ԺԵ. - Իր մի քանի հետքերը / 1 – Գրադարան – Mashtoz.org

ԺԵ. - Իր մի քանի հետքերը / 1

Միքելե Բրամբիլլա. Շարունակելով մեր զրույցը. թվում է, թե – ըստ այն աշխարհայացքի, որի համաձայն Աստված առաջարկում է Իրեն, բայց չի պարտադրում, և որ կամենում է պահպանել մեր ազատությունը – «մատերիալիստական», «պատահական», աթեիստական էվոլյուցիոնիզմի նման տեսությունները մի անհրաժեշտ աշխատանք են կատարում։ Հիրավի, ապահովում են «ստվերի» այն կոնը, որը պետք է գոյակցի «լույսի» հետ։ Որոշակի հենակետ են ընծայում – որն, այո՛, կարող է վերջում պարզվել, որ խաբեական էր, բայց որը գոնե սկզբում թվում է, թե արժանահավատության գոնե նվազագույն չափաքանակ ունի – առնվազն կասկածին՝ Արարիչ Աստծո գոյության վերաբերյալ։ «Հավատալուն օգնող» հետքերին ու նշաններին ուղեկցում են – ինչպես միշտ – «չհավատալուն օգնող» վարկածները։
 
Վիտտորիո Մեսսորի. Բնականաբար, «ամեն ինչ Շնորհ է», ինչպես իր վերջին խոսքերով ասում է Բեռնանոսի «գյուղի քահանան», որն այդպիսով կրկնում է փոքրիկ (և միաժամանակ մեծագույն) Հիսուս Մանկան Սբ. Թերեզայի արտահայտությունը: Երբեք բավական չի լինի կրկնելը. մեր այս Աստծուն հավատալու պատճառների շարքին է պատկանում նաև այս նրբանկատությունը, որով Նա խուսափում է ակնհայտության միջոցով ճնշում բանեցնելուց, որի դիմաց հայտնված մարդը ստիպված կլիներ ձեռքերը վեր բարձրացնել՝ ի նշան հանձնվելու:
Ինչպես ասել է մի հեղինակ, այս Տերն իրոք «տերունական», ջենտըլմենին վայել ոճ ու պահվածք ունի: Մի տեսակ «սեփական արժեքի նվազեցում», «մեղմացում», կասեի «համեստություն», դասական ջենտըլմեններին վայել «understatement», որից դրդված՝ Նա դնում է Իր ստորագրությունը, ճի՛շտ է, բայց այնքա՜ն նրբանկատ ձևով, որ միայն այն դեպքում կկարողանաս նկատել դա և հասկանալ, որ Իրենն է, երբ մոտիկից մի լավ կզննես ու կմտորես: Մանավանդ թե, ստորագրություն լինելուց ավելի՝ կարող է մի սկզբնատառ թվալ, կամ հապավում, կամ մինչև իսկ՝ մատնահետք:
Մի Աստված, որ սիրում է թաքնվել – և միաժամանակ՝ հայտնվել – մանրամասնությունների մեջ: Կամ ծայրագույն սահմաններում, անսահմանորեն մեծի ու անսահմանորեն փոքրի մեջ. գալակտիկաների անհետազոտելի ընդարձակության մեջ, որը միայն գերհզոր աստղադիտակներն են բացահայտում. մատերիայի ներքին կառուցվածքի մեջ, որը միայն էլեկտրոնային մանրադիտակներով է տեսանելի դառնում:
«Ջենտըլմենի» պահվածքից, նաև, առնվազն ինչպես այն հասկանում ենք մարդկային իմաստով, կարծես ա՛յլ հատկանիշներ էլ ունի: Օրինակ, առատաձեռնությունը, որ գրեթե շռայլության, վատնումի է հասնում. մի քանի միլիոն սերմնաբջիջներ՝ մեկ ձվաբջիջ բեղմնավորելու համար. միլիոնավոր գալակտիկաներ՝ միլիարդավոր աստղերով. միայն միջատների տեսակները՝ երկու միլիոնից ավելի են. ... :
Բայց «ջենտըլմենին» վայել են նաև ձրիաբաշխ նվիրատվությունները. ծաղիկների գեղեցկությունը անհասանելի լեռների վրա, ուր երբեք ոչ ոք չի հասնելու նրանցով հիանալու. օվկիանոսի անդունդներում բնակվող կենդանական աշխարհի զմայլելի գեղեցկությունը, որոնց միայն վերջերս ենք կարողացել ճանաչել, մինչդեռ ո՜վ գիտի քանի՜ տեսակներ չենք ճանաչելու երբեք: Այն նույն ձրիությունն է, որ նշմարվել էր Միջնադարում. և այդպես, իր Աստծուն նաև այդ կետում նմանվելու համար, որդեգրում էր Նրա ոճը՝ ամենագեղեցիկ արձանները տաճարների տանիքների այնպիսի անկյուններում տեղադրելով, որոնք անհասանելի էին անտեղյակ մարդկանց հայացքին:
Թերևս նաև այս իմաստով է հարկավոր հասկանալ Պասկալի հայտնի երկտողը, ուր – հանուն Deus absconditus - Թաքնված Աստծո – ասպետական տուրք է մատուցում աթեիզմին (ինչպես հնում հաղթողները վարվում էին պարտվածների հետ, որոնք սակայն քաջությամբ էին պատերազմել). «Մտքի ուժի նշան է, բայց սոսկ մինչև մի որոշակի կետի հասնելը»: Մի միտք է, այսինքն, որ չի մղվում մինչև այն խորությունները, որտեղ են հենց գտնվում Հեղինակի «մատնահետքերը»:
Ժան Դը Լա Բրյույերն էլ իր հերթին ասում է. «Ésprit fort, éprit faible» - «Կորովի հոգի, թույլ հոգի»: «Ésprit fort» - «կորովի հոգի» ասելով ի նկատի ունի հենց անհավատին, ագնոստիկին, աթեիստին. ով, սակայն, ցույց է տալիս, որ ինքը մի «Ésprit faible» - «թույլ հոգի» է, քանի որ չի կարողանում հասնել արտաքին երևույթներից անդին, այնտեղ, որտեղ Արարիչը թաքնված է:
 
Այս տեսանկյունից դիտված, հարկավոր է շուռ տալ այն կեղծ համոզմունքը, որի համաձայն՝ ինտելեկտուալ ներթափանցողությունը, մտքի կորովը, մշակութային հակակոնֆորմիզմը բնորոշում են նրան, ով մերժում կամ քննադատում է կրոնական հավատքը։ Օրինակ, Տասնիններորդ դարը և Քսաներորդ դարի սկիզբը, երբ քրիստոնյաները – և հատկապես կաթոլիկները – նկատվում էին իբրև ոչնչացման եզրին գտնվող սնապաշտ ցեղախումբ, գիտականորեն հերքված առասպելների ու լեգենդների կառչած մարդիկ։ Արդի դարաշրջանից դուրս գալով, այդ կարծեցյալ «առասպելներն ու լեգենդները» շա՜տ ավելի մեծ ուժ են դրսևորում, քան «Մտքի լույսերը», որոնք պետք է որ չքացնեին իրենց։
 
Քիչ թե շատ այդպես է: Բայց հարկավոր է զգուշանալ ամեն տեսակ հաղթանակապաշտություններից: Ըստ Ավետարանի տրամաբանության, ինչպես նաև «և՛-և՛»ի անփոփոխ արժեքի համաձայն, հավատքի յուրաքանչյուր հնարավոր «հաղթանակի» («հաղթանակ», որ սակայն վերաբերվում է, հատկապես, սրտերի գաղտնարաններին) միշտ ընկերակցելու է «շախի» ենթարկվելու իրավիճակը, առնվազն ըստ մարդկային կատեգորիաների: Մանավանդ թե, Նոր Կտակարանի համաձայն՝ այո՛, հավատքը վերապրելու և գոյատևելու է մինչև Քրիստոսի վերադարձը, բայց խորը ճգնաժամեր է ապրելու և լուրջ վտանգների է ենթարկվելու: Ավետարանի խոսքերից կարծես հասկանում ենք, որ նվազելու է – առնվազն հետևորդների քանակի առումով – կամաց կամաց, որքան որ ավելի է մոտենալու պատմության վախճանը:
Մեզ խոստացվել է մաս կազմել մի «մեծ ժողովրդի» (որակական առումով), որը միաժամանակ «փոքրիկ հոտ» է (քանակական առումով): Հիսուսն Իր Ծնունդով երկու մասի է բաժանում մարդկության պատմությունը («Ք.ա.» - «Քրիստոսից առաջ», «Ք.հ.» - «Քրիստոսից հետո», – որքան էլ որ հակաքրիստոնեական վարչակարգերը հորինեն «Մ.թ.ա.» - «Մեր թվարկությունից առաջ» և «Մ.թ.» - «Մեր թվարկության» հասկացողությունները, առանց բացատրելու, թե այդ «Մեր»ը ո՞րն է, որտեղի՞ց է սկիզբ առնում և ինչո՞ւ – ), բայց, միաժամանակ, այդ պատմության ներսում Ինքը կիսաստվերի, մթնշաղի մեջ է մնում: Այստեղ էլ՝ Իր սովորական նրբանկատությունը. պատահական չէ, որ Ավետարանի մեջ Հավատքը համեմատվում է թթխմորի հետ, որը կյանք է տալիս ալյուրի ողջ զանգվածին, ինքը լուծվելով, թաքնվելով, անտեսանելի դառնալով դրա ներսում: Այդ թթխմորը, սակայն, խմորի զանգվածի կամ արդեն պատրաստի հացի միջից այլևս ոչ ոք չի կարող դուրս հանել. նրա ոչ-ակնառու լինելը հավասարազոր է նրա տոկունությանը. և, եթե ուզում ես, հարուցած հետևանքների կարևորությանը (քաղաքակիրթ աշխարհում քանի՜ քանի՜ բաներ են «քրիստոնեական», բայց մինչև իսկ իրենք՝ քրիստոնյաները դա երբեմն չեն գիտակցում):
Ապագայի համար, համենայն դեպս, օգտակար կլինի հաշվի առնել միաժամանակ երկու հեռանկարները (ինչպես միշտ, մեր «և՛-և՛»ն է). նախևառաջ այն, որ մարդկային «հաջողությունը», հաջողությունն «ըստ աշխարհի», կատեգորիաներից մեկը չէ այն Ավետարանի, ուր, իմիջիայլոց, գրված է. «Վա՜յ ձեզ, երբ մարդիկ լավ կխոսեն ձեր մասին» (Ղկս 6, 26): Բայց, միաժամանակ, պատշաճ կլինի չմոռանալ Չեսթերթոնի խոսքերը. «Քրիստոնեությունն անթիվ անհամար անգամներ հռչակվել է (և հռչակվելու է) մեռած: Բայց, հետո, միշտ հարություն է առել (և հարություն է առնելու), քանի որ հիմնված է հավատքի վրա՝ մի Աստծո հանդեպ, Ով շա՜տ լավ գիտի գերեզմանից դուրս գալու ճանապարհը»:
 
Վերադառնալու համար «մատնահետքերին», Արարչի «նրբանկատ ստորագրությանը». ինձ թվում է, որ արդի գիտությունը վերաբացահայտում է հների ինտուիցիան։ Այն համոզմունքն, այսինքն, որ տիեզերքի գաղտնիքը կայանում է թվերի մեջ. ամեն ինչ հիմնված է մաթեմատիկական հարաբերությունների շարքերի վրա, որոնք նույնքան կայուն են, որքան խորհրդավոր են։ «Պատահականությունը» բացառվում է նաև թվային այն կառույցի հաստատմամբ, որի վրա է հիմնված տիեզերքի ողջ «մեքենան» և որը ո՛չ միայն հնարավոր է դարձնում այդ մեքենայի աշխատանքը, այլ նաև ինքնին գոյությունը։ Բավական կլիներ մի հարյուրերորդականի չափով անգամ խախտել այդ հիմնական «թվերից» մեկը և ամեն ինչ կվերածվեր քաոսի, կարգուկանոնի փոխարեն, և կյանքն անհնարին կլիներ Երկրագնդի վրա։
 
«Ամեն ինչ թիվ է», ասում է Պյութագորասը: Եվ հենց այդ պատճառով է, որ «տիեզերքում ամեն ինչ ներդաշնակ է», հավելում է Արիստոտելը: Այնպես, որ Պլատոնը կարողանում է եզրակացնել, որ «Աստված երկրաչափ է»:
Հնամենի իմաստություն, որը սակայն հաստատվում է – comme d'habitude, սովորականի նման – արդի գիտական ուսումնասիրությունների կողմից. ո՛չ միայն Երկրագունդը, այլ նաև ողջ Տիեզերքը կարգավորվում է մեկ տասնյակից մի քիչ ավել թվերով, որոնցով արտահայտվում են ֆիզիկական հիմնական «հաստատունները»: Դատարկության մեջ լույսի արագությունից մինչև էլեկտրոնի զանգվածն ու լիցքը, մինչև տիեզերական ձգողականությունը. ինչպես դու ինքդ հիշեցիր, մենք այստեղ նստած խոսելիս չէինք լինի, եթե այդ հաստատուններից միայն մեկն անգամ տարբեր լիներ այն արժեքից, որն ունի այժմ: Արժեք, որն ի վիճակի ենք չափել, բայց որն ի վիճակի չենք – ինչպես միշտ – բացատրել, մեկնաբանել. ինչո՞ւ հենց ա՛յդ «թվերը», և ո՛չ ուրիշները: Այն, ինչը որ գիտենք, այն է, որ մաթեմատիկական արժեքների այդ մոտ մեկ տասնյակը միակ հնարավոր «հաղթող համադրումն» է, կյանքի առաջացման ու պահպանման համար միակ գործադրելի «կոդն» է: Կարճ ասած, Բանկոմատի նման. եթե չես հավաքում ա՛յդ թիվը, և միմիայն ա՛յդ թիվը, չես ստանում ոչ մի լումա, դռնակն ուղղակի չի բացվում, և վերջ:
Բայց, քանի որ «թվերից» ու «ներդաշնակությունից» խոսեցինք, միտքս եկավ 1,618... թվի եզակի առեղծվածը (ինչպես հայտնի π - Պի թիվը, որ հավասար է «մոտ» 3,14...ի, «իռացիոնալ» - «անարտահայտելի» թիվ է, ասում էին հները, որովհետև ստորակետից հետո տասնորդականների մի անվերջանալի շարք է ներկայացնում):
Օգտակար կլինի կրկին զգուշացնել, որ հավատալու օբյեկտիվ արգումենտներից անդին (որոնք անշուշտ գոյություն ունեն), – կամ, եթե մեկն ուզում է, կասկածելու համար, ազատության այն օրենքի համաձայն, որն արդեն ճանաչում ենք, – գոյություն ունեն նաև սուբյեկտիվ արգումենտներ: Դասական ջատագովությունն, արդարև, տարբերակում է ad omnes (բոլորի համար) արգումենտները ad hominem (անհատ մարդկանց) համար վավերական արգումենտներից: Այսինքն, երբ յուրաքանչյուր ոք համոզվում է – կամ չի համոզվում – ավելի այս, քան թե այն արգումենտներից:
Ինչ վերաբերվում է ինձ, քանի որ լիովին համոզված եմ Աստծո «պահմտոցի խաղալուն», այն, ինչը որ հատուկ կերպով հմայում է ինձ, բացահայտումն է այն իրականությունների, որոնք կարող են «ավազի վրա թողնված հետքերը» լինել՝ այս աստիճան «թավիշով քողարկված» Արարիչ Աստծո:
Շատերին է թվում, որ այդ մատնահետքերի շարքին կարծես իր տեղն ունի (կարևոր, ինչպես նաև հմայիչ տեղը, իր ծածուկ ներկայության պատճառով) 1,618... թիվը: Կամ, ինչպես ուրիշներն են նախընտրում ասել, 0,618...ը, որ նրա փոխադարձն է:
Սրա մասին խոսում եմ – ընդգծում եմ սա – որպես մի իրողության, որը մտորումների առիթ է ի՛մ համար, առանց սակայն վճռորոշ կարևորություն և բացարձակ արժեք ընծայելու սրան (թեև յուրահատուկ, օբյեկտիվ փաստը գոյություն ունի և անհերքելի է): Հետքերից մեկն է, մյուսների հետ միասին: Ուրիշները ուրիշ փաստերից են ավելի տպավորվում. խորքում, «նշանների» ընտրությունն – այստեղ – անսահմանափակ է: Դեպի հավատք – կամ դեպի անհավատություն – տանող ճանապարհները թվով այնքան են, որքան որ են իրենք՝ մարդիկ:
 
Եթե չեմ սխալվում, այդ 1 ստորակետ «մոտ» 618ը այսպես կոչված «ոսկե հատում»ն է։ Այն, ինչն անվանվում է նաև «ոսկեղեն թիվ»։
 
Հենց ինքը: Այն, ինչը հները ճանաչեցին և ջանացին պատճենել բնությունից. պատահական չէ, որ այն անվանում էին նաև «աստվածային համաչափություն»: Հիշում ես, չէ՞, օրինակը, որը մինչև իսկ մենք՝ մաթեմատիկայից հեռու գտնվողներս ենք հասկանում. վերցվում է 1 մետր երկարության գավազան և նրանից կտրվում է 38,2 սմ երկարությամբ մի կտոր: Մյուս կտորը – բնականաբար – լինում է 61,8 սմ երկարության: Այս – և միմիայն այս – երկարության երկու կտորները «ներդաշնակ» հարաբերության մեջ են միմյանց հետ: Հիրավի, հարաբերությունը, որ կա ավելի երկար կտորի և ավելի կարճ կտորի միջև, հավասար է հարաբերությանը, որ կա ավելի երկար կտորի և ամբողջական գավազանի միջև, այսինքն՝ երբ 1 մետր երկարություն ուներ: Այդ հարաբերությունը միշտ հավասար է 1,61803398...ի:
Փորձենք ավելի լավ հասկանալ (թեև գործնականում սա շատ ավելի հեշտ է, քան որքան կարող է թվալ, երբ փորձում ենք խոսքերով բացատրել). մի գծի բաժանումը երկու մասի ըստ այս չափսերի «սահմանում է հարաբերությունների մի այնպիսի համակարգ, որի համաձայն՝ գծի ավելի փոքր հատվածը ավելի մեծ հատվածի հետ ունի այն նույն հարաբերությունը, որն այս վերջինն ունի ամբողջական գծի հետ»: Պրագմատիկ կերպով ասած, է՛լ ավելի լավ հասկանալու համար, «ոսկեղեն թվի» մոտավոր համազորը – մեծ մոտավորությամբ – այն հարաբերությունն է, որ գոյություն ունի 3ի և 5ի միջև:
Դեռ հներն էին նշմարել ու զգացել, որ նման հարաբերություն արտահայտող թիվը թերևս «արտադրողի մակնիշն» է, որ պատկանում է աշխարհի Արարչին: Սա մի ինտուիցիա էր, որն հետո կարծես իր հաստատումը գտավ, երբ Տասներեքերորդ դարում Լեոնարդո Ֆիբոնաչչին (Պիզայի անվանի պարոնը, որին ենք պարտական «արաբական» թվերի ներմուծումը Արևմուտք) կազմեց իր այն հայտնի «հաջորդականությունը» կամ «թվային շարքը», որտեղ թվերից յուրաքանչյուրն իր երկու նախորդների համագումարն է: Այդ «շարքում», առաջին վեց թվերից հետո (որոնք արագորեն և միշտ ավելի մեծ ճշգրտությամբ մոտենում են այն արժեքին, որը մեզ հետաքրքրում է), յոթերորդ թվից սկսած՝ հաջորդ երկուսի միջև հարաբերությունը միշտ 1,618 է: Եվ այդպիսին է մնում մինչև անսահմանություն, մանավանդ թե՝ միշտ ավելի ու ավելի մոտենալով «ոսկեղեն թվի» արժեքին:
 
Ամեն դեպքում, ներկայությունն այդ թվի, որն «աստվածային» էր համարվում արդեն ասորեստանցիների, բաբելոնացիների, եգիպտացիների, հույների, իսկ հետո նաև միջնադարյան տաճարները կառուցողների կողմից, այսօր – և մեծ հաջողությամբ – հաստատվել է արդի ինֆորմատիկայի կողմից։
 
Այո՛: Կարող ենք ասել, որ սա էլ այն դեպքերից մեկն է (ո՛չ հազվադեպ, ինչպես արդեն անդրադարձանք այս հարցին), երբ հենց գիտության զարգացումն է ավելի անթափանց դարձնում արդեն իսկ գոյություն ունեցող առեղծվածը: Հենց էլեկտրոնային գործիքների օգնությամբ կատարված հետազոտություններն են ցույց տվել, և միշտ ավելի են ցույց տալիս, որ միկրոկոսմոսից մինչև մակրոկոսմոս, անսահմանորեն փոքր օրգանիզմներից մինչև երկնային անսահմանորեն մեծ մարմինները, «ոսկեղեն հարաբերությունը», «աստվածային համաչափությունը», խորհրդավոր 0,618 կամ 1,618 թիվը թվում է ամենուր ներկա:
 
Մեզ՝ արդի մարդկությանը, հետաքրքրում է հատկապես գիտությունը. մանավանդ թե, գիտության այն կոնկրետ կիրառումը, որ կոչվում է տեխնոլոգիա։ Հների սրտին ավելի խոսում էր գեղեցկությունը – ներդաշնակության դուստրը – , որին ձգտում էին հասնել ինչպես երաժշտության, այնպես էլ կերպարվեստի ու ճարտարապետության մեջ։ Ասվում է, որ հենց այնտեղ էին փորձում «նմանվել աստվածներին», կիրառելով այն «թիվը», որն համարում էին նրանցը։
 
Իսկապես, եթե հին, դասական արվեստի բնորոշ հատկությունը ներդաշնակությունն է, գաղտնիքը այն համաչափությունների, որ ուրախություն ու խաղաղություն են հաղորդում (առանց մեր կողմից հասկացվելու, թե ո՛րն է դրա կոնկրետ պատճառը), թաքնված է թվում հենց «ոսկեղեն թվի» կիրառման մեջ: Աթենքի Պարթենոնը, որն հունական ճարտարապետության գագաթնակետն է համարվում, ուղղանկյունաձև կառույց է, որի ճակատները կատարյալ «ոսկե հատում» են ներկայացնում: Պատահական չէ, որ նրա կառուցումը (և զարդարումը) կատարվել է հույն մեծագույն ճարտարապետ Ֆիդիասի հսկողության ներքո: Իր անվան սկզբնատառը՝ հունարեն «ֆ» - «ϕ» տառը բազմաթիվ արդի մաթեմատիկոսներ որդեգրեցին՝ մատնանշելու համար «աստվածային համաչափությունը», այսինքն՝ այս «ոսկեղեն» հարաբերությունը: Գրեթե անկասկածելի է, որ Ֆիդիասի դպրոցին են պատկանում (կամ, մինչև իսկ, ոմանք համարձակվում են պնդել, որ իր իսկ ձեռքերի գործն են) այն երկու ռազմիկների բրոնզե սքանչելագեղ արձանները, որոնք 1972 թվականին գտնվեցին Կալաբրիայի ծովում,Ռիաչեյի մոտակայքում: Ավելորդ է ասել, որ այդքա՜ն գեղեցկությունը ամբողջովին հիմնված է «ϕ»ի համաչափության վրա:
Միևնույն արժեքն է գտնվում նաև հռոմեական կոթողներում, որոնք գրեթե անաղարտ կերպարանքով հասել են մինչև մեր օրերը. Պանթեոնը, Կոստանդիանոսի կամարը, մինչև իսկ քաղաքացիական օգտակարության կառույցները, ինչպես օրինակ՝ մեծ ջրանցքները:
Բնականաբար, հարկավոր է զգուշանալ, զվարթ հեգնանքով նաև, բազմաթիվ առասպելամոլներից, երազատեսներից, մոլագարներից, որոնք միշտ անկուշտ են էզոտերիկ նշանակություն ունեցող մաթեմատիկական համաչափություններ փնտրելու գործում, ամենուր, բայց հատկապես եգիպտական բուրգերի մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։