ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 4 – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 4

Պիլթդաո՞ւն։ Մարդու և կապկի միջև առասպելական «պակասող օղա՞կը»։ Դարվինի ու դարվինիստների կողմից ենթադրված «միջանկյալ անցո՞ւմը», որը, քանի որ չէր գտնվում, պատրաստվեց խարտոցով ու ներկերով։
 
Հենց դա՛: Հակառակ կես դարից ավելի տևած խելացնոր ու մոլեգին որոնումների, հողի տակից դուրս հանված բրածոների լեռնակույտերի մեջ չգտնվեց գոնե մի փոքրիկ կտոր, որ պատկանած լիներ ինչ որ մի «միջանկյալ տեսակի», մի կիսով չափ ձուկ և կիսով չափ երկկենցաղ, կամ մի կիսով չափ սողուն և կիսով չափ թռչուն: Հատկապես, բացարձակ կերպով պակասում էր «top»ը. ինչ որ մի սիրուն բրածո՝ կիսով չափ կապիկ և կիսով չափ «homo sapiens-sapiens»: Վերջապես, 1912 թվականին, տրվեց մեծ ավետիսը. «փաստերի փաստը» գտնվել էր մի ավազահանքում, անգլիական Սասսեքս դքսության Պիլթդաուն գյուղի մոտակայքում: Գտնվածը մի գանգ էր, որի ուղեղային տարողությունը ավելի մեծ էր, քան կապիկինը, բայց ավելի փոքր, քան «արդի» մարդունը: Գանգի կողքին հայտնաբերվել էր մի ծնոտ, որն անկասկած կապկային էր և մի ժամանակ վստահաբար (ասացին) կպած է եղել այդ գանգին: Պատկերն ամբողջացնելու համար՝ գետաձիու մի քանի ատամ, անհետացած կենդանիների ոսկորներ, կոպիտ կերպով աշխատված քարեր:
Գիտական աշխարհը – Բրիտանական Թանգարանի հնեաբաններից սկսած – ցնծաց. ահա՛ գտնվեց, վերջապե՜ս, «the missing link» - «պակասող օղակը»: Հայտնագործության հեղինակ հանդիսացող երեք գիտնականները (արդեն հայտնի և համբավաշատ անձինք) անգլիական Արքունիքից պարգևատրվեցին «բարոնիկ» տիտղոսով. Պիլթդաունում մինչև իսկ հուշարձան կանգնեցվեց սքանչելի գտածոյի վայրում. Լոնդոնի Երկրաբանության Թագավորական Ընկերությունը որպես հիշատակ մի մեծ յուղանկար պատվիրեց, ուր Չարլզ Ռոբերտ Դարվինի շուքը հայրաբար տարածվում և օրհնում էր, մինչ կոլեգաներն ուսումնասիրում էին գանգը ... :
 
Եվ վերջում պարզվեց, որ ամեն ինչ կեղծ էր ու խարդախված։
 
Իրոք որ. ծնոտը ոչ մի կապ չուներ գանգի հետ, որն էլ իր հերթին բնավ 500.000 տարեկան չէր, ինչպես հայտարարվել էր, մնացած “գտածո”ների վրա աշխատել էին խարտոցներով ու «հնեցնող» ներկանյութերով, սալաքարերը բերվել էին Թունիսից ... : Ճիշտ այնպես, կարճ ասած, ինչպես որ մի խումբ պատանիներ պատրաստել էին “Մոդիլիանիի քանդակներ”, որոնք մի քանի շաբաթ անընդմեջ հուզմունքից արտասվել էին տվել արվեստի ամենանշանավոր պատմաբաններին:
Բայց Լիվոռնոյի դեպքը կատակ էր, ծաղրանք. Պիլթդաունում, մինչդեռ, դիտավորյալ բեմադրություն էր՝ կեղծ գտածոներով հիմնավորելու համար տեսությունը, քանի որ երբևէ չէին գտնվել (և երբևէ չգտնվեցին) նմանատիպ իրական գտածոներ: Մինչև իսկ բանավեճ տեղի ունեցավ Անգլիական Պառլամենտում, ուր առաջարկվեց դադարեցնել Բրիտանական Թանգարանին տրվող ֆինանսավորումները, որի փորձագետներն ընկել էին այդ թակարդի մեջ: Է՛լ ավելի ապշեցնող հանգամանքը, սակայն, այն է, որ կեղծիքի բացահայտումը տեղի ունեցավ 1953 թվականին միայն. կեղծ «կապիկ-մարդը» (որին հանդիսավոր կերպով անվանակոչել էին «Eoanthropus» - «Արշալույսի մարդ» “գիտական” անվամբ) քառասուն տարուց ավելի պատկերվեց մարդկային տեսակի «ծննդաբանական ծառերի» վրա, դպրոցական դասարաններում կախված պատկերատախտակների վրա ներկայացվեց որպես գլխավոր օղակ, առարկա հանդիսացավ “գիտական” բյուրավոր ուսումնասիրությունների, հոդվածների ու հրատարակությունների համար:
 
Իսկապես «տարօրինակ» է, որ դրա մասին այլևս չի խոսվում. որպես ձեռքբերված ճշմարտություն ներկայացվելուց հետո՝ կարծես թե ոչ ոք չի ցանկանում անդրադառնալ այդ դեպքին։ Բավարարվեցին Էոանթրոպուսին դասագրքերի պատկերազարդումներից հեռացնելով, ընդամենը։
 
«Տարօրինակ» է, չէ՞: Իսկ «տարօրինակ» չէ՞, որ – հենց վերջերս – բավարարվեցին ինչ որ մի լրատվական գործակալության միջոցով տարածված ընդամենը մի քանի տողով, առանց մեկնաբանությունների, հայտնելու համար ևս մի պատմական հետքայլի մասին: Եթե Պիլթդաունի մարդը պարզվեց, որ կեղծիք է, որպես կապկի ու մարդու միջև «պակասող օղակի», «միջանկյալ անցման» միակ օրինակ մնաց հանրահայտ ու հռչակավոր «Նեանդերթալյան մարդը»: Ցավոք սրտի, սկանդինավյան մի մասնագետ ճիշտ մեր օրերում կարողացավ հաջողությամբ առանձնացնել և վերլուծել առասպելական «մարդանման»ի ԴՆԹ-ն, հանգելով եզրակացությանը, – բոլորի կողմից ճանաչված որպես ապահով արդյունք, թեև հասկանալի ափսոսանքով, – որ «ամբողջովին օտար է մեր նախնիներին»: Կարճ ասած, մեր նախահայրը չէ, ինչպես մեզ սովորեցրել էին գրեթե մեկ ու կես դար շարունակ. ընդամենը «մարդանման» կապկի ինչ որ մի անհետացած տեսակի նմուշ է:
Իրականում, իսկապես թվում է, որ հնեաբանությունը ոչ մի բրածո չի գտել, որով գոնե մոտավոր կերպով հնարավոր կլիներ փաստել «տեսակների միջև անցման էվոլյուտիվ մեխանիզմները», – բոլո՛ր տեսակների, ո՛չ միայն մարդկայինի, – որոնք, տեսության (և անձամբ Դարվինի) տրամաբանության համաձայն, պետք է որ խիստ բազմաթիվ լինեին, քանի որ կատարվել են միլիոնավոր տարիներ շարունակ և, հետևաբար, պետք է որ բազմաթիվ մնացորդներ թողած լինեին իրենց ետևից: Ոսկորներ շատ են գտնվել. բոլորը, սակայն, – քանի որ ես տգետ եմ այս ոլորտում, նաև այս կետում հետևում եմ մասնագետների ամենաթարմ ուսումնասիրությունների արդյունքներին, – բոլորը, ասում էի, պատկանում են միմյանցից անկախ տեսակների, բոլորն էլ հիանալի կերպով ձևավորված են և բնավ չեն ներկայացնում «անցման» հետքեր: Ոմանք մինչև իսկ խոսում են հնեաբանության մի «մասնագիտական գաղտնիքի» մասին. այսինքն այն, որ պաշտոնական հարթության վրա չեն համարձակվում հայտնել, որ «կապող օղակների» ոչ մի հետք չկա տեսակների միջև, որոնք բոլորն էլ ներկայանում են որպես «կայուն»: Լրիվ հակառակը, այսինքն, այն «շարունակական գործընթացի», որը տեսության հիմնական նախադրյալն է:
 
Ինձ թվում է, համենայն դեպս, որ լավ կլինի ընդգծել, որ մենք ոչնչով բնավ մտահոգված չենք։ Հետևաբար, կարիքը չունենք տագնապալի վազելու՝ որոնելու էվոլյուցիոն վարկածը հերքող «բացերը» (որոնք կան և շարունակում են մնալ)։ Մեր համար խնդիր չէ, եթե ապագայում հաստատվի ինչ որ մի էվոլյուտիվ «շարժում», հատկապես կենդանի էակների միջև։
 
Այո՛, հաստատումը կլիներ Աստծո, որ «սիրում է պատմությունը». որ սիրում է շարժումը, ո՛չ թե անշարժությունը:
Բայց անհեթեթ էր թվում, – և միշտ ավելի անհեթեթ է թվում, – նաև սոսկ հավանականությունների հաշվարկի պատճառով, աշխարհն առանց Աստծո, առանց Ծրագրավորողի բացատրելու փորձը, իբրև պատահականությունների, հարկավորությունների, մուտացիաների, սելեկցիաների, միջավայրին հարմարվելու քաոսային և կույր հերթափոխների արդյունք:
Չմոռանալով, բնականաբար, որ միշտ ու միշտ շարունակում է վավերական մնալ «սկզբնական մատերիայի» ծագման հիմնական խնդիրը, որի վրա պետք է որ աշխատած լինեն այդ էվոլյուտիվ «ուժերն» ու «բնազդները»: Որը, վերջնական հաշվով, Աստծո սոսկ փոխնակն է, բայց որին հավատալու համար հարկավոր է անսահմանորեն ավելի մեծ ու դժնդակ հավատք ունենալ, քան մեր Արարչի դեպքում է:
 
Ով իսկապես հավատում է հրաշքներին, – և կուրորեն, առանց փաստացի հիմնավորումների ու բանականության գործածման, – վերջնական հաշվով հենց այն «ռացիոնալիստ»ն է, որ հավատում է, թե մարդկային աչքը, օրինակ, էվոլյուցիայի արդյունք է, առանց Ինչ-Որ-Մեկի կողմից ծրագրի նախասահմանման։ Եվ որպես օրինակ բերում եմ հենց աչքը, որովհետև, որքան որ հիշում եմ, իր կառուցվածքի բարդության ու նպատակամղվածության պատճառով հանդիսանում էր մեկն այն բաներից, որոնք անձամբ Դարվինին էլ էին նեղը գցում և հարցեր էին առաջացնում, որոնց չէր կարողանում պատասխանել։ Նաև այն անբացատրելի համապատասխանության պատճառով, որ գոյություն ունի մեզնից դուրս գտնվող իրականությունների և այն գերկատարելագործված գործիքի միջև, որը նախատեսված է դրանք «տեսնելու» համար։
 
Այո՛, այո՜, հայտնի է Դարվինի այդ խոսքը. «Երբ մտածում եմ մարդկային աչքի բարդության և դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանների հանրագումարի մասին, սարսռում եմ»: Եվ հաշվի առ, որ Տասնիններորդ դարի գործիքներով նա ընդամենը մակերեսային պատկերացումներ ուներ այդ բարդության մասին: Մենք այսօր գիտենք, որ անսահմանորեն ավելի գերազանց է այն մակարդակից, որի պատճառով արդեն Դարվինը «սարսռում էր»: Ի նկատի ունեցիր, համենայն դեպս, որ ոչ մի աչք չէր կարողանա որևիցէ մի բան տեսնել, եթե չլիներ լույսը. այսօր էլ դեռևս ի վիճակի չենք այն լիովին «բացատրելու», ո՛չ էլ գիտենք, թե ինչո՛ւ գոյություն ունի. գիտենք միայն, որ առանց լույսի գոյություն չէր ունենա ո՛չ միայն տեսողությունը, այլ՝ կյանքն ընդհանրապես:
Նմանապես – հազարավորների միջից մեկն ասեմ – ոչ ոք ընդունակ չէ մարդկային ուղեղի կառուցվածքը համապատասխանեցնել տեսության կենտրոնական դրույթներին: Արդարև, եթե «կարիքն ու գործածությունն են ստեղծում օրգանը», ինչո՞ւ այս արտակարգ «օրգանը», որ մեր ուղեղն է, ունի վիթխարի կարողությունների պոտենցիալ, որոնք տակավին ի վիճակի չենք եղել գործածելու: Նյարդային 10 միլիարդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը 10 հազարից մինչև 100 հազար թելիկներով կապված է մյուս բջիջների հետ, այսինքն՝ հաղորդակցության 1 միլիոն միլիարդ (1 և 15 զրո) ուղիներով: Պատկերավոր գաղափար կազմելու համար, մի նևրոֆիզիոլոգ բերում էր այս օրինակը. պատկերացրու ամբողջ Կանադայի տարածքը (10 միլիոն քառակուսի կմ) ամբողջովին ծառերով պատված, մեկը մյուսի կողքին, որոնցից յուրաքանչյուրն ունի 100 հազար տերև: Այդ տերևների հանրագումարը հավասար է հաղորդակցման թելիկների թվին, որոնք ներկա են Երկիր մոլորակի վրա այս պահին գործող շուրջ 8 միլիարդ ուղեղներից յուրաքանչյուրի մեջ: Եթե իսկապես ուղեղն է «բանականության» վայրը, ուրեմն բանականությունից զուրկ է նա, ով հավատում է, թե ուղեղը կարող է Հեղինակ չունենալ: Այն, ինչ ունենք մեր գանգի ներսում, շա՜տ (մանավանդ թե՝ աներևակայելիորեն չափազա՜նց շատ) «ավելին» է, քան այն գործողությունները, որոնց համար մենք այն գործածում ենք և որոնք չափազանց համեստ են իր անհավատալի պոտենցիալի համեմատ: Պատկերավոր ասած, մեր ուղեղը մենք գործածում ենք որպես ամենասովորական հաշվիչ, մինչդեռ նրա կարողությունները համազոր են «NASA»ի ամենահզոր համակարգչին: Ուղեղի «էվոլյուցիան», կարճ ասած, գնացել հասել է ինքն իրենից շա՜տ ավելի այն կողմ, առանց «կարիքի», «հարկավորության» ու «բնական սելեկցիաների». Մատերիան, Բնությունը, որ «ստեղծելու» փոխարեն «բացահայտում են» արդեն ստեղծվածը ... :
Տե՛ս, սա մի գիրք է, որ վերջերս եմ ստացել, որի հեղինակը ամերիկացի կենսաբան է և որի վերնագիրը մեծապես նշանակալի է. «Evolution: a Theory in Crisis» - «Էվոլյուցիա. ճգնաժամի մեջ գտնվող տեսություն»: Այս կենսաբանը միակը չէ, որ այսպես է մտածում: Նա ընդամենը մի կաթիլն է այն ընդարձակ ալիքի մեջ, որ վաղուց արդեն բարձրացել է և որ սպառնում է հեղեղելով քարուքանդ անել արդի աթեիզմի ու ագնոստիցիզմի այս – “գիտական” – նեցուկը. այս հնարավորությունը – որը մենք անշուշտ չենք մերժում a priori, բայց որը չափազանց շատերն են իրենց ձեռքն առել իբրև իդեոլոգիական մահակ – առասպելական, նախագիտական մտքի արգելոցում վերջապես փակելու Աստվածաշնչի առաջին նախադասությունը, այդ հանդիսավոր «ouverture» - նախերգանքը, որի վրա է ամեն ինչ հիմնվում. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Խոսքեր, որոնք Եկեղեցին փոխակերպել է իր «Հավատամք»ի առաջին հոդվածին, այն հիմնաքարին, որի վրա է հիմնվում Քրիստոնեական Հավատքի ողջ կառույցը. «Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի ու երկրի, բոլոր տեսանելի ու անտեսանելի բաների Արարչին»:
Վերադառնալով ամերիկացի գիտնականի այս գրքին (ով, ուշադրություն դարձրու, կարևոր է համարում ընդգծել, որ ինքը ագնոստիկ է), իր եզրակացությունը հետևյալն է. «Օբյեկտիվ, ո՛չ իդեոլոգիական գիտության լույսի ներքո, էվոլյուցիայի դարվինյան տեսությունը ներկայանում է որպես տիեզերքի առաջացման մասին Քսաներորդ դարում տիրած առասպելը: Կենդանի համակարգերն էվոլյուցիոնիստական սխեմայի մեջ բանտարկելու բոլոր փորձերին հակառակ, ճշմարտությունն այն է, որ բնությունը չընդունեց բանտարկվելու այդ առաջարկը: “Խորհուրդների խորհուրդը” – Երկրագնդի վրա կենդանի տեսակների ծագումը – այսօր էլ շարունակում է նույնքան առեղծվածային լինել, որքան որ էր այն 1831 թվանանին, երբ երիտասարդ Դարվինը Beagle անունը կրող նավը բարձրացավ՝ աշխարհի շուրջ իր պտույտը կատարելու համար»:
 
Հաստատ է, համենայն դեպս, որ կասկածն անգամ հաստատելու հարցում ցուցաբերված դիմադրությունները սաստիկ և ուժգին են. էվոլյուցիոնիստական մտայնությունը գրեթե իսկույն դուրս է եկել բնական գիտությունների դաշտից՝ մտնելու համար նաև մարդկային գիտությունների դաշտ։
 
Փաստացի, այն բանի համար, որ վերջին մեկուկես դարը եղել է մարդկային պատմության ամենաարյունալի ժամանակահատվածը, պատասխանատվությունը նաև այսպես կոչված «սոցիալական դարվինիզմ»ինն է: Նրա մղումով է, որ ծնվում է ռասսիզմը (նաև տերմինը, որ ի հայտ է գալիս Տասնիններորդ դարի վերջում). խոսքս իրական, կենսաբանական ռասսիզմի մասին է, որ հիմնվում է «ցեղերի» աստիճանակարգման վրա, որոնցից ամենաուժեղներն իբրև թե իրավունք և անգամ պարտականությունն ունեն տիրելու մյուսների վրա:
Հակասեմականությունն, օրինակի համար, ամբողջովին արդի ժամանակների, հետ-դարվինյան երևույթ է, մինչև իսկ անվան մեջ, որն անծանոթ է նախորդ դարերի ավանդությանը. սկսած քրիստոնեականից, որի համար հրեան էլ, մյուս բոլոր ժողովուրդների նման, մարդկային բնության հարթության վրա մի եղբայր է, որին առավելագույն դեպքում հարկավոր է դարձի բերել (և դա – գոնե դիտավորությունների մակարդակում, չնայած պատմական տձևացումներին – միայն հանուն սիրո. չմոռանանք, որ ավետարանական մտածելակերպի համաձայն՝ սիրո ամենաբարձր արտահայտությունը դա մեր համար հավիտենական կյանքը շահելու նպատակով մարդացած ու մահացած ու հարություն առած Աստծո ճշմարտությունն ավետելն է): Հաստատ, համենայն դեպս, թերզարգացած ենթացեղ կամ ենթատեսակ չէ, որին որևէ դեպքում հարկավոր է վերացնել: Հրեան, որն իր ազատ կամքով հայցում է Մկրտությունը, դառնում է սիրեցյալ եղբայր Եկեղեցու գրկում. ռասսիստի համար, մինչդեռ, semel judaeus, semper judaeus - մի անգամ հրեա, մի՛շտ հրեա: Հրեաները զանգվածաբար «դարձի էին գալիս» այնտեղ, ուր իշխում էր սվաստիկան. մկրտված թե չմկրտված, սակայն, նրանց ճակատագիրը նույնն էր, քանի որ «ստորակարգ ցեղի» դրոշմը անջնջելի էր: Դարվինիստները վկա:[1]
Այդ տեսություններն ուժգին ազդեցություն են թողել ո՛չ միայն նացիոնալսոցիալիզմի, այլ նաև մարքսիզմի վրա. պատմության ընկալումը որպես պատերազմ «դասակարգերի» միջև («ցեղերի» հասարակական-քաղաքական համարժեքը), որպես անհրաժեշտ «էվոլյուցիա»դեպի հասարակության կազմակերպման «բարձրակարգ» ձևեր, որոնց բարձրագույն, գերագույն գագաթնակետը լինելու էր «իրագործված կոմունիզմը»:
Գաղութատիրության (կոլոնիալիզմի, որ տնօրինվում էր Տասնիններորդ դարի և Քսաներորդ դարի սկզբի ագնոստիկ կամ աթեիստ լիբերալիզմի եվրոպական «leadership»ի՝ առաջնորդների կողմից) դաժան դիմագծերը ևս «դարվինիստական» են. սպիտակամորթներն իբր թե գտնվում են էվոլյուցիայի առավել բարձրակարգ մակարդակի վրա, ուստի արդարացի է, «բնական» է, որ տիրեն «գունամորթների» վրա, որոնք կենսաբանական կատարելությանը ձգտող վերելքի ճանապարհին կանգ են առել «ցածրակարգ» մակարդակներում, ուստի սահմանված են պարտվելու այն գոյամարտում, որ կոչվում է struggle for life - կյանքի համար մղվող պայքար:
 
Այդ մտահամակարգում, հարկավոր է ասել, պատերազմը ո՛չ միայն արդարացվում է որպես «բնական» իրողություն, այլ՝ ինչ որ կերպ նաև ցանկացվում, մաղթվում է որպես տկարի վերացման գործոն և դրանից հետևող «առողջության» պատճառ մարդկության համար՝ դեպի վերելք ձգտող իր քայլքի ընթացքում։
 
Լսիր, ուրեմն, այս մեջբերումը, որ քաղել եմ 1913 թվականին լույս տեսած կաթոլիկ մի հրատարակությունից. այսինքն, որ տպվել է մարդկային պատմության ամենասարսափելի ու ամենաաղետալի պատերազմի բռնկումից ընդամենը մեկ տարի առաջ (երկրորդը, որ սկսվեց 1939ին, և երրորդը՝ «սառը» կոչվածը, որ սկսվեց 1945ին, ընդամենը այս առաջինի երկարաձգումներն էին):
Կկարդամ, քանի որ վերլուծելուց ավելի հարմար է. «Չափազանց լավ ենք ճանաչում ցեղապաշտական ու հակաքրիստոնեական մշակույթի կողմից գործադրված ջանքը՝“ռացիոնալ” հարթության վրա արդարացնելու պատերազմները, այն իբրև թե կենսաբանական ինչ որ մի օրենքի կցելով: Էվոլյուցիայի օրենքը, ասում են, իրենից ներկայացնում է այն հիմնական օրենքը, որով ապրում ու առաջ է շարժվում կենդանական աշխարհը: Եվ այս էվոլյուցիան իր ամենաճշգրիտ բանաձևումը գտել է գոյության համար պայքարի դարվինյան հասկացողության մեջ: Այսպիսով, պատերազմն ամենուր է – պե՛տք է ամենուր լինի – , միևնույն տեսակի անհատների և տարբեր տեսակների միջև. անընդմեջ պատերազմ, կյանքի ու մահվան համար, սնվելու, վերարտադրվելու, հզորանալու, հեղաշրջվելու համար: Իբրև թե պատերազմը նպաստավոր է իր բռնությամբ ինքնին, քանի որ հանգեցնում է ամենատկարների ոչնչացմանը և ամենաուժեղների ու հարմարների պահպանմանը: Այսպիսով, պատերազմն է նկատվում որպես առաջընթացի էական գործոնը: Բնության դարվինյան օրենքը, հակաքրիստոնեական այս նոր մշակույթների համաձայն, պետք է լինի մարդկային որևէ քաղաքակրթության կանոնը. մահվան չափ պայքարը, ասում են, ո՛չ միայն կործանարար սկզբունք է, այլ նաև ժողովուրդների կյանքի սկզբունքն է»:
Կաթոլիկ հնացած, խավարամիտ հեղինակը, որից մեջբերեցի այս տողերը (հոդվածը, ինչպես ասացի, լույս է տեսել 1913 թվականին) կանխատեսում էր, որ համաշխարհային աղետներ էին ծնվելու նման մտածելակերպից. է՛լ ավելի ստույգ մարգարե եղավ, քան որքան կարծում էր՝ վախենալով:
 
Այստեղից երևում է, իմիջիայլոց, թե ինչպես է Արարիչ Աստծո հանդեպ հավատքը պաշտպանում նաև պատմական աղետներից, որոնց ականատես եղանք մեր ժամանակներում և որոնց են հանգեցնում այն տեսությունները, որոնք իրենք իրենց ներկայացնում են իբրև «ազատարարներ» հին, վնասակար սնահավատություններից։ Ինչպես ասում էի, սակայն, «էվոլյուցիոնիստական» մտայնությունն այլևս մաս է կազմում ժողովրդական մտածելակերպին, փողոցում պատահական հանդիպող մարդու աշխարհայացքին։
 
Նաև այն պատճառով, որ Դարվինի վարկածը համապատասխանում էր մոգականի այն կարիքին, որն ունեն, սաստիկ զգում են “էվոլյուցիայի” գագաթնակետին հասած մարդիկ: Չեմ հիշում, թե արդեն ասել ենք կամ ո՛չ, (բայց մի բան է, որ կարելի է կրկնել ad abundantiam - առատորեն), որ քրիստոնեական հավատքից հեռանալը չի մոտեցնում բանականությանը, այլ՝ սնահավատությանը. չմոռանանք, որ ոգեհարցական սպիրիտիզմը ծնունդ է առել պոզիտիվիզմի միևնույն միջավայրերում, որոնք բոլորն էլ «արմատական» էվոլյուցիոնիստներ էին: Չեզարե Լոմբրոզոն, օրինակի համար, իր տարիներն ավարտեց ոգեհարցական սեղանների շուրջ:
Անվիճելի փաստ է, որ աթեիստական էվոլյուցիոնիզմը (այն տեսությունը, որն ամեն ինչ վերագրում է «պատահականությանն ու հարկավորությանը») չի պատկանում – ինչպես միամիտներն են կարծում – գիտության պատմությանը, այլ՝ կրոնների պատմությանը: Իրականում, աթեիստական էվոլյուցիոնիզմը ժամանակապաշտական հավատք է, որը քաջ հայտնի է մարդաբաններին. պաշտամունքը Ժամանակի, որն ընկալվում է որպես Աստվածություն կամ մոգական ու ամենակարող ուժով օժտված Դեմիուրգ: Փաստացի, բոլոր նրանց, ովքեր «պատահական» էվոլյուցիային հակադրվում են՝ ընդգծելով դրա անհնարինությունը, հատկապես վիճակագրական հնարավորությունների տեսանկյունից դիտված, բարեպաշտ էվոլյուցիոնիստը (իրեն գիտնականի look - տեսք տալով) պատասխանում է՝ հիշեցնելով Ժամանակի սքանչելագործ հնարավորությունները. «Միլիարդավոր տարիների ընթացքում ամեն ինչ հնարավոր է ... »: Ինչպես ասում էր 1978 թվականին Նոբելյան Մրցանակի արժանացած հրեա մեծ բանաստեղծ Իսահակ Սինգըրը. «Բազմաթիվ են այն մտածողները, որոնք էվոլյուտիվ կույր մեխանիզմին վերագրել են ավելի շատ հրաշքներ, քան աշխարհի բոլոր աստվածաբանների կողմից Աստծուն վերագրվածներն են»: Աթեիստական էվոլյուցիոնիզմը դա մի կրոն է, որն իր հետևորդներից ավելի մեծ հավատք է պահանջում, քան թեիստական բոլոր կրոնները միասին վերցրած:
Այո՛, անշուշտ: Էվոլյուցիոնիստական մտայնությունը թափանցել է մինչև խորքերը, մտել է սովորական մարդու նաև երևակայության ու պատկերացումների մեջ: Բայց ո՛չ այն աստիճան, – կարծում եմ, – որ ամբողջովին քանդել ու ավերել կարողանա մարդկանց պրագմատիկ ռեալիզմը: Մարդկանց, որոնք շարունակում են «զգալ», որ աթեիստական տեսությունն ուղղակի անհնարին է. որ, այսինքն, «պատահականությունը», որ կույր ու անբանական ուժերը կարող են բացատրել աշխարհը, նրա անսահմանորեն բաղադրյալ բարդությունը, նրա կատարելությունը, նրա գեղեցկությունը: Մարդիկ ապրում են, առավելագույն դեպքում, այնպես՝ որ Աստված կարծես թե չկա, որովհետև չեն կարողանում այլևս հասկանալ, (և, շատ հաճախ, դրա պատճառն այն է, որ ոչ ոք դա նրանց չի բացատրում հասկանալի կերպով), թե ի՞նչ կապ կամ հարաբերություն ունի Աստված իրենց կոնկրետ կյանքի, այս աշխարհի հետ: Բայց այն, որ այս աշխարհը ստեղծել է «մի Աստված», որը մատերիան ու պատահականությունը չէ – չի՛ կարող լինել – , սրան մարդիկ չեն կարող չհավատալ, հակառակ ամեն ինչի:
 
Միտքս է գալիս «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի այն հատվածը, երբ Ալիսն ասում է Կարմիր Թագուհուն. «Անօգուտ է պնդելը, հնարավոր չէ հավատալ անհնարինին»։ Եվ Թագուհին պատասխանում է. «Այդպես ես կարծում, որովհետև բավական չես մարզվել։ Երբ ես քո տարիքին էի, պարբերաբար մարզվում էի, օրը մի կես ժամ։ Եվ այդպես, ի վերջո կարողացա հասնել հավատալու, նախաճաշից առաջ արդեն, մինչև վեց անհնարին բաների»։
 
Այո՛: Մարդիկ, գոնե առայժմ, բավական «մարզված» չեն: Կարծում եմ, որ կարիք չկա իմաստնագույն կամ մեծապես տպավորիչ արգումենտներ կուտակել, թեև դրանք էլ չեն պակասում: Բավական է «common sense» կոչվածը՝ համընդհանուր ողջմտությունը, հասկանալու համար, որ «պատահականությունը» ոչինչ չի բացատրում, և որ գոյություն չունի համակարգչային հետևողական արդյունք առանց ծրագրավորողի. և որն, ամեն ինչից առաջ, ստեղծի ո՛չ միայն մեքենան, այլ նաև ինքնին նյութը, որով այդ մեքենան պատրաստվելու է:
Այստեղ, հետևաբար, չափից ավելի չենք խոսի (բավարարվելով արդեն ասածներով) այն «1»ի և իրեն հետևող տասնյակ կամ հարյուրավոր կամ հազարավոր զրոների մասին, որոնք ներկայացնում են բացասական հնարավորությունները՝ նաև գոնե միայն մեկ մոլեկուլի «պատահական» ձևավորման դեմ. ո՛չ էլ խոսելու ենք մրջյունների, մեղուների, սարդոստայնների, արյան շրջանառության, քլորոֆիլային գործընթացների, սննդային շղթայի, մթնոլորտի բաղադրության, երիկամների գործունեության և այն մյուս բոլոր անթիվ անհամար հրաշալիքների մասին, որոնք բնավ չեն կարող «պատահական» լինել: Ինչպես ասում էինք, համընդհանուր ողջմտությունը վկա: Այն ողջմտությունը, որն հեղինակավոր կերպով կիրառվել է նաև Ալբերտ Այընշթայնի կողմից, (կրկին վկայակոչենք իրեն), իր հայտնի խոսքով. տիեզերքի անհավատալիորեն բաղադրյալ էությունը ուղղակի կերպով մատնացույց է անում գոյությունը մի Աստծո, այլ ո՛չ թե՝ զառերի մի անվերջ անսահման խաղի, որոնք վաղ թե ուշ կարող են անսխալ կերպով հանգել խնդիրների ճիշտ լուծմանը:
 
Բայց ես – հենց հանուն համընդհանուր ողջմտության – չեմ կարողանում մեջտեղ չհանել գոնե մի քանի հարց, նույնիսկ եթե դրանց պատճառով ավելի կդրդեմ ոմանց՝ կարեկցելու ինձ, քանի որ դրանք իրենց կողմից համարվում են «մանկամիտ» հարցեր։
Օրինակ. գիտական արդի ուսումնասիրությունների արդյունքներից մեկը բացահայտումն է, որ բնության մեջ ամեն ինչ շաղկապված է ամեն ինչի և որ ամեն ինչ կախում ունի ամեն ինչից։ Գոյություն ունի մի ամբողջական փոխկախումնավորություն։ Արդ. առանց մի ծրագրի և հետևաբար՝ առանց մի ծրագրավորողի, ինչպե՞ս են կարողացել (սոսկ մի օրինակ ասեմ) յուրաքանչյուր տեսակի արուներն ու էգերը «էվոլյուցիա կատարել» մեկը սահմանված մյուսին, զարգացնելով սեռային օրգաններ, որոնց վերաբերյալ ձեռք է բերվել լավագույն տարբերակը՝ արգասավորությունն ապահովելու համար։ Իսկ այն միլիոնավոր տարիների ընթացքում, որոնք վարկածի համաձայն հարկավոր էին, որպեսզի տեղի ունենար այդ կույր, բայց միևնույն ժամանակ նպատակամղված «էվոլյուցիան» (արուներն ու էգերը «գիտեին», թե ինչի՛ կարիքն ունեին իրենք իրենց և մյուսի համար, որպեսզի կատարյալ կերպով ամբողջանային սեռային հարաբերության շնորհիվ ... ), – այդ միլիոնավոր տարիների ընթացքում ինչպե՞ս էր վերարտադրվում այդ տեսակը։ Կամ ընդհանրապես. տեսակից տեսակ անցման վիթխարի կերպով երկարատև ժամանակահատվածներում (ձկներն, օրինակի համար, որ միլիոնավոր տարիների ընթացքում իբրև թե փոխակերպվել են նախ սողունների, ապա թռչունների) ինչպե՞ս էին վերարտադրվում կենդանի բոլոր տեսակները։ Տակավին. նույնիսկ եթե ընդունենք, – թեև, ակնհայտորեն, չենք կարող կուրորեն ընդունել, – որ «պատահականության», «հարկավորության», «սելեկցիաների» մղմամբ՝ զույգերից մեկին վերջապես հաջողվեց հասնել բախտավոր արդյունքին և զարգացրեց երկու սեռերի միջև գոյություն ունեցող այս արգասավոր ներթափանցումը, ինչպե՞ս այդ միևնույն արդյունքին հասան նաև մյուս բոլոր անթիվ անհամար զույգերը։ Ինչպե՞ս է պատահում, որ բոլորը «էվոլյուցիա են կատարում» միևնույն, հարանման կերպով։
 
Ակնհայտ է, չէ՞, որ առաջինները, որ հասել են էվոլյուցիայի այդ մակարդակին – (և ո՞վ գիտի, թե ինչպե՛ս են որոշել, որ էվոլյուցիան այլևս ամբողջացած է, որ իրենց տեսակն այդ վիճակում այլևս կատարյալ է, և որ, հետևաբար, կարիք չկա ավելի առաջ գնալ էվոլյուցիայի մեջ, և որ հարկավոր է կանգ առնել այդտեղ), – առաջիններն, ասում էի, լուրն իսկույն տարածել են ամբողջ աշխարհով մեկ և մանրամասն տեղեկություններ են հաղորդել, որպեսզի իրենց տեսակի մյուս նմուշները, որոնք դեռևս in progress - զարգացման մեջ են գտնվում, իմանան, թե ո՛ր ուղղությամբ պետք է կողմնորոշեն «պատահականությունն ու հարկավորությունը» ... : Սա՛ է, բարեկամս, «միտքն ու բանականությունը»:
[1] Նույնը վերաբերվում է Քսաներորդ դարի բոլոր ցեղասպանություններին ու մարդկության դեմ գործված բազմահազար ոճիրներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։