ԱՆԱՊԱՏԻ ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ, ԱՅՆԺԱՄ ԵՎ ԱՅՍՕՐ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆԱՊԱՏԻ ՀԱՅՐԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ, ԱՅՆԺԱՄ ԵՎ ԱՅՍՕՐ

«Քրիստոնեության դպրոց» կոչվող իր գրքի սկզբում, Սյորեն Քիերքըգորը 1850 թվականին գրում է. «Հազար ութ հարյուր տարիներ են անցել այն օրից, ինչ Հիսուս Քրիստոսը քայլել սկսեց երկրի վրա, բայց Իր ներկայությունն աշխարհում երբեք չի դարձել պատմական մի պարզ դեպք, որ միշտ ավելի ու ավելի է հեռանում անցյալի մեջ: Քանի դեռ գոյություն ունի գեթ մեկ հավատացյալ, այդպիսին լինելու կամ այդպիսին դարձած լինելու համար անհրաժեշտ է, որ որպես հավատացյալ՝ ժամանակակից դառնա Քրիստոսի ներկայությանը, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակվա սերունդը: Սույն ժամանակակցությունը հավատքի պայմանն է. ավելի ճիշտ` ինքնին հավատքն է»[1]: Քիերքըգորի համաձայն, քրիստոնեական իրական հավատք չկա` առանց Հիսուս Քրիստոսի անձի ու պատգամի մշտական այժմեականության վերաբերյալ համոզման:
Նմանօրինակ տեսակետ պե՞տք է որդեգրենք նաև Անապատի Հայրերի նկատմամբ: Ճանաչելու համար մեր այսօրվա վանական առաքելությունը՝ անկասկած պարտավոր ենք վերադառնալ մեր արմատներին: Բայց միևնո՞ւյն ձևով, ինչպես Ավետարանների պարագային, այսինքն` Հայրերի վկայությանը մոտենալով որպես ամբողջովին այժմեական, այսօրվա համար ամբողջովին վավերական, մեր ժամանակվա պահանջներին ու կարիքներին ամբողջովին հարմար:
Այո՛ և ո՛չ: Հաշվի առնելով Քրիստոսի և ավետարանական պատգամի վերանցականությունը, իրականում ոչ մի նույնություն չի կարող լինել երկու իրականությունների միջև: Հայրերի պատգամը երբեմն ամբողջական չէ և այս հարցին անդրադառնալու առիթը կունենանք քիչ հետո: Ինչպես նաև չմոռանանք, որ նրանց պատգամը մեզ հետաքրքրում է միմիայն այն չափով, որքանով որ արձագանքում է Քրիստոսի պատգամին: Բայց ճի՛շտ որովհետև արձագանքն է նորկտակարանյան պատգամի բազմաթիվ էական ցուցմունքների, Անապատի Հայրերի վկայությունը պահպանում էր իր մշտական այժմեականությունը:
Ժամանակի մեջ ետ վերադառնալով և Քիերքըգորից ու Ավետարանից իսկ առաջ անցնելով, այժմ ուշադրությունս ուղղում եմ Աստծո մեծագույն խոստումներից մեկին, տրված` Աբրահամին: Երբ Աստված նրան հայտնում է Սոդոմն ու Գոմորը կործանելու Իր ծրագիրը, ասում է. «Մի՞թե Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ այժմ կատարելու եմ, մինչ Աբրահամը դառնալու է մեծ և հզոր ազգ, և իրենով օրհնվելու են երկրի բոլոր ազգերը: Հիրավի, ես նրան ընտրել եմ [բառացի` ճանաչել եմ], որպեսզի նա պարտավորի իր որդիներին և իր ընտանիքին իրենից հետո` ընթանալու Տիրոջ ճանապարհով [derek] և գործելու արդարությամբ ու իրավունքով, որպեսզի Տերը Աբրահամի համար իրագործի այն, ինչ նրան խոստացել է» (Ծնդ 18, 17-19): Վանականների միմյանց հաջորդող սերունդները, որ ջանացին հետևել Հայրերի օրինակին և ուսուցումներին, մի՞թե իր որդիների նկատմամբ Աբրահամի ունեցած միևնույն վիճակում չեն: Նրանք նույնպես «ճանաչվեցին» Աստծուց, ձրիապարգև ընտրության և նախընտրական սիրո այն ճանաչողությամբ, որն իմաստն ու նշանակությունն է եբրայեցերեն «jadah» բայի: Եվ Աստծուց Հայրերին տրված պատգամը նույնպես եղել է մի «derek», մի ճանապարհ, արդարության և իրավունքի հստակ գծված ճանապարհ, որ ներդաշնակվում է Ավետարանի հետ, հատուկ կարևորություն տալով ավետարանական պատգամի որոշ ցուցմունքներին, որոնք արտահայտում և ներկայացնում են վանականի հատուկ դերը Եկեղեցու ներսում:
Ինչպես որ էին իրենց ժամանակակիցների համար, Անապատի Հայրերը մեր նկատմամբ նույնպես կիրարկում են իրենց մարգարեական առաքելությունը: Չորրորդ դարից սկսած, հաջորդ սերունդների միջոցով, ավանդում են մեզ մի «derek», մի ճանապարհ, մի ուղի. և մենք իրավունքն ունենք, հաշվի առնելով այս երկարատև ավանդությունը և սրբության անթիվ պտուղները, որպես մարգարեական նկատել այս ճանապարհը: Սա նախևառաջ նշանակում է, որ Անապատի Հայրերի հետ շփման միջոցով` կամենում ենք այսօրվա վանական կյանքի համար վերագտնել իր մարգարեական նկարագիրը, որը կիրարկում էր իր սկզբնավորության առաջին դարերում: Մարգարեական պաշտոնն անշուշտ Աստծո պարգևներից մեկն է, ո՛չ թե մարդու գործը, բայց առնվազն կարող ենք լավագույնս նախապատրաստվել` ընդունելու այս պարգևը:
Մեր քննարկումները սկսելուց առաջ, համառոտ կերպով կուզենայինք ներկայացնել այն անձնավորություններին, որոնց հետ փափագում ենք շփման մեջ մտնել: Երբ խոսում ենք «Անապատի Հայրեր»ի մասին, ի նկատի ունենք այն միանձներին, որոնք Չորրորդ և Հինգերորդ դարերում, իրենց օրինակով, իրենց ուսմունքով և կյանքի կազմակերպման իրենց ձևով, դարձան վանական կյանքի սկիզբը. վանական կյանքի, որը հազարավոր անձինք մինչև այսօր ջանում են ապրել: Հաջորդ դարերում ապրած բոլոր վանականների Նահապետներն են, Հայրերը:
Բնակվում էին Եգիպտոսի, Սիրիայի և Պաղեստինի անապատներում: Եգիպտոսում, Անտոնի և իր աշակերտների առաջին խումբը հաստատվել էր Պիսպիրում, Նեղոսի դելտայից հարավ ընկած շրջանում: Հետագայում, կամաց կամաց հայտնվում են Ստորին Եգիպտոսի երեք մեծ «անապատները». Նիտրիան, Սկիտեն, Քելլիան: Նիտրիայի անապատը հիմնվեց մոտավորապես 325 թվականին, Ամոնի առաջնորդությամբ: Տակավին ողջ էր Անտոնը, որ մահանալու էր 356 թվականին, իր կենսագրի համաձայն[2], 105 տարեկան հասակում: Նիտրիայի «անապատը» գտնվում էր Ալեքսանդրիայից միայն 60 կմ հեռավորության վրա և այդ իսկ պատճառով ամենազգայունն է եղել հունական իմաստասիրական ազդեցությունների նկատմամբ. Նիտրիայի ներկայացուցիչներից մեկը՝ Եվագրիոս Պոնտացին, հատուկ շեշտ է դնում այս հակման վրա: Սկիտեի «անապատը» հիմնվել է Մակար Եգիպտացու առաջնորդությամբ, մոտավորապես 330 թվականին. այս «անապատի» բնակիչները «ժողովրդական և միջակ կրթության սկզբնական վանականության»[3] թերևս ամենահավատարիմ վկաներն են: Սկզբնական վանականության այս որակավորումը կարևոր է: Թեև Բարսեղից և Կապադովկիացի մյուս մեծերից սկսած՝ վանականությունն ավելի լայն բացվածք է ցուցաբերում մշակույթի նկատմամբ, և թեև հետագայում բազմաթիվ վանքեր դառնում են քաղաքակրթության վայրեր, այնուամենայնիվ` երբեք և երբեք սա չի նկատվում որպես վանականի գլխավոր գործունեությունը: Վանքերը նախևառաջ առաքինության դպրոցներն են, կամ Բենեդիկտոսի համաձայն` «Աստծո ծառայության դպրոց»ները[4]: Կարող է պատահել, որ վանքերում գտնվեն նաև գիտուններ. բայց նախընտրելի է, որ թվով ավելի լինեն սրբերը: Ինչպես նաև, ժողովրդի հոգևոր դաստիարակությանն ուղղված աշխատանքները միշտ ավելի կարևոր են նկատվել, քան գիտական հրատարակությունները: Բենեդիկտյան վանքերից մեկի նորընծաների մեծավորին, որը թերևս շատ կապված էր գիտական գործունեությանը, իր վանական մտերիմներից մեկը մի քանի տարի առաջ նամակով գրում է. «Նորընծաները, որոնց հոգիները կկազմավորես, ավելի, քան գրքերը, որ կհրատարակես, կլինեն քո դափնեպսակը»: Հիշարժան իրականություն է. իրենց մահից հետո ամենախորը հիշատակը թողնող վանականները ամենագիտունները չեն, ո՛չ էլ՝ ամենակարևոր պաշտոններ զբաղեցնողները, այլ` ամենախոնարհները, ամենախոնարհ գործերին նվիրվածները:
Քելլիայի «անապատը» նույնպես հիմնվել է Ամոնի առաջնորդությամբ, Անտոնի հետ համաձայնվելուց հետո, 338 թվականին: Այս վերջին «անապատը» միայնության շա՜տ ավելի մեծ հնարավորություններ և պահանջ ուներ, քան Նիտրիայինը: Երբ Նիտրիայի վանականներից մեկը պատրաստ էր լինում ապրելու առավել խիստ միայնության մեջ, եթե փափաքում էր, առաքվում էր Քելլիա[5]:
Այս երեք «անապատներից» յուրաքանչյուրում միանձները ապրում էին կես-մենակեցական, կես-վանական կյանքով. շաբաթվա ընթացքում ապրում էին առանձնացած, կամ էլ մեկ, երկու կամ ավելի աշակերտների հետ միասին, մեկը մյուսից որոշ հեռավորության վրա գտնվող խցերում, որոնց կենտրոնում գտնվում էր գլխավոր շինությունը, ուր հավաքվում էին միայն շաբաթ և կիրակի օրերին, Հարության ժամերգությունները միասին կատարելու, այդ օրը միասին ճաշելու և հոգևոր խոսակցությունների համար: Նրանց օրակարգը շատ պարզ էր. աղոթք և նյութական աշխատանքներ, լռության և անդորրի մեջ ապրված մեծագույն խոնարհությամբ:
«Լաուսոսյան Պատմագրքի» համաձայն, Նիտրիայի «անապատում» բնակվում էր «հինգ հազար մարդ»[6], Սկիտեում` «մոտավորապես հինգ հարյուր այր, որ գերազանց էին կանոնապահության մեջ»[7], Քելլիայում` «երկարատև փորձառության տեր վեց հարյուր մարդ»[8]: Թեև ներկայացված թվերը մոտավոր հաշվարկով կատարված տեղեկության բնույթն ունեն, այնուամենայնիվ՝ մատնանշում են երեք «անապատների» կարևորությունն ու բազմանդամությունը: Եվ այս թվերը վերաբերվում են միայն Եգիպտոսի վանքերին: Այդ դարաշրջանում վանական շարժման նմանօրինակ ծավալումն իրենից ներկայացնում է անժխտելի նշանակություն և կարևորություն ունեցող եկեղեցային մի փաստ:
Մի եկեղեցային փաստ ... : Կարևոր է, իրոք, ամենայն զգուշությամբ խուսափել վանական շարժումը Եկեղեցու կյանքի ամբողջությունից կղիացնելուց: Ճիշտ է, որ վանականն ունի միմիայն իրեն հատուկ ինքնություն, որն համապատասխանում է Եկեղեցու ներսում միմիայն իրեն հատուկ առաքելությանը: Այնուհանդերձ, վանական կյանքն ապրվում է Եկեղեցու ներսում և կողմնորոշված է Եկեղեցու ծառայությանը. մի ծառայություն (diakonia) Ընդհանրական Եկեղեցու մեջ և համար: Քրիստոնեական կյանքի վիճակներից, կերպերից մեկն է. ո՛չ միայն՝ մյուսներից մեկը, այլ նաև՝ մյուսների կողքին, մյուսների հետ ներդաշնակությամբ և փոխադարձ լրացուցչությամբ: Վանականը բարձրորակ քրիստոնյա չէ. Անապատի Հայրերը, որ առավել հոժարությամբ ներկայանում էին որպես վանական կյանքի թեկնածուներ, քան ամբողջական իրավունքով վանականներ, հաճախ էին շեշտում անապատի բնակիչների մեծամասնության ցածրակարգության վրա, գերազանց կենցաղավարության տեր բազմաթիվ քրիստոնյաների համեմատ, որոնք ապրում էին քաղաքում[9]: Անապատի Հայրերը լիովին համաձայն կլինեին Կառլ Բարթի հետ, որի համաձայն` վանականի հարաբերությունը մյուս քրիստոնյաների նկատմամբ` օրինակելիության հարաբերություն է[10], ո՛չ թե՝ գերազանցության: Անապատի Հայրերի հետևորդները Եկեղեցում պետք է զբաղեցնեն հնարավորին չափ ամենախոնարհ տեղը, եթե կամենում են հավատարիմ մնալ իրեն նախահայրերի ոգուն: Մեր օրերում նույնպես, հաճախ և գրեթե ամենուր կարելի է հանդիպել բազմաթիվ աշխարհական քրիստոնյաների, որոնք իրական խստակենցաղությանը, եռանդուն, հաճախակի ու տևական աղոթքներին, Աստծո Հոգու և Եկեղեցու պատգամների նկատմամբ տրամադրելիությանը, անշահախնդրությանը, աղքատներին մատուցված ծառայություններին, անկեղծությանն ու եռանդին վերաբերվող հարցերում շա՜տ լավ կարող են որպես օրինակ ներկայացվել բոլոր վանականների համար:
[1] Oeuvres Complètes, tome XVII, Paris 1982.
[2] R. Draguet, La Vie primitive de S. Antoine conservée en syriaque, CSCO 418/Syr. 184, Louvain 1980, c. 89, p. 84.
[3] Vie des Pères du Désert, Lettres chrétiennes, 4, Paris 1961, p. 12.
[4] RB Pr 45.
[5] A. Guillaumont, Aux origines du monachisme chrétien. Pour un phénoménologie du monachisme, Bellefontaine 1979, pp. 151-153.
[6] R. Draguet, Les formes syriaques de la matière de l'Histoire Lausiaque, t. I, CSCO 370/Syr. 170, Louvain 1970, c. 7 (I Nitrioti), 1, R1, p. 44; c. 13 (Apollonios), 4, p. 68.
[7] Նույն, t. II, CSCO 371/Syr. 171, c. 20 (Paolo di Ferme), 1, R1, p. 115.
[8] Նույն, t. I, c. 7, 2, R4, p. 45.
[9] Deserto, pp. 43-53.
[10] Visioni Attuali sulla Vita monastica, Montserrat 1966, pp. 43-44.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։