ԱՆԱՊԱՏԻ ՀԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆԱՊԱՏԻ ՀԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍԸ

Ժամանակագրական առումով չճշտված մի օր[1] Բենեդիկտոսը տեղեկանում է, որ Մարտինոս անունով մի վանական, որն առանձնացել էր Մարսիքոս լեռան վրա, դարձել էր Սիմեոն Սյունակյացի անխոհեմ մրցակիցը[2]. «Մարտինոսը, հազիվ հասավ լեռան լանջին, երբ տակավին ապրում էր քարանձավում առանձնացած, ոտքին մի շղթա կապեց, որի մյուս ծայրը ամրացրեց ժայռին. այդպիսով, չէր կարող քարանձավից հեռանալ ավելի, քան որքան թույլատրում էր շղթայի երկարությունը: Երանաշնորհ Բենեդիկտոսը, որի մասին նախապես արդեն պատմել եմ քեզ, իմացավ այս բանը. այնժամ իր աշակերտներից մեկին ուղարկեց նրան ասելու. “Եթե դու Աստծո ճշմարիտ ծառաներից ես, երկաթի շղթան թող չկապի քեզ, այլ` Քրիստոսի շղթան”»[3]:
Այն, ինչը որ Բենեդիկտոսն իր աշակերտի միջոցով ասում է Մարտինոսին, չի դադարում հանձնարարել նաև իր եղբայրակիցներին. «Քրիստոսի սիրուց ավելի ոչինչ չգերադասել»[4]. «Հնազանդությունը պատշաճում է նրանց, ովքեր Քրիստոսից ավելի սիրելի ոչինչ չունեն»[5]: Մարտինոսը հնազանդվեց, այնպես` ինչպես իր ժամանակին Սիմեոնը նույնպես ընդունել էր իր սխալը: Բայց այս փոքրիկ միջադեպը մեզ թույլատրում է հստակորեն ներկայացնել Բենեդիկտոսի և քրիստոնյա Արևելքի միջև գոյություն ունեցող հաղորդության խնդիրը: Երբ Սուբիաքոյի և Մոնտեկասսինոյի Աբբան հորդորում է մեզ հետևելու «մեր Հայրերին», ո՞ւմ ի նկատի ունի: Ովքե՞ր են անապատի այդ վանականները, որոնց օրինակով և ուսուցումներով է նա իրեն ապահով զգում: Նրանցից բոլորի՞ն է ներկայացնում որպես օրինակ, և ամե՞ն ինչում:
Բայց մի պահ վերադառնանք Գրիգոր Մեծի կողմից հիշված դեպքին և խոսքին (rhema): Տվյալ դարաշրջանի վանական ողջ գրականությունը, որին ծանոթ կամ անծանոթ էր Բենեդիկտոսը, ճաշակում ու վայելում էր այդ սուրբ հերոսների հրաշալի խստությունների ու ճգնությունների համը: Ինքը, մինչդեռ, Քրիստոսին է դնում մեր դարձի կենտրոնում: Կանոնագրքի այսքա՜ն լավ կերտված բանաձևումները հիշատակում են բոլոր Հայրերին. Մովսես Մարգարեից[6] մինչև Առաքյալները[7], Կիպրիանոս մարտիրոս եպիսկոպոսից[8] մինչև Անտոն Մեծը: Այս վերջինի կյանքը, գրված` Աթանաս Ալեքսանդրացու կողմից 357 թվականին և իսկույն լատիներենի թարգմանված (քիչ ժամանակվա մեջ մինչև իսկ երկու թարգմանություններով), ներկայացնում է այս միևնույն սերը, որ Անտոնն ուներ Քրիստոսի նկատմամբ: «Տերը Անտոնին պարգևում էր խոսքի շնորհը և այսպիսով մխիթարում էր բազում վշտացածների, հաշտեցնում էր վեճերով միմյանցից հեռացածներին և բոլորին կրկնում էր, թե աշխարհիս վրա գոյություն ունեցող ոչինչ չպետք է գերադասվի Քրիստոսի սիրույն»[9]: Ինչպես նաև վերջին խոսքերը, մահից քիչ առաջ. «Օդի նման` անդադար Քրիստոսին շնչեցեք, և հավատացեք Նրան: Ապրեցեք այնպես, կարծես թե մեռնելու եք ամեն օր։ Հսկեցեք ձեր անձերի վրա»[10]:
Անտոնի ապոֆտեգմաներից մեկը մեջբերում է Հովհաննես Առաքյալի Առաջին Նամակի հատվածներից մեկը, որը Բենեդիկտոսի համաձայն` նկարագրում է խոնարհության աստիճանների հաղթահարումը սիրո միջոցով[11]. «Ես այլևս չեմ երկնչում Աստծուց, այլ՝ սիրում եմ Նրան, որովհետև “սերը հեռացնում է երկյուղը” (1Հվհ 4, 18)»[12]:
Բենեդիկտոսն, ուստի, փարվում է Հայրերի ժառանգությանը: Բայց նաև ընտրում է: Ի՞նչ է նշանակում ընտրել, եթե ո՛չ` դառնալ որդիներ, ընդունել Սուրբ Հոգին և որդիների ազատությունը, ծնելու և իր հերթին փոխանցելու համար:
Երկուսն են վավերագրերը, որոնց միջոցով ճանաչում ենք Բենեդիկտոսին. իր Կանոնագիրքը և Գրիգոր Մեծի կողմից շարադրված Վարքը:
[1] Մարսիքոսի մոտիկությունը Մոնտեկասսինոյին՝ ենթադրել է տալիս, որ դեպքը, ամենայն հավանականությամբ, պետք է որ տեղի ունեցած լինի Բենեդիկտոսի կյանքի վերջին շրջանին:
[2] Թեոդորետոս, Storia dei monaci di Siria, XXVI, 10.
[3] III Dial. 16, 9.
[4] RB 4, 21.
[5] RB 5, 2.
[6] «Եգիպտոսի գանձերից ավելի մեծ հարստություն էր համարում Քրիստոսի նախատինքները» (հմմտ. Եբր 11, 26):
[7] «Ուզում եմ ազատվել մարմնից` Քրիստոսի հետ լինելու համար» (Փլպ 1, 23):
[8] «Ոչինչ չնախընտրել Քրիստոսից ավելի, քանի որ Նա ոչինչ չնախընտրեց մեզնից ավելի։ Անբաժանելիորեն փարվել Նրա սիրույն [...] ». De oratione dominicale, 15.
[9] Vita Ant., 14.
[10] Vita Ant., 91.
[11] RB 7, 67.
[12] Անտոն 32.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։