
ՋՈՆ ԶՈՒՀՈՆ
Մեզ շատ դուր եկան ամերիկացի աստղաֆիզիկոս, հեղինակավոր Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի դասախոս Ջոն ԶուՀոնի մտորումները, ուստի ցանկացանք կիսվել դրանցով։
Huffington Post-ի լրագրողին տված հարցազրույցում նա խոսել է գիտնականի և քրիստոնյայի իր փորձառության մասին. «Ես ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկոս եմ և նաև Հիսուս Քրիստոսի հետևորդ։ Գրեթե ողջ կյանքիս ընթացքում ես թե՛ հիացած եմ եղել գիտությամբ, թե՛ հավատացել եմ Աստծուն»։
«Քրիստոնեական հավատքը», շարունակել է ԶուՀոնը, «մեծապես կարևորում է բանականությունը, հետազոտությունը և գիտությունը։ Սուրբ Պողոսը, օրինակ, ասում է. “Ամեն ինչ փորձեցե՛ք և բարին պինդ բռնեցե՛ք” (1Թղ 5, 21)։ Սաղմոսերգուն ասում է. “Երկինքը պատմում է Աստծո փառքը, և հաստատությունը հռչակում է Նրա ձեռքի գործերը։ Օրը օրվան հաղորդում է խոսքը, և գիշերը գիշերվան հայտնում է գիտությունը։ Չկան լեզուներ և չկան խոսքեր, որոնց ձայնը չլսվի” (Սղմ 19)»։
Ահա՛ թե ի՛նչ է ասում այս ամենը ամերիկացի աստղաֆիզիկոսին որպես քրիստոնյայի. «Աստված ինձ խոսում է թե՛ Իր խոսքի՝ Սուրբ Գրքի միջոցով, և թե՛ բնության միջոցով, և ես կարող եմ բացահայտել ճշմարտությունը՝ ուսումնասիրելով երկուսն էլ։ Իմ սահմանափակությունն ու եսակենտրոնության հակումը նշանակում են, որ իմ ըմբռնումը միշտ անկատար է լինելու։ Այսպիսով, եթե հակասություն եմ գտնում Սուրբ Գրքի և բնության միջև, դա հավանաբար նշանակում է, որ ես սխալ եմ հասկացել Սուրբ Գիրքը, կամ գուցե սխալ եմ ուսումնասիրել այն, ինչ բնությունն է փորձում ինձ ասել, կամ էլ երկուսը միասին։ Օրինակ, եթե փաստերը հստակ ցույց են տալիս, որ տիեզերքը ծնվել է միլիարդավոր տարիներ առաջ, դա նշանակում է, որ ես պետք է ա՛յլ կերպ մեկնաբանեմ Ծննդոց գրքի առաջին գլուխը»։
Այս դատողությունը շատ պարզ է ու տպավորիչ և անշուշտ կարող է օգնել շատերին՝ խորհել գիտական աշխարհի հանդեպ իրենց վստահության պակասի շուրջ։ Պրոֆեսոր ԶուՀոնը ապրում է բողոքական միջավայրում և անկասկած ավելի շատ անմիջական փորձ ունի այնպիսի միջավայրերի հետ, որոնք կանխակալ վախով են վերաբերվում գիտական հետազոտություններին, մինչ կաթոլիկ աշխարհում դրանք ոչ մի խնդիր չեն առաջացնում։
Նրա խոսքերը նաև հիշեցնում են կարդինալ Ռոբերտո Բելլարմինոյի (1542-1621) մտորումները։ Վերջինս Գալիլեո Գալիլեյի առաջին դատավարության պատասխանատու հայտնի եկեղեցականն էր, ում մտածողությունը պարադոքսալ կերպով «ավելի գիտական» էր, քան հենց պիզացի հետազոտողինը (ով նաև Բելլարմինոյի անձնական ընկերն էր)։ Այսպես, 1615 թվականի Ապրիլի 12-ին նա գրել է Հայր Ա. Ֆոսկարինիին.
«Ասում եմ, որ եթե լիներ իսկական ապացույց, որ Արեգակը գտնվում է տիեզերքի կենտրոնում, իսկ Երկիրը՝ երրորդ երկնքում, և որ Արեգակը չի պտտվում Երկրի շուրջը, այլ՝ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, ապա այնժամ պետք կլիներ մեծ զգուշությամբ մեկնաբանել այն Սուրբ Գրությունները, որոնք հակառակն են թվում, և ավելի շուտ ասել, որ մենք չենք հասկանում դրանք, քան թե ասել, որ սխալ է այն, ինչն ապացուցված է։ Բայց ես չեմ հավատա, որ նման ապացույց կա, քանի դեռ այն ինձ ցույց չեն տվել»։
Այսինքն՝ առանց ապացույցի գիտությունը չի կարող հաստատվել որպես ճշմարտություն, իսկ ապացույցի դեպքում պետք է հավատալ դրան և բարելավել Սուրբ Գրքի մեր մեկնաբանությունը (քանի որ այն գիտական գիրք չէ և չի էլ հավակնում այդպիսին լինել)։
Վերադառնալով ամերիկացի գիտնականի խոսքերին՝ նրա եզրակացությունը հետևյալն էր. «Աստված Եսայի Մարգարեի միջոցով ասում է. “Եկե՛ք և միասին քննարկենք” (Ես 1, 18)։ Հավատում եմ և հույս ունեմ, որ պատասխանելով Աստծո այս կանչին, – այն Աստծո, Ով հանձինս Հիսուս Քրիստոսի մեռավ և հարություն առավ իմ մեղքերի համար, – Նա ինձ կտա այն ըմբռնումը, որն ինձ անհրաժեշտ է ո՛չ միայն ավելի լավ գիտնական, այլ նաև՝ Նրա ավելի լավ հետևորդ լինելու համար»։
(Աղբյուր՝ http://www.uccronline.it/2015/11/09/lastrofisico-john-zuhone-la-fede-cristiana-ama-la-ragione-e-la-scienza/ )