2. Դարձի եկածների երկու միջավայրեր – Գրադարան – Mashtoz.org

2. Դարձի եկածների երկու միջավայրեր

Այսօր բոլորս ականատես վկաներն ենք «դիմակ»ային և «պատշաճ»ային քրիստոնեության, բայց նաև՝ ավանդական քրիստոնեության ուղղահայաց փլուզման: Կրոնական բարեպաշտական սովորույթները հեռանում են ընտանիքների մեծամասնությունից, ուր անվիճելի էին բազում սերունդներ ի վեր: Մյուս կողմից, սակայն, հավատքի ջերմությունը արմատներ է նետում նախապես գաղջ, անտարբեր, մինչև իսկ համառ ու անհավատ անձանց հոգիներում. այսօրվա մեր հավատացյալներից շատերը դարձի եկածներ են [...] : Արդ, սա՛ էր պարագան նաև Անապատի Հայրերի մեծամասնության, որոնց վերաբերյալ գեղեցիկ տողեր է թողել Դրագեն. «Անապատի ճգնավորներն ազնվական կղերականներ չէին: Նրանց շարքերում կային քիչ հանձնարարելի դեմքեր, անապատի չորս կողմերից եկած «fellah»ներ, բիրտ բնազդներով ու անտաշ բնավորություններով»: Նրանց ունեցած փորձությունները, այնպես` ինչպես նկարագրված են կենսագիրների կողմից, «նշմարել են տալիս նրանց ալեկոծ անցյալը. մեծագույն գրգիռների կարիք չկար, որպեսզի վերադառնային իրենց բնազդներին: Նրանց աշակերտներն ու կենսագիրները չեն թաքցնում իրականությունը. անապատի վանականներից ոմանք, փորձությունից հաղթված, ուղղակի բռնում էին Ալեքսանդրիայի վատահամբավ թաղամասերի ճամփան, ինչը որ նշանակում է, որ վաղուց ծանոթ էին հասցեներին: Ապոֆտեգմաներից մեկում, մի վանական խոստովանում է, թե տասը կին միասին չէին կարող բավարարել իր ցանկություններին: Այս ամենը ենթադրում է բարոյական որոշ տեսակի դաստիարակություն և զգայունություն»[1]:
Պողոս Առաքյալի կողմից Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակից տեղեկանում ենք, որ անառակության մոլությունը շարունակում էր մոլեգնել այդ եկեղեցու նորադարձների սրտում: Հայրերի մոտ, խոսքը վերաբերվում է մտրակող և մտահալած փորձությունների. անապատ քաշվելուց առաջ մեղանչական ցանկությունների երկարատև հագեցումը և խորապես արմատավորված սովորույթը նրանցից շատերի երևակայության մեջ և սրտերում թողել էին վառվռուն և դժվարությամբ բժշկվելի հետքեր. մեծամասնության համար, բնավորության և անցյալ տարիների կենցաղի պատճառով, հատուկ կերպով դժվարին էր կուսակրոնության պահպանումը:
Անապատի վանքերը հյուրընկալել են նաև հանցագործությունների վարժված ոճրագործներ, որոնք վայելում էին իրական սրիկաներ լինելու համբավը: Աբբա Մովսեսն, օրինակ, որն անապատում նույնպես շարունակում էր պահպանել իր «ավազակ» տիտղոսը, թեև վաղուց ի վեր դարձել էր անապատի ամենաօրինակելի վանականներից մեկը[2]: Կամ Ապողոս Սկիտացին. քառասուն տարի առանց գոնե մեկ աղոթք իմանալու ապրելով, անխղճորեն նվիրված գողությունների ու ամեն տեսակ անօրենությունների, կյանքի այդ գազանաբարո շրջանը թագադրել էր մի մահասարսուռ ոճիրով. մորթել էր հղի մի կին, պարզապես տեսնելու համար, թե ինչպե՛ս էր սաղմը տեղավորված արգանդում: Քիչ օրեր անց, արածի համար խորապես զղջալով, գնում է իր մեղքը խոստովանելու Սկիտեի հայրերին: Նրանցից մեկը դառնալով՝ ազատ է արձակվում նյութական ամեն տեսակ աշխատանքներից, օր ու գիշեր անդադար միևնույն բանաձևն աղոթելու համար. «Մեղանչեցի՛ որպես մարդ, ների՜ր որպես Աստված»[3]: Չմոռանանք այն զմայլելի Դավթին՝ գող ու ավազակին, որ պարագլուխն էր իր նման ուրիշ երեսուն հոգուց կազմված մի ոհմակի: Մի օր ստանալով զղջման շնորհի հարվածը, որպես նորընծա ներկայանում է վանքերից մեկի Աբբային. վանականներն իսկույն ճանաչում են նրան, կասկածում, խոհեմորեն նախատեսում են այն ամենը, որ կարող էր տեղի ունենալ վանքում նրա ներկայության հետևանքով. մերժում են ընդունել նրան, մինչև որ Դավիթը երդվում է Երկնքի Աստծո անունով, որ եթե չընդունեն իրեն վանք, կվերադառնա իր հին արհեստին, կհավաքի իր ոհմակը, կմորթի այդ վանքի բոլոր վանականներին և հետո կքանդի նաև շինությունները: Այս խոսքերից հետո, սուրբ սարսափով բռնված, վանահայրն իսկույն ընդունում է նրան: Եվ կարճ ժամանակ անց Դավիթը մյուս բոլոր վանականներին գերազանցում է խստակրոնության ու խոնարհության մեջ[4]:
Կարող ենք ինքներս մեր առջև հարց դնել, թե որոշ օրինակելի վանականների արարքներից մի քանիսը բացատրելու համար չպե՞տք է արդյոք նմանատիպ ենթադրություններ կատարենք, թեև կենսագիրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում նրանց անցյալի վերաբերյալ:
Մի գիշեր, անապատում, երեք ավազակներ խուժում են Աբբա Թեոդորոս Փերմացու խցից ներս. երկուսը բռնում են նրա ձեռքերից, մինչ երրորդը հավաքում է այն ամենը, ինչը որ գտնում է: Աբբան չի հակառակվում: Բայց գողերը կամենում են մերկացնել նրան և վերցնել նաև պարեգոտը: Թեոդորոսը խոնարհաբար խնդրում է իրեն թողնել զգեստը, որովհետև կիրակնօրյա հավաքներին ներկայանալու ուրիշ հանդերձանք չունի: Ավազակները չեն ընդունում: Այնժամ, մեկ ակնթարթում, Թեոդորոսն ազատվում է, գետին է նետում և անշարժության մատնում իրեն բռնած երկու ավազակներին: Զարմացած և վախեցած՝ գողերը հասկանում են, որ հանդիպել են այդ մարզում իրենցից շա՜տ ավելի հմուտ ըմբշամարտիկի. թեև երեք հոգի էին մեկի դեմ, այնուամենայնիվ՝ դիմադրությունն անիմաստ էր: Տրամաբանական է, որ պատրաստ էին ետ վերադարձնել ամեն բան, միայն թե անվնաս ազատ արձակեր իրենց: Թեոդորոսը, սակայն, ստացած բարոյական պտուղից գոհ, վստահեցնում է նրանց, վարվելով որպես ազնվազարմ տեր, կամ ավելի ճիշտը` որպես իրական աղքատ, և առաջարկում է բաժանել ավարը չորս մասի. որպես իրեն հասնող չորրորդ մաս՝ խնդրում է միայն պարեգոտը[5]:
Որտե՞ղ էր ձեռքբերել ըմբշամարտի մեջ հմտությունը: Այո՛, տաքարյուն բնավորության տեր անձնավորություն էր, բայց անապատում կրկեսային մրցումներ չէին կազմակերպվում: Ամենապարզ բացատրությունն այն է, որ Թեոդորոսը մարզվել էր անապատ քաշվելուց առաջ, և այս վերջին քայլը կատարել էր ի վնաս և ի դժգոհություն իր երկրպագուների:
Ապա, չպետք է մոռանանք, որ Անապատի Հայրերից շատերը մենության մեջ ևս պահպանում էին իրենց քիչ թե շատ մեծ թերությունների մի մասը: Այդպիսիներից էր նույն ինքն Թեոդորոսը, որի մասին այժմ խոսեցինք. վանականների և Հայրերի կողմից շատ հարգված լինելով իր աղքատության, աստվածսիրության և խոնարհության համար[6], այնուամենայնիվ վայելում էր զայրացկոտ ու հակակրելի անձ լինելու համբավը: Վարք Հարանցի համաձայն, «երկսայրի սուր էր», կտրող, հետևաբար՝ նաև դժվար մերձենալի[7]: Այո՛, Աստված երբեք չի դադարել վանքերից յուրաքանչյուրին որպես փոխադարձ համբերության գործիք պարգևել սուրբ կյանք, բայց դժվար բնավորության տեր մի եղբայր, ինչպես Թեոդորոս Փերմացին էր:
Անապատի Հայրերի օրինակը մեզ հասկացնում է, որ մեղքը մի անելանելի բանտ չէ, որից անհնարին է փախչել: Բայց նաև հիշեցնում է, որ աստվածաշնչյան և վանական ողջ ավանդության համաձայն` անմեղությունը շա՜տ հազվադեպ է ներկայանում որպես մեկնակետ. սովորաբար, ընդհակառակն, նպատակակետն է, որին անձը հասնում է երկարատև, հաճախ շա՜տ դառն պայքարներից հետո միայն: Եթե հոգևոր կյանքը երբեմն վերամբարձ անընդմեջ ընթացք է և անդադար առաջադիմություն, շա՜տ ավելի հաճախ, սակայն, կայանում է կրկին ոտքի կանգնելու, կրկին սկսելու և կրկին դարձի գալու մեջ:
[1] Les Pères du Désert, Paris 1949, p. 14.
[2] Մովսես 3-4; Pater. Arm., I, 106R: I, 73-74.
[3] Pater. Arm., III, 22: I, 127-128.
[4] Pater. Arm., XVIII, 28: IV, 62-63.
[5] Pater. Arm., XVI, 2R: IV, 9.
[6] Pater. Arm., I, 18: I, 8; XV, 4: III, 228-229.
[7] Pater. Arm., VIII, 8: II, 210.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։