Վիտտորիո Մեսսորի – Գրադարան – Mashtoz.org

Վիտտորիո Մեսսորի

Վիտտորիո Մեսսորին (ծնվ. 16 Ապրիլ 1941) իտալացի աշխարհահռչակ լրագրող, վերլուծաբան և բազմաթիվ գրքերի հեղինակ է: Համաշխարհային մակարդակով Քսաներորդ դարի ամենաշատ թարգմանված իտալացի գրողներից մեկն է:
1965 թվականին ավարտել է Թուրինի Համալսարանի Քաղաքագիտության Ֆակուլտետը: Ստանալով հիմնականում աթեիստական կրթություն, հանկարծակի ու անհասկանալի կերպով դարձի է եկել Կաթոլիկ Եկեղեցու դավանանքին, զգալով մի «ակնհայտություն սրտի մեջ», ինչպես ինքն է ասում, որից հետո ծանոթացել է Տասնյոթերորդ դարի մեծ գիտնական և քրիստոնյա Բլեզ Պասկալի մտքին, որից խորապես ազդվել է: Այդ պահից ի վեր սկսել է «մտքի հիմնավորումների» իր որոնումը, ի պաշտպանություն «սրտի հիմնավորումների», որոնք իրեն մղել էին փարվելու Քրիստոսի Հավատքին:
1968 թվականից սկսել է համագործակցել Միջազգային Հրատարակչական Ընկերության, 1970թ.ից՝ իտալական անվանի Լա Ստամպա օրաթերթի, 1979թ.ից՝ կաթոլիկ Յեզուս ամսագրի, ապա նաև իտալական Իլ Քոռռիեռե Դելլա Սեռա օրաթերթի և ա՛յլ հեղինակավոր լրագրերի ու հրատարակչատների հետ:
Մինչև օրս հեղինակել և հրատարակել է 26 գիրք, որոնք տարբեր հրատարակություններով տպագրվել են միլիոնավոր օրինակներով և թարգմանվել են աշխարհի բոլոր գլխավոր լեզուներով: Դրանցից ի մասնավորի հիշարժան են «Վարկած Հիսուսի շուրջ» (1976), «Գրազ գանք մահվան վրա» (1982), «Հետաքննություն Քրիստոնեության մասին» (1987), «Չարչարվե՞լ է Պոնտացի Պիղատոսի ժամանակ» (1992), «Հավատքի մարտահրավերը» (1993), «Ասում են, թե հարություն է առել» (2000), «Թե ինչո՛ւ եմ հավատում» (2008), «Երբ երկինքը մեզ նշան է անում» (2018) և ուրիշները:
Արժանացել է գրական տարբեր մրցանակների (12 մրցանակ և շքանշան), ինչպես նաև Իսպանիայի Թագավորական Ընտանիքի կողմից տրված «Իզաբելլա Թագուհու անվան Մեծ Խաչ» շքանշանին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։