ԺԵ. - Իր մի քանի հետքերը / 3 – Գրադարան – Mashtoz.org

ԺԵ. - Իր մի քանի հետքերը / 3

Լավ կլինի շտապենք՝ ավարտելու այս զրույցները, քանի դեռ ոմանք մեզ այս սենյակից դուրս չեն հանել հոգեբուժարանի զսպաշապիկներ հագցրած։ Ինչպե՜ս ենք համարձակվում, նույնիսկ սոսկ իբրև անձնական խորհրդածություն, ֆիզիկայից մեկնելով հասնել մետաֆիզիկային ... ։
 
Իրավացի ես: Բայց թող, որ վերջացնեմ (արդեն իսկ վտանգված դիրքս է՛լ ավելի վտանգելով, թերևս մի քիչ էլ մազոխիստ անխոհեմ անգիտակցի նման վարվելով) երախտագիտությունս հայտնելով ամերիկացի լեզվաբան Ջոզեֆ Հերըլդ Գրինբերգին, ով աշխատում է Սթենֆորդի Համալսարանում՝ Կալիֆորնիայի Պալո Ալտոյում գտնվող աշխարհահռչակ ինստիտուտում: Երբեք չեմ հանդիպել այդ պրոֆեսորին և հավանաբար երբեք էլ չեմ հանդիպելու: Նրա հեղինակած գրքերից (նրա մասին գիտեմ, բնականաբար, որ մարդկային լեզվի, խոսակցության համաշխարհային մակարդակով մեծագույն պատմաբաններից մեկն է) կարդացել եմ իր ամենահայտնի աշխատությունը: Վերջերս լույս տեսած գրքերից է, Ութսունական թվականների վերջին:
Այո՛, վերահաստատում եմ, շնորհակալ եմ այս գերազանց ու վաստակաշատ պրոֆեսոր Գրինբերգին:
 
Փորձում ես մի տեսակ «suspense», սպասողական լարված վիճակ ստեղծել։ Կաշխատեմ հուսախաբ չանել քեզ. ո՞րն է կալիֆորնիացի այդ մասնագետին այդքա՜ն երախտագետ լինելուդ պատճառը։
 
Լա՜վ, ահա՛ այն: Վարկածների շարքին, որոնք մինչև մի քանի տասնամյակ առաջ «մասնագետների» մոտ ծնում էին կարեկցանքի ժպիտներ (իսկ հետո, եթե շարունակում էիր պնդել, նաև բուռն հակազդեցություններ), կար նաև մարդկության սկզբում մեկ միակ լեզվի գոյության վարկածը, որից պետք է որ ծնված, առաջացած, զարգացած լինեն տարբեր լեզուները: Սա տրամաբանական կերպով կենթադրեր մի ա՛յլ վարկած ևս. Երկրագնդի վրա կյանքի մեկ միակ արմատից ծնվելու ու զարգանալու վարկածը: Եթե ինչ որ մեկը նման վարկածի հնարավորությունն անգամ համարձակվեր պաշտպանել, դուրս կնետվեր ծաղրուծանակի ենթարկվելով, իբրև կրոնական զառամյալ սնահավատությունների խեղկատակ հավատացյալ, իբրև ծիծաղաշարժ (գուցե նաև վտանգավոր) «աստվածաշնչյան ֆունդամենտալիստ»: Կարճ ասած, իբրև մեկը, ով Աստվածաշնչի առաջին գրքի՝ Ծննդոցի առաջին գլուխների պատմություններում անհավատալի համառությամբ ցանկանում է տեսնել արձագանքը մի ճշմարտության, որը մեզ հասել է Հայտնության միջոցով:
Թյուրըմբռնումներից խուսափելու համար ճիշտ կլինի կրկին ընդգծենք այն, ինչն արդեն ասել ենք և ինչը պետք է որ ակնհայտ լիներ. ի տարբերություն որոշ բողոքականների կամ ա՛յլ դավանանքների, Աստվածաշունչը մեր՝ կաթոլիկներիս համար Ղուրանի նման չէ, մենք էլ մահմեդականներ չենք, որոնք չեն հանդուրժում մեկնաբանություններ և աջ ու ձախ սպառնում են մահապատիժներով ... : Աստվածաշնչյան գրքերը մանկավարժական, աստվածաբանական, իմաստասիրական նպատակներ են հետապնդում, և բնավ գիտական մենագրություններ չեն: Կամենում են նախևառաջ հայտնել մեզ մարդկային գոյության իմաստն ու նշանակությունը, նրա ծագումը մեկ միակ Արարչից, հետևաբար՝ նրա աստվածային կոչումը: Մենք ընդունում ենք «գրական ժանրերի» ուսմունքը և, անկասկած, շնչասպառ չենք վազում որոնելու «համաձայնություններ» Աստվածաշնչի և գիտությունների միջև: Այլապես, ի՞նչ պետք է մտածեինք այնպիսի դեպքերում, ինչպիսին է, օրինակ, Ղևտացիների գրքում պարունակված մաքուր և անմաքուր կենդանիների ցանկը, որտեղ անմաքուր կենդանիների ցանկում նշված է նաև նապաստակը, ասելով, որ «որոճացող» է, մինչդեռ կրծող է: Այդ ցանկը ամբողջովին ուրիշ իմաստ ունի և չպետք է վերցվի որպես կենդանաբանության դասագիրք. հայտնի «աստվածաշնչյան անսխալականությունը» վերաբերվում է պատգամին, ո՛չ թե այդ պատգամի մարդկային հանդերձանքին: Նաև երբ խոսում էինք էվոլյուցիոնիստական վարկածների մասին, հիշում ես, որ բազմաթիվ անգամներ ընդգծեցինք, որ – եթե մի օր կապացուցվի դրանց ճշմարտությունը – դրանց պատճառով ո՛չ ճգնաժամի ենք ենթարկվում, ո՛չ էլ հատուկ հակազդեցությունների կարիք ունենք, քանի դեռ այդ վարկածները նպատակ չունեն բացառելու, բեմի ետևում, «Մեծ Ծրագրավորողի» ներկայությունը:
Այս ամենը հաշվի առնելով, հենց հավատքն է, – քրիստոնեակա՛ն, ճի՛շտ հասկացված Հավատքը, – որ մեզ դարձնում է ազատ անձինք, ովքեր ոչ մի բան ո՛չ մերժում, ո՛չ էլ ընդունում են կուրորեն, առանց քննադատության մաղով անցկացնելու: Ուստի լսիր, թե ի՛նչ պատահեց. անցյալ օրը ստացա այս գիրքը, որի հեղինակն է Լուիջի Լուքա Քավալլի-Սֆոր-ցան, ով անկասկած երազատես կամ առասպելամոլ մեկը չէ, այլ՝ գենետիկայի դոցենտ է, ինքը նույնպես – Գրինբերգի նման – Սթենֆորդի Համալսարանում, մինչ անցյալում մասնագիտական վաստակաշատ ուղի է անցել մի շարք անվանի համալսարաններում, օրինակ Քեմբրիջում և Պավիայում: Տարիներ են արդեն, ինչ «Human Genoma Project»ի պատասխանատու համակարգողն է. միջազգային այդ ծրագրի, որի նպատակն է ցանկագրել բոլոր մայրցամաքներում ապրող բոլոր ժողովուրդների, ազգերի ու ցեղախմբերի ԴՆԹ-ները: Բացում եմ այս անվանի – և լիովին լաիկ – գիտնականի գիրքը, և այնտեղ կարդում եմ հետևյալ տողերը, որ հիմնված են հենց «գենետիկական աշխարհագրության» այդ համաշխարհային ուսումնասիրության վրա. «Բազմաթիվ կենսաբաններ այսօր կարծում են, որ կյանքի մեկ միակ ծագում է տեղի ունեցել Երկրագնդի վրա, քանի որ կենդանի բջիջների կողմից սինթեզվող ամինաթթուների միայն մեկ տեսակ գոյություն ունի, մինչդեռ կարող էին գոյություն ունենալ երկուսը, քիմիական հակադիր կառուցվածքի»:
Չխնդրես, որ բացատրեմ քեզ. բնականաբար, դա իմ ուժերից վեր է: Մեր համար թող որ բավական լինի իմանալը (հավատք ընծայելով գենետիկայի այս մասնագետին, ով իր գործընկերների կողմից նկատվում է իբրև ամենափայլուններից ու ամենատեղեկացվածներից մեկը իրենց բնագավառում), որ «Երկրագնդի վրա կյանքի մեկ միակ ծագման» հնարավորությունը չբացառելը ո՛չ միայն բավարար պատճառ չէ գիտական «լուրջ» հասարակությունիցխայտառակ ու ամոթալի կերպով դուրս շպրտվելու համար, այլ՝ ընդհակառակը, կարող է արդիականության, առաջադիմության տարբերանշան լինել:
Սա էլ, իմիջիայլոց, որպես հերթական հաստատում այն բանի, ինչը մեզ հուշվում է փորձառության կողմից. «փորձագետները» և իրենց «հարյուր տոկոսանոց համոզվածություններն» ու «դոգմաները» պետք է ընդունվեն, եթե ուզում ես, լրջությամբ, բայց այդ լրջությունը երբեք չհասցնելով ողբերգական (տրագիկ) մակարդակի: Սպասել և համբերել. վաղ թե ուշ քամին փոխում է ուղղությունը, և սովորաբար բացահայտվում է, որ ճշմարիտ «արդիականը», «մոդեռնը» նա էր, ով մի քայլ անգամ չէր հեռացել համընդհանուր ողջմտությունից: Որը, շատ հաճախ, համընկնում է ավանդության հետ: Նաև կրոնական ավանդության, ինչո՞ւ չէ: Արդեն հիշեցինք, չէ՞, թե ինչպես տակավին հեռու չեն ժամանակները, երբ աթեիզմը համարվում էր «ապագան», իսկ հավատքը՝ «անվերադարձ կերպով գերազանցված անցյալ» ... :
 
Նմանատիպ մի բան էլ չի՞ կատարվում արդյոք աստվածաշնչյան գիտությունների ոլորտում։ Ավետարաններն իրենց «պատմա-քննադատական» (գերմանական սարսափազդու անուններ կրող) մեթոդներով տրորելուց ու աղալուց հետո. ողջ Նոր Կտակարանը ամեն կողմից հավաքված պատառիկների կասկածելի փազըլի վերածելուց հետո. «հավատքի Քրիստոսի» անձում «պատմական Հիսուսին» տեսնողների միամտությունը ծաղրուծանակի ենթարկելուց հետո. այս ամեն ինչից հետո «բիբլիստներ» կոչվող աստվածաշնչագետները այս վերջին ժամանակներում մի՞թե ավելի խոհեմ չեն դարձել։ Արդյո՞ք, ոմանք մինչև իսկ համարձակվում են ասել, – առայժմ շշուկով միայն, – որ երկու դար տևած «գիտական» ուսումնասիրություններից հետո բացահայտվում է, որ Ավետարաններն ընթերցելու ամենահավաստի ու «առաջադեմ» եղանակը հավատացյալի ամենապարզ ձևն է, ով (ի տարբերություն «փորձագետների») հավատքի համար միշտ էական է համարել փաստը, որ այն, ինչ գրված է այդ չորս գրքույկներում, ճշգրիտ կերպով համապատասխանում է իրականում տեղի ունեցած դեպքերին։
 
«Երբ մի տեսություն հակասում է ողջմտությանը, մի՛ շտապիր մեղադրել ողջմտությանը», ասում է «գյուղացիական մեթոդաբանության» առողջ սկզբունքներից մեկը: Կարող ենք մի սկզբունք ևս ավելացնել. «Եթե ցանկանում ես շուտով այրի մնալ, ամուսնացիր մոդայի հետ»: Բայց սրա մասին կխոսենք իր ժամանակին, երբ (առաջ Աստված) կքննարկենք «Հիսուսին» վերաբերվող խնդիրները, ցույց տալով, թե ինչպես այդտեղ էլ ամենաարդյունավետ մեթոդը դա «և՛-և՛»ի մեթոդն է:
Այժմ գանք մեկ միակ լեզվի վարկածին, որով մարդկային մեկ միակ խումբ է ենթադրվում ողջ մարդկության սկզբում:
Այստեղ է, որ բեմ է բարձրանում կալիֆորնիացի լեզվաբան Ջ.Հ. Գրինբերգը, ով – և վերջերս, ինչպես քեզ ասում էի – կարողացել է գտնել և զատորոշել այն փյունիկը (որին մինչև վերջերս միայն սակավաթիվ համառ պնդագլուխներ էին որոնում, որոնք և որակավորվում էին իբրև «պաթետիկ դիլետանտներ»), որն առնվազն մի ստուգաբանական արմատ է, որ համընդհանուր է աշխարհի բոլոր լեզվական ընտանիքների համար: Դա, թվում է, «TIK» արմատն է. այս խիստ համառոտ հնչյունից, որն այստեղ գրի ենք առնում լատինական այբուբենի երեք տառերով, գործընթացների ու ձևափոխումների միջոցով, որոնք միայն շա՜տ հմուտ լեզվաբանը կարող է վերակազմել և հասկանալ (ինչը որ, ակնհայտ կերպով, ո՛չ իմ, ո՛չ էլ, կարծում եմ, քո պարագան չէ), պետք է որ առաջացած լինի մի բառ, որը կարծես թե բացահայտում է բոլոր մարդկանց միջև գոյություն ունեցող կապը, հայտնելով նրանց համընդհանուր ծագումը:
Մանավանդ թե, պետք է ասեմ, որ Գրինբերգը վաղուց արդեն միակը չէ այս հարցում: Կա, օրինակ, ամերիկացի ևս մի անվանի լեզվաբան, Մերրիթ Ռահլենը, որն իր «The Mother Tongue» - «Մայր Լեզուն» աշխատությունում փաստում է, որ Երկրագնդի վրա այսօր խոսված ավելի քան հինգ հազար լեզուները բոլորն էլ ծագում են մեկ «մայր լեզվից», ինչպես մատնանշում է նաև աշխատության վերնագիրը: Կարդամ իր եզրակացությունը. «Գոյություն ունեցող լեզուների մեկ միակ արմատից ծագումն այլևս այնքան ակնհայտ է, որ ապագայի խնդիրը լինելու է ո՛չ թե հաստատելը, որ աշխարհի բոլոր լեզուներն ազգակցական կապերով կապված են միմյանց, այլ՝ հասկանալը, թե ինչո՛ւ այսքան ժամանակ պահանջվեց դա նկատելու համար»»: Արդյոք չափազանցո՞ւմ է այս հեղինակավոր պրոֆեսոր Ռահլենը: Այստեղ էլ իրեն օգնության է հասնում մի գենետիստ, նույնքան անվանի, որքան Քավալլի-Սֆորցան. մարդաբանական ամենահռչակավոր ինստիտուտներից մեկի՝ Փարիզի «Musée de l'Homme» - «Մարդկության Թանգարանի» տնօրեն Անդրե Լանգանին: Ռահլենի աշխատության համար գրած իր համոզված նախաբանում, ֆրանսիացի մասնագետը գրում է. «Այսօր այլևս ոչ մի կասկած չկա այժմյան հինգ միլիարդ մարդկանց ծագման շուրջ, որ առաջ է եկել նախապատմական մեկ միակ ժողովրդից: Հետևաբար, “մայր լեզուն” ներկայանում է որպես մի իրականություն, որը մեծապես հետևողական է այս հավաստի վստահության հետ»:
Արդարացի է, բնականաբար, որ բուռն կերպով հակազդեն այն պրոֆեսորները, որոնք չեն կարող ուրանալ իրենց ծավալուն ու ծանրակշիռ մատենագրությունները: Մարդկային է, նորմալ է. բայց, ինչպիսիք էլ որ լինեն ակադեմիական սովորական դիմադրությունները, կարծես թե անխուսափելի է այլևս, որ ապագայի ճանապարհը գծված է այս նոր ուսումնասիրողների կողմից, որոնք, մինչև վերջերս, միայն արտաքսվելու կարժանանային:
Համենայն դեպս, լեզվաբանները, որ, միշտ ավելի բազմաթիվ, ճանաչում և ընդունում են «նահապետ» Գրինբերգի իրավացիությունը, ասում են, թե գտել և զատորոշել են մոտ երեսուն «համաշխարհային արմատներ», բայց խոստովանում են, որ այդ «TIK»ը մի տեսակ առաջնայնություն, գերագահություն է վայելում, նախասիրյալն է այն ամեն ինչի մեջ, որը մեզ ուղղակի հասել է մի առաջին զույգից (որը, կարծես թե, բնակվել է Աֆրիկայում, ինչը թող որ դաս լինի մեր՝ եվրոպացիներիս հպարտությանը ... ):
 
Էլ մի՛ չափազանցրու «suspense»ի փորձերովդ. հայտնի՛ր նշանակությունն այդ բառի, որ սկիզբ է առել սկզբնական մեկ միակ արմատից և այժմ ներկա է բոլոր լեզուներում։
 
«TIK» կարող է նշանակել և՛ մի մատ, և՛ մեկ թիվը. կրկնակի նշանակություն, որ չի զարմացնում, քանի որ մեկ թիվը մատնանշվում է վեր բարձրացված մատով: Մանավանդ թե, թիվը, որով այն գրում ենք, – 1 – , թվում է, թե առաջացել է հենց վեր բարձրացված մատի ոճավորմամբ: «Մատ» լատիներեն ասվում է «dig-itus»: «Մատն ուղղելով ցույց տալ» (մատնանշել) այդ նույն լեզվում ասվում է «in-dic-are». հունարենում, «deík-nymi»: Այդ բոլոր «dig», «dic», «deík»ների ետևում (հիշելով դասական հին ժամանակների միայն այս երկու լեզուները) լեզվաբանները տեսնում են այս «բոլոր լեզուների մորը», որին ճանաչում և զատորոշում են «TIK» արմատի մեջ:
Անցում կատարելով – ինչպես միշտ, միայն մեր՝ հանդուգն անխոհեմներիս համար – գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռքբերված տվյալից՝ կրոնական խորհրդածությանը, կարծում եմ կընդունես, որ այստեղ էլ մտորելու զմայլելի նյութ կա: Գերագույն աստիճանի Մեկ, Միակ Աստվածն արդյո՞ք բոլոր մարդկանց իբրև համընդհանուր ժառանգություն թողել է այն բառը (դիմակավորված, քողարկված, բայց ո՛չ անգտանելի, պահմտոցիի սովորական խաղի կանոնների համաձայն), որով կարող են մատնանշել Իրեն. ՄԵԿ:
Իսկ ինչ վերաբերվում է «մատ»ին, ով գոնե մի քիչ շփում ունի Աստվածաշնչյան գրությունների հետ, չի կարող չմտածել այն տողերի մասին, որոնք ո՛չ միայն ամենագեղեցիկ, այլ նաև ամենանշանակալի տողերից են նրանց համար, ովքեր մեր նման փորձում են գոնե ինչ որ մի բան կմկմալ Արարիչ Աստծո խորհրդի մասին: Խոսքս վերաբերվում է 8րդ Սաղմոսին, բնականաբար:
Արժե միասին վերընթերցել այն.
 
Ո՜վ Տեր, Աստված մեր,
քանի՜ցս մեծ է Անունդ համայն երկրի վրա.
երկնքից ավելի վեր է բարձրանում մեծվայելչությունդ:
[...]
Եթե նայում եմ երկնքին, որ Քո մատների գործն է,
լուսնին ու աստղերին, որոնց Դու հաստատեցիր.
ի՞նչ է մարդը, որ Դու հիշում ես նրան,
մարդու որդին, որ Դու հոգում ես նրան:
 
Եվ սակայն, հրեշտակներից մի քիչ նվազ ստեղծեցիր նրան,
պսակեցիր փառքով ու պայծառությամբ,
նրան իշխանություն տվեցիր ձեռքերիդ գործերի վրա,
ամեն ինչ ենթարկեցիր նրա ոտքերի տակ:
[...]
Ո՜վ Տեր, Աստված մեր,
քանի՜ցս մեծ է Անունդ համայն երկրի վրա:
 
Եվ, այսքանով, բավական է. առա՛յժմ: «Adnuente Deo» - «Եթէ Տէր կամեսցի», հասկանալի է (չպետք է մոռանանք Հակոբոս Առաքյալի խրատը իր Նամակի 4, 13-17 հատվածում), առիթը կունենանք զբաղվելու այն մյուս երկու «հանգրվաններով», որ մենք գիտենք:
Անշուշտ, մեր այս ենթաբաժանումը կամայական է. ինչպես ամեն քայլափոխի տեսանք, անհնարին է Հայր Աստծո մասին խոսել առանց Որդու մասին խոսելու, ինչպես նաև այն Հոգու, Ով նեցուկ է կանգնում և ներշնչում է այն «Քրիստոսի քայլքը պատմության մեջ», որը, մեր համար, Եկեղեցին է: Կամենում էինք առաջնորդվել «Հավատամք»ի կառուցվածքով: Իսկ Հավատամքը սկսվում է «Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը ... » խոսքերով: Հայր. հետևաբար, «մեր» Աստվածը. և միմիայն Նա, ինչպես կարևոր համարեցինք ընդգծել մեկից ավելի անգամներ: Ուստի շատ լավ գիտենք, որ Քրիստոնեական Հավատքը դա մի կուռ ամբողջություն է, ուր «ամեն ինչ կանգուն է մնում»:
Բայց ինչևէ: Մեր սահմաններն են, որ հարկադրում են մեզ կանգ առնել: Ցտեսությո՜ւն, ուրեմն, մինչ ինչ որ մի նոր հանդիպում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։