ԺԲ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱՄՓՈՓՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

ԺԲ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱՄՓՈՓՈՒՄ

Ներկայացրեցինք Տասը Արգումենտներ, միայն նրանք, որոնք ամենակարևորները նկատեցինք ի նպաստ Հիսուսի Հարության պատմականության։ Դրանից բացի, մանրամասն պատասխանեցինք բոլոր գլխավոր առարկություններին, որոնք պատմության ընթացքում առաջ են քաշվել սկեպտիկ ուսումնասիրողների կողմից։
Ինչպես որևիցէ մի դատարանում, բոլոր փաստերի հավաքական ուժն է, ո՛չ թե փաստերից յուրաքանչյուրը առանձին վերցված, որ հանդիսանում է արդյունքի հիմքը։ Առանձին վերցված փաստերն էլ կարող են մեծապես օգտակար լինել սուբյեկտիվ հարթության վրա, բայց օբյեկտիվ հարթության վրա առանձին տարրերը կարող են անբավարար համարվել՝ դատավճիռ կայացնելու համար, մինչդեռ բոլոր արգումենտների հավաքական ուժը կարող է բավարար լինել՝ ամենայն վստահությամբ ու ապահովությամբ արդարացնելու համար կայացված դատաստանը, որևէ ռացիոնալ կասկածից այն կողմ։
Ինչպես ընդգծել է փիլիսոփա Ուիլլիամ Լեյն Քռեյգը. «Այս փաստերն իրենց բնույթով անհասանելի չեն պատմաբանի համար։ Հիսուսի Հարությունն է, որ ամենապատշաճ բացատրությունն է այս փաստերի համար»։
Խոսակցությունը թիրախավորված է ո՛չ թե Հարության հավանականության վրա ինքնըստինքյան և առանց փաստերի որևէ տարր պարունակելու, այլ՝ միայն ու միայն որպես պատմական մի շարք ֆակտերի հետևանք, որոնք Հարության վարկածը պարտադրում են որպես լավագույն բացատրություն։ Պատմական դեպքերի ընթերցանության այս տեսանկյունից դիտված, գտնվում ենք այնպիսի իրադարձությունների դիմաց, որոնք հիմնավորվում են ծավալուն ''փաստերի'' մի ամբողջ շարքով, որոնք իրենց նմանը չունեն հին դարերում տեղի ունեցած պատմական իրադարձություններից ոչ մեկի դեպքում։
Վերամփոփենք դրանք՝ խմբերի բաժանելով.
- Դեպքերի պատմական առաջին անկախ աղբյուրները գտնվում են պատմված դեպքերից ընդամենը 2-ից 7 տարի հեռավորության վրա (1Կր 15, 2-7 հատվածում գտնվող նախապողոսյան աղբյուրը, նախամարկոսյան աղբյուրը և Գործք Առաքելոց գրքում գրի առնված բանաձևը), բացառելով ուշ շրջանի շարադրանք լինելու վարկածը. հին դարերի պատմական ուրիշ ոչ մի իրադարձություն չի հիմնավորվում ավելի լավ վկայվածությամբ.
- Դատարկ գերեզմանի դրվագը ժամանակակից ուսումնասիրողների կողմից արժանացել է բարձր աստիճանի պատմական արժանահավատության գնահատականի (ընդհակառակը՝ հերքվել են բոլոր նատուրալիստական ալտերնատիվ բացատրությունների փորձերը).
- Աշակերտների համոզվածությունը, թե տեսել են հարություն առած Հիսուսին, ընդունվում է որպես պատմականորեն հիմնավորված և իրական. կասկածից դուրս է, որ նրանք ինչ որ մի բան տեսել են (նատուրալիստական ալտերնատիվ բացատրությունների փորձերը չեն հասնում արժանահավատության գոհացուցիչ աստիճանի և ծնում են նորանոր ու հակասական խնդիրներ, որոնք մնում են առանց բացատրության).
- Հրեական մտածողության ուսումնասիրությունը ապացուցել և բացառել է որևէ հնարավորություն, որ Քրիստոսի Հարությունը կարող է հորինված լինել մի խումբ հրեաների կողմից. այն ներշնչված չէ ո՛չ հրեական Սուրբ Գրքերից, ո՛չ էլ եգիպտական կամ ա՛յլ հեթանոսական աստվածություններից.
- Ավետարանական պատմությունները ներառում են հակառակ արդյունք ծնող մանրամասնություններ (օրինակ, կանանց կենտրոնական դերակատարությունը), աշխարհագրական-ժամանակային ճշգրիտ հիշատակություններ և պատմության մանրամասնությունների շուրջ Ավետարանիչների միջև գոյություն ունեցող անհամապատասխանություններ. ոչ մի կեղծարար երբեք չէր հորինի նմանատիպ մի բան.
- Հարության պատմությունները լիովին զերծ են աստվածաբանական գեղազարդումներից և աստվածաշնչյան մեկնաբանություններից, ինչը որ, ընդհակառակը, տեղի է ունենում առասպելների ստեղծման դեպքում (տեղի է ունեցել նաև պարականոն ավետարանների ստեղծման դեպքում, որոնք մերժվել են Եկեղեցու կողմից).
- Այս պահի դրությամբ (Քրիստոնեության 2.000 տարիներից և հակաքրիստոնեական բուռն ու կատաղի քարոզչության առնվազն 300 տարիներից հետո) առաջ չի քաշվել ոչ մի համոզիչ առարկություն կամ ալտերնատիվ պատշաճ բացատրություն, որ կարող է բացատրել պատմական գնահատված դեպքերի ամբողջությունը. Հիսուսի Հարության վարկածը անհամեմատելիորեն ավելի նպաստավոր դիրքերում է, քան ընդդիմադիր վարկածները.
- Պողոս Տարսոնացու՝ քրիստոնյաներին հալածողի ու մահվան դատապարտողի, ապա Հարուցյալ Հիսուսի ականատես վկայի անսպասելի դարձը, որն ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես անկասկածելիորեն պատմական իրականություն.
- Պողոս Տարսոնացու վկայությունը, թե Հարուցյալ Հիսուսի մասին ինչպիսի՛ համոզմունք ուներ քրիստոնեական առաջին համայնքը, ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես անկասկածելիորեն պատմական իրականություն. նա երկու անգամ հարցազրույց է կատարել դեպքերի ականատես վկաների հետ.
- Առանց Հիսուսի Հարության վարկածի՝ անբացատրելի են մնում հանկարծակի փոփոխությունները, որ կատարվել են Հիսուսի մահից մի քանի օր հետո. Հակոբոս Առաքյալի կտրուկ ու անակնկալ դարձը անհավատությունից նորածին Եկեղեցու առաջնորդությանը, մարտիրոսության պատրաստակամությամբ հանդերձ. Աշակերտների ապշեցուցիչ ու հանկարծահաս փոխակերպումը սարսափար ուրացողներից Հիսուսի Հարության և Հարուցյալ Հիսուսի երևումների անխոնջ քարոզիչների, ընդհուպ մինչև մարտիրոսություն. Աշակերտների հանկարծակի համարձակությունն ու հեղինակությունը, որով մարտահրավեր են նետում հրեական դարավոր սովորույթներին ու վարդապետություններին, ներառյալ Երուսաղեմի Ատյանի աստվածային հեղինակությունը, շաբաթ օրվա վերաբերյալ Մովսեսի հինկտակարանյան Օրենքը, և դրանց փոխարեն՝ կենտրոնական ու առանցքային դարձնելը Հարության հանդեպ Հավատքը (որը գրեթե քննության առնված չէր հրեական մտածողության մեջ, և համենայն դեպս՝ այն քիչ չափով էլ, որով քննարկված էր, քննարկված էր ամբողջովին ա՛յլ եղանակով. պատմության ավարտին, ո՛չ պատմության ներսում, հավաքական, ո՛չ անհատական տարբերակով)։
 
Այս ամենի դիմաց, ականավոր ուսումնասիրող Գեռի Հաբեռմասն անխուսափելի կերպով եզրակացրել է, որ սա «մեր առաջ դնում է փաստերի մի շարան, որը պարզապես ապշեցուցիչ է և փոխկապակցված, այնպես՝ որ գրեթե անհայտ բան է հին դարերի վավերագրերում»[1]։
«Վարկածը, որի համաձայն Հիսուսը մարմնով հարություն է առել մեռելներից, տիրապետում է մի անգերազանցելի կարողության՝ բացատրելու այն իրադարձությունները, որոնք գտնվում են սկզբնական Քրիստոնեության ինքնին սրտում»[2], գրել են Ք.Ա. Էվանսն ու Ն.Թ. Ռայթը։
Կարևոր աստվածաշնչագետ, Դալլասի Աստվածաբանական Ակադեմիայի դոցենտ և Նոր Կտակարանի Ձեռագրերի Ուսումնասիրության Կենտրոնի հիմնադիր Դենիել Բ. Ուալլասն իր հերթին ճանաչել է, որ «Հիսուս Նազովրեցու հարությունը միակ բացատրությունն է, որ պատշաճ կերպով բացատրում է բոլոր տվյալները, իսկ բնական ալտերնատիվ բացատրություններից յուրաքանչյուրը հազար անգամ մեռել է վերջին 200 տարիների ընթացքում։ Չեմ տեսնում նատուրալիստական ալտերնատիվ ոչ մի բացատրություն»[3]։
Ի հավելումն այս ''արգումենտների'', գերմանացի աստվածաբան Ուոլֆհառթ Փաննենբեռգը, ով Աստվածաբանության դոցենտ է եղել Մյունխենի Համալսարանում, նշել է. «Հիսուսի Հարությունը ձեռք է բերում է՛լ ավելի վճռորոշ նշանակություն, ո՛չ միայն որովհետև ինչ որ մեկը հարություն է առել մեռելներից, այլ՝ որովհետև այդ ինչ որ մեկը եղել է Հիսուս Նազովրեցին, որի մահվան դատապարտումը դրդված ու գրգռված է եղել հրեաների կողմից, որովհետև [իրենց կարծիքով] Նա անարգել էր Աստծուն։ Հիսուսի ինքնիշխան հավակնությունը, թե Ինքն Աստված է, աստվածանարգ պղծախոսություն էր հրեական ականջների համար»[4]։
Այսինքն, մինչև այժմ ասվածները է՛լ ավելի են ընդարձակվում, եթե հաշվի ենք առնում, որ խնդրո առարկա հարության դերակատարը ո՛չ թե որևիցէ մի մարդ էր, այլ՝ հենց Հիսուս Նազովրեցին։ Այսինքն՝ միակ մարդը, որի գոյությունը պատմականորեն փաստված է և որ պնդել է, թե Ինքն Աստծո Որդին է, որի խոսքերը տակնուվրա են արել մարդկության ողջ պատմությունը և որի ուսուցումները (Հարությունից առաջ տրված) խորհրդավոր կերպով մշտապես այժմեական են մնում բոլոր դարաշրջանների մարդկանց համար, հավատացյալ լինեն նրանք, թե ո՛չ։
 
Մի վերջին մտորում։ Նույնիսկ եթե ինչ որ մեկը կարողացած լիներ տեսանկարահանելով անմահացրած լինել Հիսուս Նազովրեցու հարության պահը, դա ոչնչով չէր փոխի կյանքը այն մարդկանց, ովքեր հավատացել են Նրան այն ժամանակվանից մինչև այսօր։ Չէր համոզի, չէր հմայի, դեպի Ինքը չէր քաշի ոչ ոքի և չէր անհետացնի անկյալ կյանքի տրտմությունն ու ձանձրույթը աշխարհում։
Նրա համար, ով հավատում է, միմիայն Նրա մշտական ներկայությունն է, Նրա խորհրդավոր ներկայությունը պատմության ներսում, որ կարող է խանդավառել, ոգևորել և մի վերջնական իմաստ պարգևել մարդկանց կյանքին։
Սա հետևություն է, որ կատարում ենք նաև հրեա ուսումնասիրող Փինխաս Լապիդի կյանքի փորձառությունից, որն իր ուսումնասիրությունների վերջում հանգեց այն եզրակացությանը, որ պատմական ակնհայտությունն ուժգին կերպով թելադրում է Հիսուս Նազովրեցու Հարության իրականությունը[5]։ Այդուհանդերձ, սակայն, չկարողացավ փոխել իր հրեական աշխարհայացքը և կասկածամիտ (սկեպտիկ) մնաց Աստծո Մարդեղության և այն փաստի նկատմամբ, որ Հիսուսը սպասված Մեսսիան էր։ Բայց և, թեև դարձի չեկավ, – ինչպես, մինչդեռ, դարձի եկան իր ժամանակակից բազմաթիվ ռաբբիներ, օրինակ՝ Հռոմի Գլխավոր Ռաբբին Իսրայել Անտոն Զոլլեռը (1881-1956), և անվանի հրեա մտավորականներ, օրինակ՝ աշխարհահռչակ փիլիսոփա Էդիթ Շթայնը (1891-1942), ով նաև սրբադասվել է Կաթոլիկ Եկեղեցու կողմից՝ Սրբուհի Թերեզա Բենեդիկտա անվամբ – այնուամենայնիվ՝ պատմական փաստերը որոշակի առումով փոփոխություն մտցրեցին նրա մտահորիզոնում և հանգեցրին թողնելու հրեական սադդուկեցիական հոսանքը (մինչ փարիսեցիները հավատում էին մի հավաքական վերջնական հարության՝ Դատաստանի օրը)։ Եվ իրոք, նա վերջում գրեց.
 
«Ինչ վերաբերվում է մեռյալների գալիք հարությանը, ես փարիսեցի եմ և մնում եմ փարիսեցի։ Ինչ վերաբերվում է Հիսուսի հարությանը Զատկվա առավոտյան, տասնամյակներ շարունակ եղել եմ սադդուկեցի։ Այժմ, այլևս այդպիսին չեմ»[6]։
[1] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
[2] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 114.
[3] D.B. Wallace, Fact Checking Dan Barker: From our Recent Debate on June 6, 2015, www.danielbwallace.com, 01/08/2015.
[4] W. Pannenberg, Jesus - God and Man, Priebe 1968, p. 67.
[5] P. Lapide, The Resurrection of Jesus. A Jewish Perspective, Augsburg 1983, p. 130.
[6] P. Lapide, The Resurrection of Jesus. A Jewish Perspective, Augsburg 1983, p. 125.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։