Թ) ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ – Գրադարան – Mashtoz.org

Թ) ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Եվս մի արգումենտ, որ մղում է համարելու, որ Հարության դեպքն ամենաարժանահավատն է, ա՛յլ կերպ անբացատրելի հանկարծակի և արմատական փոփոխություններն են, որ կատարվեցին աշակերտների վարքագծում. աշակերտներ, որ հետևեցին Հիսուսին մինչև Նրա ձերբակալությունը Գեթսեմանիի պարտեզում։
Առաջնային աղբյուրները Հիսուսի հետևորդներին նկարագրում են որպես հուսախաբ մնացած անձինք, սարսափահար, որ իրենք էլ կարող էին ձերբակալվել ու մահվան դատապարտվել, ինչի համար էլ արագավազ փախչում են և ո՛չ իսկ ներկայանում են Խաչի ներքո (բացառությամբ «ամենասիրելի աշակերտի». Հվհ 19, 26, ով, ըստ ավանդության, եղել է Հովհաննեսը)։ Մինչև իսկ ամենախարիզմատիկ Առաքյալը՝ Սիմոնը, որ Հիսուսի կողմից անվանվել էր Պետրոս, այսինքն՝ Վեմ, ուրացավ Հիսուսին երեք անգամ, ասելով, թե Նրան երբե՛ք չի ճանաչել։
Սա իրականության մի նկարագրություն է, որ պատմաբանների կողմից գնահատվում է որպես անկասկածելի կերպով պատմական, քանի որ այս կերպ ներկայացվելն ամոթալի է հենց իրենց՝ աշակերտների համար։ Եթե ճշմարիտ չլիներ, երբեք ոչ ոք նման բան չէր գրի։
Հիսուսի թաղումից ընդամենը մի քանի օր հետո, սակայն, այդ բարեպաշտ հրեաները հանկարծակի կերպով հարցականի տակ են դնում հրեական դարավոր սովորույթներն ու համոզմունքները, մարտահրավեր են նետում Երուսաղեմի բարձրագույն Ատյանին (որը հրեաների համար Աստծո ձայնն էր ներկայացնում), փոխում են հրեական վարդապետությունը, որին հավատարմորեն հետևում էին մինչև մի քանի օր առաջ, համարձակվում են սրբազան օրվա հարցում հակառակվել Մովսեսի Օրենքին, և այդ ամբողջը՝ հրապարակային, բացահայտ կերպով։
Հիսուսի Հարությունը փոխել է պատմության ընթացքը, ասում են, և դա կրկնում են առանց փոխարենը ինչ որ մի շահ ստանալու, առանց ինչ որ մի շահ ակնկալելու անգամ, տասնամյակներ շարունակ կրելով հալածանքներ, քարկոծումներ, բանտարկություններ, ամեն տեսակի կտտանքներ և, ի վերջո, մահապատիժ։ Ինչպե՞ս կարելի է ա՛յլ կերպ բացատրել նման փոխակերպումը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։