1. Անապատում ապրված Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

1. Անապատում ապրված Ավետարանը

Անապատի Հայրերի եզակի նախաձեռնությունը
 
Սուրբ Աթանասի գրչին պատկանող «Վարք Անտոնի» կենսագրությունում է, որ ակնհայտ երևում է նախաձեռնության նորությունը, այդ չլսված դեպքը, որ է՝ քրիստոնյա միայնակյացների ելքը անապատ: Մինչև այդ օրերը, միանձներն ու ճգնավորները ապրում էին քաղաքներում ու գյուղերում, կամ էլ` դրանց անմիջական մոտակայքում: Եգիպտոսում, հազիվ թե մի քիչ հեռանում ես բնակված ու մշակված վայրերից, իսկույն հայտնվում ես անապատում. բայց խոսքը վերաբերվում է «մոտակա անապատին», «արտաքին անապատին», կարելի է ասել` անապատի ափին, եթե համեմատելու լինենք «մեծ անապատի», «ներքին անապատի», «ամբողջական անապատի» հետ: Այս զանազանությունը շարունակ ներկայանում է այդ դարաշրջանի վանական գրականության մեջ: Առաջին երեք դարերի ընթացքում, այն քրիստոնյաները, որ հրաժարվում էին ամուսնությունից, հոգևոր խիտ կյանք ապրելու համար, մնում էին իրենց գյուղի մոտակայքում, որոշ հաղորդակցություն պահպանելով իրենց ազգականների ու բարեկամների հետ, պահպանելով իրենց ունեցվածքների գոնե մի մասը` ապահովելու համար իրենց ապրուստը: Մի գեղեցիկ օր, Անտոնը և ուրիշներ (ոմանք թերևս իրենից առաջ), իրենց ներշնչված են զգում թողնելու ամեն բան և մեկնելու դեպի ներքին անապատի արկածախնդրությունները, կտրել անցնելով հարյուր կամ երկու հարյուր կիլոմետր, մինչև որ կգտնեին հարմար մի վայր, ուր հնարավոր կլիներ ապրել առանց որ մեկը գար երբևէ խանգարելու կամ տաղտկացնելու: Անտոնը մեկնում է Նեղոսի հովտից դեպի արևելք և բնակություն է հաստատում Քոլզուն լեռան ստորոտին, Կարմիր ծովից մոտ տասնհինգ կիլոմետր հեռու: Ամոնը և Մակարը դելտայից ուղղվում են դեպի հարավ` հաստատվելու համար առաջինը Նիտրիայում և ապա Քելիայում, իսկ երկրորդը՝ դե՛ռ ավելի հարավ` Սկիտեում, այժմվա Վադի Էլ Նատրունում: Բոլորն էլ դեպի անապատ են մեկնում վճռականորեն, առանց վերադարձի մասին մտածելու, այնտեղ ապրելու և այնտեղ մահանալու նպատակով. ապրել միմիայն Աստծո համար, քանի որ մահանում էին իրենք իրենց և աշխարհին, մարդկանց և առարկաներին: Սա՛ է գլխավոր իրադարձությունը, որ տեղի է ունեցել 4րդ դարի սկզբնավորությանը և որ նկատելի ազդեցություն է թողել Եկեղեցու և քրիստոնեական հոգեկանության հետագա պատմության վրա:
 
Վիթխարի տարողության իրադարձություն
 
Այս նոր իրականությունը, որ տեղի էր ունեցել առանց աղմուկ հանելու, կարող էր և պետք է որ ինքնըստինքյան անցներ աննկատ և այդպիսին էլ մնար: Այն սակավաթիվ անհատները, որ փախչում էին իրենց նմանների միջավայրից, քաղաքական կարևոր անձնավորություններ չէին և ո՛չ էլ եկեղեցական պաշտոնյաներ: Անտոնը ուսումներ չունեցող աշխարհական էր, Մակարը՝ մի նախկին ուղտապան, որ սպասավորում էր իր գյուղի եկեղեցում, Ամոնը ամուսնացած էր, բայց կնոջ հետ ապրում էր ժուժկալության մեջ: Անշուշտ, նրանց առաքինություններն արդեն իսկ փայլում էին հարևան մարդկանց աչքերի առաջ և, մյուս կողմից, հենց գովասանքներից ու մարդկային փառքից խուսափելու համար է, որ փախչում էին աշխարհից: Բայց հետո, անապատի խորքում մեկընդմիշտ թաղվելով, թվում է, թե ոչինչ չպետք է կարողանար նրանց կրկին դուրս բերել արևի լույսի տակ: Եվ սակայն, ահա՛ շուտով ճանաչվում են ամենուր, ո՛չ միայն Եգիպտոսում, այլ՝ Միջերկրականի բոլոր երկրներում: Ահա՛ թե ինչ է գրում Աթանասը Անտոնի մասին, վերջինիս մահից մի քանի տարի հետո, որ տեղի էր ունեցել 356 թվականին. «Ինչպե՞ս է, որ մինչև Սպանիա, Գաղիա, Հռոմ և ամբողջ Աֆրիկայով մեկ խոսվում է այս մարդու մասին, որ ծածուկ ապրում էր մի լեռան լանջին: Ինչպե՞ս կարող էր սա պատահել, եթե Աստված Ինքը չհռչակեր նրան, Աստված, որ ամենուր փառավորում է Իր մարդկանց [...] : Թեև այս անձինք ապրում են ծածուկ և կամենում են անծանոթ մնալ, Տերը նրանց դնում է բոլորի առաջ որպես լուսատու ջահ [...] »[1]:
Պատմաբաններն իրենց բոլոր ուժերը գործի են դնում` բացատրելու համար Անտոնի և իր նմանների այս արտասովոր ճառագայթումը: Յուրաքանչյուր անշահախնդիր քննարկման համաձայն՝ անժխտելի փաստ է, որ սկզբից ի վեր վկայում է դեպի անապատ այս ելքի զուտ քրիստոնեական նկարագրին: Այն, ինչը որ կարող էր նկատվել որպես եկեղեցային հասարակության լքում, մի դավաճանություն կամ դասալքում, մի չափազանցություն կամ ուղղակի շեղում և մոլորում, ընդհակառակն` դարձել է հիացումի ու գովասանքի առարկա, մեծարվել է որպես առաքինության ու սրբության գագաթնակետ: «Վարք Անտոնի» կենսագրությունը շարադրելով և հրատարակելով, Ալեքսանդրիայի Պատրիարք և վիթխարի աստվածաբան Աթանասն իր իսկ հեղինակության կնիքով վավերացնում է այդ եզակի բարենորոգումը: Աշխարհի ամեն ծայրերից մարդիկ ուղղվում են դեպի Եգիպտոսի անապատները, ուխտագնացության են գնում միևնույն ջերմեռանդությամբ, որով որ այցելում են Պաղեստինի սուրբ վայրերը, ամենուր տարածվում են Անապատի Հայրերի վերաբերյալ պատմությունները, նրանց խոսքերն ավանդվում են միևնույն եռանդով, որով որ քարոզվում է Ավետարանը: Ողջ այս շարժման մեջ կարող ենք նշմարել ո՛չ միայն համայն քրիստոնյա ժողովրդի կողմից Անապատի Հայրերի սրբադասումը, այլ նաև՝ նրանց կյանքի լռաձայն հասկացված վավերացումը, վավերացում այն ամեն ինչի, որն էական է նրանց կյանքում, նրանց դեպի անապատ քաշվելու մեջ, մի բան, որի սկիզբն էին նրանք հանդիսանում:
 
Անապատ քաշվելու իմաստը
 
Ակնհայտ է, որ անապատի այս առաջին բնակիչները նմանօրինակ համբավ չէին ստանա, եթե իրենց նմանների ընկերությունից փախչեին կռվազանությամբ ու մարդատյացությամբ: Նրանց մեծարում էին «Աստծո ընկերներ» տիտղոսով, և սա ասում է ամեն բան: Տակավին Աթանասն է, որ այս տողերը գրում է Անտոնի վերաբերյալ. «Փաստը, որ ամենուր խոսվում է նրա մասին, որ ամենուր բոլորը նրանով հիանում են, և որ նաև նրանք, ովքեր չեն տեսել նրան, հավասարապես սիրում են նրան, նշանն է նրա առաքինության և Աստծո հանդեպ ունեցած նրա սիրո: Ո՛չ թե շարադրված հատորները, ո՛չ թե աշխարհային իմաստությունը, ո՛չ էլ որևէ մի ա՛յլ հնարք, այլ՝ միմիայն Աստծո սերը հռչակավոր դարձրեց Անտոնին»[2]: Երբ հասավ անապատ, Անտոնը ո՛չ միայն քրիստոնյա էր, այլ՝ արդեն իսկ ամենաջերմեռանդներից մեկն էր, նվիրած լինելով կյանքը ողջախոհությանն ու հոգևոր արմատական կյանքին: Քրիստոսի բազմաթիվ ուրիշ աշակերտների նման, որ փափաքում էին շատ ավելի մոտիկից հետևել իրենց Ուսուցչին, վճռականորեն հրաժարվել էր ամուսնությունից՝ չունենալու համար ուրիշ որևիցէ մի մտահոգություն, եթե ո՛չ միայն՝ Տիրոջը հաճելի լինելու և անբաժան սրտով Նրան պատկանելու կամքը: Մի օր Հիսուսի խոսքերը լսելով. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքներդ [...] , ապա ե՛կ և հետևի՛ր ինձ», Անտոնը որոշում է լքել ամեն բան և մեկնել[3]: Չէր փոխում կյանքի իր ծրագրերը. պարզապես կամենում էր իրագործել այդ ծրագրերը հնարավոր ամենալիակատար կերպով, գնալով ապրելու ամենաամայի անապատում, բացարձակ մենության ու լռության մեջ: Արդեն իսկ կարող էր արտահայտել այն պատվիրանը, որ ավելի ուշ չէր դադարելու կրկնել իրեն այցելության եկողներին. «Աշխարհի մեջ գոյություն ունեցող ոչ մի բան չպետք է գերադասվի Քրիստոսի սիրույն»[4]:
Միայնակյացը խորանում է անապատի մեջ` աշխարհից, հարստություններից, երկրային հաճույքներից և մարդկային փառքից իր հրաժարումը կատարելագործելու համար: Նա վերջնականորեն հրաժարվում է աշխարհի բեմի վրա որևէ դեր խաղալուց, միակ դիտավորությամբ` գոյություն ունենալու միմիայն Աստծո հայացքի առաջ: Սա կապերի մի արմատական խզում է, մի իրական կամովին մահ, ներշնչված` «հիշատակից այն սիրո, որը մեր՝ մարդկանցս հանդեպ ցուցաբերեց Աստված, չխնայելով Իր Որդուն, այլ՝ պարգևելով Նրան մեր բոլորիս համար»[5]: Թեև անապատում ապրելու հստակ հրավեր չկա Ավետարանում, այնուամենայնիվ՝ անապատաբնակ կյանքը հանդիսանում է որպես առանձնաշնորհյալ ընթացք` ամբողջովին իրականացնելու համար Հիսուսի կողմից քարոզված ծրագիրը, հատկապես Լեռան Քարոզի ուսուցումները, որոնցում Հիսուսն ամենայն լրջությամբ պատվիրում է գործել միմիայն «երկնավոր Հոր համար, որ տեսնում է ծածուկ կատարվածները [...] : Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (հմմտ. Մտթ 6, 4 ...): Եվ հետո, մի՞թե Հիսուսն Ինքը չէ, որ տվել է անապատական կյանքի օրինակը, և մի՞թե անապատում չէ, որ Աստծո Միածին Որդին ամենահամարձակ կերպով, Փորձիչի առաջ, արտահայտել է Հորն ընծայված Իր բացառիկ ծառայության հանդեպ Իր նախանձախնդիր հավատարմությունը: «Կերկրպագես քո Տեր Աստծուն և միմիայն Նրան կպաշտես» (Մտթ 4, 10): Միայնակյացն ուրիշ բան չէր անում բոլոր արարածներից իր փախուստով, միայնակ ապրելու համար իր Արարչի հետ. պարզապես և ամբողջապես ճանաչում էր Աստծո տիրապետությունն իր վրա և որպես Քրիստոսի ճշմարիտ աշակերտ` վկայում էր, որ Աստծո որդի լինելու հանգամանքն իրեն տալիս էր ո՛չ միայն պարտականությունը, այլ՝ նաև իրավունքը` ապրելու միմիայն Հոր հայացքի ներքո:
 
«Հոգով և ճշմարտությամբ»
 
«Հասել է պահը», ասել էր Հիսուսը, «երբ այլևս ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում եք պաշտելու Հորը: [...] Հասել է պահը, և սա՛ է, երբ ճշմարիտ երկրպագուները երկրպագելու են Հորը հոգով և ճշմարտությամբ» (Հվհ 4, 23): Այս խոսքն ամբողջովին հատուկ կերպով կարող ենք վերագրել Անապատի Հայրերին: Ինքնըստինքյան վայրը սակավ կարևորություն ունի, քանի որ խոսքը վերաբերվում է Աստծուն հոգով երկրպագելուն. բայց եթե առաջին միայնակյացները Հիսուսի նման Հոգուց մղված մեկնեցին դեպի անապատի խորքերը, պատճառն այն է, որ անապատի մեջ էին տեսնում այն ամենահարմար վայրը, ուր կարող էին երկրպագել Հորը ճշմարտությամբ: Ամեն ինչից մերկացած, անապատում ամենայն լիությամբ կարող էին ապրել Հորից որդիական իրենց ամբողջական կախվածությունը:
Բայց տակավին հարկավոր էր, այս նպատակին հասնելու համար, որ նաև ներքուստ դրվեին «անապատի վիճակում», այսինքն` նույնանային իրենց շրջապատող բնության հետ, իրագործելով իրենց ներաշխարհում դատարկությունն այն ամեն ինչից, որ կարող էր վերադարձնել իրենց, նույնիսկ պարզապես մտովին, դեպի այն աշխարհը, որ լքել էին. պետք է իրագործեին իրենց մեջ բացակայությունն այն ամեն ինչի, որ կարող էր նրանց սակավագույն չափով անգամ շեղել միմիայն Աստծո համար ապրելու որոշումից: Այստեղից էր բխում շարունակական արթնության, իմաստուն կշռադատության, անդադար ճգնության և անձանձրույթ աղոթքի անհրաժեշտությունը: Այս բոլոր տարրերն արդեն իսկ ներկա էին առաջին երեք դարերի քրիստոնեական հոգեկանության մեջ, բայց միայն անապատի միայնակյացների մոտ է, որ ստացան շատ ավելի մեծ կարևորություն, այն փաստի հետևանքով, որ այսպես ասած դրանց մեջ էր կայանում նրանց ողջ գործունեությունը, նրանց միակ մտահոգությունը: «Աստծո գործ»ն է[6], որ դառնում է վանականի միակ գործը. ո՛չ միայն նրա արհեստը, նրա մասնագիտական զբաղմունքը, այլ՝ նրա ողջ կյանքը: Եվ մարմինը սերտորեն մասնակցում էր այս գործին, ընդմեջ շարժուձևերի ու կեցվածքի, երկրպագության, ծոմապահության ու արթնության, նյութական աշխատանքների ու շրթունքների աղոթքի: Այսպես է, որ վանականը անապատում ջանում է իրագործել իր անվան կողմից արտահայտված միությունը (միանձն հունարեն ասվում է «monos», որ նշանակում է ամբողջական, չկիսված), իր ողջ էության ամբողջական նվիրումը Տիրոջը, հոգով և ճշմարտությամբ:
Անապատի Հայրերը հաճախ են նկատվում որպես միանձնական կյանքի հիմնադիրները. բայց միանձներ, այժմ քաջ գիտենք, գոյություն ունեին նրանցից առաջ արդեն, և ո՛չ միայն Եգիպտոսում: Ավելի` Անապատի Հայրերը շեշտել և ընդգծել են աշխարհից բաժանումը որպես միանձնականության էական տարր: Եվ ո՛չ էլ մտադիր էին Եկեղեցում հաստատել անապատի մի նոր հոգեկանություն, տարբեր` պարզ քրիստոնեական հոգեկանությունից: Անապատի Հայրերը քրիստոնեական հոգեկանության մեջ պարզապես բացահայտեցին և ի լույս հանեցին որոշ տարրեր, որոնք ամբողջացուցիչ մասն են կազմում Քրիստոսի պատգամի և Նոր Կտակարանի ուսուցումների: Կյանքի պայմաններն անապատում պահանջում էին և միաժամանակ նպաստում էին վանականի հոգևոր կյանքի զարգացմանն ու խորացմանը: Արտաքին ամեն տեսակ ցրվածություններից ազատված, այնտեղ` անապատի խորքում, միայնակյացը այսպես ասաց ստիպված էր միշտ ավելի ու ավելի առաջ գնալ սրտի մաքրագործման ասպարեզում, և Հոգու առաջնորդությամբ` երկար տարիների ընթացքում այս ներքին հոգևոր փորձառության ապրումը նրան կամաց կամաց ընդունակ էր դարձնում բացահայտելու Աստծո ճանապարհների բոլոր գաղտնիքները: Եթե միայնակյացներից յուրաքանչյուրը մշտապես ամբողջովին կղզիացած մնար ուրիշներից, իր փորձառությունն օրինակելի կլիներ միմիայն միայնակյացների համար: Բայց անապատում այնքա՜ն արագ կերպով աճեց ու բազմացավ վանական բնակչության թիվը, որ շատ շուտով անհրաժեշտ դարձան փոխադարձ խորհրդատվությունները, այնպես` որ անհատական փորձառությունները ստացան մի փոխադարձ հարստացում: Ինչպես նաև հարց առաջացավ, թե ինչպե՛ս էր հնարավոր միմյանց հաշտեցնել Աստծո հետ միայնակ լինելու պահանջները` պահանջների հետ եղբայրական սիրո: Անապատը, որ «դարձել էր քաղաք»[7], կարող էր իր բարենպաստ արդյունքները պահպանել միմիայն խուցի մեջ միայնության կանոնապահությամբ և փոխադարձ հարաբերությունների խիստ սահմանափակմամբ: Եվ ահա՛ այստեղից է, որ բխում է տարրերի՝ նյութական ու մարմնական և հոգևոր վարժությունների ու հրահանգումների մի ամբողջություն, որն, եթե կամենում ենք, կարող ենք անվանել անապատի հոգեկանություն, քանի որ ծնունդ է առել անապատում, բայց որ չի կարող նկատվել որպես վանականների բացառիկ առանձնաշնորհությունը:
 
Բոլոր քրիստոնյաների ժառանգությունը
 
Շարունակ ներկա է անապատի այս ժառանգությունը երկու մասի բաժանելու փորձությունը. մեկը` միայն վանականներին վերապահված, որն իր մեջ բովանդակում է մարմնական բոլոր հրաժարումներն ու ճգնությունները. և մյուսը, որ վերաբերվում է լոկ հոգևոր մասին և գործնական է բոլոր քրիստոնյաների համար: Քրիստոնեությունը, սակայն, չի ճանաչում զուտ հոգեկանություններ, և Անապատի Հայրերի նպատակը հենց ցույց տալն է, – և շարունակ հիշեցնելը, – որ քրիստոնյայի հոգևոր կյանքը պետք է ձգտի մարմնանալու նրա գործունեության ամբողջության մեջ: Մի՞թե քրիստոնյայի մեջ չի բնակվում Քրիստոսի կյանքը, որ ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ, լիովին Աստված և լիովին մարդ, մարմին և հոգի: Եթե Աթանաս Ալեքսանդրացին նույնքան եռանդ է ներդրել Անտոնի վարքը շարադրելու, որքան որ արիոսականության դեմ պայքարելու մեջ, պատճառն անկասկած այն է, որ Անտոնի կյանքում տեսնում էր մի սքանչելի վկայություն` ի նպաստ Մարդեղության ճշմարիտ ուսմունքի: Անշուշտ, Քրիստոսի բոլոր աշակերտները չէ, որ կանչված են հետևելու Անապատի Հայրերի հերոսական հրաժարումներին ու ճգնողական գործերին. բոլորը, սակայն, նրանցից սովորելիք շատ բան ունեն: Դեպի անապատ իրենց ելքով և կյանքով, որ ապրեցին այնտեղ, առաջին միայնակյացները մատնանշեցին քրիստոնեական որևէ լուրջ կենցաղավարության պահանջները. մերկացում, հրաժարում, միայնություն և լռություն: Ո՛չ թե մի թշվառ «կուզենայի» կամ մի անորոշ ու տարտամ երազանք, այլ՝ իրական և արդյունալի փափաք: Ահա՛ թե ի՛նչ է անապատի հոգեկանությունը, որն Անապատի Հայրերը բացահայտեցին Ավետարանում և գործադրեցին իրենց կյանքերից ներս. ո՛չ միայն վանական կյանքի հոգեկանություն, այլ՝ քրիստոնեական հոգեկանության էական տարրերից կամ դիմագծերից մեկը. հոգևոր մի տարր, որն եթե իրական է, անհրաժեշտորեն կձգտի թանձրանալու արարքների և գործերի մեջ, որոնցում մարմինը կունենա իր մասը: Ի վերջո, Անապատի Հայրերի հատուկ դերը կայացել է քրիստոնեական հոգեկանության մեջ «անապատ»ի խորը տեղն ու իմաստը ընդգծելու մեջ, մատնանշելու մեջ, որ խոսքը չի վերաբերվում երկրորդական և ավելորդ մի բանի, այլ՝ որ այն կապված է Քրիստոսի միջոցով Հայր Աստծո հետ յուրաքանչյուր քրիստոնյայի ունեցած եզակի ու անձնական հաղորդակցությանը: Անապատը ներկայացնում է այն, ինչը որ ամեն ոք կարող է և պարտավոր է անել, ըստ այն կոչման, որն իրեն հատուկ է, պահպանելու, մշակելու և զարգացնելու համար Աստծո հետ իր որդիական հաղորդակցությունը:
[1] Vita Ant., 93.
[2] Նույն.
[3] Նույն, 2.
[4] Նույն, 14.
[5] Նույն.
[6] Հմմտ. Abba, dis-moi une parole!, Solesmes 1984, pp. 49-53.
[7] Vita Ant., 14.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։