3. Հոգևոր հայրությունը քոյնոնիայում – Գրադարան – Mashtoz.org

3. Հոգևոր հայրությունը քոյնոնիայում

Հաղորդության կյանքի այս խորաթափանց զգացության պատճառով է, որ Պակոմի մասին հետագայում գրվում է, թե նա այնպես արեց, որ «ամբոխը դարձավ մեկ հոգի և մեկ մարմին»[1], ինչպես նաև ստացավ Սուրբ Քոյնոնիայի Հայր տիտղոսը:
Պակոմն իր հոգևոր հայրությունը միշտ ընկալել է որպես ծառայություն (diakonia), որպես մասնակցություն Քրիստոսի առաքելությանը, Ով եկել է մարդկանց ծառայելու. «Հարկավոր է, որ ես բոլորի ծառան լինեմ», ասում էր Պակոմը Թեոդորոսին[2]. ապա նաև հավելում էր. «Ավետարանում գրված է. “Ով ձեր մեջ ուզում է մեծ լինել, թող բոլորի ծառան դառնա” (Մտթ 20, 26), հետևաբար՝ հարկավոր է, որ մենք մեկս մյուսի ծառան լինենք և ո՛չ թե միայն ուրիշներից ծառայություններ պահանջենք»[3]:
Այս հեղինակությունը չի հիմնվում ոգիների զանազանության և հոգևոր հայրության վրա, այլ ավելի՝ մի հատկության վրա, որը կարող ենք կոչել «միության ծառայություն». նախագահել հասարակության միությանը և իր կողմից սահմանված ու եղբայրների կողմից ընդունված կանոններին: Պակոմյան հեղինակությունն, այսպիսով, չի ձգտում հասարակաց մակարդակով կազմակերպելու անապատի հոգևոր հայրությունը, այլ՝ կողմնորոշված է դեպի եղբայրների ծառայությունը, հետևելով ամենաիրական և տառացիորեն նորկտակարանյան սկզբունքին: Ով նախագահում է վանական հասարակությանը, կարծես թե եղբայրների կողմից ընտրված է փնտրելու Աստծո կամքը հասարակության վերաբերյալ, շնորհիվ իր ստացած պարգևաշնորհի, Սուրբ Հոգու հանդեպ իր հպատակության, որի վկաներն են բոլորը: Վանական հասարակության մեջ նա մի սպասավոր է, ընդունակ` պահպանելու խումբը եղբայրական հաղորդության մեջ: Միջամտում է ո՛չ թե հրամայելու կամ ճնշելու, այլ՝ հաշտեցնելու ու համաձայնեցնելու համար, ներկայացնելով բոլորի համընդհանուր ձայնը, առաջնորդը մեկ միակ կամքի, որը, սակայն, բազմատարրությամբ է արտահայտվում սուրբ քոյնոնիայում: Պակոմյան հասարակության Աբբան չի զբաղեցնում Քրիստոսի տեղը, քանի որ վանական ամբողջ հասարակությունն է – իբրև Քրիստոսի միստիկ Մարմինը – Տիրոջ փոխանորդը մարդկանց մոտ: Պակոմյան Աբբայի գործունեության նպատակն այն է, որ հասարակության անդամները մահանան իրենք իրենց, ո՛չ թե իր անձին ընծայված հնազանդությամբ, այլ` փոխադարձաբար միմյանց ենթարկումով ու ծառայությամբ:
Ծառայությունը և, ինչո՞ւ չէ, կարող ենք ասել նաև փոխադարձ ստրկությունը, հասկացվում են Յահվեի Ծառայի աստվածաբանության ամենախորը իմաստով, այնպես` ինչպես մեզ ներկայացնում է Աստծո խոսքը և ինչպես որ քրիստոնյային վերագրված է հատկապես Պողոս Առաքյալի կողմից: Պակոմը համոզված էր, որ վանականությունը մենակեցությունից ավելի բարձր է հենց ա՛յս պատճառով, թեև երբեք չի գրել և ո՛չ իսկ մեկ էջ` աստվածաբանական լեզվով պաշտպանելու համար հասարակաց կյանքի գաղափարականը, ինչպես հետագայում վարվելու էր Բարսեղը:
Քոյնոնիայի Հոր իր պաշտոնը կիրարկելիս Պակոմը միշտ խուսափում էր տիրապետող կեցվածքից, ինչպես նաև իր հեղինակությունը չափազանց պարտադրելուց: Բոլորի հետ վարվում էր խոնարհ սիրով, յուրաքանչյուրի կարիքների նկատմամբ իմաստուն կարեկցանքով, հասարակաց կյանքի պահանջների կատարման մեջ չափի զգացումով: Ավանդությունը պատմում է, որ Պակոմի առաջին աշակերտները հակաճառում էին և հասնում էին մինչև իսկ նրան նախատելու, բայց նա «առանց վրեժխնդրության կրում էր ամեն բան մեծ համբերությամբ, ասելով ինքն իրեն. “Կտեսնեն խոնարհությունս ու տառապանքս, կուղղվեն և առ Աստված դառնալով` Նրանից կերկնչեն”»[4]:
Ուստի, հատկապես իր ծառայություններով և իր խոնարհությամբ է, որ Պակոմը դարձավ քոյնոնիայի հայրը, իր բոլոր ուժերը ներդնելով` ստեղծելու համար սրտերի իրական միություն, ամենօրյա կյանքում դարձնելով հասարակությունը իսկապես մեկ սիրտ և մեկ հոգի: Կամենում էր, որ եղբայրներից յուրաքանչյուրը կոնկրետ կերպով ծառայեր մյուսներին, ո՛չ միայն խոսքով, կամենում էր, որ սերը միշտ գործուն լիներ և որ հասարակության ողջ կազմակերպությունն այնպես կողմնորոշված ու սահմանված լիներ, որ Ավետարանի խոսքերից ոչ մեկը չմնար իբրև տեսական կամ լոկ գաղափարական: «Այսպիսով, եղբայրներն առաջադիմում էին առաքինության ասպարեզում, աճում էին նրանց հավատքն ու բերկրանքը, իսկ եթե մրցում էին, մրցում էին միմիայն բարեգործությունների մեջ»[5]:
Երբ աշակերտների թիվը բազմապատկվեց, Պակոմը ստիպվեց նոր վանքեր հիմնել, բայց երբեք չհպարտացավ գտած հաջողությամբ և Եկեղեցու հանդեպ նույնպես պահպանեց հպատակության անկեղծ զգացումները: Ժամանակ առ ժամանակ քոյնոնիայի նորության դեմ խոյացող եկեղեցական իշխանությունների հետ վանականների հարաբերությունների մասին իր ամբողջ ուսուցումը գեղեցիկ կերպով արտահայտված է Օրսիեզիի հետևյալ խոսքում, որին երբ Թեոֆիլոս Ալեքսանդրացին հարցնում է պակոմյան հասարակության մասին. «Սուրբ քոյնոնիան տակավին շարունակո՞ւմ է բարի պտուղներ հասունացնել», պատասխանում է. «Եկեղեցին նույնպես: Մենք կարևորություն չունեցող խեղճ աշխարհականներ ենք»[6]: Աշակերտների մեծաքանակ կուտակման պատճառով Պակոմը ստիպվեց նոր վանքեր հիմնել, հաճախակի այցելելով, սակայն, համայնքներին, ջերմացնելով իր եղբայրներին Աստծո խոսքով, ինչպես ստնտուն է իր փոքրիկներին ջերմացնում սիրալի գորովով[7], և ինչպես վայելում է մարդկանց առ Աստված առաջնորդելու արվեստում փորձառու դարձաց Աստծո իրական ծառային, «հաստատասիրտ էր դարձնում նրանց, ովքեր կրում էին զանազան վշտալի նեղություններ, սովորեցնելով նրանց հաղթել փորձություններին շնորհիվ Աստծո հիշատակի և տնօրինելով այն ամենը, ինչը որ օգտակար էր նրանց հոգիներին»[8]:
Հոգևոր առաջնորդության իր այս ծառայական պաշտոնի մեջ չթերանալու համար և կիսելու համար պատասխանատվությունները, նա «իր կողքին օգնականներ հաստատեց՝ բոլոր նրանց հոգիների փրկության համար, ովքեր հավաքվել էին իր շուրջը, նրանց նախաթոռ կարգեց, որոնք դարձան իր համագործակիցները, բայց ինքը շարունակում էր օր ու գիշեր հսկել` ինչպես վայել է բարի Հովվի ծառային»[9]:
Հաղորդության կյանք հաստատելու և Աստծո հետ նրանց հաշտեցնելու նպատակով մարդկանց ծառայությանը նվիրվելու Պակոմի կոչումը լիուլի իրագործվել էր: Իր մահվան պահին Պակոմը թելադրում է մի կտակ, որը մեկը մյուսի մեջ ներբնակ հայրության և խոնարհության մի հայտնություն է. «Դուք գիտեք, թե ո՛րն էր իմ նպատակը. որպես հեղինակություն ունեցող, ձեզնից որևէ մեկին երբեք չհանդիմանեցի, եթե ո՛չ միայն՝ ձեր հոգիների փրկության համար: Ոչ ոքի հանդեպ չարիք չգործեցի, [...] այլ՝ ջանացի կրթել նրան իմաստությամբ, որպեսզի չմեղանչեր Աստծո դեմ, ասելով. ''Լավ, եթե ուզում ես, մեղանչիր իմ դեմ, որ քո նման մարդ եմ, բայց զգուշացիր Աստծո դեմ մեղանչելուց, որ ստեղծել է քեզ [...] »[10]:
Այսպիսով կարող ենք հասկանալ, թե ինչո՛ւ էին Պակոմի աշակերտները նրա մահից հետո միմյանց ասում. «Այսօր իսկապես որբացանք»:
[1] Bo 194 Lefort, 212.
[2] Bo 61 Lefort, 123, 13-14.
[3] Bo 98 Lefort, 166, 4-10.
[4] S1 Lefort, 4, 12-24.
[5] G1 28; Halkin, 17, 24.
[6] S2 Lefort, 392, 30-31.
[7] Bo 58 Lefort, 120, 24-25; 121, 1-2.
[8] G1 83; Halkin, 56, 22ss.
[9] G1 51; Halkin, 36, 14.
[10] S3 Lefort, 73, 22-37; 74, 1-23.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։