3. «Դեպի առաջ ձգտելով» (Փլպ 3, 14) – Գրադարան – Mashtoz.org

3. «Դեպի առաջ ձգտելով» (Փլպ 3, 14)

Ոչ ոք չի կարող վանք մտնելով, ինչպես նաև վանքում տասը, քսան, երեսուն կամ հիսուն տարի ապրելուց հետո ասել. «Միանձն եմ»: Ավելի` պետք է իրենը դարձնի Աբբա Նիսթերոնի խոսքերը. «Երբ անդամակցեցի այս հասարակությանը, ինքս ինձ ասացի. “Դու և ավանակը միևնույն բանն եք”»: Եվ բացատրելու համար իր այդ վարմունքը, Նիսթերոնը մեջբերում է Սաղմոս 73, 22-23 հատվածը. «Քո առջև ավանակի նման եղա, բայց միշտ Քո հետ եմ»[1]:
Անապատ հասնելով, եղբայրներից մեկը խնդրում է ընդունել իրեն նվիրվելու վանական կյանքին. ընդունվում է և ստանում է զգեստը: Իսկույն փակվում է խցի ներսում և ասում. «Միանձն եմ»: Տեղեկանալով, ծերերը գալիս են նրան այցելելու, դուրս են հանում խցից և հրամայում են այցելել վանքի բոլոր միայնակյացներին, հերթով խոնարհվելով եղբայրների առաջ և ասելով. «Ների՜ր ինձ, միանձն չեմ. սկսնակ եմ, ուրիշ ոչի՛նչ»[2]:
«Սկսնակ եմ, ուրիշ ոչի՛նչ»: Անտոնի համաձայն՝ սա մի համոզում է, որ պարտավոր են ունենալ ո՛չ միայն վանական կյանքի երիտասարդ թեկնածուները, այլ՝ նաև նրանք, ովքեր մեծ փորձառություններ ունեն ճգնողական կյանքում: Իր վերջին խրատի մեջ Անտոնն ասում է իր մոտ գտնվող երկու աշակերտներին. «Զգույշ եղեք, որպեսզի չկորցնեք այս աշխատանքը, որ ձեռք եք բերել երկարատև ժամանակի ընթացքում։ Եղեք որպես մարդիկ, որ տակավին նոր են սկսել, և այդպես, օրըստօրե, պտուղներ հավաքեցեք և բազմապատկեցեք ձեր գանձը»[3]:
Այս խոսքերը կրկնությունն են այն գաղափարականի, որն Անտոնն ուներ իր ճգնողական կյանքի սկզբնավորությանը, երբ առաջին կռիվներն էր մղում սատանայի դեմ. «Երբեք չէր հաշվում ճգնավորական կյանքում անցկացրած ժամանակը, այլ՝ օրըստօրե այնպես էր, կարծես թե նոր էր սկսել. [...] ավելին` վայրկյան առ վայրկյան առաջ էր շարժվում: Մտաբերում էր Առաքյալի խոսքը, որն ասում է. “Այն, ինչ ետևումս է, մոռացել եմ” (Փլպ 3, 13)»[4]:
Անտոնից հետո, Գրիգոր Նյուսացին բազմաթիվ անգամներ գործածում է Փիլիպպեցիս 3, 13-14 հատվածը Երգ Երգոցի իր մեկնության մեջ[5], հիմնավորելու համար իր ուսմունքը, որի համաձայն` երկնային երանության մեջ հնարավոր է անսահմանափակ զարգացումը[6]: Բայց մի վավերական սկզբունք է հաստատում նաև այս կյանքի համար. «Ով բարձրանում է, երբեք կանգ չի առնում. գնում է մի սկզբից մյուսը, ընդմեջ միշտ ավելի ու ավելի կարևոր սկզբերի, որոնք վախճան չունեն»[7]: Մովսեսի կյանքի մասին գրած իր աշխատության մեջ[8], շարունակական առաջադիմության այս ուսմունքը տեղադրում է «իր ողջ գործունեության կենտրոնում»[9]: Հոգևոր կյանքն իր հետ պետք է բերի հաջորդական հաղթահարումներ, որովհետև Գրիգորի համաձայն` «կատարելությունը [...] մի վիճակ չէ, այլ ավելի` շարունակական զարգացում»[10]:
Եթե այսպես է մեկնաբանվում Փիլիպպեցիս 3, 13-14 հատվածը, հարկավոր է նմանապես հասկանալ նույն հատվածի տասնհինգերորդ տողը. «Մենք բոլորս, որ կատարյալ ենք, պարտավոր ենք այսպես մտածել: Կատարյալ լինելու հույս չկա, եթե ո՛չ միայն՝ մի պայմանով. երբեք չկարծել, թե կատարյալ ենք, և հետևաբար` վարվել այս համոզման համաձայն»[11]: Հիսուսը կարողացավ ասել իր քահանայական աղոթքի մեջ. «Հա՜յր, [...] երկրի վրա փառավորեցի Քեզ՝ կատարելով գործը, որ հանձնեցիր ինձ» (Հվհ 17, 1.4): Իսկ խաչի վրա աղաղակեց. «Ամեն ինչ կատարված է» (Հվհ 19, 30): Մեր պարագային, ծաղրանք կլիներ այս խոսքերը մեր վերաբերյալ գործածելը. Հիսուսը կատարել և ամբողջացրել էր, մենք հազի՜վ հազի՜վ սկսել ենք ... : Միանձն է միմիայն նա, ով համոզված է, թե տակավին միանձն չէ, և շարունակ մտածում է, թե անցնելիք տակավին երկա՜ր ճանապարհ ունի: Անապատի Հայրերի այս համոզումը ցանկանում եմ մոտեցնել թամուլական մի գեղեցիկ աղոթքի, շարադրված` հավանաբար Ութերորդ դարում. «Ես միայն մի բան գիտեմ. Դու պակասում ես ինձ, իսկ այն ամենը, որ ունեմ, կամենում եմ մոռացության մատնել»[12]:
[1] Pater. Arm., I, 28: I, 14-15.
[2] Pater. Arm., X, 98: III, 56.
[3] R. Draguet, La Vie primitive de S. Antoine conservée en syriaque, CSCO 418/Syr. 184, Louvain 1980, c. 91, p. 86.
[4] Նույն, c. 7, pp. 13-14.
[5] Hom., 1, 6, 8, 11, 12; PG 44, 785A; 855D e 888A; 940D; 941D; 1004BC; 1024B.
[6] J. Daniélou, Platonisme et Théologie mistique, Paris 1944, pp. 318-319; SC 1, Paris 1941, p. 43.
[7] Hom. 8 in Cant.: PG 44, 941C.
[8] SC 1, Paris 1941; 1 bis (2ème éd.), Paris 1955.
[9] SC 1 bis, p. XXII.
[10] SC 1 bis, p. 42; J. Daniélou, Platonisme et Théologie mistique, Paris 1944, pp. 309-326.
[11] SC 1 bis, p. 1095.
[12] Homo Religiosus, V: L'expérience de la prière dans les grandes religions, Louvain-la-Neuve 1980, p. 343 (C. A. Keller, Prière et mystique dans l'hindouisme).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։