ԱՅԸՆՇԹԱՅՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՅԸՆՇԹԱՅՆ

Շարժվել լույսի արագությամբ, կամ նույնիսկ՝ ավելի արագ. Հնարավո՞ր է մարդու համար

Այընշթայնի սեղմ հարաբերականության տեսությունը պարտավորեցնող կերպով հաստատում է, որ բարձրագույն արագությունը, որով կարող են շարժվել նյութական մարմինները, լույսի արագությունն է, այսինքն՝ մոտ 300.000 կմ/վ։ Սա կարող է վիթխարի արագություն թվալ և իրոք այդպիսին է, եթե համեմատության մեջ է դրվում երկրային չափերի հետ, բայց եթե հեռանում ենք Երկրագնդից և մեր հայացքն ուղղում ենք դեպի տիեզերքի անծայրածիր տարածությունները, այդ արագությունը նմանվում է խխունջի արագությանը։ Լույսի արագությամբ սլանալու դեպքում, իրոք, 4,3 տարի հետո միայն կկարողանայինք հասնել մեզ ամենամոտիկ աստղին, ավելի քան 300 տարի հարկավոր կլիներ հասնելու համար Բևեռային Աստղին, ավելի քան 2,5 միլիոն տարի՝ հասնելու համար մեզ ամենամոտիկ գալակտիկային՝ Անդրոմեդային, և, ի վերջո, մի քանի միլիարդ տարի՝ հասնելու համար Տիեզերքի սահմանագծին գտնվող ամենահեռավոր քվազարներին։

Արդ, քանի որ մարդիկ միշտ սնուցել են միջաստղային տարածություններում ճամփորդելու երազանքը, մանավանդ թե՝ երևակայում են մի օր հասնել հեռավոր գալակտիկաներին, եթե չգտնվի լույսի արագությանը գերազանցելու մի միջոց, այդ երազանքը չի իրականանա երբեք (ի նկատի ունենք՝ մարմնով ճամփորդելը)։

Սկզբից ևեթ, սակայն, հարկավոր է մի փակագիծ բացել և ընդգծել այն փաստը, որ շատ հաճախ վրիպում է գրեթե բոլորի ուշադրությունից։ Խոսքը այն փաստի մասին է, որ մենք այսօր ոչ մի իրական գաղափար չունենք հեռավոր տիեզերքի այժմյան կազմության ու կառուցվածքի մասին։ Մեր բոլոր այսպես կոչված ''գիտելիքները'' հիմնվում են աստղադիտակներից ստացվող պատկերների վրա։ Բայց մոռանում ենք (ոմանք ակամա, ոմանք կամովին), որ այդ պատկերները մեզ չեն պատմում հեռավոր գալակտիկաների «այսօրվա» մասին, այլ՝ դրանց հեռավոր անցյալի հիշատակներն են։ Անդրոմեդայի գալակտիկան, օրինակի համար, գտնվում է մեզնից 2,5 միլիոն լույսի տարի հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ լույսի ճառագայթը, 300.000 կմ/վ արագությամբ սլանալով, 2,5 միլիոն տարի հետո միայն Անդրոմեդայից հասնում է Երկիր։ Այսինքն, այն պատկերները, որոնք մենք այսօր ստանում ենք Տիեզերքի այդ հատվածից, երեկ չէ առաջի օրվա պատկերները չեն, այլ՝ ''ճանապարհ են ընկել'' 2,5 միլիոն լուսային տարի առաջ։ Դիտելով այդ պատկերները, մենք տեսնում ենք, թե ինչպիսին էր Անդրոմեդայի գալակտիկան 2,5 միլիոն լուսային տարի առաջ, իսկ թե ինչպիսին է այն այժմ (եթե տակավին գոյություն ունի), մարդիկ Երկրի վրա կիմանան 2,5 միլիոն լուսային տարի հետո, որովհետև այսօր ճանապարհ ընկած պատկերները Երկիր կհասնեն միայն այդքան ժամանակ անց։ Խոսքը վերաբերվում է նաև մյուս բոլոր հեռավոր գալակտիկաներին ու աստղերին, որոնց ''բացահայտման'' մասին ժամանակ առ ժամանակ ''ցնցող'' լուրեր են տարածում որոշ ''գիտնականներ'', որոնք իրենց Պետությունների առաջ լուրջ կարիքն ունեն արդարացնելու, թե ինչի համար են աշխատավարձ ստանում։

Տեսնենք, ուրեմն, թե արդյոք հնարավո՞ր է, գոնե սկզբունքային գետնի վրա, շարժվել լույսից ավելի արագ։ Ասացինք արդեն, որ նյութական մարմինները (մարդկային մարմինը ներառյալ), այսինքն՝ զանգված ունեցող բոլոր առարկաները, առավելագույն արագությունը, որ երբևէ կարող են զարգացնել, լույսի արագությունն է։ Բայց բոլորը չէ, որ զանգված ունեն։ Ֆոտոններն, օրինակի համար, այսինքն՝ մասնիկները, որոնցից բաղկացած է լույսը (ինչպես նաև էլեկտրամագնիսական ա՛յլ ճառագայթումները, ինչպիսիք են, օրինակի համար X ճառագայթները, γ ճառագայթները և ռադիոալիքները), զանգված չունեն։ Այս ''մասնիկներն'', ուրեմն, կարո՞ղ են սլանալ լույսից ավելի արագ։ Ցավոք ո՛չ։ Բոլոր մասնիկները, որոնք զանգվածից զուրկ են, կամ ավելի ճիշտ է ասել, որ զրոյական զանգված ունեն հանգիստ վիճակում, կարող են շարժվել միայն և բացառաբար լույսի արագությամբ։ Հետևաբար, լույսից ո՛չ ավելի արագ, բայց ո՛չ էլ ավելի դանդաղ։ Զանգված չունեցող մասնիկները երբեմն անվանվում են «լուքսոն»ներ, այսինքն՝ «առարկաներ, որոնք շարժվում են լույսի արագությամբ»։

Սա նշանակում է, որ ուղղակի ոչինչ գոյություն չունի՞, որ կարող է գերազանցել լույսի արագությանը։ Կա մի հնարավորություն, որը սակայն սոսկ տեսական է և ոչ մի գիտական հիմնավորում չունի։ Սեղմ հարաբերականության տեսությունն, արդարև, կատեգորիկ կերպով չի բացառում գերլուսային (սուպերլումինալ, այսինքն՝ լույսից ավելի արագ) մասնիկների գոյությունը, բայց խոսքը վերաբերվում է վիրտուալ մասնիկների, որոնք ի հայտ են գալիս տեսությունը նկարագրող հավասարություններից, երբ դրանց մեջ ներմուծվում են երևակայական թվեր։ Այդ մասնիկներին տրվել է «տաքիոն»ներ անունը, որ նշանակում է «արագ շարժվող առարկաներ» (հունարեն «takhýs» ածականից, որ նշանակում է «արագ»)։ «Տաքիոն»ները պետք է որ կարողանային շարժվել միայն և բացառաբար լույսից ավելի մեծ արագությամբ, ուստի, տվյալ դեպքում, երբե՛ք ավելի դանդաղ։ Զանգված ունեցող ողջ մատերիան, մինչդեռ, ինչպես տեսանք՝ միշտ շարժվում է լույսից առավել նվազ արագությամբ, հետևաբար՝ մաս է կազմում ''մարմինների'' այն դասակարգին, որը կարող էինք անվանել «բրադիոն»ներ, այսինքն՝ «դանդաղ շարժվող առարկաներ» (հունարեն «bradus» ածականից, որ նշանակում է «դանդաղ»)։ Այընշթայնի տեսության համաձայն, ուստի, հնարավոր չէ խզել լույսի արագության սահմանագիծը, ո՛չ այս կողմից, ո՛չ էլ այն կողմից։ Լույսի արագությունը հանդիսանում է, հետևաբար, մի տեսակ բաժանարար պատնեշ լույսից ավելի դանդաղ «բրադիոն»ների և լույսից ավելի արագ «տաքիոն»ների միջև։

Ասացինք, որ «բրադիոն»ները կարող են առավելագույն դեպքում հասնել լույսի արագությանը, բայց իրականում դրանք կարող են միայն հեռավոր կերպով սնուցել այդ երազը։ Այընշթայնի հավասարություններն, հիրավի, նախատեսում են (կարևորագույն է այս կետի ըմբռնումը), որ նյութական մարմնի շարժման արագության աճին ուղիղ համեմատական կերպով աճում է նրա զանգվածը, մինչև կհասնի այն կետին, որ կունենա անսահմանափակ զանգված, եթե հասնի լույսի արագությանը։ Արդ, քանի որ անսահմանափակ զանգված ունեցող մարմնին հրելու համար հարկավոր կլինի նույնքան անսահմանափակ մի ուժ, և քանի որ անսահմանափակ հզորություն ունեցող ուժ արտադրելու համար հարկավոր կլինի անսահմանափակ քանակի էներգիա (որը Տիեզերքում գոյություն չունի), ահա՛ հասնում ենք գիտական եզրակացությանը, որ նյութական ոչ մի մարմին երբևէ չի կարող հասնել լույսի արագությանը։ Համաչափ կերպով, «տաքիոն»ները, որ ճախրում են մի ա՛յլ ''աշխարհում'', երբեք չեն կարող դանդաղեցնել իրենց ընթացքը մինչև լույսի արագությանը հասնելը, որովհետև իրենց դեպքում հարկավոր կլինի անսահմանափակ հզորության մի ուժ իրենց ընթացքը կասեցնելու, արգելակելու համար։

Այդ «տաքիոն»ներին առայժմ ոչ ոք չի տեսել և ամենայն հավանականությամբ ոչ ոք երբևէ չի տեսնելու, բայց եթե նույնիսկ մի օր բացահայտվելու լինեն, կտեսնենք, որ խոսքը վերաբերվում է մասնիկների, որոնք ո՛չ միայն չեն կարող շարժվել լույսից ավելի դանդաղ արագությամբ, այլ ընդհակառակն՝ նրանց արագությունն աճում է այնքան, որքան նվազում է նրանց ունեցած էներգիան, մինչև այն կետին հասնելը, որ եթե նրանց էներգիան հավասարվի զրոյի (կամ գրեթե), նրանց արագությունը կդառնա անսահմանափակ (կամ գրեթե)։ Դրանք, ինչպես ասացինք, ստացվում են, երբ Այընշթայնի հարաբերականության տեսությունը նկարագրող հավասարությունների մեջ ներմուծվում են երևակայական թվեր, որոնք թվեր են, որ գոյություն չունեն իրական թվերի շարքում, այնպես՝ ինչպես գոյություն չունի մի բացասական թվի քառակուսի արմատը։

Ինչ որ մի թվի քառակուսի արմատը, ինչպես բոլորը գիտեն, տալիս է մի ա՛յլ թիվ, որը քառակուսի աստիճանի բարձրացվելու դեպքում որպես արդյունք տալիս է այն թիվը, որ գտնվում է արմատի տակ։ Չորսի քառակուսի արմատը, օրինակի համար, երկու է, որովհետև երկուսի քառակուսին հավասար է չորսի։ Բայց չկա մի թիվ, որը քառակուսի աստիճանի բարձրացվելու դեպքում որպես արդյունք կտա մի բացասական թիվ, հետևաբար, օրինակի համար, նվազ չորսի (-4) քառակուսի արմատը գոյություն չունի։ Այսուհանդերձ, սակայն, եթե այս բացասական թվի քառակուսի արմատը բաժանենք երկու մասի՝ նվազ մեկի (-1) քառակուսի արմատին և չորսի քառակուսի արմատին, և նվազ մեկի քառակուսի արմատն անվանենք «i», այսինքն՝ երևակայական թիվ, այդ դեպքում նվազ չորսի քառակուսի արմատը որպես արդյունք կտա «2i» թիվը, որը գոյություն չունի իրական թվերի շարքում։

«Տաքիոն»ները, հետևաբար, երևակայական զանգված ունեցող առարկաներ են և կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ նրանց հատկությունները հակառակն են այն հատկությունների, որոնք ունեն իրական զանգված ունեցող առարկաները, որոնց հետ սովոր ենք գործ ունենալ։ Եթե, օրինակի համար, «տաքիոն»ներին հրենք, նրանք արագացնելու փոխարեն կդանդաղեցնեն իրենց ընթացքը։ Հետևաբար, եթե նրանց հաղորդվի անսահմանօրեն հզոր մի հրում, նրանց արագությունը կիջնի մինչև լույսի արագության սահմանը։ Իսկ եթե «տաքիոն»ը թուլացվի՝ նրանից էներգիա խլելով, նրա արագությունը կաճի մինչև անսահմանափակ արագության հասնելը։

Արդեն տեսանք, որ այսպես կոչված «տաքիոն»ները մաթեմատիկական կեղծ խաղի արդյունքն են և ամենայն հավանականությամբ գոյություն չունեն, բայց ''գիտնականները'' միևնույնն է, շարունակում են փնտրել դրանք, չնայած իրենք էլ սակավաթիվ հույսեր են տածում դրանց գտնելու հարցում։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ մի հեռավոր օր կհաջողվի բացահայտել այդ «տաքիոն»ներին, ի՞նչ կերպ կկարողանանք գործածել դրանք լույսի արագությունից ավելի բարձր արագությամբ շարժվել կարողանալու համար։ Անշուշտ հնարավոր չի լինի կանգնեցնել դրանցից մեկին, մարդուն հեծնել տալ դրա ուսին և ճանապարհ դնել Անդրոմեդայի գալակտիկայի ուղղությամբ։ Ուրե՞մն։

Տեսական հարթության վրա (ասում են ոմանք) թերևս գոյություն ունի դրանք գործածելու մի ձև՝ նյութական (մատերիալ) մարմիններ տեղափոխելու համար։ Բոլորը գիտեն, որ հնարավոր է փոխակերպել մատերիան էներգիայի և հակառակը, մի օրենքի համաձայն, որը նույնպես բխում է հարաբերականության տեսությունից։ Եթե կամենանք արտահայտել սա մաթեմատիկական հավասարության բանաձևով, դա կլինի հետևյալը. «E=m.c²», ուր «E»ն էներգիան է, իսկ «m»ը՝ զանգվածը. «c²»ը դա կայուն թիվ է, որի վիթխարի արժեքը համապատասխանում է լույսի արագության քառակուսուն։ Այս օրենքը հաստատում է, որ հարկավոր է վիթխարի քանակի էներգիա՝ մատերիայի չնչին մի քանակ ստանալու համար։

Իրոք, մարդն այսօր ի վիճակի է էներգիայի, այսինքն՝ ֆոտոնների փոխակերպելու ենթաատոմային (սուբատոմիկ) մասնիկները, ինչպիսիք են էլեկտրոններն ու պրոտոնները, ինչպես նաև ի վիճակի է հակառակ գործողությունը կատարելու, այսինքն՝ ֆոտոնները փոքրիկ զանգված ունեցող մասնիկների փոխակերպելու։ Ի զորու չէ, սակայն, էներգիայի փոխակերպելու նյութական մեծազանգված մի առարկա, ո՛չ էլ ի վիճակի է գործածելու էներգիայի վիթխարի մի քանակություն՝ մեծ չափսի առարկաներ ստանալու համար (էներգիայի վիթխարի քանակությունը սանձելն ու գործածելը մարդու ուժերից վեր բան է, ներկայումս այն միայն մահ ու ավերածություն է սփռում, ինչպես գրանցվում է ատոմային պայթյունների ժամանակ)։ Փաստն այն է, որ նրանք, ովքեր ավելի երևակայությամբ են աշխատում, քան թե գիտական կոնկրետ փաստերով, երևակայում են, թե մի օր մարդկությունն ի զորու կլինի հասնելու այս նպատակին, և եթե կկարողանա նյութական առարկաները փոխակերպելու ֆոտոնների, թերևս հնարավոր կլինի նաև նյութական առարկաները փոխակերպելու «տաքիոն»ների (որոնք, սակայն, ինչպես տեսանք, երևակայական մասնիկներ են)։

Այդպիսի դեպքում, ասում են, – Voilà! – խաղն ավարտված է։ Հնարավոր կլինի (իբր) վերցնել նյութական որևիցէ մի մարմին (նույնիսկ մարդուն, ասում են), փոխակերպել էներգիայի, այսինքն՝ տաքիոնական լույսի, և մեծ արագությամբ առաքել դեպի տիեզերք, ասենք՝ Անդրոմեդայի ուղղությամբ, որն այդպիսի դեպքում հասանելի կլինի սակավաթիվ րոպեների ընթացքում։ Ապա, տեղ հասնելով, տաքիոնական լույսն իր հերթին կկարողանա կրկին փոխակերպվել մատերիայի։ Երևակայական խոսքեր շաղ տալով ամեն բան շատ հեշտ է թվում, բայց գիտությունը սոսկ խոսքերի վրա չի հիմնվում։ Այն, ինչը նման մարդիկ երևակայում են, ներկայումս կարող ենք դիտել գիտաֆանտաստիկ ֆիլմերում կամ ընթերցել նմանատիպ հեքիաթային վեպերում, բայց չենք կարող ստանալ իրականության մեջ։

Այս երևակայությունների տեսադաշտից վրիպում են գոնե երկու կետ (ինչպես շատ հաճախ է պատահում իրենց մոտ). եթե նույնիսկ երկրագնդի վրա մի օր կառուցվի մի գործիք, որը կկարողանա տաքիոնական լույսի փոխակերպել նյութական առարկաները և այն ճառագայթել դեպի Անդրոմեդայի գալակտիկան (կրկնենք, 2,5 միլիոն լույսի տարի հեռավորության վրա) կամ ուրիշ որևիցէ մի հեռավոր կետ տիեզերքում, անհրաժեշտորեն հարկավոր կլինի, որ ժամանման կետում արդե՛ն տեղադրված լինի մի ուրիշ գերզարգացած գործիք, որի միջոցով հնարավոր կլինի այդ տաքիոնական լույսը կրկին փոխակերպել մատերիայի։ Ինչպես նաև հարկավոր է, որ էներգիան կրկին մատերիայի փոխակերպելիս կրկին ստացվի այն նույն առարկան, որը սկզբում փոխակերպվել է էներգիայի. օրինակ՝ հանկարծ այնպես չպատահի, որ Երկրից ձմերուկ ուղարկենք, իսկ Նեպտունի վրա աթոռ ստանան, կամ Երկրից տիեզերագնաց ուղարկենք, իսկ Սատուրնի վրա խոզ ստանան։ Գոնե մի քիչ լուրջ մտածողություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ խոսքը լիակատար ցնորամտության մասին է։

Ավելին, նույնիսկ եթե այսպես կոչված «տաքիոն»ներն իրականում գոյություն ունենան և մի օր բացահայտվեն, համենայն դեպս՝ գործնական գետնի վրա ամենաաղոտ կերպով անգամ գաղափար չունենք, թե ինչպես հնարավոր կլինի փոխակերպել դրանք մատերիայի և հակառակը։ Անկասկածելի է, մինչդեռ, որ գործողությունն արդյունավետ լինելու համար՝ փոխակերպումը պետք է տեղի ունենա առարկայի ամբողջության վրա միաժամանակ, այսինքն՝ ակնթարթորեն, առարկայի ամբողջ զանգվածը միևնույն պահին պետք է փոխակերպվի մաքուր էներգիայի, մի բան, որ անհնարին է իրականացնել (դրա համար Մերլինի կախարդական փայտիկն է հարկավոր)։ Բավական կլիներ մի քանի միկրովայրկյանի տարբերությունը, և կտեսնեինք, թե ինչպես են տվյալ առարկայի կամ մարմնի մի մասի «տաքիոն»ները մեկնում, իսկ մնացած մասը մնում է տեղում, հետևանքներով, որոնք կարելի է հեշտորեն պատկերացնել։ Օրինակ, մարդու մարմինը տեղափոխելու դեպքում, սկսելով վերևից, «տաքիոն»ների կվերածվեր և դեպի տիեզերք կճառագայթվեր նրա ուղեղը, իսկ երկրի վրա կմնար նրա այլևս անուղեղ դարձած մարմինը։ Արդյոք սա՞ է տեղի ունենում արդեն ոմանց հետ։ Ինչպես իրենք են ասում, ամեն բան հնարավոր է, չէ՞։

Փորձագետների համաձայն, եթե «տաքիոն»ներն իսկապես գոյություն ունեն, պետք է գոյություն ունենա նաև մի հատուկ միջավայր, որի ներսում դրանք շարժվում են, որովհետև «բրադիոն»ներին հատուկ միջավայրն իրենց համար հարմար չէ։ «Տաքիոն»ներին թռիչք հաղորդելու համար, – ասում են ֆիզիկոսները, – անհրաժեշտ կլինի քառաչափ տարածություն, այնպես՝ ինչպես օդանավերի թռիչքի համար անհրաժեշտ է եռաչափ տարածությունը (երկչափ տարածությունը օդանավերի համար բավական չէ, մինչդեռ բավական է ինքնաշարժերի համար)։ Այդ երևակայական քառաչափ տարածությունն անվանվում է «հիպերտարածություն»։ Հասկանալու համար, թե խոսքն ինչի մասին է, դիմենք մի օրինակի օգնությանը։

Պատկերացնենք մի մեքենա (մի կետից ո՛չ ավելի մեծ), որը կարող է շարժվել մեկ միակ գծի երկարությամբ և որ չի կարող դուրս գալ այդ հարկադիր վազքուղուց։ Այդ մեքենան նման կլինի մի գնացքի, որը կարող է գնալ մի կայարանից մինչև մյուսը, բայց երբեք չի կարող դուրս գալ երկաթգծից։ Նրա վազքուղին սահմանվում է իբրև միաչափ տարածություն, որովհետև նրա վրա առարկայի դիրքը հնարավոր է սահմանել միայն մի թվով։ Գնացքի դեպքում, օրինակի համար, նրա դիրքը ճշգրիտ կերպով ճանաչելու համար բավական կլինի ասել, որ գտնվում է «Ա» կայարանից 240 կմ հեռավորության վրա։

Այժմ պատկերացնենք, որ մեր գնացքը «Ա» քաղաքից դեպի «Բ» քաղաք գնալու համար պետք է ոլորապտույտ ճանապարհով անցնի և որ «Ա»ն և «Բ»ն իրականում շատ մոտիկ են միմյանց, այն աստիճան, որ եթե հնարավոր լիներ դուրս գալ երկաթգծից, «Ա»ից «Բ»ին հասնելու համար հարկավոր կլիներ ընդամենը 10 րոպե ժամանակ։ Երկաթգծից դուրս գալ՝ նշանակում է միաչափ տարածությունից անցում կատարել երկչափ տարածության։

Երկչափ տարածություն է, օրինակի համար, Երկրագնդի մակերեսը. խոսքը վերաբերվում է, այսինքն, մի տարածության, որի մեջ մի կետի դիրքը սահմանվում է երկու թվով։ Երկրագնդի մակերեսի վրա ինչ որ մի կետի դիրքը որոշելու համար կարիքն ունենք, արդարև, միջօրեականների և զուգահեռականների աստիճաններին։ Նման մակերեսի վրա հնարավոր է ավելի ազատորեն շարժվել և ավելի արագ հասնել ցանկացած նպատակակետի, ինչը որ անհնարին է միաչափ տարածության մեջ։

Արդ, եթե տեղափոխվում ենք օդային տարածքներ, այսինքն՝ մտնում ենք եռաչափ տարածության մեջ, կարող ենք շատ ավելի բարձր արագություններ զարգացնել։ Օդանավը կարող է թռչել ավելի քան 1.000 կմ/ժ արագությամբ, իսկ հրթիռը կարող է մինչև իսկ 10.000 կմ/ժ արագությունը գերազանցել (որոնք, համենայն դեպս, մնում են իբրև «խխունջային» արագություններ, եթե համեմատում ենք լույսի 300.000 կմ/վ արագության հետ)։ Անցնելով, ուստի, երկչափ շարժումից եռաչափ շարժմանը, նպատակակետը հասանելի է դառնում շատ ավելի արագ կերպով։

Թերևս, ասում են, ևս մի աստիճան բարձրանալով արագությունը կկարողանար է՛լ ավելի աճել, մինչև որ գրեթե անսահմանափակ կդառնար։ Բայց քառաչափ տարածությունը (ո՛չ թե եռաչափը, որին գումարվում է ժամանակը, ինչպես հուշում է Այընշթայնի սեղմ հարաբերականությունը, այլ՝ բոլոր չորսն էլ տարածքային իմաստով, որոնց կարելի է նաև գումարել ժամանակը, որպես հինգերորդ հասկացողություն), այն տարածությունը, որն անվանում են «հիպերտարածություն», առայժմ գոյություն ունի միայն անսահմանափակ երևակայությամբ օժտված մի քանի մարդկանց ուղեղում (կամ գանգում, որովհետև ուղեղը վերածվել է «տաքիոն»ների և արդեն ճանապարհ է ընկել Անդրոմեդայի ուղղությամբ)։ Մաթեմատիկոսներն, այդուհանդերձ, ուսումնասիրում են հարցը և նույնիսկ նկարագրում են դրա երկրաչափական հատկությունները, բայց խոսքը վերաբերվում է սոսկ տեսական ուսումնասիրությունների, որոնք հիմնվում են սոսկ «դիցուկ»ների վրա։

«Տաքիոն»ներն ու «հիպերտարածություն»ը իրականում գոյություն չունեն և հետևաբար գոյություն չունի նաև լույսից ավելի արագ շարժվելու հնարավորությունը։ Գոյություն չունի նաև լույսի արագությամբ շարժվելու հնարավորությունը, քանի որ, ինչպես տեսանք, Այընշթայնի հարաբերականության տեսության համաձայն՝ որքան ավելանում է շարժման արագությունը, այնքան ավելանում է շարժվող մարմնի նյութական զանգվածը։ Նույնիսկ եթե մի պահ մոռանանք փաստը, որ այդպիսի վիթխարի զանգված ունեցող մարմինը տիեզերքում հրելու և հնարավոր բախումներից խուսափելու համար չունենք հարկավոր անսահմանելիորեն վիթխարի էներգիան, եթե մի տիեզերագնացի այդպիսի արագությամբ ճանապարհ դնենք դեպի տեզերքի մի որևէ կետը, տեղ կհասնի ո՛չ թե տիեզերագնացը, այլ՝ տիեզերագնացի անշունչ մարմինը, որ վերածված կլինի, ասենք, աղացած մսի կոլոլակի, կամ այն ծեծված-տափակացված կոտլետներին, որոնք տեսանելի են ֆաստ-ֆուդի համբուրգերներում։ Ուստի որքա՜ն ծիծաղելի է, երբ աթեիստական որոշ կայքերում կամ ֆեյսբուքյան էջերում հանդիպում ենք տիեզերական հեռավոր տարածությունների ու գերզարգացած տիեզերանավերի երևակայական, սոսկ մտացածին պատկերների, որոնց ընկերանում են, օրինակ, այսպիսի արտահայտություններ (սրտաճմլիկ հոգոցներով հանդերձ). «Արդյոք որտե՜ղ կլինեինք հիմա, եթե կրոնը խոչընդոտած չլիներ գիտության զարգացմանը»։ (Արտահայտություններ, որոնք գիտության բոլոր ճյուղերին հակասելուց բացի, հակասում են հատկապես պատմագիտությանը)։

Նման ցնորամտություններով զբաղվելու փոխարեն լավ կլիներ, որ մարդիկ գոհանային սեփական ոտքերով 1 մ/վ արագությամբ քայլելով և, Անդրոմեդայի գալակտիկայի փոխարեն, ճանապարհ ընկնեին դեպի իրենց նմանները, իրենց մերձավորները, իրենց ընտանիքներն ու իրենց հայրենակիցները։ Մերձավորների նկատմամբ սիրո պարտավորությունները մոռացության մատնելու համա՞ր է արդյոք, որ ոմանք իրենց հուսահատ հայացքն ուղղում են դեպի տիեզերքի անհասանելի խորքերը։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։