Ժ) ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ – Գրադարան – Mashtoz.org

Ժ) ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ավետարանների կողմից ներկայացված զատկական պատմությունների պատմականության օգտին առաջ քաշվող վերջին արգումենտը մի շարք ուսումնասիրողների կողմից հարակարծորեն (պարադոքսալ կերպով) գործածվում է ընդդեմ դրանց պատմական արժանահավատության։
Իրոք, տարբերություններ և հակասություններ կան չորս Ավետարանիչների միջև՝ Հիսուսի մահից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքի վերաբերյալ։ «Ո՜վ ընթերցող, դու, որ լրջամիտ ես և ճշմարտասեր, ասա՛ ինձ Աստծո առաջ. կկարողանայի՞ր որպես միաձայն և անկեղծ ընդունել մի վկայություն, այսքա՜ն կարևոր մի խնդրի վերաբերյալ, որն այսքա՜ն հաճախ և այդպիսի ակնհայտությամբ հակասում է անձանց, ժամանակներին, վայրերին, կերպերին, նպատակներին, խոսքերին, պատմությանը վերաբերվող հարցերում»[1], գրել է իլլումինիստ հեղինակ Հերմանն Սամուել Ռայմառուսը (1694-1768), հիմնվելով հենց չորս Ավետարանների միջև գոյություն ունեցող տարբերությունների վրա։
Մեզ ավելի մոտ ժամանակներում Բառթ Դ. Էհռմանն է, որ ստանձնել է առաջնորդությունը գլխավոր ուսումնասիրողների մեջ, որոնք այդ տարբերությունները մատնացույց են անում՝ կասկածելու համար պատմական արժանահավատությանը։
Հատկապես այն հատվածներում, որ խոսում են դատարկ գերեզմանի և Հարուցյալ Հիսուսի երևումների մասին (շատ ավելի, քան չարչարանքների մյուս հատվածներում, որոնք հետևում են ավելի անփոփոխ ու հետևողական սխեմայի), Ավետարանիչները ներկայացնում են միմյանց միջև տարբերվող տվյալներ ու մանրամասնություններ, որոնք դժվարությամբ կարող են ներդաշնակեցվել։ Ամփոփենք դրանք համառոտ կերպով.
ա) Դատարկ գերեզմանը բացահայտել են Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմե՞ն, ինչպես գրում է Մարկոսը (Մրկ 16, 1). թե՞ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, Մատթեոսի համաձայն (Մտթ 28, 1). թե՞ երեք կանայք, ըստ Ղուկասի (Ղկս 24, 10). թե՞ միայն Մարիամ Մագդաղենացին, ինչպես պատմում է Հովհաննեսը (Հվհ 20, 1-2)։
բ) Ո՞վ է երևացել գերեզման գնացած կանանց, ո՞վ է նրանց ավետել Հարությունը։ Մի երիտասա՞րդ, ինչպես գրում է Մարկոսը (Մրկ 16, 5). մի հրեշտա՞կ, ինչպես ասում է Մատթեոսը (Մտթ 28, 2-3). կամ երկու հրեշտակնե՞ր, Ղուկասի և Հովհաննեսի համաձայն (Ղկս 24, 4; Հվհ 20, 12)։
գ) Կանայք ոչ ոքի ոչինչ չասացի՞ն, ինչպես գրում է Մարկոսը (Մրկ 16, 8). թե՞ ասացին, ինչպես պատմում են մյուս Ավետարանիչները (Մտթ 28, 8; Ղկս 24, 22-24)։ Ակնհայտ է, որ հետագա իրադարձությունների համաձայն՝ Առաքյալները տեղեկացվեցին նույն կանանց կողմից։
դ) Գերեզմանը պահպանվո՞ւմ էր պահակախմբի կողմից, ինչպես գրում է Մատթեոսը (Մտթ 27, 62-66)։ Ինչո՞ւ մյուս Ավետարանիչները ոչինչ չեն ասում այս բանի վերաբերյալ։
ե) Կան նաև երկրորդական կարևորության տարբերություններ, ինչպես դատարկ գերեզմանի գտնման ժամը, կանանց այցելության նպատակը, կերպը, որով քարը մի կողմ էր թավալված գերեզմանի մուտքից։
զ) Նախապողոսյան հնագույն աղբյուրի համաձայն (1Կր 15, 1-8), Հարությունից հետո Հիսուսի երևումների հասցեատերերն էին Պետրոսը, Տասներկու Առաքյալները, 500 եղբայրներ միասին, Հակոբոսը և Պողոսը։ Մարկոսը, մինչդեռ, կտրուկ կերպով ավարտում է իր պատմությունը՝ առանց որևիցէ մի երևում հիշատակելու (այս խնդրին, սակայն, արդեն անդրադարձանք և պատասխանեցինք)։ Մատթեոսը պատմում է երևումների մասին կանանց՝ գերեզմանի մոտ (Մտթ 28, 9-10) և Տասնմեկ Առաքյալներին (առանց Հուդայի) Գալիլեայում, լեռան վրա (Մտթ 28, 16-20)։ Ղուկասը պատմում է երևումը Էմմաուսի աշակերտներին (Ղկս 24, 13-35), Տասնմեկ Առաքյալներին (առանց Հուդայի) Վերնատանը (Ղկս 24, 36-49), և ակնարկում է Պետրոսին տրված մի երևմանը (Ղկս 24, 24-34)։ Հովհաննեսը հիշատակում է մի երևում Մարիամ Մագդաղենացուն գերեզմանի մոտ (Հվհ 20, 11-18), մի երևում աշակերտներին՝ առանց Թովմասի (Հվհ 20, 18-19), ևս մի երևում աշակերտներին՝ Թովմասի հետ (Հվհ 20, 24-29), և մի երևում աշակերտներից մի քանիսին Տիբերական լճի ափին (Հվհ 21, 1-14)։
Այս իրավիճակի դիմաց, քննադատներից ոմանք ասում են, թե այս տարբերությունները հստակ նշան են այն բանի, որ վկայությունները քիչ հավատալի են, ավելի հավատքի պատմվածքներ են, քան թե իսկապես տեղի ունեցած դեպքերի պատմություն։

[1] Մեջբերված է. C.H.Talbert, Reimarus: Fragment, Wipf & Stock Pub 1971, p. 197.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։