2. Աղոթքի կյանքը – Գրադարան – Mashtoz.org

2. Աղոթքի կյանքը

Հավատքի այս կյանքի ամենագլխավոր արտահայտություններից մեկն աղոթասիրությունն է: Եթովպացի Հայրերին է պատկանում հետևյալ գեղեցիկ արտահայտությունը. «Աղոթքը վանականի հարսնացուն է»[1]: Վանականը պարտավոր է աղոթքի հետ դառնալ մեկ միակ իրականություն, պարտավոր է որոշակի առումով նույնանալ նրա հետ, նրա նկատմամբ չպետք է թույլատրի իրեն ոչ մի անհավատարմություն: Եվ այն ժամանակը, որ կողակիցները նվիրում են իրենց ամուսնական մտերմությանը, երկխոսությանն ու փոխադարձ ունկնդրմանը, վանականն այդ ժամանակը պարտավոր է ընծայել աղոթքին: Անապատի Հայրերը չէին մտածում անգամ, թե իրենց լռության ու ամփոփման կյանքը և նյութական աշխատանքներին ընկերացող աղոթքները բավական էին, և թե իրենց ազատում էին առավել հստակ կերպով կատարված աղոթքի պարտականությունից: Անապատի Հայրերի մեծագույն ուսումնասերներից մեկը գրում է. «Ինչպե՞ս էին աղոթում Հայրերը: Ինչպե՞ս էին կարողանում աղոթքի վերածել իրենց ամբողջ կյանքը: Իրենց համար քաղցր էր հարատև աղոթքի համը: Չէին հավատում, թե անհնարին է հասնել անդադար աղոթքին: Թեև չէին հիմնվում միմիայն քանակի վրա, սակայն գիտակից էին, որ ամբողջովին չէին կարող մի կողմ թողնել այն: Ամենամեծ ճգնավորներն ու սրբերը անհագ էին աղոթքի նկատմամբ: Եթե իրենց մարմնական ուժերը բավարար լինեին, եթե եղբայրսիրության պահանջները թույլատրեին, աղոթքին կնվիրեին իրենց ողջ ժամանակը: Սա անշուշտ անհնարին էր իրենց, ո՛չ էլ դյուրին բան էր, բայց այնուամենայնիվ` երբեք չէին հրաժարվում անդադար աղոթելու իրենց փափագից: Աշխատում էին հասնել հոգու մի վիճակի, որն այլևս ենթակա չլիներ հետագա արարքների պատճառով մասնատվելուն, ինչը որ պակաս արժանի չէ կրելու աղոթք անունը»[2]:
Բայց այստեղ նույնպես պետք է վկայակոչենք վանականի կյանքից ներս աղոթքի այս կենտրոնականության ավետարանական արմատները: Եթե աղոթքը մեծագույն կարևորություն ունի Անապատի Հայրերի համար, պատճառն այն է, որ մեծագույն կարևորություն ունի Հիսուսի համար և, հետևաբար, մեծագույն կարևորություն պետք է ունենա յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Դանիելի մասին վկայվում է, որ «օրը երեք անգամ ծնկի էր գալիս աղոթելու և փառաբանում էր իր Աստծուն, ինչպես սովոր էր նաև առաջ» (Դնլ 6, 11): Աստվածավախ բոլոր հրեաները սովոր էին այդպես վարվել: Առավոտյան և երեկոյան աղոթքները կեսօրվա աղոթքից ավելի ավանդական էին, բայց թվում է, թե Հիսուսն Ինքը ակնարկում է նաև կեսօրվա աղոթքին (հմմտ. Մտթ 6, 5). անձամբ Հիսուսն անկասկած կատարում էր այդ աղոթքը, ինչպես նաև առավոտյան և երեկոյան աղոթքները[3]: Ներկայիս ժամերգությունները միմիայն վանական ծագում չունեն. նրանց արմատը գտնվում է առաքելական շրջանի հրեա-քրիստոնեական սովորույթներում: Ղուկասի Ավետարանը վերջանում է ասելով, որ տասմեկ Առաքյալները, Հիսուսին «երկրպագելուց հետո վերադարձան Երուսաղեմ, ուրախությամբ լի. և միշտ տաճարում էին և գովաբանում էին Աստծուն» (Ղկս 24, 52-53): Առաքյալների այս անմիջական հակազդեցությունն անբացատրելի կլինի, եթե չենթադրենք, որ աղոթքի սովորությունը ձեռք էին բերել իրենց Ուսուցչի օրինակների և ուսուցումների ազդեցությամբ: Հիսուսը հաճախում էր նաև ժողովարանները (սինագոգ), ինչպես հիշեցնում է Ղուկասը. Հիսուսը «շաբաթ օրը մտավ ժողովարան, ինչպես որ սովոր էր» (Ղկս 4, 16): Ինչպես որ սովոր էր. Հիսուսը պատկանում էր մի ընտանիքի, որն հավատարիմ էր հրեա ժողովրդի ծիսական ավանդություններին, և Ինքը նույնպես հարգում էր այդ ավանդությունները:
Բայց միաժամանակ, Հիսուսի աղոթքն ընդարձակ կերպով գերազանցեց ծիսական շրջանակներին. բավական է մտածել լեռան վրա կատարած գիշերային աղոթքների մասին, որոնք վկայություններ են՝ ի նպաստ անձնական աղոթքի նկատմամբ Հիսուսի սնած հարգանքին ու սիրույն: Ինչպես գրում է Յոակիմ Յերեմիասը. «Էական փաստն այն է, որ Հիսուսը չի գոհանում ծիսական ժառանգությամբ [...] : Ծիսական երեք աղոթքների բարեպաշտ սովորությունը Նրան չի բավարարում, այլ, ինչպես վկայում է ավանդությունը, երկարատև ժամեր (հմմտ. Մրկ 1, 35; 6, 46), նաև ամբողջական գիշերներ (հմմտ. Ղկս 6, 12), անցկացնում է միայնության մեջ աղոթելով: Ճիշտ է, որ Հիսուսի աղոթքին վերաբերվող ավետարանական հատվածների մեծամասնությունը խմբագրական հավելումներ են. Ղուկասը բազմաթիվ անգամներ է Մարկոսի հիմնական շարադրանքի մեջ ներմուծում աղոթող Տիրոջ կերպարը (հմմտ. Ղկս 5, 16; 6, 12; 9, 18.28...; հմմտ. 3, 21): Սակայն, հարկավոր է ինքներս մեզ հարցնել, թե նրան ի՞նչն է մղել՝ կատարելու այդ ներմուծումները: Ամենատրամաբանական պատասխանն այն է, որ միայնության մեջ Հիսուսի կողմից կատարված աղոթքների մասին գոյություն ուներ մի զորեղ ավանդություն»[4], որը Ղուկասը թղթին է հանձնել իր Ավետարանում:
Անապատը Հայրերի համար ներկայացնում էր աղոթքի համար առանձնաշնորհյալ վայր: Նույնը այսօր պետք է որ լինեին մեր վանքերը: Հիմնական և էական է, որ արժանապատիվ կերպով և իսկապես աղոթված ժամերգություններից բացի, մենաստանների բնակիչների համար ապահովվի ամփոփման ու լռության միջավայր, ինչպես նաև բավականաչափ երկար ժամանակ` աստվածաշնչյան ընթերցանության, խորհրդածության և անձնական աղոթքների համար: Փափաքելի կլիներ, որ աղոթքի անձնական պարգևաշնորհները քաջալերվեին, եթե վավերական են ու անկեղծ, հարգելով հասարակության կարիքները: Նախընտրելի կլիներ, որ մենակեցական հնարավոր կոչումներն իրենց զարգացումը գտնեին վանքի ներսում, կամ էլ` անմիջական մոտակայքում: Սա մի օգնություն կլիներ մենակյացների համար, որովհետև ինքնախաբեության և տարօրինակությունների վտանգը առավել դյուրությամբ կհեռացվեր, և միաժամանակ` վանքն ինքը կխուսափեր անձնակազմի պակասի կամ մինչև իսկ արյունահոսության վտանգից, որն երբեմն հետևանքն է մենակեցական կոչումների կամ կեղծ-կոչումների գերառատության:
Բայց ավետարանական այս պատգամը, որին վանականներն իրենց կոչման ուժով իսկ պարտավոր են հատուկ տեղ ընծայել, միաժամանակ հասցեագրված է բոլոր քրիստոնյաներին, սկսելով եկեղեցականներից ու քահանաներից: Տասներկուսի ընտրության հնագույն նկարագրության համաձայն, Առաքյալները Հիսուսի կողմից ընտրվում են, «որպեսզի Իր հետ լինեին և նրանց առաքեր քարոզելու» (Մրկ 3, 14): Արդ, և՛ Հին Կտակարանում (հմմտ. Ելց 3, 12; Ես 7, 14; Սղմ 73, 23-25), և՛ Նոր Կտակարանում (հմմտ. Մտթ 1, 23; 8, 10-11; 25, 10; Մրկ 2, 19; Ղկս 22, 26-30; Հվհ 8, 29; 14, 9; 15, 27; 16, 4.32; 17, 12.24; Հյտ 21, 3; ... ), «Աստծո հետ լինել» բանաձևը միշտ արտահայտում է Տիրոջ հետ ունեցած սերտ և խորը մտերմությունը: Նոր Կտակարանում, հատուկ կերպով ծառայում է նկարագրելու համար այստեղի Զատիկի և անդենական Զատիկի ուրախությունները. այսպիսով, ունի գոհաբանական (էուխարիստիկ) երանգ. «Շա՜տ փափաքեցի ուտել այս Զատիկը ձեր հետ, չարչարանքներիցս առաջ» (Ղկս 22, 14). «Ասում եմ ձեզ, որ այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև այն օրը, երբ ձեր հետ նորը կխմեմ Հորս արքայության մեջ» (Մտթ 26, 29): Այս իսկ պատճառով, յուրաքանչյուր քահանայի քարոզչության մեկնակետը սովորաբար պետք է լինի Պատարագի (Էուխարիստիա) մատուցումը և գոհաբանական պաշտամունքը: Այսպիսով, նաև քարոզչական կյանքին նվիրված միաբանությունների անդամները և իրենց մկրտական կոչմանը հավատարիմ բոլոր հավատացյալները պարտավոր են առավել ժամանակ և առավել ուժ վերապահել «Աստծո հետ լինելու» համար, ապա թե ո՛չ` կրոնից հեռացած աշխարհում Քրիստոսի Անվան իրենց վկայությունը կզրկվի ու կդատարկվի Տիրոջ հետ ունեցած այն մտերմությունից, ո՛րն է «համ» տալիս Իր Անվամբ կատարված արարքներից յուրաքանչյուրին:
[1] Patericon Aethiopice interpretatus est Victor Arras, ofm, CSCO 278/Aeth. 54, Louvain 1967, n. 333, p. 156.
[2] I. Hausherr, “Comment priaient les Pères”, Revue d'Ascétique et de Mystique, 32 (1956), pp. 295-296.
[3] J. Jeremias, Théologie du Nouveau Testament, I: La Prédication de Jésus, Paris 1973, pp. 235-236.
[4] Նույն, pp. 236-237.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։