4. Պակոմի հաջորդները – Գրադարան – Mashtoz.org

4. Պակոմի հաջորդները

Պակոմի հաջորդները, հասարակաց կյանքի և սիրո գերագահության մեջ դաստիարակված, թեև այլևս գտնվում էին եղբայրների միջև անհամաձայնությունների ու ճգնաժամի մեջ, չէին դադարում հիշեցնել հիմնադրի գաղափարականը և վերջիվերջո ավելի հզորացրեցին վանական սուրբ քոյնոնիայի գիտակցությունը, մինչև իսկ հասնելով վանական կյանքի եկեղեցային մի աստվածաբանության ստեղծմանը: Պատահաբար չէ, ուրեմն, որ պակոմյան քոյնոնիային տրվում են Աստծո ժողովուրդ, Իսրայել, Երուսաղեմ տիտղոսները, ինչպես նաև որթատունկի, Տիրոջ տաճարի և փարախի այլաբանական պատկերները[1], և հասնում են տեսնելու նրանում շարունակությունը առաքելական շրջանի Եկեղեցու:
Օրսիեզիի մոտ այս անցումն այլևս ամբողջովին հստակ է. «Որ մեր հավաքը և մեր քոյնոնիան, որով միացած ենք մեկս մյուսին, Աստծուց են, ուսուցանում է Առաքյալը, երբ ասում է. “Մի՛ մոռացեք բարի գործերը և քոյնոնիան, որովհետև այսպիսի զոհերն են հաճելի Աստծուն” (Եբր 13, 16): Իսկ Գործք Առաքելոցում կարդում ենք. “Հավատացյալների բազմությունն ուներ մեկ սիրտ և մեկ հոգի [...] “: Այս խոսքերին համապատասխանում են սաղմոսերգուի խոսքերը, երբ ասում է. “Ի՜նչ գեղեցիկ է և ուրախալի, որ եղբայրները լինեն միասին” (Սղմ 133, 1): Եվ մենք, վանքերում ապրելով, փոխադարձ սիրով կապված, աշխատե՛նք գալիք կյանքում նույնպես մասնակցել Սուրբ Հայրերի վիճակին, ինչպես որ շնորհվեց մեզ մասնակցել այս կյանքում, գիտակից, որ Քրիստոսի խաչը պետք է լինի մեր կյանքի և մեր ուսուցումների սկզբունքը»[2]:
Իր կտակում Օրսիեզին հասարակաց կյանքը ներկայացնում է փոխադարձ սիրո նոր պատվիրանի լույսի ներքո և գրում է. «Թող որ լիակատար հավասարություն լինի մեր բոլորիս միջև, առաջինից մինչև վերջինը, հարուստներ և աղքատներ, կատարյալ` համերաշխության ու խոնարհության մեջ [...] և հնազանդվելով այն ամենին, որ Առաքյալներին պատվիրեց մեր Տերն ու Փրկիչը, որ ասաց. “Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ միմյանց սիրեք` ինչպես ես սիրեցի ձեզ. սրանից կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք” (Հվհ 13, 44), մենք նույնպես պարտավոր ենք սիրել միմյանց և ցույց տալ, որ իսկապես ծառաներն ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որդիները Պակոմի և հետևորդները վանական կյանքի»[3]:
Թեոդորոսը նույնպես, որը մի ժամանակ Պակոմի նախասիրած աշակերտն էր, հիշելով նրա խոսքերը, թե. «Մեկ միակ սիրտ եղիր եղբորդ հետ, [...] որովհետև ով քեն է պահում եղբոր դեմ, Աստծո թշնամին է, իսկ ով եղբոր հետ խաղաղության մեջ է, խաղաղության մեջ է Աստծո հետ»[4], իր ուսուցումների մեջ զորեղ շեշտով պնդում է հաղորդության կյանքի վրա, հաստատելով, թե սա՛ է յուրաքանչյուր վանականի առաջին և գլխավոր պարտականությունը, և որ սերն է ճգնողական կյանքի կենտրոնն ու իմաստը: Ասում է` վանական կյանքի կոչման ընտրությունը կապված է բոլոր եղբայրների հանդեպ սնուցված սիրույն և պահանջում է որպես բնօրինակի նայել, «թե ինչպե՛ս էին վարվում քոյնոնիայի հայրերը, այն խորը գորովին, որ ունեին սուրբ քոյնոնիայի օրենքի հանդեպ և որ բոցավառ այրվում էր բոլոր նրանց սրտերում, այն սիրույն, որը նախապես արմատացել էր նրանց հոգիների մեջ»[5]:
Սրա համար, լարվածությունների ու ճգնաժամերի պահին, որոնք անխուսափելի են հասարակաց որևէ կյանքում, տրտմությամբ հրավիրում է եղբայրներին փոխադարձաբար միմյանց խրախուսելու, փոխադարձաբար միմյանց կոչումն ամրապնդելու. «Պահպանենք պարգևաշնորհը, որ հասել է մեզ որպես ժառանգություն, առանց մեր կողմից դրան արժանի լինելու: Գործադրենք օրենքը և մեզնից յուրաքանչյուրը թող որ օրինակ լինի իր մերձավորի համար, թող որ ճանապարհը լինի, որ տանում է դեպի Երկնքի Արքայության բերկրանքը, [...] և շնորհակալություն հայտնենք Աստծուն` ճշմարիտ քոյնոնիայի սուրբ օրենքի վրա մեր հաստատուն մնալու համար, որի հեղինակը, Առաքյալներից հետո, Աբբա Պակոմն է»[6]:
Եթե պակոմյան միանձնականության գլխավոր կանոնագիրքը Աստվածաշունչն է, վանական կյանքը նրա իրագործումն է, ինչպես հաստատում է Թեոդորոսն իր ուսուցումներից մեկում. «Մենք ազատակամ ընդունել ենք իսկապես գործադրել օրենքը, այսինքն` լինել բոլորս միայն մեկ սիրտ, տառապել մեկս մյուսի համար` գործադրելով եղբայրական սերը, ողորմածությունն ու խոնարհությունը [...] : Հետևաբար, փոխադարձաբար միմյանց ընծայենք մեր սրտերը և հետևենք Տիրոջը, կրելով Իր խաչը, համապատասխան այն ամեն ինչի, որ Իրեն խոստացել ենք առանց հարկադրանքի»[7]:
Եվ դարձյալ. «”Սիրիր մերձավորիդ քո անձի պես” պատվիրանը մյուս բոլոր պատվիրաններից ավելի մեծ է և միմիայն Տիրոջ շնորհով կարող ենք գործադրել այն»[8]:
Պակոմյան ավանդության մեջ, հետևաբար, հաղորդության կյանքը ներկայանում է որպես եռանդուն սիրո, փոխադարձ ծառայության մի կյանք, ներշնչված, հաստատված և կազմակերպված` մի արտակարգ հոգևոր Հոր կողմից. Պակոմը: Եվ չպետք է մոռանանք, որ այս հաղորդությունը, հատկապես առաջին շրջանում, ապրվում էր տեղական եկեղեցու հետ, մարդկանց ընծայված ծառայության մեջ, Աստվածաշնչի բացարձակ իշխանության ներքո, Աստվածաշնչի, որն ընթերցվում և աղոթվում էր հարատևությամբ: Արդյոք պատահականությո՞ւն է, որ պակոմյան վանականությունը, որի բնորոշ յուրահատկությունն է փոխադարձ սիրո, ծառայության և կյանքի հաղորդության գաղափարականը, որպես իրեն մյուսներից զատորոշող տարրեր ունի Աստվածաշնչի գերագահությունը, որ կարելի է կոչել «աստվածաշնչականություն», և վախճանաբանական հզոր զգացումը, գիտակցությամբ, որ Տիրոջ վերադարձը մոտ է: Չենք կարծում: Պակոմյան ավանդության համար, ինչպես Բարսեղի համար, բայց նրանից անկախ, միմիայն աստվածաշնչյան հիմքն ու վախճանաբանական վառ փափագն է, որ ստեղծել են առաքելական շրջանի քոյնոնիան և նոր պատվիրանն ապրելու հնարավորությունը:
[1] Այս պատկերների վերլուծման համար՝ տե՛ս. P. Tamburrino, Koinonia. Aspetti ecclesiologici del cenobitismo pacomiano, Roma 1970, pp. 298-328.
[2] Ors. Lib., 50.
[3] Ors. Lib., 23.
[4] Pac. Cat., 1, 36.
[5] Teod. Cat., 3, 36.
[6] Teod. Cat., 3, 4-5.
[7] Teod. Cat., 3, 23-24.
[8] Fr., 2, 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։