Աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

Աղոթքը

Սիրո այս երկխոսության մեջ ամենաարդյունավետ խոսքը միշտ մնում է այն մեկը, որը հայրն արտասանում է Աստծո առաջ՝ աղոթքով, ի նպաստ որդու, որին ծնել է Կյանքի համար: Բարեխոսությունն է Աբբայի գերագույն պարտականությունը: Հունարեն ապոֆտեգմաներից մեկը պահպանել է այսօրինակ աղոթքի մի կարճ, բայց սքանչելի օրինակ. «Վանքերից մեկում կար մի սուրբ մարդ, ճոխացած ամեն տեսակ առաքինություններով, հատկապես խոնարհությամբ ու քաղցրությամբ, ողորմությամբ և կարիքավորների նկատմամբ սիրով: Բավական երկար աղոթում էր Աստծուն և ասում. “Տե՜ր, գիտեմ, որ մեղավոր եմ, բայց վստահում եմ ողորմածությանդ և հուսով եմ փրկվել՝ գթառատությանդ շնորհիվ: Աղաչում եմ, ուրեմն, Տե՜ր, հանուն Քո բարության, չբաժանես ինձ եղբայրներիցս, այլ՝ անբավ բարությամբդ շնորհիր ինձ և նրանց Քո Արքայությունը»[1]:
Իր եղբոր համար աղոթողը, համենայն դեպս, առաջինն ինքն է օգտվում այդ աղոթքից. «Եղբայրներից մեկն այցելեց կշռադատության պարգևն ունեցող ծերերից մեկին և աղաչեց նրան այս խոսքերով. “Աղոթի՜ր իմ համար, հայր, որովհետև տկար եմ”: Ծերը պատասխանեց. “Հայրերից մեկն ասել է, որ ով իր ձեռքերով ձեթ է վերցնում հիվանդին օծելու համար, նախ ինքն է օգտվում իր ձեռքերով կատարված օծումից: Այսպես նաև ո՛վ աղոթում է տառապող եղբոր համար, վերջինիս օգտակարությունից առաջ` նախ ինքն է ունենում օգուտի իր բաժինը, շնորհիվ սիրո և կարեկցանքի իր դիտավորության»[2]:
Աղոթքի առաջին արդյունքը տառապող եղբորը մխիթարություն բերելը չէ անպայման: Ավելին, հոգևոր Հոր աղոթքն ու օրհնությունը հաճախ սանձազերծում են փորձությունները, որոնցից որդին պետք է օգուտ քաղի: Այս համոզման ամենահին վկայությունը Աբբա Ամոնինն է[3]: Միևնույն համոզմանն ի նպաստ վկայում է ղպտի ժողովածուի ապոֆտեգմաներից մեկը, որ գործածում է բավականաչափ արտահայտիչ մի պատկեր՝ հասկացնելու համար, թե հոր աղոթքը որքա՜ն կարող է ահարկու լինել որդու համար. «Եղբայրներից մեկը հարցրեց հայր Մակարին. “Սովորեցրո՜ւ մեզ, թե ի՛նչ է նշանակում հնազանդության մեջ ապրելը”: Հայր Մակարն ասաց նրան. “Ինչպես որ աղորիքն է ցորենի վրա պտտվելով մաքրում ամբողջ թեփը, և ցորենը դառնում է անապակ հաց, նույնը քո պարագան է, որդյակ իմ. աղորիքը հայրդ է, իսկ դու` ցորենը. եթե լսում ես հորդ, նա քո համար կաղոթի Տիրոջը, կմաքրի քեզ սատանայի բոլոր թեփերից, և անապակ հաց դառնալու փոխարեն` դու կդառնաս Աստծո որդի”»[4]:
Փորձության ամենաեռուն պահին է, որ հոգևոր հոր աղոթքը ստանում է իր ողջ արդյունավետությունը: Մակարը սա վկայում է իր հայր Անտոնի աղոթքների վերաբերյալ. «Իմ տեր Աբբա Անտոնի տված դարմանները մարմնական չեն, այլ՝ Մխիթարչի զորությունն է գործում նրա աղոթքներում»[5]: Փորձության մեջ ընկած աշակերտը, Տիրոջն աղոթելիս, հաճախ է պաշտպանության կանչում իր հոր աղոթքները և ապավինում է նրանց: Աղոթքի այս ձևը լայնորեն տարածված էր վանական միջավայրերում և մեծ համբավ էր վայելում իր արդյունավետության համար. «Տե՜ր, շնորհիվ իմ հոր աղոթքների` փրկի՜ր ինձ այս փորձությունից»[6], կամ. «Ո՜վ զորությունների Աստված, ազատի՜ր ինձ` հանուն իմ հոր աղոթքների»[7]:
Հոգևոր հոր աղոթքը երբեք զենքերը վար չի դնում. հետևում է որդուն մինչև իսկ մեղքի մեջ: Տեղեկանալով, որ իր աշակերտ Աբրահամն ընկել էր մեղքի մեջ, Աբբա Սիզոեն ոտքի ելավ և ձեռքերը դեպի երկինք տարածեց՝ ասելով. «Ո՜վ Աստված, ուզում ես կամ ո՛չ, Քեզ հանգիստ չեմ թողնի, մինչև որ չբժշկես նրան»[8]: Աղոթք, որ կարող է հանդուգն թվալ, բայց որ բխում է միմիայն այն անսասան վստահությունից, որ Աստված չի կարող չընդունել հոգևոր հոր աղոթքը, քանի որ նա է որդուն հասնող բոլոր շնորհների ջրանցքը:
Այս աղոթքը որդուն ընկերակցում է մինչև վերջինիս մահը. «Աբբա», ասում է մահամերձ մի վանական, «տեսնում եմ երկնային զորություններին, որ գալիս դեպի ինձ և ետ են վերադառնում՝ շնորհիվ քո աղոթքների»[9]: Նաև որդու մահից հետո հոր աղոթքներն են, որ շարունակում են փրկել նրան: Երանելի Պողոս Պարզասիրտը տեսիլքում տեսավ քիչ օրեր առաջ մեռած իր աշակերտներից մեկին, որն իր ամբողջ կյանքի ընթացքում սակավ ջերմեռանդ մեկն էր եղել. աշակերտը նրան ընդառաջ էր գալիս բերկրանքով լի և ասում էր. «Աղոթքներդ, հա՜յր, շարժեցին գութը Ամենասրբուհի Աստվածամոր, ով քեզ շատ է սիրում: Նա աղաչեց Փրկչին և ազատեց ինձ իմ շղթաներից. ես իրոք կապված էի մեղքերիս շղթաներով»[10]: Հոր աղոթքն արդյունավետ է մնում նաև իր մահից հետո: Պաղեստինում, Աբբա Նիկողայոսը կանխավ հայտնել էր իր կույր աշակերտ Անտիոքոսին, որ իր մահվան հաջորդ շաբաթվա ընթացքում վերստին ստանալու էր տեսողությունը: Ինչը որ իրականացավ, մինչ Անտիոքոսը նստած լալիս էր Նիկողայոսի գերեզմանի մոտ[11]:
Հոգևոր հոր աղոթքների մասին այս վկայությունները եզրափակելու համար հարկավոր էր ամբողջությամբ մեջբերել այն նամակը, որ Բարսանուֆը գրել էր Անդրեաս անունով իր աշակերտին, որը խնդրել էր աղոթել իր համար. «Ուզում եմ հայտնել Ձեզ, որ Ձեր խնդրանքից առաջ արդեն վստահել էի Ձեզ սուրբ, պաշտելի, համագոյակից և կենարար և հավիտենական Երրորդությանը, խնդրելով պաշտպանել Ձեզ բոլոր չարիքներից: Բայց չեմ ուզում, որ անգիտանաք, թե կա մի ուրիշ, առավել ահարկու և կարևոր, առավել սարսափելի, առավել ցանկալի ու սիրելի, առավել պատվելի ու փառավոր աղոթք [...] »: Խոսքն անկասկած վերաբերվում է վերջին դատաստանին, երբ Հոգևոր Հայրերից յուրաքանչյուրը կանչվելու է խոսք վերցնելու և իր որդիներին ներկայացնելու. «Սրբերից յուրաքանչյուրն Աստծուն ընծայելով այն որդիներին, որոնց փրկել է, հստակ ձայնով և ամենայն վստահությամբ, սուրբ հրեշտակների և երկնային բոլոր զորությունների ապշանքի ընկերակցությամբ, ասելու է. “Ահավասի՛կ ես և որդիները, որոնց Աստված տվեց ինձ”»[12]: Այսպիսով, հոր աղոթքն ընկերանում է որդուն այն պահից սկսած, որում ընդունում է նրան, մինչև հավիտենականություն, Դատավորի գահի առաջ:
[1] Nau 449.
[2] Nau 635.
[3] Ամոն, Նամակ Թ 1-2; ԺԳ 5.
[4] Amélineau 126, 14.
[5] Amélineau 120, 14.
[6] Nau 293.
[7] Ամոն 3.
[8] Սիզոե 12.
[9] Nau 23.
[10] Nau 599.
[11] Հմմտ. Անանուն Kf0 187v.
[12] Բարսանուֆ 118.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։