3. Հոգևոր հայրություն – Գրադարան – Mashtoz.org

3. Հոգևոր հայրություն

Մյուս պարգևաշնորհը, որով արտահայտվում էր Եգիպտոսի անապատների Աբբայի հեղինակությունը, հոգևոր հայրությունն էր, այսինքն՝ ճիշտ այն պարգևաշնորհը, որով նրան տրվում էր Աբբա, հայր տիտղոսը։ Այս անունը, որի գործածումը մարդկանց վերաբերյալ արգելվում է Մատթեոսի Ավետարանում, իրականում գործածվում է արդեն իսկ Պողոս Առաքյալի կողմից՝ մատնանշելու համար պաշտոնը նրա, ով որպես «հայր՝ ծնում է ի Քրիստոս» (1Կր 4, 15)։ 3-4րդ դարերում հայր էին կոչվում եպիսկոպոսները, իսկ Ալեքսանդրիայի եկեղեցում՝ նաև դիդասկալները[1]։ Այստեղից էլ անցնում է նաև այն վանականներին, որոնք հասել էին հոգևոր կյանքի բարձր աստիճաններին, այնքան, որ ձեռք էին բերել նաև աշակերտներ։ Հերոնիմոսն ասում է. «Մակարը, Պամբոն և Իզիդորոսը կոչվում են հայրեր, որովհետև Սուրբ Հոգին խոսում է նրանց մեջ»[2]։ Ուստի այն, ինչը որ վանականներից մեկին դարձնում էր Աբբա, Սուրբ Հոգու ներկայությունն էր, որը նրան ընդունակ էր դարձնում Տիրոջ անունից խոսելու. Խոսքի պարգևաշնորհն էր, որի ճշմարտությանն ի նպաստ վկայում էր տվյալ Հոր կյանքի ներդաշնակությունը արտասանված խոսքին. «Նրա բերանը ստիպում է, որ հայր անվանենք իրեն»[3]։ Այս հոգևոր հայրությունն անշուշտ չէր փորձում նմանվել եպիսկոպոսների նվիրապետական հեղինակությանը կամ գրավել վերջինիս տեղը, այլ՝ աշխատում էր Քրիստոսի համար ծնել հասուն և կատարյալ քրիստոնյաներ։ Եպիսկոպոսների հայրությունն ուներ նվիրապետական ու կանոնավորված բնույթ և հավատացյալների վրա կիրառվում էր հատկապես խմբային ձևով։ Մինչդեռ անապատում հայրությունը ծնվում է երիտասարդ վանականներից մեկի նախաձեռնությամբ, որը մի ուրիշ վանականի խնդրում է անձամբ իրեն առաջնորդել քրիստոնեական արմատականության արահետներում։ «Աբբա, մի խոսք ասա ինձ» արտահայտությունը ծնունդ էր տալիս այս որդիական, անձնական հաղորդակցությանը. ինչպես նաև՝ հարկավոր է հիշել, որ այս արտահայտությամբ դիմում էին մեկին, որին ճանաչում էին ընդունակ օգնելու և առաջնորդելու ուրիշների, և դիմում էր մեկը, որն անմնացորդ կերպով փափաքում էր հանձնվել Աստծո ծառայի ձեռքերին։ Անտոնի մասին ասվում է, որ «ամեն ոք կամենում էր ունենալ նրան որպես հայր»[4], բայց նաև, որ «բավական էր նրան տեսնելը»[5] օգուտ քաղելու համար նրա ներկայությունից բխող հոգևոր ուժից։ Հետևաբար, Անապատի Հայրերի մոտ չեն գործածվում այն արտահայտությունները, որոնք հետագայում Աբբային տրվում են Արևմուտքում, այսինքն՝ որ Աբբան երկրի վրա «զբաղեցնում է Քրիստոսի տեղը» (RB 2, 2), որ Աբբան «Քրիստոսի տեղապահն է», կամ մինչև իսկ, ինչպես արտահայտվեցին ոմանք այս վերջին ժամանակներում, «մարմնացումն է աստվածային հեղինակության և [...] մասնակցում է Հայր Աստծո հայրությանը»[6]։ Անապատի Աբբաների հոգևոր հայրությունը ներկայացնում է – թերևս Ավետարանի ոգու համեմատ չափազանց համարձակ կերպով – «առաջնորդ»ի[7] կերպարը, որը նվիրապետական «եպիսկոպոս»ը չէ, և որը կարող է գործածվել առանց շփոթելու Եկեղեցու նվիրապետական իշխանության հետ։ Հոգևոր հայրությունը անապատում հասկացվում էր որպես մի հատկություն, որը վանականին լուսավորում էր ընտրություններ կատարելիս և որոշումներ առնելիս, բայց այդ ընտրություններն ու որոշումները միշտ մնում էին անձամբ տվյալ վանականինը. հոգևոր հայրությունը վանականին օգնում էր անջատվել սեփական եսից և խոնարհությամբ ու հարգանքով ապրել մյուս եղբայրների և մյուս մարդկանց հետ։ Խորքում, ձգտում էր այնպես անել, որ վանականը հրաժարվեր սեփական տեսանկյուններից, սեփական աշխարհայացքից, սեփական նախընտրություններից, ի նպաստ խմբի միասիրտ ու միահոգի լինելուն և համընդհանուր առաջադիմության։ Միևնույն պաշտոնն է, որն հետագա վանական շրջանակներում վարում է Կանոնագիրքը, որպես նույն խմբի անդամների միջև հաղորդակցության միջոց և գործիք, և որպես մանրամասնյալ միջնորդ՝ Ավետարանի և եղբոր միջև։ Ներկայանալով, ուրեմն, որպես կենդանի օրենք, Աբբան օգնում է վանականին այլևս ինքն իր վրա կենտրոնացած չլինել, չլինել կողմնորոշված դեպի «ես»ը, որի շուրջն է պտտվում մնացած ամեն բան (և այս փորձությունն անապատում շատ ավելի ուժգին է, քան քաղաքում)։ Աբբան օգնում է անձերի հաղորդակցության մեջ զարգացնել եղբայրական կյանքի զգացումը։ Սրա ակնհայտ նշաններից մեկն այն է, որ Նիտրիայում կամ Սկիտեում երբեք գոյություն չի ունեցել կենտրոնական մի իշխանություն, այլ՝ կային տարբեր սուրբ Աբբաներ, որոնցից յուրաքանչյուրն ավանդել է խոսքեր և ասույթներ, սնել է աշակերտների բազմություններ, որոնք հետագայում իրենց հերթին դարձել են «Աբբա»ներ։
Հասնելիք նպատակակետը, հետևաբար, միշտ ու միշտ՝ կատարյալ սերն է։ Աբբա Եսային միայն մեկ մեծ պատգամ է տալիս. «Սիրենք աղքատներին, ջանանք խաղաղության մեջ մնալ մեծերի ու փոքրերի հետ [...] , սիրենք բոլոր մարդկանց, ինչպես եթե մեր եղբայրները լինեին»[8]։
Համակարգված ձևով այսպես կարող ենք համառոտել կերպը, որով կիրարկվում էր վանական հեղինակությունը Անապատի Հայրերի մոտ.
1. Աբբան վանականներից մեկն էր, որ հոգեկիր էր դարձել ճգնություններով, միայնությամբ, կրքերի դեմ մղված հաղթական պայքարով, սեփական անձից ամբողջական անջատումով, այն աստիճան, որ հանուն Քրիստոսի հասել էր կորցնելու սեփական կյանքն ու սեփական անձնականությունը.
2. Աբբան ոչնչով չէր նույնանում Եկեղեցու նվիրապետական իշխանությունների՝ եպիսկոպոսների ու քահանաների հետ։ Սովորաբար, Աբբան մի պարզ քրիստոնյա էր, որն իրեն Սուրբ Հոգուց տրված պարգևաշնորհի պատճառով՝ ուրիշ վանականների կողմից կանչված էր հոգևոր առաջնորդության և հոգևոր օգնության պաշտոնը կատարելու, անձնական ժամանակավոր կամ երբեմն էլ մնայուն հաղորդակցությամբ.
3. Կոչվում էր հայր, Աբբա, որովհետև հաղորդում էր այն, ինչն ապրում էր ամենայն լիությամբ, Աստծո խոսքը, այդպիսով իր աշակերտներին ծնելով քրիստոնեական կատարյալ կյանքին, խորհրդատվությամբ և իր իսկ կյանքի օրինակով.
4. Իրեն այցելության եկողներին ընդունում էր «իր խոսքերի հյուրընկալ պարգևով և նրանց մասնակից էր դարձնում այն ամենին, ինչ ինքը սովորել էր» փորձառությամբ[9]. Աբբայի համբավը տարածվում էր իր առաքինության և իմաստության պատճառով.
5. Աբբայի հեղինակությունը չէր կիրարկվում հրամաններով ու պատվերներով, այլ՝ ավելի կայանում էր խոսքի ու օրինակի պարգևի մեջ, տրված նրան, ով խնդրում էր հոժարությամբ ու ազատակամ. հավատքի մեջ քաջալերանքը կարող էր փոխադարձ լինել, ինչպես նաև միմյանց թերությունների ուղղումը՝ սուրբ երկխոսություններով[10]։
«Հոգևոր հայրը այն մարդն է, որն ինքն ամբողջովին դարձել է հոգևոր, այս եզրի իրական իմաստով, այսինքն՝ մարդը, որ հասել է այնտեղ, ուր Սուրբ Հոգին բխում է մահացած և հարություն առած Քրիստոսի մարմնից։ Այն մարդն է, որ ծածուկ իրագործում է կենդանի Աստծո ծրագրերը [...] , Նրա վերջնական գալուստը արարածի անձից ներս, հաշտված արարչության վերադարձը դեպի Նա»[11]։
[1] Stromata 1, 1, 1. «Մենք հայրեր ենք անվանում նրանց, ովքեր մեզ կրթել են հավատքի մեջ»:
[2] Epist. XXII ad Eust., 33.
[3] Պիմեն 61.
[4] Vita Ant., 81.
[5] Vita Ant., 67; Անտոն 27.
[6] G. Sortais, Les choses qui plaisent à Dieu, Paris 1969, pp. 252-253. Արևմտյան վանականության մեջ այս եզրի գործածության մասին՝ հմմտ. G.M. Colombás, “El abad vicario de Cristo. Comentario crítico de RB 2.2-3” in Hacia una relectura de la Regla de San Benito, Silos 1980, pp. 89-104.
[7] «Higoumenos» եզրը վերցված է Եբր 13, 17 հատվածից, որին դիմել են հին և նոր բոլոր կանոնները՝ մատնանշելու համար վանական հնազանդությունը:
[8] Աբբա Եսայի, Logos 16, 9-13.
[9] Vita Ant., 54.
[10] Vita Ant., 16.
[11] A. Scrima, “La tradition spirituelle du père spirituel dans l’Eglise d’orient” in Hermes (1967), p. 79.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։