յուրաքանչյուր ոք ինչպիսի՛ բացատրություն կարող է տալ իսկապես տեղի ունեցած այդ երևույթին. մեկի համար կարող է դա գերբնական լինել, մյուսի համար՝ ցնորք, բայց անվիճելի է մնում փաստը, որ տեսիլքն իսկապես տեղի է ունեցել)։
Այդ փաստն ընդունվել է մինչև իսկ Բոստոնի Համալսարանի (աթեիստ) փիլիսոփա Մայքըլ Մարթինի (1932-2015) կողմից, ով գրել է. «Միայն մեկ ժամանակակից հաշվետվություն ունենք, որ հարությունից հետո Հիսուսի մի երևման վերաբերյալ տրվել է ականատես վկայի կողմից. խոսքը վերաբերվում է Պողոսին»[13]։
Այդ երևումների բնույթից անկախ (բնական, ցնորածին, սուբյեկտիվ պռոյեկցիաներ, կամ գերբնական), փաստը, որ աշակերտները պատմում են և լիովին համոզված էին, որ տեսել են Հարուցյալ Հիսուսին, «մի բան է, որի վերաբերյալ և՛ հավատացյալը, և՛ անհավատը կարող են համաձայն լինել», գրել է Ռեջինալդ Հ. Ֆյուլլեռը։ «Ամենակասկածամիտ պատմաբանը կարող է նախադրել մի բացատրություն, որը կարող է տարբեր լինել անձամբ աշակերտների կողմից տրված բացատրությունից, մեկնաբանելու համար անձամբ նրանց կողմից ապրված փորձառությունները, և, բնականաբար, առաջարկվել են և՛ բնական, և՛ գերբնական տարբերակներ»[14]։
Համոզվածությունը, որ Հիսուսը տեսնվել է ողջ՝ Իր խաչելությունից հետո, կարող է պատմական գետնի վրա հաստատված համարվել։ Հելմութ Քոյշթեռը, – ով, ի դեպ, սկեպտիկ ուսումնասիրող է եղել, – գրել է, որ Հիսուսի երևումները «չեն կարող վիճարկման ենթարկվել համոզիչ կերպով»[15]։
Նաև Թռաուգոտթ Հոլթցը (1931-2007), ով Նոր Կտակարանի ուսումնասիրող է եղել Հալլե-Ուիտթենբերգի Համալսարանում, իր հերթին հաստատել է, որ «աշակերտների կողմից ունեցած հարության փորձառությունը [...] փաստացի, անհերքելի պատմական դեպք է»[16]։
Մինչև իսկ սկեպտիկ ուսումնասիրող Գեռդ Լյուդմաննը ընդունել է, որ «կարող է պատմականորեն հաստատ համարվել, որ Պետրոսն ու աշակերտները Հիսուսի մահից հետո ունեցել են փորձառություններ, որոնց ժամանակ Հիսուսն իրենց երևացել է որպես Հարուցյալ Քրիստոս»[17]։
Հարուցյալ Հիսուսի երևումները որպես առասպելական պատմվածքներ դասակարգելու և մեջտեղից հանելու ու մի կողմ դնելու անհնարինության վերաբերյալ՝ նաև Նոռման Փեռռինը (1920-1976), ով Նոր Կտակարանի անվանի ուսումնասիրող է եղել Չիքագոյի Համալսարանում, գրել է. «Որքան ավելի ենք ուսումնասիրում ավանդությունը, որ վերաբերվում է [Հարուցյալ Հիսուսի] երևումներին, այնքան ավելի ամրակուռ է սկսում երևալ վեմը, որի վրա դրանք հիմնվում են»[18]։
Հետաքրքրական է Բոստոնի Համալսարանում Աստվածաշնչի վաստակավոր դասախոսուհի, ազգությամբ հրեա ուսումնասիրող Փաուլա Ֆռեդռիքսենի (1951-) մեկնաբանությունը. «Գիտեմ, որ այն, ինչը որ [աշակերտները] տեսան, իրենց բառապաշարով ասված՝ հարություն առած Հիսուսն էր։ Սա այն է, ինչ ասում են աշակերտները։ Պատմական բոլոր փաստերը, որ ունենք դրանից հետո, հաստատում են նրանց համոզվածությունը, որ սա այն է, ինչ նրանք տեսել են։ Չեմ ասում, որ նրանք իսկապես տեսել են հարություն առած Հիսուսին։ Ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե նրանք ի՛նչ են տեսել։ Բայց իբրև պատմաբան, գիտեմ, որ նրանք ինչ որ մի բան պետք է որ տեսած լինեն։ Հարություն առած Քրիստոսին տեսած լինելու աշակերտների համոզվածությունը [...] պատմական հիմքեր ունի, փաստեր, որոնք անկասկածելի կերպով ճանաչված էին [քրիստոնեական] առաջին համայնքի կողմից՝ Հիսուսի մահից հետո»[19]։
2018 թվականին, մի ա՛յլ ուսումնասիրող (լաիկ)՝ Ջոռջո Յոսսան (1938-), ով Քրիստոնեության Պատմության և Հին Եկեղեցու Պատմության դասախոս է եղել Նապոլիի Համալսարանում, դիրքորոշում հայտնեց Հիսուսի հետմահու երևումների վերաբերյալ՝ մղվելով մինչև պատմական օբյեկտիվության կողմից թույլատրելի ամենավերջին սահմանը. «Հավատացյալի համար՝ Հիսուսը հարություն է առել։ Պատմաբանը դա չի կարող հաստատել։ Կարող է ասել. աշակերտները մի արտասովոր փորձառություն են ունեցել. տեղի է ունեցել մի դեպք, որը կրկին իմաստ է տվել նրանց առաքելությունը»[20]։
Մի վերջին արգումենտ, որ ուսումնասիրողների կողմից մատնանշվում է ի նպաստ երևումների պատմությունների արժանահավատության, Հակոբոս Առաքյալի դարձն է։ Հակոբոսն Ավետարաններում ներկայացվում է որպես սկեպտիկ (կասկածամիտ) անձամբ Հիսուսի հանդեպ, նախքան Նրա մահանալը Խաչի վրա (հմմտ. Մրկ 3, 21.31-35; 6, 3; Հվհ 7, 5)։ Քիչ ժամանակ անց գտնում ենք Հակոբոսին որպես Երուսաղեմի եկեղեցու գլուխներից մեկը, և նրա մոտ ունկնդրության է գալիս Պողոս Տարսոնացին՝ իր երկու այցելությունների ժամանակ (Գղտ 1, 18-19; 2, 1-10; Գրծ 15, 13-21)։ Եվս քիչ ժամանակ անց Հակոբոսն անայլայլ հոգով ընդունում է մարտիրոսությունը՝ Քրիստոսի հանդեպ իր հավատքի համար, ինչպես պատմվում է նաև հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիուսի կողմից։
Ինչպես ավելի մանրամասն կբացատրենք հաջորդ բաժնում, որ նվիրված է անակնկալ ու անբացատրելի փոփոխություններին, որ գրանցվեցին Հիսուսի մահից հետո, – սովորաբար և բնականաբար և տրամաբանորեն՝ որևէ շարժման առաջնորդի մահից, և մանավանդ թե՝ անարգալի մահապատժից հետո վրա է հասնում հուսալքումը, վհատությունը, խաբված լինելու զգացումը, և շարժումը ցրվում է ու մարում, ո՛չ թե, Քրիստոնեության նման, իր Առաջնորդի հենց մահից հետո է թափ առնում ու, մարդկային որևէ ուժից զուրկ լինելով հանդերձ, գնում գրավում է ողջ քաղաքակիրթ աշխարհն ու կենսունակ մնում արդեն երկու հազարամյակ, մնալով կրոնական առաջին համայնքն աշխարհում, – Հակոբոսի կասկածամտությունը պատմականորեն հիմնավորված է, քանի որ գոհացնում է բազմակի վկայվածության, ամոթի և հետևողականության պատմագիտական չափանիշների պահանջներին։ Ինչպե՞ս բացատրել Հակոբոսի դարձը, եթե ո՛չ միայն՝ այն տեղեկությամբ, որ գրի է առնվել նախապողոսյան հնագույն հայտարարության մեջ. « ... ապա երևաց Հակոբոսին» (1Կր 15, 7)։
Հիսուսի մասին պատմական գլխավոր հրատարակությունները վերլուծելուց հետո, Գեռի Հաբեռմասը գրել է. «Քննադատ ուսումնասիրողներից ոչ մեկը չի կասկածում, որ Հարուցյալ Հիսուսի վերաբերյալ աշակերտների համոզմունքները պատճառ հանդիսացան նրանց արմատական փոխակերպման համար, հասնելով պատրաստակամ լինելու՝ մեռնելու այդ համոզմունքների համար։ Նրանց ակնթարթային փոխակերպումն ինքնըստինքյան ակներև չի դարձնում Հարուցյալ Հիսուսի երևումների իրականությունը, բայց պարզորոշ մատնանշումն է այն բանի, որ աշակերտներն իսկապես համարեցին, որ ունեցել էին Հարուցյալ Հիսուսի հետ հանդիպման փորձառությունը»[21]։
Ալտերնատիվ բացատրությունները (իրականում՝ բացատրություն գտնելու հուսահատ փորձերը) պետք է հաշիվ տան և բացատրեն այս արմատական, հանկարծակի և պատմականորեն մեծապես վկայված համոզվածության ծնունդը։
[1] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
[2] E.P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin Books 1993, p. 279-280.
[3] B.D. Ehrman, The New Testament: A Historical Introduction to the Early Christian Writings, Oxford University Press 2004, p. 276, 282.
[4] B.D. Ehrman, Jesus: Apocalyptic Prophet of the New Millennium, Oxford University Press 1999. p. 230.
[5] B.D. Ehrman, Jesus: Apocalyptic Prophet of the New Millennium, Oxford University Press 1999. p. 231.
[6] B.D. Ehrman, How Jesus Became God: The Exaltation of a Jewish Preacher from Galilee, Harper One 2014, p. 183-184.
[7] M.F. Bird, C.A. Evans, S. Gathercole, C.H. Hill, How God Bevened Jesus: The Real Origins of Belief in Jesus’ Divine Nature. A Response to Bart D. Ehrman, Zondervan Academic 2014.
[8] L. Johnson, The Real Jesus, Harper San Francisco 1996, p. 136.
[9] Մեջբերված է. M.R. Licona, Paul Meets Muhammad: A Christian-muslim Debate on the Resurrection, Baker Pub Group 2006, p. 121.
[10] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
[11] R. Fuller, The Foundations of New Testament Christology, Scribner’s 1965, p. 142.
[12] W. Pannenberg, Jesus. God and Man, Priebe 1968, p. 105.
[13] M. Martin, The Case Against Christianity, Temple University 1991, p. 81.
[14] R. Fuller, The Foundations of New Testament Christology, Scribner’s 1965, p. 142, 181.
[15] H. Koester, Introduction to the New Testament, Fortress 1982, Vol. 2, p. 84.
[16] T. Holtz, Kenntnis von Jesus und Kenntnis Jesu: Eine Skizze zum Verhaltnis zwischen historisch-philologischer Erkenntnis und historisch-theologischem Verstandnis, Theologische Literaturzeitung 1979, Vol. 104, p. 10.
[17] G. Ludemann, What Really Happened to Jesus: A Historical Approach to the Resurrection, Westminster John Knox 1995, p. 80.
[18] Մեջբերված է. W.L. Craig, Contemporary Scholarship and the Historical Evidence for the Resurrection of Jesus Christ, Truth 1985, Vol. 1, p. 89-95.
[19] P. Fredriksen, Jesus of Nazareth: King of the Jewish, Vintage 2000.
[20] G. Jossa, Voi chi dite che io sia? Storia di un profeta ebreo di nome Gesù, Paideia 2018.
[21] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։