1. Հակասությունների երկու դարաշրջաններ – Գրադարան – Mashtoz.org

1. Հակասությունների երկու դարաշրջաններ

Անապատի Հայրերը, ինչպես և մենք, պատկանում էին մի սերնդի, որ լի էր խառնաշփոթություններով. մի սերունդ էր՝ շատ քիչ ավետարանված, կամ` վատ ավետարանված, ինչը որ է՛լ ավելի վատթար է: Ուղղափառության և չարափառության, բարու և չարի միջև սահմանները հստակ գծված չէին, մի դարաշրջանում, երբ հավատքի ճշմարտությունների (դոգմաների) մեծամասնությունը տակավին բանաձևված չէր, ուր աղանդները վխտում էին, իսկ հեթանոսությունը թողնում էր խորը հետքեր: Արդ, այսօր ևս ապրում ենք նորհեթանոսական մի դարաշրջանում, ուր մարդիկ ցանկանում են ապրել առանց Աստծո, ուր մարդուն մեծարելու համար կարծում են, թե հարկավոր է ժխտել Աստծուն, մինչ իրականում` Աստծո հանդեպ հավատքը, եթե կենդանի է և գործուն, կերպարանափոխում և բարձրացնում է մարդուն: Մարդուն ինքն իրենից օտարացնելուց լիովին հեռու, քրիստոնեական հավատքն իրականում մարդու մեծությունն է, ուժը և կատարյալ աճը: Այսպես է գրում Էդվարդ Շիլլեբեքսը. «Համոզված ենք, որ թեիստական աշխարհայացքից դուրս` մարդու անձնական արժեքն այսպես ասած զրկվում է իր թագից: Մարդ լինելն [...] իր լիակատար նշանակությանը չի հասնում, եթե մահվան պահին մարդն ընկղմվում է անէության մեջ»[1]:
Մեր դարաշրջանում մարդիկ ցանկանում են բարիք անվանել այն, ինչն իրականում չարիք է, ցանկանում են լույս կոչել խավարը (հմմտ. Ես 5, 20). բարբարոսների նմանությամբ, որոնց ժամանակներում էին ապրում առաջին վանականները, այսօր նույնպես` մարդկությունը դիմում է ամեն տեսակ բռնությունների, և մարդկային կյանքի, հարյուր հազարավոր կյանքերի զոհաբերումը սակավ մտահոգություն է պատճառում:
Մեր նորհեթանոսությունը շա՜տ ավելի ազնվական է ու նրբին, որովհետև գիտությունն ու մշակույթը, Չորրորդ դարից հետո, կատարել են առաջադեմ վիթխարի քայլեր, բայց էականում միշտ այն ժամանակվա հեթանոսության կրկնությունն է, հարմարեցված մեր ժամանակներին. ինչպես Անապատի Հայրերի դարաշրջանում, այսօր նույնպես` Աստծո երկյուղը և Աստծո համաձայն մտածելը զգացումներ են, որ ներկա են սակավաթիվ անձանց հոգիներում միայն:
Բայց բարեբախտաբար, այսօր` ինչպես այնժամ, այդ սակավաթիվ խումբը գոյություն ունի և թիկունք է կանգնում մեր հույսին ... :
Այդքա՜ն չարչրկված Չորրորդ և Հինգերորդ դարերում, Անապատի Հայրերը ներկայանում էին որպես անձինք «անստգտանելի և պարզ, Աստծո անարատ որդիներ` ամբարիշտ ու այլասերված սերնդի մեջ, ուր պարտավոր եք աստղերի նման փայլել աշխարհում, բարձր պահելով կյանքի խոսքը» (հմմտ. Փլպ 2, 15-16): Նրանց ներկայությունն անապատում և Ավետարանն ապրելու նրանց կերպը խոնարհ, բայց խիզախ բողոք էր աշխարհի անպատկառության և Աստծո լույսից հեռանալու դեմ. իրենց կյանքի վկայությամբ և այդ կյանքի հիմքը հանդիսացող համոզումներով՝ սերմանում էին ծիլերը նորոգված քրիստոնեության, որն ըմբռնում էին՝ հիմնվելով Ավետարանի էական մասի վրա. պաշտամունք, սեր և ապաշխարություն: «Քրիստոսին տիրանալու[2] համար», ասում էր Աբբա Մովսեսը, «հարկավոր է ունենալ ճիգը, խոնարհությունը և անդադար աղոթքը»[3]: Վանական կյանք – ինչո՞ւ միայն վանական, ընդհանրապես՝ քրիստոնեական կյանք – գոյություն չունի առանց ճգնողության՝ ջանք ու ճիգ գործադրելու, առանց ծածուկ կյանքի փափագի և վերջին տեղն ուրախությամբ զբաղեցնելու, առանց Աստծո հետ հարատև երկխոսության փնտրտուքի:
Բայց այս հակասությունը, որ տեսնում ենք Անապատի Հայրերի դարաշրջանում, նույնը գտնում ենք նաև մեր օրերում:
Բոլորը, ես նույնպես, շատ վատ են խոսում մեր ժամանակների մասին, և ճիշտ է, որ այսօր, օրինակի համար, գողությունը հասել է ահաբեկիչ այնպիսի չափերի, ինչպիսին չի եղել թերևս երբեք: Բայց անցյալում մարդկությունը թերևս երբեք չի ունեցել ձրիապարգև և անշահախնդիր սիրո այսքա՜ն շատ և այսքա՜ն կարևոր արտահայտություններ: Մի պահ մտածենք անդամալույծներին, ծերունիներին, միայնակներին, աղքատներին, լքվածներին և գործազուրկներին ի նպաստ կազմակերպված նախաձեռնությունների մասին. քրիստոնյա աշխարհը, ինչպես նաև Ավետարանի ազդեցությունը կամա թե ակամա կրած ո՛չ քրիստոնյա աշխարհը, շա՜տ ու շա՜տ ավելի ուշադիր է թվում կարիքավորների նկատմամբ:
Երբեք չի եղել, ասում են, այսքա՜ն բռնություն, ո՛չ էլ բռնության այսպիսի՜ աճ: Ճիշտ չէ: Մարդկության ողջ պատմությունը կարող է ուսուցանել մեզ, որ բռնությունը որականիշն է բոլոր ժամանակների և որ մարդկությունը ճանաչել է շա՜տ ավելի վատթար ժամանակներ: Իսկ եթե անպայման կամենայինք հաստատել, թե այսօր շատ ավելի բռնություն կա, քան թե մեկ կամ երկու դար առաջ, – կարծիք, որին համամիտ չեմ, – պարտավոր կլինեինք նաև խոստովանել, որ երբեք չի եղել հաշտության այնքան փափաք, որքան ապրում ենք այսօր. սերունդների և հասարակական դասակարգերի միջև երկխոսության մակարդակով. մեծ կրոնների և քրիստոնեական դավանանքների միջև. ընդդիմադիր ազգությունների, քաղաքական և տնտեսական կառույցների միջև: Թվում է, թե հասել է ցեղերի և մշակույթների «սահմաններ չճանաչող սիրո» դարը: Խոսքն այլևս չի վերաբերվում, ինչպես ասում էր Մաղաքիա մարգարեն, «հայրերի սրտերն իրենց որդիներին և որդիների սրտերն իրենց հայրերին մոտեցնելուն» (Մղք 3, 24), այլ՝ բոլոր մարդկանց, ամբողջ աշխարհի սրտերը փոխադարձաբար մեկը մյուսին մոտեցնելուն, համաշխարհային խաղաղության այն ոգով, որից բուրում է Քրիստոսի խորհուրդը. «Առավել մեծ առաքինություն չկա», ասում էր Թեոդորոս Փերմացին, «քան ոչ ոքի չարհամարհելը»[4]: Արդ, արհամարհանքի բոլոր ձևերի դեմ հավատացյալների ու անհավատների կողմից մղված պայքարն այսօր հաստատահիմն է և քաջարի: Սա մի գովասանք է այսօրվա աշխարհին:
Երբեք չի եղել, ասում են, քրիստոնյա հասարակությունից ներս հեթանոսության նման չափերի հասնող խուժում, հավատքի և կրոնական արարքների լքում, կրոնի այսքա՜ն բացահայտ ուրացում: Բայց թերևս երբեք հավատացյալների մեջ չի եղել քրիստոնեական կյանքի հարազատ ինքնությունն ապրելու այսքա՜ն զգալի մտահոգություն, մարդկանցից և դեպքերից դասեր քաղելու այսքա՜ն անկեղծություն ու խոնարհություն, իրական աղոթքի և նրան հասնելու ճանապարհների միասնական փնտրտուք: Հիրավի, ապրում ենք սիրո, անկեղծության և հայեցողության մի զմայլելի ժամանակաշրջանում: Հիսնակաց շրջանի քարոզներից մեկում, մեր ժամանակակից վանահայրերից մեկը հաստատում է. «Քրիստոսը եկել է: Քրիստոսը գալիս է: Քրիստոսն այստեղ է: Չի դադարում Իր Հոգու միջոցով նորանոր աշակերտներ և խանդավառ հավատացյալներ հարուցանել, այս աշխարհի մեջ, որն անգիտանում է Նրան և մերժում: Հիսուս Տերը կանչում է ամեն օր, ամեն վայրկյան: Նա կանչում է ինձ, Նա կանչում է մեզ, ինչպես վարվում էր Գալիլեայի փողոցներում: Նա կանչում է մեզ՝ մասնակցելու Արքայությանը: Երիտասարդներին կանչում է հետևելու Իրեն կուսակրոնության մեջ, իսկ զույգերին` կանչում է միասին նվիրվել Իր Արքայության ավետմանը: Հարուցանում է ոմանց` հսկելու և իրենց գիշերների մի մասը աղոթքով ու պաշտամունքով Իրեն նվիրելու, ուրիշներին կանչում է ծոմապահելու` մի ճաշ կամ մի ընթրիք զանց առնելով ի նպաստ Երրորդ Աշխարհի [...] : Ակնարկում է մեզ՝ ընդմեջ հանդիպումների, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, Եկեղեցու հովիվների կոչերի, աքսորյալների և ապաստարան խնդրողների աղաղակների [...] : Կանչում է մեզ՝ նաև ներքին գաղտնի ներշնչումներով, Իր Հոգու ազդեցությամբ, ունկնդրելու Իր Խոսքը, աղոթքի հավաքույթների, աստվածաշնչյան խմբային խորհրդածությունների ժամանակ, կամ էլ` անձնական լուռ աղոթքի մենության մեջ: Քրիստոսն անդադար գալիս է նրանց համար, ովքեր ապրում են հավատքով և հույսով: Եվ մի օր էլ վերադառնալու է` կանչելու մեզ հետևելու Իրեն դեպի Հոր տունը: Վստահությամբ, նաև անհամբերությամբ սպասենք ժամանակների վերջում տեղի ունենալիք Իր վերադարձին, Իր վերջին գալստին»[5]:
[1] Dieu et l'homme, Bruxelles 1965, p. 49.
[2] Թող որ զարմանանք չառաջացնի «տիրանալ» բայի գործածումը։ Հայրերն այն չէին գործածում իշխանության տիրապետության իմաստով, որն է միայն հետաքրքրում աշխարհի ոգով բռնված մարդկանց, այլ՝ սիրո տիրապետության իմաստով, այն տիրապետության, որը սիրահարներն ունեն միմյանց վրա։
[3] Pater. Arm., I, 42A.a: I, 21.
[4] Թեոդորոս Փերմացի 13.
[5] J. Gaillard, Omelia per l'Avvento 1979 pronunciata a St. Paul de Wisques.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։