– Գրադարան – Mashtoz.org

Նամակագրական մի փոքրիկ զրույց Հավատքի հարցում դժվարություններ ունեցող մի երիտասարդի հետ
1) Դու գրում ես. « Ես ման էի գալիս ապացույցներ, որ Ինքը լինի, բայց չկար։ ... Ուղղակի հավատացեք։ ... Շա՜տ եմ ուսումնասիրել, ո՛չ թե ուղղակի մտածել եմ»։
– Պատասխանեմ երկու ուղղությամբ.
Առաջին. Չգիտեմ, թե ո՛նց և որտե՛ղ ես փնտրել, որովհետև շատ շատերը կան, որ ասում են, թե փնտրում են, բայց իրականում կարդում են միայն ՄԻԱԿՈՂՄԱՆԻ հրատարակություններ։ Լավ փնտրելու համար հարկավոր է բոլոր կողմերին էլ ԼԱՎ ծանոթանալ, ԼԱՎ համեմատել ու հետո նոր միայն եզրակացությունների հանգել։
Երկրորդ. Բայց ամենակարևորն այն է, որ դու ասում ես, թե Աստծո գոյության ''ապացույցներ'' ես փնտրել։ Ես որպես քրիստոնյա քեզ կարող եմ վստահեցնել, որ ''ապացույցներ'' դու երբեք էլ չես գտնի։ Եթե ապացույցներ գոյություն ունենային, մենք չէինք խոսի Հավատքի մասին, դա արդեն փորձարարական գիտություն կլիներ։ Երևի հարցնում ես արդեն, թե ինչո՛ւ է այդպես։ Շատ պարզ է. որովհետև միմիայն այդպես են հնարավոր դառնում մեր Ազատությունն ու Սերը։ Եթե Աստված մեզ ապացույցներ տա Իր գոյության վերաբերյալ (ինչը որ անշուշտ ԿԱՐՈՂ Է անել), մենք ՍՏԻՊՎԱԾ կլինենք ծունկի գալ Իր առաջ։ Աստված այդպիսի փոխհարաբերություն չի ուզում Իր և Իր զավակների միջև, այլ՝ ուզում է, որ դա լինի Սիրո հարաբերություն, որի հիմքում ընկած են Ազատությունն ու Վստահությունը։ Ուստի, Աստված ամբողջ տիեզերքով մեկ մեզ տալիս է Իր գոյության ո՛չ թե ապացույցներ, այլ՝ ՀԱՎԱՍՏԻ ՆՇԱՆՆԵՐ, հետքեր, որոնց հետևելով՝ մարդն ազատորեն բացահայտում է աստվածայինը, իսկ Քրիստոսին հանդիպելով՝ վստահությամբ ընդունում է Իր ինքնահայտնությունը։
Փակեմ պարզապես ուշադրությունդ հրավիրելով այն փաստի վրա, որ դու էլ քո խոսքի մեջ ինձնից հավատք ես ակնկալում, ասելով. «Ուղղակի հավատացեք»։
 
2) Դու գրում ես. «Սերը քիմիայի օգնությամբ բացատրվում է»։
– Պատասխանեմ. Հորմոնների քիմիական ռեակցիայի միջոցով բացատրվում է ո՛չ թե սերը, այլ՝ էրոսը, մարմնի էրոտիկ գրգիռները, որոնք անշուշտ կարևոր են սիրո համար, բայց Սերը չեն, այլ՝ ծառայում են Սիրույն։ Անշուշտ, 15-25 տարեկան պատանիներին դժվար է բացատրել տարբերությունը էրոտիկ ցանկության ու սիրո միջև, քանի որ նրանց երակներում հորմոնները շատ ուժեղ են եռում այդ տարիքում ու ազդում են ուղեղի սթափ գործունեության վրա։ Սերը միայն արյունակից ազգակիցների կամ ընկերների միջև չէ, որոնց դու թվարկում ես։ Անգլիայում ապրող մեկը կարող է Սիրել Հնդկաստանի կամ Աֆրիկայի կորած գյուղերից մեկում ապրող աղքատներին, որոնց երբեք չի տեսել ու չի էլ տեսնելու, և – հանուն արդարության ու մարդկային համերաշխության – նրանց համար նվիրել իր ունեցվածքները (բոլորը կամ մի մասը), նույնիսկ իր անձը զոհել։ Ինչը որ կոչվում է Ալտրուիզմ, և անշահախնդիր Սիրոյ վառ օրինակներից մեկն է և չի ենթարկվում կենսաբանական ոչ մի օրենքի կամ հորմոնների քիմիական ռեակցիայի։
 
3) Դու գրում ես. «Ասեք, որ Աստված չի կարող ամեն ինչ անել և վատ կողմեր էլ ունի, ու ես կարող է հավատամ, բայց այդ դեպքում ես Իր կարիքը չեմ ունենա»։
– Պատասխանեմ. Ես քեզ երբեք չեմ կարող ասել, թե Աստված վատ կողմեր ունի։ Եթե վատ կողմեր ունենա, Աստված չի լինի։ Կան մարդիկ, որոնք սխալ են հասկանում կամ սխալ են մեկնաբանում որոշ բաներ։ Եթե քեզ հանդիպել է այդպիսի բան, գրիր, կպատասխանեմ։
Իսկ ինչ վերաբերվում է հարցին, որ Աստված չի կարող ամեն բան անել. նախևառաջ պետք է հասկանանք փիլիսոփայական մի տարբերություն, որ գոյություն ունի մեր՝ մարդկանցս, և Աստծո միջև. մարդը դա բաղադրյալ էակ է (միտք, սիրտ, մարմին, երևակայություն, կամք, ցանկություն, ուժ, և այլն), և գրեթե միշտ մարդիկ գործում են գործի դնելով իրենց կարողություններից միայն մեկը կամ մի քանիսը, երբեք՝ բոլորը միաժամանակ և հարյուր տոկոս հավասարակշիռ ու ներդաշնակ կերպով. օրինակ, կարող են գործի դնել ուժը առանց սրտի, կամքը առանց մտքի, և այլն. օրինակ՝ կարող են ստեղծել ու գործի դնել ատոմային ռումբ, որը կկործանի ու կսպանի հազարավոր մարդկանց միանգամից. դրա մեջ կա ուժ և միտք, բայց չկա սիրտ ու սեր։ Եվ այսպիսի օրինակներ շատ կարող ես գտնել, նաև մեր ամենօրյա կյանքում, երբ օրինակ գործի ենք դնում մեր ամբողջ երևակայությունը (ֆանտազիան), բայց գործի չենք դնում կամքն ու ուժը։ Իսկ Աստված այսպես չէ, Նա մարդու նման չէ, ու հե՛նց սրանով էլ Աստված է։ Եթե մեր նման լիներ, Աստված չէր լինի։ Նա բաղադրյալ չէ, ՊԱՐԶ է, ԿԱՏԱՐՅԱԼ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆՆ է։ Երբ Աստված գործում է, գործում է Իր ամբողջ Էությամբ, Իր բոլոր կարողություններով միաժամանակ. Աստծո գործերը միաժամանակ Բարի են, Գեղեցիկ, Արդար, Օգտակար, Սիրով լի, և այլն։
Հիմա քո հարցը. Կա՞ն բաներ, որոնք Աստված չի կարող անել։ Քրիստոնեական պատասխանը. Այո՛, կան բաներ, որ Աստված չի կարող անել. Աստված չի կարող մեղք գործել, չի կարող ատել, չի կարող անել անարդարություն, չի կարող ստեղծել տգեղություն, ... Աստված չի կարող զրկել քեզ քո ազատությունից, որովհետև հե՛նց Ինքը կամեցել է ստեղծել քեզ Իր պատկերով ու նմանությամբ, ու քեզ տվել է այն ամենամեծ պարգևը, որն Իրեն հատուկ է. Ազատությունը, որը Սիրո գոյության միակ հնարավորությունն է։
 
4) Դու գրում ես. «Այընշթայնը հանճար լինելով Ձեզանից քիչ էր հասկանում, բա ո՜նց»։
– Պատասխանեմ. Նախևառաջ ճշտենք, որ ամեն ոք հանճար է ԻՐ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ։ Ժամանակակից խառնաշփոթը առաջանում է հենց սրանից, որ մի բնագավառի հանճարին վերցնում են ու իր խոսքերը տարածում են մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա։ Այընշթայնը ֆիզիկայի ոլորտում հանճար էր, բայց եթե օրինակի համար իրեն մասնակցել տայինք լողի մրցումների, անկասկած վերջին տեղում կլիներ, կամ եթե հրավիրեինք սրտի վիրահատություն կատարելու, կասկած չկա, որ հիվանդը տեղնուտեղը կմահանար։ Այընշթայնը հանճար էր, բայց հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանի ամենաանգրագետ գյուղացին իրենից ավելի լավ գիտի թարխուն մշակելու ձևը։  Մարդկային կյանքը միակողմանի չէ, մարդկային կյանքը փազըլ է, որի բոլոր մասերը հարկավոր է իրար կողք դնել՝ ամբողջական պատկերը տեսնելու համար։
Մի շատ վառ օրինակ կա ժամանակակից մտային խառնաշփոթի. Այընշթայնը ասել է. «Ամեն բան հարաբերական է»։ Այո՛, բայց դա ասել է ֆիզիկական երևույթների վերաբերյալ, տարածքի ու ժամանակի, մատերիայի ու էներգիայի վերաբերյալ։ Բայց մարդիկ վերցնում ու այդ խոսքը տեղափոխում են նաև կյանքի ա՛յլ ոլորտներ, օրինակ՝ բարոյականության մեջ, ու ասում են «Ամեն բան հարաբերական է»։ Մինչդեռ ո՛չ, կյանքում ամեն բան հարաբերական չէ։
Վերջում, համենայն դեպս, ամենատարածված սխալ պատկերացումներից մեկը նաև դա է, թե Այընշթայնը աթեիստ էր, մինչդեռ դա այդպես չէ։ Շուտով կհրատարակեմ մի հոդված, թե «Ինչի՛ էր հավատում Այընշթայնը»։ Վստահաբար, օգտակար կլինի քեզ՝ հստակեցնելու մտքերդ այս ուղղությամբ։
 
5) Դու գրում ես. «Այընշթայնը հավատում էր, որ Աստված դա ուղղակի էներգիա է»։
– Պատասխանեմ. Նախ ընդգծեմ քո այս արտահայտությունը. «Այընշթայնը հավատում էր», այսինքն՝ չգիտեր, պարզապես հավատում էր։ Սա բոլոր աթեիստների պարագան է. հավատում են, թե Աստված գոյություն չունի, առանց դրա վերաբերյալ փաստեր ունենալու, բայց կեղծ դիրքորոշմամբ՝ դա ներկայացնում են որպես գիտական փաստ։
Վերադառնամ ասածիդ։ Այս հարցում մի պարզ փիլիսոփայական շփոթություն կա։ Էներգիան Աստված Ինքը չի, այլ՝ Աստծոյ ուժը, Աստծո ստեղծարար էներգիան է։ Երբ նայում ենք տիեզերքին, տեսնում ենք, որ ամեն ինչի մեջ կա միտք, բանականություն, կարգ ու կանոն։ Այդ կարգ ու կանոնը ստեղծած ուժը (էներգիան) չի կարող կույր ուժ լինել, պետք է մտքով ու բանականությամբ ու կամքով օժտված Անձ լինի։ Որովհետև թերմոդինամիկայի երկրորդ օրենքը (և էնտրոպիայի օրենքը) հաստատում են, որ կույր ուժով երբեք կարգ ու կանոն չի ստեղծվում, այլ միայն՝ քաոս։ Այդ էներգիայի ետևում պետք է մտքով, բանականությամբ, կամքով ու զորությամբ օժտված Անձ կանգնած լինի, որն Իր զորությամբ չի թողնում, որ էներգիան վերածվի քաոսի, այլ՝ շարունակական էնտրոպիայից շարունակ դուրս է բերում կարգ ու կանոն։
Եթե տեսնում եմ մի Ֆեռռառի, չեմ ասում, որ դա ինչ որ մի էներգիա է ստեղծել, այլ՝ մի մարդ, որը այդ Ֆեռռառին ստեղծելու համար գործի է դրել իր էներգիան։
 
6) Դու գրում ես. «Ամեն ինչ աշխարհում էներգիա է։ ... Էներգիան չի նվազում, չի ավելանում, այլ միայն՝ կերպարանափոխվում է»։
– Պատասխանեմ. Այս խոսքերիդ լրիվ համաձայն եմ։ Այընշթայնից 3500 տարի առաջ, երբ գրվեց Ատվածաշնչի առաջին նախադասությունը, հե՛նց այդ խոսքերից էլ սկսվեց. «Եվ Աստված ասաց. Թող լո՛ւյս լինի։ Եվ լույս եղա՛վ» (Ծննդոց 1, 3)։ Քրիստոնյաները միշտ էլ այդ կարծիքին են եղել. մատերիան Աստծոյ լույսի՝ էներգիայի խտացումն է, մինչև որ Այընշթայնի ուսումնասիրությունները գիտական մակարդակով ապացուցեցին, որ մատերիան էլ էներգիա է։ Բայց դա լրիվ համապատասխանում է Քրիստոնեական Հավատքին։ Միակ սխալը այն է, երբ ասվում է, թե էներգիան միայն մատերիա է։ Ո՛չ։ Աստծո էներգիան անսահման հարուստ է, ու ստեղծում է ո՛չ միայն նյութական աշխարհի հազարավոր գեղեցկությունները կենդանական և բուսական աշխարհում, այլ նաև հոգու աշխարհը՝ մարդու հոգին և հրեշտակները, որոնք մասնակցում են Աստծո արարչական էներգիային և մտքով ու կամքով օժտված անձեր են։
 
7) Դու գրում ես. «Բայց թող պանթեիստ լինեմ, բայց ո՛չ կրոնական Աստծո հավատամ»։
– Պատասխանեմ. Այս խոսքերդ բնորոշ են աթեիստներին և հստակ ցույց են տալիս, թե աթեիստները որքա՜ն հեռու են գիտությունից և լի են դոգմաներով (հավատալիքներով)։ Եթե քո համար կարևոր լինեին ո՛չ թե աթեիստական դոգմաները, այլ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, դու կասեիր, որ ամեն գնով կփնտրես Ճշմարտությունը, և երբ գտնես Ճշմարտությունը, կհետևես Ճշմարտությանը, ո՛ւր էլ որ նա լինի։ Եթե այսօր մեկը կարողանա համոզել ինձ Բուդդիզմի ճշմարտությանը, ես մի վայրկյան անգամ չեմ վարանի դառնալու բուդդիստ։ Դու սխալվում ես այն հարցում, թե ես քրիստոնյա եմ պարզապես որովհետև հայ եմ։ Դա այդպես չէ։ Ես քրիստոնյա եմ, որովհետև համոզված եմ Քրիստոնեության ճշմարտությանը։ Ես դոգմաներ չունեմ, իմ համար կարևորը Ճշմարտությունն է (որն իմ համար այլևս վերացական գաղափար չէ, այլ՝ մի Անձ, Ճշմարտության մարմնավորումը, Հիսուս Քրիստոսը)։ Քրիստոնեության մեջ է ամբողջապես կազմվում մարդկային կյանքի փազըլը։
Է՛լ չասեմ, որ պանթեիստ լինել Քսանմեկերորդ դարում, գիտական բոլոր ձեռքբերումներից հետո, և հավատալ պանթեիստական հեքիաթներին, դա արթուն բանականության նշան չէ։ Բայց դա տիպիկ է մարտնչող աթեիստներին։ Պատրաստ են ամեն ինչի, միայն թե չկանգնեն Աստծո առաջ, Ով, Սուրբ լինելով, Իր հետ հարաբերությունների մեջ ենթադրում է նաև Սրբություն մեր կողմից։ Եթե ազնիվ լինես ինքդ քո հետ, կխոստովանես առանց դժվարության, որ դու չես մերժում Աստծուն, որովհետև ունես դրա վերաբերյալ գիտական փաստեր, այլ ընդամենը՝ որովհետև հոգեբանական հարթության վրա փախչում ես բարոյական սրբության պահանջներից։
 
8) Դու գրում ես. «Դուք միայն լավն եք տեսնում, վատին ուշադրություն չեք դարձնում»։
– Պատասխանեմ. Ես քեզ խնդրում եմ իմ ուշադրությանը ներկայացնել Քրիստոնեության վատ կողմերը։ Միասին կփնտրենք ճշմարտությունը դրանց մասին։ Բայց ուշադրությո՛ւն. ասում եմ Քրիստոնեությա՛ն, ո՛չ թե՝ քրիստոնյաների։ Հանկարծ չսկսես էս կամ էն քահանայից ու հարևանիցդ խոսել։ Բոլոր մարդիկ էլ մեղավոր են ու բոլորն էլ կարիքն ունեն Քրիստոսի կողմից փրկվելու։ Պետք է ԳԱՂԱՓԱՐԻ՛ մասին խոսենք, ո՛չ թե այդ գաղափարին հետևողների մասին, որոնցից մեկի մոտ լավ է ստացվում, մեկի մոտ վատ է ստացվում (այս կամ այն պատճառով)։ Դրա համար է Եկեղեցին ժամանակ առ ժամանակ Սրբեր հռչակում, այսինքն՝ երբ գտնում է մի մարդ, ով կատարյալ կերպով ու հերոսական աստիճանի ապրել է Ավետարանի համաձայն, նրանց ներկայացնում է որպես օրինակ։ Մենք էս կամ էն քրիստոնյային չենք հետևում, այլ՝ Քրիստոսին ու Իր Սրբերին։
 
9) Դու գրում ես. «Բայց ասեմ՝ Դուք Դուք չեք։ ... Ամեն 7 տարին մեկ մարմնի բոլոր մասնիկները փոխվում են»։
– Պատասխանեմ. Սա էլ է ճիշտ, բայց միայն մարմնի վերաբերյալ։ Այո՛, մարմինը կենդանի օրգանիզմ է և մի քանի տարվա ընթացքում նրան մաս կազմող բոլոր բջիջները փոխվում են։ Խնդրում եմ ինձ այդքան տգետի տեղ մի՛ դիր, որ չգիտի կենսաբանության այս տարրական փաստը։ Երևի կզարմանաս, բայց ես էլ եմ դպրոց գնացել։ )))
Բայց ամբողջ հարցն այն է, որ մարմնով իմ ամբողջ էությունը չի վերջանում։ Մարդը ԱՆՁ է, որ կարող է ասել ԵՍ։ Ի՞նչ է Ես-ը։ Կարո՞ղ ես ասել։ Ո՞ր աթեիստը կարող է ասել, թե ի՞նչ է Ես-ը։ Մարմի՞նն է։ Ո՛չ, մարմինը ԻՄ մարմինն է, բայց ԵՍ չեմ։ Օրինակ, կարող են ոտքերս էլ կտրել, ձեռքերս էլ կտրել, լեզուս, ականջներս, ուրիշ շատ բաներ էլ կարող են կտրել մարմնիցս (ո՛չ կենսական մասերը), բայց ԻՄ ԵՍ-ը կմնա։ Մի՞տքն է Եսը։ Ո՛չ, միտքը դա ԻՄ միտքն է, բայց ԵՍ չեմ։ Օրինակ, կարող եմ ասել «Այսօր մտքերս շատ ցրված են, լավ չեմ կարողանում կենտրոնանալ ու մտածել»։ Բայց նույնիսկ երբ միտքս հոգնած է, նույնիսկ երբ քնած եմ, ԵՍ-ը կա։ Զգացմունքնե՞րն են ԵՍ-ը։ Ո՛չ, դրանք ԻՄ զգացմունքներն են, բայց ԵՍ չեմ։ Այսօր կարող եմ մի բան զգալ, վաղը դրա հակառակը զգալ, մի օր էլ կարող եմ անեստեզիայի տակ լինել ու ոչինչ չզգալ, բայց դրանք ԵՍ-ին չեն վերաբերվում, որովհետև ինչ էլ որ լինի, ԵՍ ԵՄ զգում, ԵՍ ԵՄ մտածում, ԵՍ ԵՄ քնած, և այլն։
Մարմինն անշուշտ փոխվում է մոտավորապես 7 տարին մեկ (հետաքրքիր թիվ է այդ 7-ը), բայց ԵՍ մնում եմ, ՀԻՇՈՒՄ ԵՄ 7 տարի ու 17 տարի առաջ ապրածս զգացմունքները, նույնիսկ կերածս ինչ որ մի լավ բանի համը։ Ի՞նչ է հիշողությունը։ Եթե ուղեղի բջիջներում է, հենց նոր դու ինքդ ասացիր, որ 7 տարին մեկ դրանք փոխվում են ու հները այլևս չկան։ Բա ո՞նց է պատահում, որ հիշում եմ դպրոցական տարիներս։ Պատասխանը այն է, որ իմ ԵՍ-ը մարմինը չէ։ Մարմինը իմ անձի մասն է կազմում, շա՜տ կարևոր մի մասը, բայց ամբողջը չէ։ Ես էլ մի փազըլը եմ, որի մեջ կա նաև հոգին, որն անմահ է։
 
10) Դու գրում ես. «Միլիարդ տարիներ հետո արևը պայթելու է, ... ու եթե նոր աշխարհ ստեղծվի, իմ մասնիկներից մի քանիսը կարող են դրա մեջ լինել, կամ չլինել»։
– Պատասխանեմ. Երևի ֆանտաստիկ կինոներ շատ ես նայում։ Ես էլ եմ շատ սիրում ֆանտաստիկ կինոներ, մանավանդ եթե սպեց-էֆեկտները լավ են հանված, բայց չեմ թողնում, որ հեքիաթներն ու միֆերը գրավեն առողջ բանականության տեղը։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։