3. Կշռադատությունը – Գրադարան – Mashtoz.org

3. Կշռադատությունը

Միակ պարգևները, որոնք Անապատի Հայրերն ընդունում էին երախտագիտությամբ ու առանց թաքցնելու, արցունքների և կշռադատության շնորհներն էին: Եռանդուն աղոթքը, որն արցունքների շնորհը ստանալու դուռն էր, ներառված էր վերջինի մեջ. Աստծո հետ մտերմությունը, որ սա բերում էր, իսկապես գրավում էր Հայրերին: Մեր ժամանակակիցներից շատերն իրենց տրամադիր կզգան եռանդուն աղոթքին, – ավելի, քան արցունքների պարգևին. – և իրոք, եռանդուն աղոթքը մինչև օրս հարաբերաբար հաճախակի է, նվազագույն ընդհատումներով հանդերձ:
Կշռադատությունն, իր հերթին, Հայրերին թույլատրում էր օգնության հասնելու եղբայրներին, առանց հանդիսավոր կամ աղմկարար միջոցների: Աստծո և մերձավորի սիրո երկու պատվիրաններն, այսպիսով, գտնում էին իրենց լավագույն իրագործումը այս երկու պարգևաշնորհների մեջ. արցունքները, կամ առնվազն` եռանդուն աղոթքը, և կշռադատությունը:
Կշռադատության վերաբերյալ, Յերեմիասը որպես վավերական է ընդունում Հիսուսին վերագրված հետևյալ խոսքը. «Հմուտ դրամափոխներ եղեք»[1], որոնք ընդունակ են դյուրությամբ և առաջին հայացքից իսկ զանազանել իրական փողերը կեղծերից։ Հմուտ դրամափոխներին խաբելը շա՜տ դժվար է: Քրիստոնյան, և հատկապես հոգևոր հայրը, պետք է ի վիճակի լինի հստակ կերպով զանազանելու այն, ինչը որ գալիս է սատանայից, և այն, ինչը որ իսկապես Հոգու գործն է: Պարտավոր ենք պատճառների ճանաչողությամբ հնազանդվել Պողոս Առաքյալի խորհրդին. «Մի՛ հանգցրեք Հոգին, մի՛ արհամարհեք մարգարեությունները. քննեցե՛ք ամեն բան, պահեցե՛ք այն, ինչը որ բարի է: Հեռո՛ւ մնացեք չար գործերից» (1Թղ 5, 19-22): Նոր գաղափարախոսություններով շրջապատված, որոնցով գերառատորեն և արտակարգ չափի հարուստ են մեր ժամանակները, կասկածից դուրս է, որ կարիքն ունենք կրթված, բայց է՛լ ավելի` հավասարակշռված, կշռադատ և ողջամիտ անձանց, որոնք ընդանակ են շտեմարաններում ժողովելու բարիքը և աղբաման նետելու չարիքը:
Պողոս Առաքյալը փիլիպպեցի քրիստոնյաներին մաղթում է մի սեր, որ վերածվում է «en epignosei kai pase aisthesei» - «ներթափանց ճանաչողության և կատարյալ հստակատեսության», որպեսզի կարողանան զանազանել «ta diapheronta» - «տարբերությունները», այսինքն` թե պարագաներից յուրաքանչյուրի դեպքում ի՛նչ է պատշաճ անել կամ չանել, ասել կամ չասել (հմմտ. Փլպ 1, 9-10): Երկու հատկությունները, որոնք Պողոս Առաքյալը մաղթում է քրիստոնյաներին, գիտությունն ու դատողությունն են. գիտությունից զուրկ առաքյալը չի կարող սնել հոգիներին, բայց եթե զուրկ է դատողությունից, կարող է մոլորեցնել նրանց: Գրում է Գուարդինին. «Որևէ հոգևոր կյանք, եթե կամենում է հարատևել և պտղաբերել, կարիքն ունի որոշակի չափավորության, բայց նաև բարձր մակարդակի իրական և խորացված կրթության: Այսպիսով կարող կլինի պահպանելու իր գործուն դյուրաշարժությունը, իր հստակությունը, լայնասրտությունը. այսպիսով կարող կլինի պաշտպանվելու այն հիվանդագին մտասեղմումներից ու խանդավառություններից, որոնք հոգևոր կյանքում պատահող հաճախակի վտանգներն են: Մշակույթը կրոնին պարգևում է արտահայտվելու միջոցները, օգնում է նրան հստակ տեսնել ինքն իր մեջ, զանազանել էականը երկրորդականից, միջոցը և գործիքը` նպատակից, ճանապարհը` նպատակակետից: Եկեղեցին պարբերաբար դատապարտել է գիտության և արվեստի դեմ կատարված հարձակումները: [...] Այս նույն Եկեղեցին, որ ուժգին պնդում է միակ կարևորի վրա և որի Ավետարանը հավիտենական փրկության համար մեծ սաստկությամբ քարոզում է ամբողջական հրաժարման և զոհողության օրենքը, միաժամանակ պահանջում է, որ հոգևոր կյանքը թաթախված և հագեցված մնա ճշմարիտ կրթության առողջարար աղով»[2]: «Ճանաչողության պակասի պատճառով մեռնում է ժողովուրդս» (Ովս 4, 6):
Եվ սակայն, ընթերցանության և ուսումնասիրությունների միջոցով ձեռքբերված գիտելիքների բացակայության դեպքում, Աստված երբեմն պարգևում է շա՜տ ավելի լավ ու արժեքավոր մի բան. առաջին վանականների մեծամասնությունը շատ պարզ անձինք էին, մեր ունեցած մշակույթի մակարդակից շա՜տ ավելի ցած, նրանցից շատերը կարդալ անգամ չգիտեին ... : Բայց Աստծուց «խայթված էին», ինչպես իրենցից առաջ Աբրահամն ու Մովսեսը, «խայթված էին» Ավետարանից, որը կամենում էին տառացիորեն գործադրել, ինչպես իրենցից հետո շատ ուրիշներ: Եվ քանի որ անմնացորդ կերպով հանձնվել էին Աստծուն, դարձել էին «theodidactoi» - «աստվածուսույց»ներ, այսինքն` ուղղակի Աստծուց կրթվածներ, ճոխացած` մի արտակարգ իմաստությամբ: Անտոնի ասորական կենսագրությունը վկայում է, որ «իմաստուն էր և ծայրաստիճան խելացի: Եվ մարդկանց համար զարմանալի էր, թե ինչպե՛ս էր անգրագետ վանականի անձում գտնվում այդքա՜ն գիտություն և այդքա՜ն իմաստություն»[3]: Մի օր, մի քանի գիտուններ գալիս են նրան այցելելու։ «Պատրաստվել էին ծաղրելու նրան որպես տգետ», բայց «առաջին խոսքից իսկ» հասկանում են, որ «լուրջ և խորաթափանց միտք ունի [...] : Անտոնն իսկապես խորը իմացականության տեր մեկն էր, հանդարտաբարո և խոհական: Նրա խոսքերը համեղ էին և երկնային աղով համեմված (հմմտ. Կղս 4, 6). տրամադիր էր բոլոր հոգիներին»[4]: Այս վերջին անդրադարձությունը կշռադատության պարգևաշնորհի գագաթներից մեկն է. կարող է համեմատվել Գործք Առաքելոցի 2, 6 հատվածին, ուր ասվում է, թե Պենտեկոստեի հրաշքի և Առաքյալների անձերում բնակություն հաստատած Հոգու ներգործության հետևանքում` «յուրաքանչյուրը նրանց խոսքերը լսում էր իր հարազատ լեզվով»: «Բոլոր հոգիներին տրամադիր լինելը» նշանակում է, իրոք, ստանալ յուրաքանչյուրի հետ իր հարազատ լեզվով խոսելու պարգևաշնորհը: Արդ, հասուն անձանց լեզուն մանուկների լեզուն չէ, գիտնականների լեզուն բանվորներինը չէ, բարձր մշակույթի տեր ժողովուրդներինը ցածրակարգ մշակույթ ունեցող ժողովուրդներինը չէ: Իրական «աստվածուսույց»ը յուրաքանչյուրի հետ խոսում է ա՛յն լեզվով, որով դիմացինը կարող է հասկանալ իրեն և որով կարող է հոգևոր սնունդ քաղել:
Պողոս Առաքյալը փիլիպպեցի քրիստոնյաներին նույնպես մաղթում է «aisthesis». կշռադատությունը, դատանիշների շնորհը: Փիլիպպեցիներին ուղղված Նամակի իր մեկնության մեջ, Թովմա Աքուինացին ասում է, թե խոսքը վերաբերվում է այն առաքինությանը, «որը զանազանում է բարիքը չարիքից, ինչպես նաև բարիքը լավագույն բարիքից»[5]:
«Կատարելության ուղին» կոչված իր գրքում, Թերեզա Ավիլացին վճռական կերպով ասում է. «Չեմ հասկանում, թե ինչպե՛ս մեկը, որին պակասում է խոհեմությունը, կարող է օգտակար լինել հասարակությանը. ընդհակառակն` կարող է մեծ վնաս հասցնել»[6]: Պատերազմից առաջ, Աստվածաշնչի մի դասախոս, որը թեմական կղերական դպրոցի հոգևոր հայրն էր, – թեմ, որի եպիսկոպոսն էր դառնալու մի քանի տարի անց[7], – միևնույն ճշմարտությունը հաստատում էր քահանաների վերաբերյալ. «Քահանայության ընդունելու համար», ասում էր ինձ, «ուշադրություն եմ դարձնում երեք հատկությունների. խոնարհությանը, աստվածսիրությանը, դատողությանը»: Սա ասում էր երկուսիս էլ ծանոթ մի քահանայի վերաբերյալ, որն աստվածաբանության համալսարանում ամենափայլունն էր, բայց որը հետագայում, ծխական աշխատանքի ընթացքում, թույլատրել էր վիթխարի սխալներ: Գիտենք նաև, թե քանի՜ քանի՜ ընտանիքներ ճգնաժամի մեջ են գտնվում կամ ամուսնալուծվում են, որովհետև երկու ամուսիններից մեկը (կամ երկուսն էլ միասին) մակերեսային կերպով են մոտենում կյանքի իրականությանը և անընդունակ են գտնվում կիսվելու դիմացինի հետ: Կշռադատության պակասը սարսափելի աղետ է ամենուր, ինչպիսիք էլ որ լինեն պարագաները:
Բարեբախտաբար, անբուժելի հիվանդություն չէ. ինչպես բոլոր իմացական առաքինությունները, խոհեմությունը նույնպես բնածին չէ: Այն ձեռք է բերվում, ասում է Թովմա Աքուինացին[8], «ex doctrina et experimento», ստացած կրթության և փորձառության միջոցով: Սեփական անձին չվստահելը, խոհական, առարկայական, հանդարտաբարո անձանց հետ խորհրդակցելը, կյանքի փորձառությունը և հատկապես աղոթքը կարող են կամաց կամաց լրացնել կշռադատության պակասը: Ինչպես ասում է Էլիուն Հոբի գրքում. «Իսկապես [...] Ամենակալի ներշնչումն իմաստուն է դարձնում: Երկար տարիները չէ, որ տալիս են իմաստություն, ո՛չ էլ միշտ ծերերն է, որ զանազանում են այն, ինչն արդար է» (Յոբ 32, 8-9): Ներքին հոգևոր կյանքին ուշադիր, խոնարհ և զոհողության ոգիով լի, զանազան փորձությունների միջով անցած, նրանց շնորհիվ մաքրագործված և խաղաղված հոգիները երբեմն մեծագույն իմաստություն են ստանում նաև երիտասարդ հասակում. Բենեդիկտոսի Կանոնագիրքն այս առումով մեջբերում է Սամուելի ու Դանիելի օրինակը[9]: Իրականությունն այն է, որ վերջիններս իրենց տարիքին գերազանցել են իրենց վարքով. «aetatem moribus transiens»[10]: Թովմա Աքուինացին իրավացիորեն կարծում է, որ խոհեմություն և կշռադատություն ձեռքբերելու համար անհրաժեշտ է, կյանքի փորձառությունից բացի, սովորել սանձահարել չարամետ կրքերը, հատկապես՝ մարմնի կրքերը[11]: Մեջբերում է կատարում Արիստոտելից, ասելով. «Զայրույթը դեռ մի քիչ ուշադրություն դարձնում է բանականությանը. ցանկությունն ամբողջովին անուշադիր է նրան»[12]: Ճի՛շտ որովհետև այս երկու տարրերը – կյանքի փորձառությունն ու կրքերի սանձահարումը – հատուկ կերպով կարևոր են իմաստուն կշռադատության ձեռքբերման համար, վերջինս հաճախ ներկայացվում է որպես ծերերի առանձնաշնորհությունը: Մեջբերեցի Էլիույի խոսքերը, այժմ մեջբերեմ իրեն՝ Հոբին, որն հաստատում է. «Սպիտակամորուսներինն է իմաստությունը և երկար կյանքի մեջ է խոհեմությունը» (Յոբ 12, 12): Նաև Վիկտոր Հյուգոն, Հոբից շատ դարեր հետո, ասում է. «Երիտասարդների աչքերում տեսնվում է բոցը, բայց ծերունու աչքերում է նշմարվում լույսը»[13]: Այս ամենը, սակայն, մեծապես տեսական է. իրոք, տարիքը կարող է տվյալ անձին հասցնել հասունությանը, բացվելուն, ընդարձակվելուն, լայնախոհությանը, բայց կարող է նաև դարձնել նրան ճղճիմ ու թշվառ, կոշտ, սեփական սովորույթների մեջ քարացած, կարծր և մինչև իսկ զմռսված և կենդանի մումիա դարձած:
[1] Les Paroles inconnues de Jésus, Paris 1970, pp. 99-102.
[2] L'Esprit de la Liturgie, Paris 1929, pp. 135-136.
[3] R. Draguet, La Vie primitive de S. Antoine conservée en syriaque, CSCO 418/Syr. 184, Louvain 1980, c. 72, p. 70.
[4] Նույն, c. 73, pp. 71-72.
[5] Lectio II in capet I epistolae ad Philippenses.
[6] Cap. 14, 2.
[7] Նամուրի (Բելգիա) եպիսկոպոս Գերաշնորհ Ա.Մ. Շարուն:
[8] Summa Theologica, IIa, IIae, q. 47, a. 15, sed contra.
[9] RB 63, 6.
[10] II Dial. Prol. 1.
[11] Summa Theologica, IIa, IIae, q. 47, a. 16; q. 53, a. 6.
[12] Summa Theologica, IIa, IIae, q. 53, a. 6, ad I.
[13] Booz Endormi da V. Hugo, Les gents de siècle.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։