ԺԱ) ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱ՞Ն Է ԿԱՐԵՎՈՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՄԱՐ – Գրադարան – Mashtoz.org

ԺԱ) ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱ՞Ն Է ԿԱՐԵՎՈՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՄԱՐ

Քրիստոնյաների (քրիստոնեական որոշ հոսանքների) մոտ ևս շարունակում է տևական մնալ կասկածը, թե իրո՞ք քրիստոնեական հավատքը կարիքն ունի հիմնվելու նաև ռացիոնալ փաստերի ու արգումենտների վրա։ Կարծում ենք՝ բավականին տեղին է Բեն Ուայթռինթընի կողմից տրված պատասխանը. «Մի մարդ, որ հրաժարվում է [քրիստոնեական] հավատքի պատմական հիմքերից, հրաժարվում է հնարավորությունից՝ իրական շարունակականության մեջ տեսնելու իր սեփական հավատքը Պետրոսի, Պողոսի, Հակոբոսի, Հովհաննեսի, Մարիամ Մագդաղենացու կամ Փռիշիլլայի հավատքի հետ։ Քրիստոնեական առաջին համայնքը ուժգին հետաքրքրություն ուներ պատմական իրականության նկատմամբ, ի մասնավորի՝ Հիսուսի և Նրա Հարության պատմական իրականության նկատմամբ։ Քրիստոնեական առաջին համայնքի հավատքը արմատավորված էր այդ պատմական իրականության մեջ»[1]։
Քրիստոնեական աղբյուրների վավերականության ու արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրությունն անբաժանելի է քրիստոնեական հավատքից, հատկապես այն կետերում, որ վերաբերվում են ''զատկական պատմություններին'', ուր նկարագրվում է Հիսուսի Հարությունը։ Ճիշտ է, որ Ավետարանները նաև հավատքի գրքեր են, բայց դա չի նշանակում, թե նրանց կողմից ընծայված վկայությունը պատմական չէ։
Մանավանդ թե, Քրիստոնեական Հավատքը հիմնականում կայանում է հենց մի պատմական եզակի դեպքի ավետման, հռչակման մեջ. Աստծո մարդեղությունը հանձինս Հիսուսի, ինչը նշանակում է, որ Քրիստոնեական Հավատքը էականորեն պատմական հավատք է։ Ճիշտ է, նրա հոդվածները հիմնականում գերազանցում են մարդկային բանականությանը և մենք ի զորու չենք լիովին հասկանալու այդ դեպքերի «ինչպես»ը (ինչպե՛ս են դրանք հնարավոր եղել), բայց Քրիստոնեական Հավատքը օդում կախված և պատմական հիմքերից զուրկ հեքիաթ չէ, այլ ընդհակառակը՝ հիմնվում է պատմական դեպքերի «ինչ»ի վրա (ի՛նչ է տեղ ունեցել)։ Այս իսկ պատճառով, Ավետարանների պատմականության շուրջ ուսումնասիրությունը ծնունդ է առել հենց Քրիստոնեական Հավատքի բանավորության (ռացիոնալության) պահանջից, խուսափելու համար, որ այն վերածվի սոսկ վերացական, տարտամ ու անորոշ հավատալիքի կամ սենտիմենտալիզմի (ինչը որ փաստացի տեղի է ունենում այն հոսանքների մոտ, որոնք քրիստոնեական հռչակվելով հանդերձ՝ հրաժարվում են պատմականությունից, պատմական շարունակականությունից, և շեշտը դնում են սոսկ զգացական, սենտիմենտալ հավատքի վրա)։
Ինչպես պատասխանել է Գեռհառդ Լոհֆինկը, «[քրիստոնեական] հավատքը միշտ կապակցություն և առնչություն ունի բանականության և բանական ճանաչողության հետ։ Հիսուսի Հարության փաստերը կարևոր են, որպեսզի իմ համոզմունքները չդառնան անբանական»։

[1] B. Witherington, New Testament History, Baker Academic 2001, p. 167.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։