1. Ոգիների զանազանությունը – Գրադարան – Mashtoz.org

1. Ոգիների զանազանությունը

Աբբայի հեղինակությունը հիմնվում է ոգիների զանազանության (կամ կշռադատման) և հոգևոր հայրության պարգևաշնորհների վրա։ Հետևաբար, Աբբան մի խարիզմատիկ հայր էր, մի հոգեկիր, այսինքն՝ Հոգին նոր վանականներին տանող, ընդունակ՝ կազմավորելու աշակերտներին և վարժեցնելու նրանց՝ ապրելու վանական կյանքը։ Ոգիների զանազանության պարգևաշնորհը Աբբայի հատկությունն էր՝ թափանցելու ուրիշների հոգիներից ներս, քանի որ նախ ինքն իր հերթին իջել էր իր հոգու խորքերը, լռության և աղոթքի մեջ։ Աբբան ընդունակ էր նշմարելու և փարատելու այն բոլոր խաբեությունները, որ հարձակվում էին սկսնակ վանականի վրա, կամ նաև փորձառու վանականի վրա, որը, սակայն, տակավին չէր հասել լիակատար հասունությանն ու վանական կյանքի կատարելությանը։
Աբբան գրեթե երբեք քահանա չէր. վանականներն իրեն դիմում էին՝ ստանալու համար մի խոսք, մի խորհուրդ, մի ապոֆտեգմա, որպես օգնություն իրենց ճգնություններում, բացահայտելու համար իրենց անձնական խորը ճշմարտությունը։
Այսպիսով, Աբբան մի խոնարհ մարդ էր, ապոֆտեգմաների մեջ հաճախ ներկայանում է որպես զվարթ բնավորության տեր, սովորաբար սիրող լռության, ավելի տրամադիր՝ ուսուցանելու իր կյանքի օրինակով, քան թե խոսելու կամ վիճաբանելու։ Աբբաների ուսուցումների գրական կերպը միդրաշականն է և նույնանում է հրեական ռաբբինական ուղղության հետ։ Աշակերտի հետ Աբբայի հարաբերությունները դրոշմված էին խոհական խստությամբ, որը պահանջում էր նախևառաջ և հատկապես բացարձակ անկեղծություն։ Վանականներն, իրոք, ապրում էին պարագաների մի մեծ բազմազանության մեջ և նրանցից յուրաքանչյուրը վայելում էր մի վիթխարի ազատություն՝ հոգևոր կյանքի սկզբունքների գործադրման մեջ. ծոմապահություն, արթնություն, աղոթք, աշխատանք, միայնություն, լռություն։ Միմիայն անկեղծությունն էր Աբբային թույլատրում հասկանալ յուրաքանչյուրին պարգևված մակարդակը՝ հավատքի և ճգնությունների գործում, անհատի մարմնական և հոգևոր ընդունակությունները՝ հառաջադիմելու կատարելության մի ճանապարհում, որ միշտ ձգտում է հասնելու կատարյալ սիրույն։ Այստեղից է ահա՛ բխում ոգիների զանազանության իր պաշտոնը. եթե սատանան կարողանում է կերպարանափոխվել լուսեղեն հրեշտակի (հմմտ. 2Կր 11, 14), եթե սեփական արարքների դրդապատճառների գաղտնիքը խորհրդավոր է, եթե մտածումներն ու բնազդները սովորաբար անբանական են, Աբբան վանական եղբոր կողքին էր՝ կշռադատության և ոգիների զանազանության գործում նրան օգնելու համար։ Խոսքը չէր վերաբերվում աշակերտին համալսարանական եղանակով գիտելիքներ տալուն կամ աշակերտի գլուխը տեսություններով լցնելուն, այլ ավելի՝ ազատելու այն տեսություններից, որոնցով լի էր աշակերտի գլուխը, ընդունակ դարձնելու համար ունկնդրելու Աստծո ձայնը անապատի լռության մեջ։ Աբբան հարգում էր իրեն հարցեր ուղղող անձի հոգևոր աշխարհը և պարզապես աշխատում էր հեռացնել ու ազատել նրան սեփական ենթակայականությունից, առաջնորդելով դեպի հոգևոր առարկայականությունը, համաձայն Աստծո խոսքին և Սուրբ Հոգուց եկող անձնական ներշնչումներին։ Եթե Աբբաներից մեկը չէր համապատասխանում վանականի հոգևոր կարիքներին, վերջինս ազատ էր թողնելու նրան և ընտրելու մեկ ուրիշին։
Սովորաբար վանականները մերժում էին Աբբա դառնալ, մղված՝ խոնարհությունից։ «Եղբայրներից մեկը հարցրեց Աբբա Պիմենին.“Եղբայրներից ոմանք ապրում են իմ հետ։ Ուզո՞ւմ ես, որ պատվերներ տամ նրանց”։“Ո՛չ, – պատասխանում է ծերը, – դու նախևառաջ քո գործերովդ զբաղվիր։ Եթե ուզում են ապրել, կմտածեն իրենց մասին”։ Եղբայրն ասում է.“Բայց հենց նրանք են ուզում, հա՜յր, որ պատվերներ տամ իրենց”։ Պատասխանում է նրան ծերը.“Ո՛չ, նրանց համար օրինա՛կ դարձիր, ո՛չ թե օրենսդիր”»[1]։
Հարկ է նաև հիշել, որ երբեմն պատահում էին հոգևոր առաջնորդության նաև խմբային դեպքեր։ Հայրերն, հիրավի, քանի որ հավատարիմ էին Աստծո խոսքին, գործիքներն էին մեկ միևնույն և միակ Հոգու։ Եթե պարագաները տարբեր էին աշակերտների համար և տրված խորհուրդները, հետևաբար, նույնպես տարբեր էին, այնուամենայնիվ մեկն էր այս իմաստության աղբյուրը. Աստվածաշունչը, Աստծո խոսքը։
Անապատի վանականներն Աստվածաշունչն ընթերցում էին օր ու գիշեր, և վանական զգեստ չէր ստանում նա, ով անգիր չէր իմանում առնվազն Ավետարաններն ու Սաղմոսները։ Ընթերցանությամբ անգիր սովորված ամբողջական հատվածների մտովին ծամումը, դրանց շուրջ խորհրդածությունը, պահպանելու համար Խոսքն իրենց սրտում, լռությունը, որ հնարավորություն էր ստեղծում ունկնդրելու Հոգուն, միայնությունը, որ նրանց ազատում էր իրենց սեփական եսից և աշխարհային ցանկություններից, դարձնում էին այս Աբբաներին մարդիկ՝ լի Աստվածաշնչով[2]։ Թերևս այստեղ ավելի, քան ուրիշ որևիցէ մի տեղ, գտնում ենք տեղական եկեղեցիների դիդասկալների իրական հաջորդներին։ Անշուշտ անապատականները քաղաքաբնակներից շատ ավելի նվազ զարգացած էին և մտային գիտելիքներով ճոխացած, հաճախ ուղղակի կասկած և անվստահություն էին ցուցաբերում գիտության և ուսման հանդեպ, առնվազն մինչև կրթություն ստացած վանական Եվագրիոսի հրապարակ իջնելը, որը լինելու էր Ալեքսանդրյան աստվածաբանության վանական ժառանգորդը։
[1] Պիմեն 174.
[2] Հարկավոր է միշտ հիշել, որ եգիպտացի միայնակյացների մեծամասնությունն անգրագետ էր, և հետևաբար՝ չուներ Աստվածաշնչին ուղղակի և անձամբ մերձենալու հնարավորությունը: Անգիր սովորելը, որ բնորոշ հատկությունն է բանավոր մշակույթների, Սուրբ Գրություններով սնվելու միակ միջոցն էր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։