2. Ազատ հնազանդություն – Գրադարան – Mashtoz.org

2. Ազատ հնազանդություն

Ոգիների զանազանության պարգևաշնորհին, որն ուներ Աբբան, աշակերտ վանականը պատասխանում էր հնազանդությամբ։ Միայնակյացը չուներ օրենքներ, ուներ միմիայն Աստվածաշնչի, Աստծո խոսքի, Ավետարանի առաջնորդությունը, որը թանձրացյալ (կոնկրետ) իրականություն էր դարձել Աբբայի անձում։ Միայնակյացի հնազանդությունը ճգնողական էր, որովհետև հնազանդությամբ աշխատում էր մահացնել սեփական կամքը։ Անմնացորդ կերպով հանձնվում էր Աբբային, ով նրան չէր թույլատրում առաջ գնալ ո՛չ հավակնոտ առաքինության, ո՛չ չափազանցված եռանդի մեջ, և ո՛չ էլ հանգստավետությամբ ապրել անապատական կյանքը, այդպիսով պահպանելով մոլությունները և, հատկապես, պարապությունը[1]։
Աբբայի կողմից գործադրված այս հսկողությունն աշակերտի հոգում ծնում էր խոհեմություն կամ չափավորություն, որը «մայրը, պահապանն ու կանոնավորողն է բոլոր առաքինությունների»[2], որովհետև «եթե վանականն ընդունակ չէ բոլոր միջոցներով ստանալու խոհեմությունը, երբեք ընդունակ չի լինի վստահությամբ զանազանելու իր հոգու խորքը ներթափանցող ոգիները»[3]։
Հայրերը հայտնում էին նաև որոշ չափանիշներ՝ օգնելու համար իրենց աշակերտներին. ապոֆտեգմաներում բովանդակված բազմաթիվ խորհուրդների համադրված մի օրինակ ունենք Բարսանուֆի հետևյալ խրատի մեջ. «Յուրաքանչյուր մտածում, որ չունի գլխավորապես խոնարհության հանդարտությունը, Աստծուց չէ, այլ՝ բացահայտ կերպով մոլոր արդարություն է։ Մեր Տերը գալիս է հանդարտության մեջ. մինչդեռ այն ամենը, որ թշնամունն է, գալիս է խռովքի ու զայրույթալի վրդովման մեջ, և եթե հայտնվում են գառնուկի զգեստներ հագած, իմացիր, որ ներքուստ հափշտակող գայլեր են (Մտթ 7, 15)։ Ճանաչիր դրանք այն խռովքից, որ առաջացնում են»[4]։
Ահա՛ թե ի՛նչ էին ասում Եգիպտոսի անապատների Աբբաները և թե ինչպիսի՛ ուսուցումներով էր գործադրվում վանական հեղինակությունը։ «Ինչ վերաբերվում է ինձ, վանականի անկումների համար ուրիշ ոչ մի պատճառ չգիտեմ, քան սեփական սրտին վստահելը։ Ոմանք ասում են.“Մարդը մեղանչում է այս կամ այն պատճառով”, բայց ես, ինչպես ասացի, երբեք չեմ տեսել, որ մեկը մեղանչի ուրիշ մի պատճառով։ Տեսնում ես, որ մեկը մեղանչում է. իմացիր, որ վստահում էր իր անձին»[5]։
Այսպես էր «ես» կուռքը կործանվում, ինչպես որ կործանվել էին հեթանոսական կուռքերը։ Եսի պաշտամունքը ամենատևական կռապաշտությունն է և ամենադժվար կործանելին։
Երիտասարդ վանականը պարտավոր է բացարձակ կերպով հնազանդվել Աբբային, նաև երբ վերջինս տալիս է տարօրինակ կամ դժվարըմբռնելի հրամաններ. Հայրերի համաձայն, սա շատ կարևոր էր, որպեսզի նորընծան սովորեր ազատվել այն երեք մոլություններից, որոնք վանականները շատ լավ գիտեն, որ ներկա են իրենց կյանքում. սեփական կամքը, ինքնարդարացման ցանկությունը, հաճոյանալու փափագը։ Վանականը, հոր խստություններին ենթարկվելով, միշտ ավելի ու ավելի է ազատվում սեփական «ես»ից։ Մահացուցման ընթացք չէ՝ բառի կործանարար իմաստով, ինչը որ այսօր կմերժեինք ամենայն վճռականությամբ։ Թեև չի համապատասխանում մեր մշակույթին և մեր արդի մտածելակերպին, խոսքը վերաբերվում է մի ազատարար ընթացքի, որն ինքնանպատակ չէ, ո՛չ էլ ձգտում է հյուծելու մարդկային խեղճ էակին, այլ՝ կողմորոշված է դեպի արմատական ազատագրումը նրա, ով հոժարությամբ ու ազատակամ կամենում է կշռադատել և զանազանել իր ներաշխարհն ու այն խորը դրդապատճառները, որ մղում են իրեն գործելու։ Կույր հնազանդություն չէր, ինչպես ավելի ուշ սկսեցին մեկնաբանել հոգևոր այն հեղինակները, որոնք այս Հայրերի մոտ փնտրում և ընդգծում էին միմիայն տարօրինակ հրամանները. կրավորական (պասսիվ) և առանց հակաճառությունների հնազանդություն չէր (այն աստիճան, որ վանականն ամեն վայրկյան որպես առաջնորդ կարող էր ընտրել մի ուրիշ հոր), այլ՝ անկեղծ ու սրտաբուխ հնազանդություն էր այն առաջնորդին, որն ազատորեն ճանաչվել էր որպես հոգևոր կյանքի ճանապարհներում ամենափորձառուն։ Այս Աբբաների անձում չկար հմայիչ ոչինչ, հետևաբար՝ չկար նաև հոգևոր հորը կապվելու վտանգը. Աբբաները մեծամեծ ճառեր չէին արտասանում, այլ՝ ասում էին միայն մեկ խոսք, մի իրական միդրաշ Աստվածաշնչի մասին։
Մնում էր միմիայն Տերը, միմիայն Տիրոջ կամքը, որն հարկավոր էր գործադրել մինչև մահ հնազանդ Քրիստոսին հետևողի ինքնամերժմամբ, համոզված, որ սիրալի և ազատ հնազանդությամբ վանականը կարող է հասնել Աստծո հետ ճշմարիտ և իրական մտերմության։ Ասում էր Աբբա Միոսը. «Հնազանդություն՝ հնազանդության փոխարեն. եթե մեկը հնազանդվում է Աստծուն, Աստված հնազանդվում է իրեն»[6]։ Իսկ երբ նորընծա վանականը դառնում էր հասուն և փորձառու, Աբբան այլևս չէր պահում նրան իր մոտ, այլ՝ հեռացնում էր նրան իրենից, որպեսզի նա էլ իր հերթին դառնար Աբբա, և ինչպիսի պարագաներ էլ որ ներկայանային, վճռեր և վարվեր մենակ։ Այո՛, հասնում է մի պահ, երբ լավ է, որ ուսուցիչը հեռանա, որպեսզի աշակերտը կարողանա աճել ամենայն լիությամբ։ Անապատի Աբբաները հնազանդ էին այս պահին. «Հայր Թեոդորոս Փերմացին խնդրեց հայր Պամբոյից. “Մի խոսք ասա ինձ”։ Մեծ ջանքով ասաց նրան. “Գնա՛, Թեոդորոս, ողորմած եղիր բոլորի հանդեպ, որովհետև ողորմությունն ազատ մուտք ունի Աստծո առջև”»[7]. և այդ պահից սկսած՝ այլևս հրաժարվեց առաջնորդություններ տալ նրան։
[1] Scala, 27, 187.
[2] Conl., 2, 4; RB 64, 19.
[3] Conl., 2, 4; RB 64, 19; Inst., 2, 12.
[4] Բարսանուֆ 21.
[5] Դորոթեոս V, 66.
[6] Միոս 1.
[7] Պամբո 14.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։