ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 5 – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 5

Կրկին, որպես պատահական օրինակ. վերցնենք այն մեղուներին, որոնց մասին ասացիր, թե չես ուզում խոսել ... ։ Վերցնենք մեղուներին, որովհետև տարածված են ողջ երկրագնդով մեկ։ Բոլոր մեղուները, բոլոր մայրցամաքներում, կառուցում են վեցանկյուն հատվածակողմ ձևի խցիկներ։ Գերզարգացած հաշվարկներով միայն հնարավոր եղավ հաստատել, որ այդ ձևը լավագույնն է, քանի որ թույլ է տալիս լավագույնս օգտագործել փեթակի խիստ սահմանափակ տարածքը, ստանալ կատարյալ ջերմաստիճանի պահպանում և օդափոխություն, և այլն։
Կարծում եմ, որ հարկավոր չէ պատասխանել միայն այն հարցին, թե մեղուներն ինչպե՞ս են կարողանում անել մի բան, որի վերաբերյալ մի ա՛յլ կենդանու՝ հոմո սապիենս-սապիենսի ինժեներական արդի միտքը հենց այդպե՛ս խորհուրդ կտար, որ կառուցվեին խցիկները (բոլորը վեցանկյուն, բայց, իմիջիայլոց, տարբեր չափսերի՝ բանվորների, արուների, թագուհու, բեղմնափոշու և մեղրի պահեստավորման համար)։ Հարկավոր է պատասխանել նաև մեկ ա՛յլ հարցի. այն մեղու-երկրաչափագետը, որը պատահական «էվոլյուցիայի ենթարկվելով»՝ առաջինը հայտնագործեց վեցանկյունը, արդյոք ժողովի կանչե՞ց աշխարհի բոլոր մեղուներին (հաշվի առնենք նաև, որ մեղուների ավելի քան քսան հազար տեսակներ կան), նրանց համար դասընթացներ կազմակերպե՞ց՝ սովորեցնելու համար խցիկների կառուցման լավագույն տեխնիկան։ Փաստացի, ողջ երկրագնդի բոլոր փեթակները համապատասխանում են այդ գծագրին։ Չխոսելով, բնականաբար, նրանց և ուրիշ միջատների (օրինակ, մրջյունների ու տերմիտների) հասարակական տպավորիչ կազմակերպվածության մասին։ Այստեղ էլ նույն հարցն է. այդ կազմակերպվածությունը «հորինած» մրջյունը աշխարհի մյուս մրջյունների համար տեղեկատու ձեռնա՞րկ է գրել։ Թե՞ ինչ որ մի «Մեծ Շեֆի» կողմից հրաման է տրվել, որ բոլոր իր նմանները պետք է կազմակերպվեն իր կողմից հորինված հենց այդ եղանակով։ ...
Կենդանական աշխարհի և իր ապաստարանների ոլորտում մնալով՝ նկատենք նաև, որ բոլորը բույներ են շինում, նախապատրաստվելով այնպիսի իրադարձությունների, ինչպիսին է, օրինակի համար, ձագերի ծնունդը, որոնց վերաբերյալ ո՛չ միայն կանխավ զգում են լույս աշխարհ գալը, այլ նաև ճանաչում են բոլոր պահանջները՝ լավագույն հարմարավետության ու ապահովության մասով։ Ո՞վ է դա նրանց ասել։ Ինչպե՞ս են կարողանում գուշակել ապագան։
Այստեղ, սակայն, կանգ եմ առնում, որովհետև ինքս ինձ արդեն իսկ չափազանց շատ ենթարկեցի ծաղրուծանակի ենթարկվելու վտանգին։ Այս խնդիրների վերաբերյալ էլ, ոմանց համաձայն, կան հարցեր, որ չի կարելի առաջ քաշել, որովհետև չափազանց պարզունակ են։ Հետևաբար, ասում են, պարզամիտ հարցեր են։ ...
 
Քանի որ, մեր սկզբնական մտադրություններին հակառակ, չկարողացար մի քանի օրինակ չմեջբերել, իմ ցանկությունն էլ գրգռեցիր՝ մի օրինակ էլ իմ կողմից հավելելու:
Օրինակն, ուրեմն, այն կենդանու, որին կենդանաբաններն անվանում են Camelus dromedarius. միասապատանի ուղտը, որ ապրում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի անապատներում: Երկու բևեռների հետ միասին, այդ անապատները ապրելու ամենաանհարմար վայրերն են երկրագնդի վրա: Եվ հենց դրա համար է, որ այս օրինակն եմ ընտրում: Այդ անապատներում ջերմաստիճանը տատանվում է ցերեկը ստվերում +70°C-ից մինչև գիշերը զրոյից ներքև աստիճանների միջև: Եվ այդուհանդերձ, չորս կամ հինգ հարյուր կիլոգրամ քաշ ունեցող այդ թանկարժեք, խաղաղասեր կենդանին չի սահմանափակվում սոսկ գոյատևելով. Սահարայի անծայրածիր տարածքներում ապրում է հիանալի կերպով: Եվ սա՝ շնորհիվ իր կառուցվածքի, որն անհավատալի կերպով հարմարեցված է այդ միջավայրին:
Տեսնենք. ընդարձակ կոշտ ոտնատակերը հնարավորություն են տալիս չխրվելու ավազի մեջ. ավազը, թեև արևի տակ շիկացած է, արձակված տաքությամբ չի այրում կենդանու փորը, շնորհիվ երկար ոտքերի, որոնք կենդանու իրանը պահում են գետնից բավական բարձրության վրա. մորթու մազերն ավելի խիտ են մարմնի այն հատվածներում, ուր արևն ավելի շատ է խփում, և մի այնպիսի գույն ունեն, որն ամենաքիչն է կլանում արևի ճառագայթները (պատահական չէ, որ – բազմաթիվ փորձերից հետո – եվրոպացիները հենց այդ գույնն ընտրեցին իրենց գաղութատիրական զինվորների համազգեստների համար). քթանցքները կարող են հերմետիկ կերպով փակվել, երբ բարձրանում է անապատի քամին. թարթիչների կառուցվածքն այնպիսին է, որ անապատի փոթորիկների ժամանակ հնարավորություն է տալիս տեսնելու՝ առանց աչքերն ավազափոշու պատճառով վնասելու. միևնույն նպատակով, ականջախոռոչներն այնպիսի կառուցվածք ունեն, որը թույլ չի տալիս ավազով լցվել. ատամները մշտապես աճում են, վերականգնելու համար մաշվածությունը, որ անդադար պատճառվում է անապատում միակ կերը հանդիսացող կոշտ թփերը ծամելուց. շրթունքներն ու բերանը կարծես «զրահապատ» լինեն, այդ թփերի փշերից չվնասվելու համար. արևահարությունից խուսափելու նպատակով գանգի վերին հատվածը թեթևակի ուռուցիկ է, այնպես՝ որ ապահովում է օդային միջանկյալ տարածություն գանգոսկրի և ուղեղի միջև. և այլն:
Բավական չէ. կենդանական աշխարհում բացառիկ մեխանիզմ հանդիսացող սապատը ճարպի պահուստ է, որի շնորհիվ այդ «անապատի նավակը» կարողանում է շաբաթներով ապրել առանց ուտելու, ինչպես նաև՝ առանց խմելու: Ճարպն, իրոք, քիմիական արտակարգ աստիճանի բարդ ու արդյունավետ պրոցեսի միջոցով փոխակերպվում է սննդի, և հատկապես՝ ջրի, որը մտնում է արյան շրջանառության մեջ: Ստամոքսն էլ, իր հերթին, կարող է մինչև 120 լիտր հեղուկ ամբարել. սա էլ է աստիճանաբար, բայց ուղղակի կերպով մուտք գործում արյան շրջանառության մեջ, ապահովելով ջրի շարունակական մատակարարում, իսկ ներքին զտման մեխանիզմները թույլ չեն տալիս, որ կենդանին վարակվի անապատի կեղտոտ կամ նեխած ջրափոսերից ջուր խմելու պատճառով: Ծարավին դիմանալու կարողությունն էլ ավելանում է շնորհիվ մի «փականի», որ գտնվում է քթանցքի մեջ և շնչառության ժամանակ արտադրված գոլորշին պահում է մարմնի ներսում: Վատագույն դեպքում, համենայն դեպս, այս կենդանին կարող է կորցնել իր քաշի մինչև մեկ քառորդը՝ առանց դրա պատճառով ջրազրկվելու: Սա էլ է բացառիկ երևույթ կազմում կենդանական աշխարհում:
 
Հետևաբար, սա «էվոլյուցիայի»՝ գործունեությանը, կարիքին, միջավայրին հարմարված օրգանների հոյակապ օրինակ է։ Զառերը նետելու կողմնացույցը սովորական հրաշքներից մեկն է գործել ... ։
 
Վերադառնում է, սակայն, – չի կարող չվերադառնալ, – նույնքան աներես, որքան տրամաբանական հարցը. այդ սարսափելի անապատներում ինչպե՞ս են գոյատևել «էվոլյուցիայի մեջ գտնվող» ուղտերը այն հարյուր հազարավոր, միլիոնավոր տարիների ընթացքում, որոնք անհրաժեշտ էին ներկա կատարելությանը հասնելու համար: Ինչպե՞ս են կարողացել չբնաջնջվել այդ ծայր աստիճան անհարմարավետ միջավայրում, սպասելով, թե ե՛րբ են, վերջիվերջո, «հարմարվելու», օժտվելու բոլոր «optionals» - «հավելյալ գործիքներով», որոնք օգտակար ու անհրաժեշտ են ապրելու համար մի անապատում, ուր այդ չափսերի ուրիշ ոչ մի կենդանի չի կարողանում դիմանալ: Ինչպիսի՞ անբացատրելի «մազոխիզմ»ից դրդված են տակավին «էվոլյուցիայի մեջ գտնվող» կենդանիները միլիոնավոր տարիներով մնացել ավազի, տապի, չորության այդ դժոխքում, սպասելով, որ «հարմարվեն», փոխանակ տեղափոխվելու վայրեր, որոնք գոնե մի քիչ ավելի հարվարավետ են:
Իմիջիայլոց ասեմ, որ անապատի մարդիկ այս կենդանիներին օգտագործում են անհիշելի ժամանակներից սկսած. Սահարայի ողջ տարածքում սփռված նախապատմական շրջանի ժայռապատկերներից, եգիպտական պատկերագրությունից, գրավոր աղբյուրներից տեղեկանում ենք, որ տասնյակ և տասնյակ դարեր առաջ էլ այս կենդանիները ճշգրիտ կերպով այնպիսին էին, ինչպիսին որ նրանց տեսնում ենք այսօր: Ոչ մի տեսանելի «էվոլյուցիա» չի նկատվում այն ժամանակներից մինչև այսօր: Սա առնվազն հաստատում է, որ եթե իսկապես տեղի է ունեցել ինչ որ մի «հարմարվելու գործընթաց», այն չափազանց դանդաղ է եղել. գոնե այս վերջին՝ պատմական չորս հազար տարիների ընթացքում ոչ մի նոր «լրացում» չի կատարվել: Սա ևս մի ապացույց է այն բանի, որ նրանց «էվոլյուցիայի» համար աներևակայելիորեն երկար ժամանակ կպահանջվեր (իսկ գիտությունն ինքը փաստում է, որ ո՛չ միայն երկրագունդը, այլ՝ ողջ տիեզերքն այդքան մեծ տարիք չունի): Սպասելով այդ «էվոլյուցիայի» ամբողջացմանը, ինչպե՞ս կարող էր այդ կենդանիներից գոնե միայն մի զույգ գոյատևել՝ ապահովելու համար տեսակի շղթայական պահպանումը:
 
Սա մի հարց է, բնականաբար, որ պատասխան չունի, ինչպես նաև նմանատիպ մյուս բոլոր հարցադրումները, որոնք սակայն հարկավոր է առաջ քաշել կենդանի որևէ էակի պարագայում, լինի դա կենդանական, թե բուսական աշխարհի ներկայացուցիչ։
 
Մտածիր – առաջին բանն է, որ այս պահին միտքս է գալիս – այն օրգանի մասին, որ ներկա է բոլոր ողնաշարավորների մոտ, և որ անվանում ենք «ստամոքս»: Նույնիսկ եթե մի կողմ թողնենք մարսողության արտակարգ մեխանիզմը, փուլերը, որոնց միջոցով մարմնի մեջ ներմուծված անկենդան զանգվածը կյանք է տալիս այդ նույն մարմնին: Ուրիշ որևիցէ հարցից առաջ, այստեղ, կա մի հարց. ինչպե՞ս կարող է պատահել, որ ստամոքսը մարսում է կուլ տված միսը և չի մարսում մսեղեն այն մյուս զանգվածը, որն հենց ինքն է: Ստամոքսի կողմից արտադրված հզոր թթուները քայքայում են ուրիշ որևիցէ մի բան, բայց ո՛չ ինքն իրեն: Սա կարողանում է տեղի ունենալ միմիայն այն պատճառով, որ մարսողական հյութերի հետ միասին՝ ստամոքսը շարունակաբար արտադրում և ինքն իրեն ներսից պատում է մի տեսակ յուղաներկով, լորձաթաղանթով, որն իրեն անհասանելի է դարձնում նման հարձակման դիմաց: Եթե սա տեղի չի ունենում, կամ տեղի չի ունենում բավարար չափով, իսկույն վրա են հասնում խոցերը. որոնք, սակայն, հիվանդություններ են, ո՛չ թե՝ բնականոնության վիճակը:
Այստեղից էլ ծնվում է հերթական պարզամիտ հարցը, որը խեղճ Փիլիպպոսներին է վայելում, այլ ո՛չ թե մտածկոտ իմաստուններին. ստամոքսներն ինչպե՞ս են փրկվել իրենք իրենց մարսելուց, այն միլիոնավոր տարիների ընթացքում, որոնք անհրաժեշտ էին այդ պաշտպանությունը գտնելու համար: Դրանից «առաջ» գոյություն չունեի՞ն մարսողական հյութերը: Եթե ո՛չ, ուրեմն գոյություն չուներ նաև մարսողությունը, հետևաբար՝ գոյություն չուներ նաև կյանքը: Գոյություն չունե՞ր, կրկին դրանից «առաջ», պաշտպանական լորձաթաղանթը: Այդ դեպքում բավական կլիներ միայն մեկ անգամ ճաշել, ընդմիշտ. ստամոքսն ինքն էլ կմարսվեր և վերջ: Թթուներն ու հակաթթուները «պատահաբար ի հայտ են եկել միասի՞ն»: Սա այն պատասխանն է, որն էվոլյուցիան ստիպված է նախադրել ո՛չ միայն այստեղ, այլ՝ կյանքի բոլոր ոլորտներում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է: Մի կեղծ-պատասխան է, սակայն, որն ավելի նվազ հավատալիություն ունի, քան նա, ով կասի, որ միայն գերմաներեն իմացող մարդը կարող է զրուցել միայն ճապոներեն իմացող մարդու հետ. «պատահականությունն», արդարև, մի շարք նպաստավոր պարագաների շնորհիվ կարող է այնպես անել, որ գերմանացու կողմից արտասանված նախադասությունները կատարյալ կերպով «կհամակարգվեն» ճապոնացու կողմից արտասանված նախադասությունների հետ: ...
Եվս մի պատահական մտաբերված օրինակ. սերտ համերաշխություն գոյություն ունի ծաղիկների ու միջատների միջև, որպեսզի կարողանան տեղի ունենալ փոշոտումն ու բեղմնավորումը: Այս համերաշխությունն այն աստիճան էական է, որ ճշգրիտ համապատասխանություն գոյություն ունի բույսերի ու կենդանիների օրգանների միջև. առանց այդ փոխանակման՝ երկուսն էլ կվերանային: Այո՛, բայց կրկին. իսկ փոխադարձաբար միմյանց հարմարվելուց առա՞ջ:
 
Չմոռանալով այն մյուս հարցը, որի մասին խոսեցի և որը վերաբերվում է կենդանի բոլոր տեսակներին անխտիր. նույնիսկ եթե ընդունենք անընդունելին, զույգերից մեկի մոտ հրաշալի ու սքանչելի ձևով հաջողությամբ պսակված հարմարեցումը ինչպիսի՞ «վարակի», կամ տեղեկությունների փոխանցման, կամ կախարդանքի շնորհիվ է փոխանցվել այդ տեսակի մյուս զույգերին։ Եվ կարծես թե այսքանը բավական չէր, վրադիր՝ պետք է որ փոխանցված լինի միևնույն պահին, միաժամանակ։ Վերադառնալով ուղտի օրինակին. հնեաբանները չեն գտել մնացորդների գոնե մեկ օրինակ (իրականում սա վերաբերվում է կենդանի մյուս բոլոր տեսակներին ևս), որ պատկանում է «էվոլյուցիայի կես ճանապարհին գտնվող» նմուշի, որը դեռևս սպասման մեջ է, որ կամբողջացնի միջավայրին կատարյալ կերպով հարմարվելուն ուղղված իր սքանչելի ուղևորությունը։
Եվ հարկավոր չէ բացատրել միայն այն, թե ինչպե՞ս են ձևավորվել նմանատիպ կենդանի «համակարգերը»։ Կա նաև նրանց վարքը, երբ հասել են այդ կատարելությանը։ Ինչպե՞ս են սովորել այն։ Այս հարցերի շուրջ է՞լ են դասընթացների մասնակցել, կամ նամակագրական կապ հաստատել ամբողջ աշխարհով մեկ։
 
Եղբայր, մոգական մտայնությունը հիմնվում է այն հավատալիքի վրա, որ որոշակի բառեր յուրահատուկ կարողություններ ունեն՝ ստեղծելու և լուսավորելու գործում: Դրանք թալիսման-բանաձևեր են, ինչպես հանրահայտ «աբռա-կատաբռա»ն, որ գործածվել է բոլոր մոգերի կողմից, ամենավաղնջական ժամանակներից սկսած: Եվ այսպես, մեր հարցերի նման միամիտ հարցադրումներին գիտնականի սպիտակ շապիկ կամ պրոֆեսորի կոստյում հագնողների բազմաթիվ ներկայացուցիչներ պատասխանում են նմանատիպ «մոգական» բառերով. ինչպիսին է, այս դեպքում, «բնազդ»ը: Մանավանդ թե, որպեսզի ավելի ուսյալ և լուրջ հնչի. «բնազդային հակումներ»ը: Սրա՜նք են, գրո՛ղը տանի, որ բացատրում են կենդանական աշխարհի վարքագծերը: (Առայժմ սահմանափակվենք կենդանական աշխարհով):
Մտածում եմ, օրինակի համար, չվող թռչունների, սաղմոնների, օձաձկների պարբերական հիանալի ճամփորդությունների մասին: Մտածում եմ – ո՞ր մեկն ասեմ – Մորակտցարների ընտանիքին պատկանող Մեծ Արորիկին նմանվող թռչունների մասին, որոնք ձմեռն անցկացնում են Օվկիանիայում, Թահիթիի տաք տարածքներում: Հետո, երբ Հյուսիսային Կիսագնդում ամառ է, հասնում են մինչև Բերինգի Նեղուց, – Ալասկայի ու Սիբիրի միջև, – թռչելով շուրջ իննը հազար կիլոմետր: Եվ չեն սխալվում ո՛չ մի մետր, ո՛չ էլ մի ժամ այս կամ այն կողմ: Կամ Մոխրագույն Կետը, որ երթևեկում է – ըստ տարվա եղանակների – Մեքսիկական Ծոցի ու Հարավային Բևեռի միջև: Օդը հիշեցինք, ծովը հիշեցինք. մի օրինակ էլ ցամաքից հիշենք, ինչպես Սիբիրական Եղջերուները, որոնք հազարավոր կիլոմետրեր են կտրում անցնում, կախված տարվա տվյալ եղանակում տիրող կլիմայից:
Չվելու, տեղափոխվելու այդ գործընթացից է կախված, ինչպես գիտես, տվյալ տեսակների գոյապահպանումը. սկսած սննդի հայթայթումից, վերջացրած վերարտադրությամբ: Ո՞վ է սովորեցրել նրանց, թե ե՛րբ, ինչպե՛ս և ո՛ւր պետք է չվեն: Եվ հետո, միշտ նույն հարցը. իսկ դրանից «առա՞ջ», ինչպե՞ս է ապրել այդ տեսակը, քանի դեռ սպասում էր, որ «հատուկ միշշըն»ի ուղարկված «հետախույզները» գնային, տեղանքներին ծանոթանային, համեմատեին վայրերը, չափեին ջերմաստիճանները, վերջում հաշվետվություններ ներկայացնեին մյուս բոլորին, որոնք այդ օրից սկսած, ամեն տարի, սահմանված ժամին ճանապարհ են ընկնում: ... Համոզիչ պատասխանը, հասկանալի է, հետևյալն է. «Բնազդն է: Բնազդային հակումներն են: Ուզո՞ւմ եք հասկանալ, թե՞ ո՛չ»:
Իսկ եթե համարձակվում ես հակադարձել, որ բնազդը բավարար պատասխան չէ, որովհետև հենց բնազդի գոյությունն է, որ հարկավոր է բացատրել (որտեղի՞ց է ի հայտ եկել, ո՞վ է այն դրել բնության մեջ), այդ ժամանակ քեզ հասկացնում են, որ չափազանց տգետ ու անտաշ ես, և որ չարժե ժամանակ կորցնել քո նման հասարակ մտքի տեր մարդու հետ:
Համենայն դեպս, ես ինքս էլ եմ ավելացնում ծիծաղելի լինելու իմ չափաբաժինը, որի իրավունքը ունեմ, ի նկատի առնելով, որ ամբողջ տիեզերքը – ատոմից սկսած մինչև գալակտիկաները – կառավարվում է օրենքներով, որոնք այն նույն օրենքներն են, որոնց շնորհիվ գիտությունն ու տեխնոլոգիան կարողանում են բացահայտել, փորձարկել, սարքել, կանխատեսել: Ոչ ոք, օրինակի համար, չէր գնացել Լուսնի վրա: Եվ սակայն, 1969 թվականի ամռանը տիեզերագնացները կարողացան գնալ այնտեղ և վերադառնալ, որովհետև ամեն ինչ կանխատեսելի էր և կանխատեսվել էր (ծիրերը, հեռավորությունները, արագությունները, շարժման ուղղությունները, և այլն): Արդ. ավելի հակասական բան չկա, քան մտածելը, որ մի կայուն օրենք – նույնիսկ միայն մեկը – կարող է պատահականությունների հանրագումարի արդյունքը լինել: Պատահականությունը քաոս է, ինքնին հակառակն է այն կուռ կանոնավորության, որն իշխում է ողջ տիեզերքի կյանքի ու գոյության վրա:
Ինչպես բոլորը գիտեն, մարդկային մի ամբոխ, նույնիսկ մի քանի հարյուր մարդուց բաղկացած լինելու դեպքում, ամբողջովին անընդունակ է կազմակերպվելու. այդ ամբոխի մեջ կարգուկանոն հաստատելու համար պետք է միջամտեն միտքն ու կամքը ինչ որ մեկի, ով ամբոխից դուրս է և հեղինակություն (իշխանություն) ունի: Եվ այսպես, մեզնից յուրաքանչյուրը բաղկացած է մի ամբոխից, որին վիթխարի թվով “անդամներ” են մաս կազմում, բայց որոնք խիստ կարգուկանոնի մեջ են գտնվում. հարյուր միլիարդավոր բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը համակարգված է որպես ինքնուրույն գործարան, և միացած է մյուս բոլոր բջիջներին՝ կազմելու համար այն համալիրը, որ մեր մարմինն է: Ուրեմն, երբ միասին են լինում բանական էակները, տիրում է քաոս, իսկ երբ միասին են գտնվում միլիարդավոր «բաներ», տիրում է կատարյալ կազմակերպվածությո՞ւն:
 
Բայց եթե ուզում ենք մինչև վերջ անկեղծ լինել (իսկ մենք ուրիշ բան չենք ուզում. «աշխատում ենք – նախևառաջ – ինքներս մեր համար»), չենք կարող մոռանալ, որ մշտապես վրա է հասնում մի հարց, որը մի տեսակ բումերանգ է նրա համար, ով գոյությունների ետևում նշմարում է մի Հեղինակ։ Դա մի բնազդային հարց է, այն աստիճան, որ չկա երեխա, որ այդ հարցը չտա, երբեմն շփոթեցնելով քրիստոնեական կրոնի իր ուսուցչին, որն իրեն բացատրում է, որ աշխարհը ստեղծվել է Աստծո կողմից։ «Այդ դեպքում ո՞վ է ստեղծել Աստծուն», անվրդով հակադարձում է փոքրիկը, մտքի ու դեմքի այն պայծառությամբ, որով բնորոշվում է – լավ գիտենք – իր տարիքը։
 
Ճիշտ է: Կամ այդպես է թվում նրանց, ովքեր բավական խորը կերպով չեն մտորում այդ հարցի շուրջ և բավարարվում են մակերեսային մտքերով:
Եթե հետևանքների ու պատճառների շղթայով ետ ենք գնում, անխուսափելիորեն հասնում ենք «Վերջին Պատճառին» (կամ «Առաջին»ին, նայած թե ո՛ր ուղղությամբ ենք նայում). սա՛ է անունը, որ դասական աստվածաբանությունը տալիս է Աստծուն: Բայց մարդկային մտքին անհնարին է թվում շղթան այդ կետում դադարեցնելը. իսկ ո՞րն է Առաջին Պատճառի պատճառը: Ո՞վ է պատճառ հանդիսացել այն «հետևանքին», որն Աստված է:
Այո՜, ասում են, կանգ առնելը բնավ տրամաբանական չի թվում: Կարող է գոյություն ունենալ, նման դեպքում, մի «կրտսեր» Աստված, «ավագ» Աստծուց առաջ, և այդպես շարունակ, անսահմանափակ կերպով, առանց կանգ առնել կարողանալու:
Դու անկասկած հիշում ես այն բազմագիր հեղինակին, որն ավելի հետաքրքրություն շարժող ու շողշողացող է, քան հավաստի ու հավատարժան. Բերթրան Ռասըլը, որ ամբողջ աշխարհում հայտնի է հատկապես որպես մաթեմատիկոս, փիլիսոփայական մտքեր տարածող, քաղաքական հակաճառող: Ռասըլը, որպես աթեիզմի իրական միսիոնար, գրել է. «Աշխարհի բոլոր կրոնները միաժամանակ կեղծ ու վնասակար են»:
 
Ուրիշ կրոնների փոխարեն մենք չենք պատասխանում. արդեն հստակ կերպով տեսանք, որ օրինավոր չէ – օբյեկտիվորե՛ն, այլ ո՛չ թե մեր ջատագովական մտասևեռման պատճառով – Քրիստոնեությունը միևնույն պարկի մեջ դնել մյուս բոլոր հավատալիքների հետ։ «Կրոններից» ոմանք կարող են լինել – մանավանդ թե, հաստատ կան – «կեղծ» ու «վնասակար» կրոններ։ Դրան ակնարկեցինք, եթե վատ չեմ հիշում, երբ խոսում էինք մարքսիզմի և այն քննադատությունների մասին, որոնք մարքսիզմը ուղղում էր հավատալիքների աշխարհին. քննադատություններ, որոնք միշտ (կամ ամբողջովին) չէ, որ սխալ են։
 
Ճիշտ է: Բայց, ինչպես գիտես, Ռասըլն իր համոզմունքը տարածում էր նաև մեր վրա: Նա է հեղինակն այն պամֆլետի, որն մինչև օրս էլ հրատարակվում է և նշանակալի վերնագիր է կրում. Why I am not a Christian - Ինչո՛ւ քրիստոնյա չեմ:
Ինչևէ, այդ կոմս Բերթրանը մի առիթով գրել է (և հիմա կհասկանաս, թե ինչո՛ւ նրան բեմ հրավիրեցի հենց այս պահին). «Երբ երիտասարդ էի և դեռ գտնվում էի հավատքի ազդեցության ներքո, երկար ժամանակ ընդունում էի Առաջին Պատճառի սկզբունքը: Մի օր, սակայն, Ջոն Ստյուարտ Միլլի ինքնակենսագրությունն ընթերցելիս հանդիպեցի այս նախադասությանը. “Իմ հայրն ինձ սովորեցրեց, որ հարցը, թե՝ Ո՞վ է ինձ ստեղծել, չի կարող պատասխան ունենալ, քանի որ անմիջապես առաջացնում է մի ա՛յլ հարց. Ո՞վ է ստեղծել Աստծուն”: Այդ պահին հասկացա, թե որքան սխալ է Առաջին Պատճառի արգումենտը: Եթե ամեն ինչ պետք է Պատճառ ունենա, ուրեմն Աստված էլ պետք է պատճառ ունենա»:
 
Ուրե՞մն։
 
Ուրեմն, այս կիրակնօրյա փիլիսոփաների անտրամաբանական մտքերին և կրոնի դասաժամին հիացմունքով լցված երեխաներին կուզենայի պատասխանել մի բանաստեղծի խոսքերով: Այսինքն մի մարդու, ով կապված է մանկության կատեգորիային: Սրա համար է, որ բանաստեղծությունը – երբ վավերական է – մեզ այսքա՜ն թանկագին է: Այստեղ կարող ենք լսել, օրինակի համար, Էուջենիո Մոնտալեին.
 
Ստեղծիչն անստե՞ղծ է:
Դա պատահել կարող է,
Բայց մտածելը դա՝ դժվար է,
Մինչ ժամանակի ու տարածքի մեջ
Մեր միտքը բանտարկված է:
 
Ոտանավորը չեմ ուզում քննադատել կամ գնահատել, այլ՝ բովանդակությունը։ Կարծում եմ, որ հարկավոր է բացատրել դրա իմաստը։
 
Բանաստեղծի ինտուիցիան հասկացել է, որ այս առեղծվածի լուծումը կայանում է «ժամանակի ու տարածքի մեջ բանտարկված լինելու» մեր վիճակի մեջ: Այս (և միմիայն ա՛յս) տարածաչափության մեջ է, արդարև, որ գործում է պատճառահետևանքային շղթան: Բայց «Առաջին Պատճառը» ժամանակի ու տարածքի սահմաններից դուրս է. Աստված գերագույն աստիճանի Հավիտենականն ու Անսահմանափակն է: Նա, Իր սահմանումով իսկ, «Շարքից Դուրս»ն է. առաջին օղակը չէ արարածների սերիական թողարկման, որոնց Արարիչն է Ինքը:
 
Ջատագովական հնարք չէ՞ ընդամենը։
 
Բացարձակապես ո՛չ: Եթե մի պահ մտածում ենք, տեսնում ենք, թե որքան տրամաբանական ու հետևողական է, առնվազն քրիստոնեական մտահամակարգի համաձայն: Չմոռանանք, որ ըստ մեր մտածողության՝ Աստված չի համընկնում աշխարհի հետ, ինչպես կարծում են կրոնական և փիլիսոփայական որոշ հոսանքներ: Պանթեիստներն, օրինակի համար: Պանթեիզմ (համաստվածություն) բառացի նշանակում է «ամեն ինչ Աստված [է]»: Ով հետևում է պանթեիստական հավատալիքներին, այո՛, փաստացի անընդունակ է դառնում լուծելու այս խնդիրը: Այդպիսով, ստիպված է լինում հավատալու աբսուրդին, թե ամեն ինչ հավիտենական է. աշխարհն է Աստված:
Մեր համար, մինչդեռ, Աստված ներկա է աշխարհում, այն աստիճան, որ մարմնացել է իբրև մարդ. բայց, միաժամանակ, Նա աշխարհից դուրս է, արմատական կերպով տարբերվում է աշխարհից, նրանից զատ է: Արարչությունը չի համընկնում Արարչի հետ:
«Շղթան» Նա է մտածել, կամեցել, ստեղծել, շարժման մեջ դրել: Բայց հենց այս պատճառով է, որ Նա այդ շղթայից դուրս է, Իրեն չի վերաբերվում սովորական դիլեման. «Սկզբում ձո՞ւն է ի հայտ եկել, թե՞ հավը»: Որքան էլ որ երկար լինի, շղթան ավարտվում է՝ հանգելով արմատական, անմտածելի կերպով «ա՛յլ» տարածաչափության, համեմատած այն տարածաչափությանը, որտեղ գտնվում և ապրում են բոլոր ձվերն ու բոլոր հավերը:
Բերթրան Ռասըլի, Ստյուարտ Միլլի և նրանց նմանների առարկությունները հետաքրքրական կերպով զուրկ են տրամաբանությունից, հենց նրանց համար, ովքեր ասում են, որ տրամաբանությունը կամենում են դարձնել իրենց մասնագիտությունը: Իմաստազուրկ առարկություն է դա, եթե ցանկանում է ճգնաժամի մեջ դնել այնպիսի Աստծո, ինչպիսին քրիստոնյաների Աստվածն է. կամ, այս դեպքում, նաև մյուս սեմական միաստվածություններինը: Երբ ասում ենք «Աստված», մենք հասկանում ենք «գերագույն, անսահման, աշխարհի նկատմամբ վերանցական Էակը, Բացարձակը»: Այսպիսի «Աստվածը» բնությունից «անդին» է, մինչ միմիայն բնության ներսում է, որ վավերական է պատճառների ու հետևանքների շղթան: Սրանք, իմիջիայլոց, ենթադրում են մի առաջ և մի հետո, որոնք անիմաստ եզրեր են Նրա համար, Ով Ինքնին Հավիտենությունն է:
Այո՛, յուրաքանչյուր հետևանք պահանջում է մի պատճառ. բայց, կրկին Մոնտալեի խոսքերով ասած, միայն նրանց դեպքում, ովքեր «բանտարկված են ժամանակի ու տարածքի մեջ»: Հենց այն, ինչը որ Աստված, Իր սահմանումով իսկ, չէ:
 
Ինչը որ մտաբերել է տալիս Սբ. Թովմա Աքվինացուն, ով բանականության մեծ «գործածող» լինելով հանդերձ, այդ բանականությունը մինչև իր ամենավերջին սահմանները մղած լինելով հանդերձ, հայտնի իր խոսքով պաշտպանում էր Խորհրդի գոյությունը. «Մենք Աստծո մասին ավելի այն գիտենք, ինչը որ Նա չէ, քան թե այն, ինչը որ Նա է»։
Նախևառաջ գիտենք, հետևաբար, որ Նա աշխարհի պատճառահետևանքային շղթային մաս չի կազմում։
 
Նա «Ինքնին Պատճառն» է. Նա է, Ով «Ինքն Իր մեջ ունի Իր պատճառը», ասում է նույն Թովմա Աքվինացին: Ինչպես գիտես, «քառատառ սրբազան հապավումը» (JHWH), որով Հին Կտակարանը մատնանշում է Աստծուն, կապված է «լինել» բայի հետ. «Ես Նա Եմ, Ով Է», Ինքն Իրեն անվանում է Աստված:
Անշուշտ, – եթե դուրս ենք գալիս փիլիսոփայականաստվածաբանական սահմանումներից ու ճշգրտումներից, որոնք ամեն դեպքում անհրաժեշտ են, – ուղղակի սարսռում ենք, երբ մտածում ենք Աստծո հավիտենական գոյության մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում հավիտենական ու անսահման Էակի այս Առեղծվածը, որ նշմարվում է տիեզերքի գոյության ետևում:
Այս Աստվածը գոյություն ունի, կա. Նրան մերժել կարողանալով հանդերձ, եթե գոնե մի քիչ մտածում ենք, չենք կարողանում չհավատալ. և հենց մտքից ու բանականությունից չհրաժարվելու համար:
Բայց – մեր մարդկային և մի քիչ ծիծաղելի թոթովանքը գործածելու համար – «որտեղի՞ց» է գալիս, «ինչո՞ւ» գոյություն ունի, «ո՞վ» է, ի՞նչ է նշանակում «հավիտենական» ու «անսահման» լինել, ինչո՞ւ այդ հավիտենության մի կետում (թեև հավիտենական տարածաչափության մեջ չկա ոչ մի «կետ») «ստեղծեց երկինքն ու երկիրը», ինչո՞ւ նախընտրեց թաքնվել Իր գործերի քողի ետևում, իսկ հետո, մի օր, մինչև իսկ մարդ դառնալ մարդկանց մեջ. սրանք հարցեր են, որոնց հասնել չի կարող մարդկային միտքն այս աշխարհում, և թերևս՝ երբե՛ք:
Սխալվում է – չարաչա՛ր սխալվում է – նա, ով կարծում է, թե քրիստոնյան – առնվազն այն քրիստոնյան, ով գիտակցում է, թե ինչպիսի գլխապտույտ պատճառող հարցերի հողմապտույտի մեջ է իրեն քաշում քրիստոնեական հավատքը – մեկն է, ով սեղանին «փաստեր» ու «արգումենտներ» է նետում այն նույն անխռովությամբ, որով սովորական մի հաշվեկշիռ է կազմում: Հավատալու խաղաղությանը, մինչդեռ, ընկերակցում են սարսուռն ու գլխապտույտը. անդորրին՝ տագնապը. համոզվածությանը՝ ապշանքը, եթե ո՛չ ուղղակի սարսափը՝ գիտակցելով այն հետևանքները, որոնք իր հետ բերում է Աստծուն, հատկապես ա՛յս Աստծուն տրված դրական պատասխանը, «այո՛»ն:
Այլապես ի՞նչ պետք է անենք: Մենք չենք որոշել ծնվել և գոյություն ունենալ. դրվել ենք – առանց ուզենալու և առանց բացատրությունների – մի աշխարհի մեջ, որ գոյություն ունի, հաճելի է դա մեզ, թե ո՛չ. որը տեսնում ենք և որին հպվում ենք. որը մեզ շրջապատում է իր խորհրդով. որը մեզ մարտահրավեր է նետում, մանավանդ թե՝ պարտադրում է մեկնաբանել իրեն: Սա է մեր վիճակն ու կացությունը. գիտակցում ենք դա, գործածում ենք մտորելու, խորհրդածելու այն կարողությունները, որոնք մեզ տրված են:
Ո՛չ մեր հանցանքն է, ո՛չ էլ մեր արժանիքն է, եթե այն, ինչը բացահայտում ենք, և որին հավատում ենք, պատասխանում է հիմնական Հարցին, բայց միաժամանակ առաջ է բերում բազմաթիվ ա՛յլ հարցեր: Փաստն այն է, որ տիեզերքը գոյություն ունի. որ, տիեզերքի ներսում, գոյություն ունենք նաև մենք. որ, վերջին հաշվով, ամենաբանական լուծումը աբսուրդը մերժելն է՝ ընդունելու համար Խորհուրդը: Բայց միշտ վավերական է մնում հարցը. Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ գոյություն ունենք մենք, երկիրը, տիեզերքը՝ Ինչ-Որ-Մեկի հետ այս ամենի «ետևում». Ինչ-Որ-Մեկը, որի գոյությունը նույնքան անհրաժեշտ է, որքան որ աներևակայելի է Նրա էությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։