ԱՆՄԱՀ ՀԱՅՐԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆՄԱՀ ՀԱՅՐԵՐ

Անհնարին է մերժել Անապատի Հայրերի համբավը. տեղ են գտնում որևէ ժանրի գրականության մեջ: Բայց սա, ցավոք, դեռ չի նշանակում, որ նրանց վերաբերյալ կազմվում է իրական և ճշգրիտ կարծիք: Նրանց սովորաբար ներկայացնում են որպես «թավամազ ուրվականներ, բզկտված ստվերներ, մարդկային էակների նմանվող ոգիներ»[1]: Չափազանց լավ ենք ճանաչում Անտոնին, մինչ կռվում է ամեն տեսակի վիշապների ու հրեշների դեմ, կմախքի չափ նիհար Հերոնիմոսին, փարթամ առյուծի կողքին, Ոնոփրիոսին, որի մազերն են իր միակ հագուստը, Հովհաննես Կարճահասակին, որ ջրում է չորացած ու մեռած բույսը, Մակարին, որ զրուցում է իր ձեռքերի մեջ բռնած գանգի հետ, Սիմեոնին, սյան վրա, Պափնոտիոսին, որ սիրահարների ձեռքից խլում է Թաիդին, և ուրիշ բազմաթիվ գեղեցիկ պատկերներ, որոնց մեծամասնությունը շա՜տ հաճախ մի պարզ ծաղրանկար է իրենից ներկայացնում, որ նսեմացնում ու թաքցնում է էականը: Անապատի Հայրերը, ճի՛շտ է, իրենց կյանքի ընթացքում բավական տարօրինակություններ են գործել, եղել են խիստ ճգնավորներ և մեծ միստիկներ, ապրել են երբեմն որպես գազաններ, երբեմն էլ՝ որպես հրեշտակներ, գործել են հրաշքներ և մանամարտի են բռնվել դևերի հետ: Այս բոլորը ճի՛շտ է, բայց՝ երկրորդական, և սրանցով չէ, որ Անապատի Հայրերը ձեռք են բերել իրե՛նց միայն հատուկ դիմագիծը: Իրենցից առաջ և իրենցից հետո, իրոք, շատ ուրիշ Սրբեր գործել են միևնույն հրաշքները: Ո՞րն է, ուրեմն, Անապատի Հայրերի առանձնահատկությունը, կամ ավելի ճիշտը` ո՞րն է նրանց հատուկ պարգևաշնորհը, որ նրանց համար արժանացավ մի արտասովոր վիթխարի շողարձակման և որ մինչև օրս արժանանում է մի անհամեմատելի անվան ու համբավի: Այդ պարգևաշնորհն արտահայտելու ամենալավ ձևը «Անապատի Հայրեր» տիտղոսն է, որ նրանց տրվել է 4րդ դարի վերջից սկսած: Եթե լավ հասկանանք, միայն այս տիտղոսն արդեն ներկայացնում է այն ամենը, ինչը որ էական է:
 
Երկու հատկանշական դիտողություն
 
Արդեն մի քանի դար է, ինչ «Անապատի Հայրեր» անվանը տրվում է բավական ընդարձակ բովանդակություն, որից ներս մտցվում են Մերձավոր Արևելքում 4-7 դարերում ապրած միանձները, լինեն դրանք միայնակյաց, թե վանական, Անտոնից մինչև Հովհաննես Կղիմաքոս: Բայց սա չէ «Անապատի Հայրեր» անվան առաջնային իմաստը, որ գտնվում է Պալլադիոսի «Լաուսոսյան Պատմություն» («Historia Lausiaca») կոչվող պատմագրքում, ուր հեղինակը պատմում է վանականներին վերաբերվող իր հիշատակները, որոնց ծանոթացել կամ որոնց մասին լսել էր իր Եգիպտոսում եղած ժամանակ, 388-399 թվականների միջև: Այն երկու գլուխներում, ուր ակնարկում է «Անապատի Հայրերին»[2], հստակ կերպով երևում է. 1) որ խոսքը վերաբերվում է եգիպտացի միայնակյացներին, որ ապրում են «մեծ անապատում», այսինքն` բնակավայրերից հեռու, և 2) որ խոսքը վերաբերվում է միմիայն «Հայրեր»ին, որոնք պարզորոշ կերպով տարբերվում են «անապատում ապրող եղբայրներից»:
Ա՛յլ խոսքերով ասած, Անապատի Հայրերն ունեն երկու յուրահատկություններ.
1) Հասել են մինչև անապատի խորքերը` ապրելու համար ամբողջովին ամայի վայրերում. մի բան, որ նրանց զանազանում է եգիպտացի մյուս բոլոր միանձներից, լինի միայնակյացներից, թե վանականներից, որոնք ապրում էին քաղաքների ու գյուղերի մոտակայքում, Նեղոսի ինչպես դելտայում, այնպես էլ ամբողջ հովտի երկայնքին:
2) Միայն իրենք էին կիրարկում հոգևոր հատուկ հայրությունը, որն իրենց համար արժանացել էր «Աբբա» տիտղոսին:
Այս երկու յուրահատկությունների հետևանքն է այն արտասովոր համբավը, որ լուսեպսակի նման պատում է նրանց ահա՛ տասնհինգ դար շարունակ: Կոչումը, որ առաջնորդեց նրանց դեպի անապատ, և առաքելությունը, որ կատարեցին իրենց կյանքի ընթացքում, բացատրում են այն պայծառ ճառագայթումը, որ Անապատի Հայրերը շարունակում են իրենցից արտաբխել ժամանակի ու տարածքի սահմաններից դուրս, ինչպես նաև նրանց տևական այժմեականությունը Եկեղեցու ներսում:
[1] J. Lacarrière, Les hommes ivres de Dieu, Paris 1975, p. 10.
[2] Hist. Laus., 11. 4-5; 39. 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։