Ներածական խոսք – Գրադարան – Mashtoz.org

Ներածական խոսք

Աստծուն հավատալը պարտականություն չէ.
դա մի պարգև է, մի շնորհ:
Աստծուն չհավատալը հանցանք չէ.
թերևս, դա սոսկ դժբախտություն է:
 
Ուոլթըր Շուբարթ
 
Սա ջատագովական («απολογία - apologia») գիրք է: Եվ իսկույն գրում եմ այս բառը, որ դեմքը խոժողել է տալիս նրանց, ովքեր չեն հասկացել տարբերությունը «ինֆորմատիվ»ի և «պերֆորմատիվ»ի միջև (սոսկ տեղեկացնողի և գործ ծնող խոսքի), որը կրկին կյանքի է կոչվել Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի կողմից. «Ավետարանը», գրել է Սրբազան Քահանայապետն իր Հույսով ենք փրկված կոնդակում, «սոսկ գիտելիքների փոխանցում չէ, այլ՝ մի հաղորդում, որ գործեր է ծնում և փոխում է կյանքը»:
Սա, հետևաբար, սոսկ «ինֆորմատիվ» գիրք չէ, քանի որ ծնվել է այն «պերֆորմատիվ» ազդեցությունից, որն Ավետարանն ունեցել է հեղինակների վրա, որոնցից յուրաքանչյուրը, ամեն մեկն իր ժամանակին, ապրել է իր անձնական «դարձի» փորձառությունը: Որպես արդեն քրիստոնյաներ, ապա, իրենց պարտավորված են զգացել պատասխանելու Պետրոս Առաքյալի հայտնի կոչին. «Միշտ պատրաստ եղեք պատասխանելու յուրաքանչյուր մարդու, որ կցանկանա իմանալ պատճառն այն հույսի, որ ձեզնում է» (1Պտ 3, 15), որը Քահանայապետն ինքն էլ կրկին ուղղեց մեզ բոլորիս՝ 2006 թվականի Հոկտեմբերին Վեռոնայում կայացած Իտալիայի Եկեղեցու Համաժողովին ուղղված խոսքում: Ի թիվս ա՛յլ բաների, Բենեդիկտոս Տասնվեցերորդն ընդգծեց, որ «Քրիստոսի հանդեպ հավատքի և Նրան հետևորդ լինելու ընտրությունը երբեք դյուրին չէ. ընդհակառակը, միշտ ենթակա է հակառակության ու հակաճառությունների: Եկեղեցին, ուստի, միշտ մնում է որպես “նշան հակառակության” (հմմտ. Ղկս 2, 34), նաև մեր ժամանակներում: Բայց այս պատճառով մենք բնավ չենք վհատվում: Ընդհակառակը, պետք է միշտ պատրաստ լինենք պատասխան տալու («apo-logia») բոլոր նրանց, ովքեր հարցնում են մեր հույսի պատճառը («logos»), ինչպես կոչ է անում մեզ Պետրոս Առաքյալն իր Առաջին Նամակում (3, 15): Պետք է պատասխանենք “հեզությամբ ու հարգանքով, ուղղամիտ խղճմտանքով” (3, 15-16), այն հեզ ուժով, որ բխում է Քրիստոսի հետ միությունից: Պետք է անենք դա բոլոր ուղղություններով, մտքի և գործի, անձնական վարքի և հրապարակային վկայության հարթություններում: Սա շարունակում է մնալ ավետարանացման գլխավոր ուղին. թող որ Տերն առաջնորդի մեզ՝ ապրելու ճշմարտության և սիրո այս միությունը մեր ժամանակվա բնորոշ իրավիճակներում, այսօրվա Իտալիայի և ողջ աշխարհի ավետարանացման նպատակով»:
 
«Հավատալու պատճառներն» այս գրքում ներկայացված են զրույցի տեսքով, ավանդական մեթոդներից մեկի համաձայն: Սբ. Անսելմոս Աոստացին 1098 թվականին արդեն իր «Cur Deus homo? » - «Ինչո՞ւ Աստված մարդացավ» աշխատությունը շարադրել է՝ զրուցելով մի երևակայական կերպարի հետ, այս կերպ հիմնավորելով իր այդ ընտրությունը. «Քանի որ զրույցի ձևով կատարված ուսումնասիրություններն ավելի հստակ են թվում, և հետևաբար՝ ավելի հաճելի, որպես զրուցակից կվերցնեմ նրանցից մեկին, ովքեր մղում են ինձ տալու այս բացատրությունները և առավել ստիպողությամբ մղում են ինձ սկսելու այս գործը: Եվ այսպես, Բոսսոնեն կհարցնի, իսկ Անսելմոսը՝ կպատասխանի»: Միայն այս մի, ո՛չ երկրորդական տարբերությամբ. Բոսսոնեն nom de plume - կեղծանուն է, մինչդեռ այստեղ երկխոսությունը երկու իրական զրուցակիցների միջև է, որոնք երկուսն էլ քաջ տիրապետում են քննարկվող նյութերին, ինչի արդյունքում էլ հարցերն ու պատասխանները ծնվում են մտքերի ու հետաքրքրությունների մի այնպիսի համակարգումից, որն իսկույն գրավում է նաև ընթերցողին:
 
Իսկ փաստը, որ ջատագովության կարիքն այսօր զգալի է առավել քան երբեք, ակներև է դառնում նաև այն խոսքերի արդիականությունից, որոնցով Մեսսորին և Բրամբիլլան ներկայացնում էին այս գրքի առաջին հրատարակությունը. «Հրապարակում ինչ որ մի ապրանք վաճառողներ չենք, ո՛չ էլ պրոպագանդիստներն ենք ինչ որ մի իդեոլոգիայի: Ոչինչ չունենք ո՛չ վաճառելիք, ո՛չ էլ պաշտպանելիք: Ունենք միայն վկայությունը – նույնքան խոնարհ, որքան և համոզված – մի Հանդիպման, որի արդյունքներից մեկը ինքնաբուխ կարիքն է՝ ուրիշների ևս խոսելու դրա մասին: Մեզ թվում է, ամեն ինչից անդին, որ այլևս հեռու չեն Արսի սրբակենցաղ քահանա Ժան-Բապտիստ-Մարի Վիաննեյի կողմից Տասնիններորդ դարում կանխազգացված ժամանակները. “Գալու է մի օր, երբ մարդիկ այնքա՜ն հոգնած են լինելու մարդկանցից, որ բավական է լինելու խոսել նրանց Աստծո մասին, որպեսզի իսկույն սկսեն արտասվել”: Նաև քրիստոնյաների միջև, հաճախ, կարծես թե մոռացվել է, որ ամենաթշվառ աղքատությունը դա հոգևոր չքավորությունն է. և որ, հետևաբար, առաջին սերը – ամենաէականն ու ամենաառաջնայինը – մարդկանց հաց մատակարարելը չէ, այլ՝ ճշմարտությամբ ապահովելը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։