Ապրել Աստծո համաձայն – Գրադարան – Mashtoz.org

Ապրել Աստծո համաձայն

Աստծո ներկայության հարատև համոզումը, «ո՛ւր որ էլ գնաս», հանգեցնում է այս մյուսին. «Տերը [...] ժողովրդի բազմության միջից, որի ականջներին աղաղակում է այս բաները, փնտրում է իր մշակներին»[1]. հաստատուն, խոսքի տեր մշակներ, որոնց միշտ կարող է վստահել, որոնցից միշտ կարող է պահանջել և որոնց միշտ կարող է հրամայել ամեն բան. «Եթե կամենում ենք բնակվել այդ Արքայության օթևաններում, բայց դեպի այն չենք ընթանում բարի գործերով, երբեք չենք հասնի նրան»[2]:
Այստեղ նույնպես գտնվում ենք Անապատի Հայրերի ուսմունքի դիմաց, որի ազդեցությունն անկասկած կրել է Բենեդիկտոսը: Զոսիման հաստատում է, որ եթե Հայրերի խոսքերն այդպիսի կշիռ և այդպիսի արդյունավետություն ունեն, դրա պատճառն այն է, որ «նախևառաջ իրենք են այդ ուսուցումները փորձարկման ենթարկում իրենց կյանքում, և ապա միայն` ուսուցանում. նախ ապրում էին ու գործում, հետո` խոսում»[3]:
Հայկական Վարք Հարանցի խրատներից մեկը թույլատրում է մեզ լավագույն մանրամասնություններով նկատել Բենեդիկտոսի և Անապատի Հայրերի միջև ներկա նմանությունը. Բենեդիկտոսի կանոնագրքում (2, 14) աստվածաշնչյան միևնույն հատվածը գտնում ենք միևնույն ուսուցման պաշտպանությանն ի նպաստ մեջբերված. «Եթե որևէ մեկը կամենում է ուսուցանել ուրիշների, թող նախևառաջ մտահոգվի սեփական կյանքով, այնպես` որ տրված ուսուցումների պտուղները հավաքողներից առաջինն ինքը լինի: [...] Եթե ուսուցանողը լքել և իրենից հեռացրել է երկնային գործը` զբաղվելու համար աշխարհային վաղանցուկ իրողություններով, իր աշակերտներն ու հետևորդները ուշադրություն չեն դարձնի իր խոսքերին և ուսուցումներին, այլ՝ իր գործերին. իրենից կսովորեն մոռանալ և անհոգության մատնել այն, ինչը որ հավիտենական է, ամենայն եռանդով նվիրվելու համար երկրային խոչընդոտներին: Բայց նմանատիպ ուսուցիչներին Աստված զգուշացնում է. “Ինչո՞ւ ես պատմում արդարության գործերս և բերանովդ սեփականացնում ես դաշինքս: Դու, որ ատում ես կանոնապահությունը և թիկունքիդ ետևն ես նետում խոսքերս” (Սղմ 50, 16-17; հմմտ. RB 2, 14): Եվ կրկին. “Վա՜յ նրանց, որոնց պատճառով անունս հայհոյվում է” (Ես 52, 5; հմմտ. Հռմ 2, 24): Բարի, շա՜տ բարի բան է ուսուցանելը, բայց միմիայն այն դեպքում, երբ ուսուցանողն ինքն է առաջինը գործադրում այն, ինչ ուսուցանում է ուրիշների. գործերն այնժամ դառնում են խոսքերի հիմքը, լռության մեջ գործադրված առաքինության հետ միասին: Երանի՜ ո՛չ թե նրան, ով ուսուցանում է, այլ՝ նրան, ով գործադրում և ուսուցանում է»[4]:
Աբբա Սերինոսն իր աշակերտ Իսահակի հետ մի օր գնաց Աբբա Պիմենի մոտ և հարցրեց նրան. «Աբբա, ի՞նչ պետք է անեմ, որ Իսահակը խոսքերս (գործադրելու) հոժարությամբ լսի»: Պիմենը պատասխանում է. «Եթե կամենում ես գրավել նրան [Աստծո օրենքին], ամեն ինչից ավելի` կրթիր նրան գործերովդ և ո՛չ միայն խոսքերով. թող տեսնի, որ դու կատարում ես այն, ինչ ասում ես. ապա թե ո՛չ, եթե միայն խոսքերդ լսի, կմնա ծույլ: Իսկ եթե կրթես նրան գործերովդ, խոսքդ նրանում կմնա»[5]:
Բենեդիկտոսը թեթևակի մեղմացնում է վանահոր պատասխանատվությունը, զանազանություն դնելով «ընդունակ», խելացի, հասուն աշակերտների, որոնց համար բավական է նաև բանավոր ուսուցումը, և «կարծրասիրտ ու առավել պարզամիտ» աշակերտների միջև, որոնց համար անհրաժեշտ է նաև օրինակը: Անապատի Հայրերը, սակայն, չէին կատարում այս զանազանությունը. նրանց համաձայն, չար օրինակը վնասում է բոլորին, այնպես` ինչպես բարի օրինակը նպաստում է ամենքին: Որոշ վանականների սովորությունը` փակելու աչքերը չար օրինակների դիմաց` ընդունելու համար միմիայն առողջ ուսուցումը, հասարակության մեջ ստեղծում է լարվածություններ ու դժգոհություն. իսկապես, վանահոր կամ որևէ մեծավորի նկատմամբ անհետանում է վստահությունը նրանց, ովքեր այլևս չեն կարող վանահորը կամ մեծավորին ունենալ որպես կյանքի օրինակ. սա կարող է մեկնակետը դառնալ ծանր երկպառակությունների և հասարակության ներսում փոխադարձ անհասկացողությունների համար:
Այս կետում, ուստի, շեշտի մի տարբերություն կա Անապատի Հայրերի և Բենեդիկտոսի միջև: Առաջինները և երկրորդը ընդգծում են օրինակի կարևորությունը, բայց Անապատի Հայրերի համար օրինակը սովորաբար գրավում է օրենքի տեղը. «Նրանց համար օրինակ եղիր, ո՛չ թե օրենսդիր», ասում էր մեծն Պիմենը. եթե կամենում ես եղբայրներին ինչ որ մի խորհուրդ տալ, «նախ դու ինքդ գործադրիր» այն, ինչը որ կամենում էիր ուսուցանել նրանց. «եթե կամենում են ապրել», իրենք իսկ կտեսնեն, թե ի՛նչ պետք է անեն[6]: Աշակերտների հետ ունեցած իր հարաբերությունների մեջ, հետևաբար, վանահայրը կամ մեծավորը կամ ուսուցիչը թող պահպանի մի մեծ խոնարհություն. թող լինի պարզապես նրանցից մեկը, եղբայրներից մեկը: Ապոֆտեգմաներից մեկը խորհուրդ է տալիս. «Եթե ապրում ես եղբայրների հետ, ոչ մի բան մի՛ հրամայիր, որպեսզի չկորցնես պտուղներդ»[7]:
Բավական է ընթերցել Բենեդիկտոսի Կանոնագրքի հիսունութերորդ գլուխը, ուր խոսվում է հայցվորների ընդունելության մասին, անդրադառնալու համար, որ մթնոլորտը զգալիորեն տարբեր է: Փորձի առաջին շրջանից հետո, հայցվորների մեծավոր նշանակված վանականը պետք է երկու ամիս շարունակ նրանց հետ կարդա Կանոնագիրքը, բայց այս «Կանոնագիրքը» այլևս Աստվածաշունչը չէ, ինչպես որ էր Պակոմի համար[8]. երկու ամիսների ավարտին, նրանց պետք է ասի. «Ահա՛ օրենքը, որի ներքո կամենում ես զինվորագրվել։ Եթե կարող ես պահպանել այն, մտի՛ր, իսկ եթե չես կարող, մեկնի՛ր, որովհետև ազատ ես»[9]: Հետագայում, թեկնածուի համար կանոնագիրքը կկարդացվի ուրիշ երկու անգամ ևս, նորընծայության տարվա ընթացքում, միշտ միևնույն նպատակով. «Որպեսզի իմանա, թե ինչի՛ համար է վանք մտնում»[10]: Չի կարելի ժխտել, որ մեծավորի և մարդկային մի օրենքի հեղինակության վրա այդքան պնդումը ենթարկում է հեղինակապաշտության և ձևականության, եթե ո՛չ՝ ուղղակի մանկամտության վտանգին. խոսքը ոչնչով չի վերաբերվում ենթադրական կամ երևակայական վտանգների, քանի որ յուրաքանչյուր դար ճանաչել է նմանօրինակ այլասերումներ, որ կործանել են արական և իգական հարյուրավոր վանքեր: Բայց եթե Բենեդիկտոսը պնդում է Կանոնագրքի հեղինակության վրա, պատճառն այն է, որ ուզում է, որ իր վանքերում տիրի կարգուկանոնը: Սա, սակայն, չի նշանակում բացառել տարբեր հնարավորությունները. ընդհակառակն, Բենեդիկտոսը գիտակից է, որ «ամեն ոք իր հատուկ պարգևն ունի Աստծուց, մեկն այս կերպ, մյուսն այն կերպ»[11]: Վանքերը միշտ էլ ընդունել են նաև քիչ թե շատ եզակի անձանց, որոնք եթե ուրիշներից օգնություն ստանալով կարողացել են պահպանել որոշակի խոհականություն և չափավորություն, հաճախ նպաստել են պահպանելու հասարակության առողջ կենցաղավարությունը: Այն, ինչից Բենեդիկտոսը կամենում է խուսափել, արտառոցություններն են, եսակենտրոնությունները, որոնք շփոթություններ են ստեղծում և հաճախ անդամալուծում ու ջլատում են հասարակության կյանքը, առանց և ո՛չ իսկ նպաստելու այդ տարօրինակությունները կատարող անձի աճին և հասունությանը: Բենեդիկտոսը համոզված է, իրավացիորե՛ն, որ վանական կյանքն ավելի ուշադրություն է պահանջում եսակենտրոնություններից խուսափելու գործում, քան մենակեցական կյանքը: Այս գործում, Կանոնագիրքը մի լույս է և մի ապահովություն, ինչպես նաև շարունակելիության մի գրավական` խարիզմատիկ, այսինքն՝ հատուկ պարգևաշնորհներ ստացած հիմնադրի մահից հետո:
Բայց հենց առ Աստված ուղղված հայացքին տրված կարևորությունն է, որ խուսափում է հնարավոր չարաշահումներից՝ Բենեդիկտոսի միտքը մեկնաբանելու ժամանակ: Արդեն վանական առողջ կյանքի ընթացքն իսկ ինքնըստինքյան առաջնորդում է վանականին ո՛չ թե հեռանալու Կանոնագրքի պահանջներից, այլ՝ օրըստօրե ավելի գերազանցելու նրան: Հիրավի, կյանքի որոշակի և միշտ նոր պարագաներում, իրադարձությունների ձայնի կամ Սուրբ Հոգու նրբին ներշնչումների միջոցով, վանականը հաճախ կանչվում է հնազանդվելու ուղղակի Աստծուն, առանց պարտավորվելու` դիմել մարդկային միջնորդությունների, և ընդհակառակն` վանականը նվազ հաճախականությամբ է քաջալերվում կրավորաբար (պասսիվորեն) կատարելու մեծավորների հրամանները: Վանական հասարակաց կյանքն անշուշտ պահանջում է հարգանք` հասարակությանը վերաբերվող հարցերի հանդեպ, պատրաստակամ հնազանդություն` մեծավորների որոշումների առջև, և խոնարհություն` հանդիմանությունների դեպքում: Եվ երբ Բենեդիկտոսը կամենում է, որ բոլոր վանականները «սիրեն իրենց Աբբահորը անկեղծ և խոնարհ սիրով»[12], քաջալերում է նրանց վստահության, որով կարող են Աբբահորից խորհուրդ և օգնություն խնդրել կարևոր որոշումների և դժվար իրավիճակների դեպքում: Այսուամենայնիվ, վանքի կենցաղավարությունն հանձն առնելու և իր ապրած միջավայրի շրջանակն ու ընտրություններն ընդունելու ժամանակ գործադրված իմաստությունն ու խելացիությունը կարող են առավել պարզ դարձնել վանականի կյանքը և աստիճանաբար նվազեցնել մարդկային հեղինակություններին դիմելու կարիքը: Այս աճին համեմատ, բազմապատկվում են նաև Աստծո միջամտությունները և Իր կանչերը դառնում են միշտ ավելի պահանջող և հստակ` Իրեն փնտրող մարդու համար, հասնելով սահմանների ու պարագաների, որոնց համար նախատեսված չէ հատուկ ոչ մի կանոնագիրք:
Անապատի Հայրերը ծայրաստիճան ազատ էին մարդկային օրենքների դիմաց և վերջինները միշտ ստորադասում էին Աստծո կանչերին[13]: Բենեդիկտոսը ցուցաբերում է միևնույն մտահոգությունը, երբ Աբբահորը հորդորում է հանդիմանությունների մեջ խոհեմության ու չափավորության, «որպեսզի հանկարծ չպատահի, որ մինչ ուզում է չափազանց քերել ժանգը, կոտրվի անոթը»[14]: Որոշ թեթև օրինազանցությունների դիմաց Աբբահայրը պարտավոր է համբերել կարողանալ, եթե տակավին չի հասել միջամտելու հարմար պահը: Նաև Աստծուն հնազանդվելու սկզբնական կոչը, «այն բարիքների վերաբերյալ, որ Նա դրել է մեզնում»[15], հրավեր է ստեղծարար ազատության:
Անապատի Հայրերի և Բենեդիկտոսի միջև գոյություն ունեցող աշխարհայացքների այս զուգամերձությամբ հանդերձ, գոյություն չունի կողմնորոշման ամբողջական նույնություն: Կարող է զարմանալի լինել նկատումը, որ իր Կանոնագրքի եզրափակիչ գլխում Բենեդիկտոսը «կանոն» եզրը գործածում է ակնարկելով միայն իրեն և Բարսեղին: Անապատի Հայրերը թողել են «ուսմունքներ»[16], մեր առջև բացել են «ուսմունքի և առաքինության վեհ գագաթներ»[17], բայց չեն ավանդել ոչ մի օրենք:
Աթոս Լեռան վրա գտնվող Սիմոնաս Պետրաս վանքի վանական Հայր Դիոնիսիոսը հավատարիմ մեկնաբանն է Անապատի առաջին վանականների, երբ հաստատում է. «Վանականի կանոնագիրքը Լեռան Քարոզն է: Սուրբ Հոգին պարգևում է մեզ՝ ապրել երանությունները: Այս երանություններն ապրելու ջանքը ներդաշնակության մեջ է դնում մեզ Հոգու հետ [...] : Հոգեգալստից հետո, Քրիստոսի օրենքը այլևս չի կայանում պատվիրանների մի արտաքին օրենսգրքում: Նոր Օրենքը Սուրբ Հոգու ներքին ներկայությունն է, որ կերպարանափոխում է մեր սրտերը, պարգևելով Աստծուն հաճելի բաները կատարելու համն ու կամքը: Պարտավոր ես, ուստի, շա՜տ ու շա՜տ ուշադիր լինել Սուրբ Հոգու երբեմն հազիվ զգալի ներշնչումներին»[18]:
[1] RB Pr 14.
[2] RB Pr 22.
[3] Pater. Arm., I, 113Ra: I, 81.
[4] Pater. Arm., I, 78R: I, 54.
[5] Pater. Arm., X, 21: III, 12-13.
[6] Pater. Arm., X, 112R: III, 116.
[7] B. Outtier, “Un Patéricon arménien”, Le Muséon 84 (1971), II, 101, p. 315.
[8] BO 23; Lefort, p. 23, 12-15.
[9] RB 58, 10.
[10] RB 58, 12.
[11] RB 40, 1.
[12] RB 72, 10.
[13] Նամակ, pp. 185-196.
[14] RB 64, 12.
[15] RB Pr 6.
[16] RB 73, 2.
[17] RB 73, 9.
[18] J.-Y. Leloup, Parole dal Monte Athos, Bologna 1982, pp. 28-29; 47.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։