Ապրել Աստծուց պահանջված սիրո համաձայն – Գրադարան – Mashtoz.org

Ապրել Աստծուց պահանջված սիրո համաձայն

Հասարակության ներսում ծագող բաժանումները, Բենեդիկտոսի համաձայն, վանքերին հատուկ հիվանդությունն են: Սա բացահայտ հաստատում է, երբ խոսում է «գայթակղությունների փշերի մասին, որոնք սովոր են բուսնել»[1] հասարակության ներսում: Անապատի Հայրերը հակառակ կարծիքի չէին: Պատմում էին փորձառությունը Աթենքի հեթանոս փիլիսոփաներից մեկի, որը դարձի գալով` կառուցել էր տվել մի վանք և այնտեղ ապրել էր վանական կյանքով: Տասնհինգ տարի հետո, այցելության էր եկել Աթենք, և քաղաքի բարձրաստիճան անձինք և իր հին բարեկամները հարցրել էին, թե ինչպիսի՛ տպավորություններ ուներ վանական կյանքի մասին: Պատասխանել էր. «Երկնքի տակ չկա մի ժողովուրդ, որ հավասարվի քրիստոնյա ժողովրդին, ո՛չ էլ մի կենսաձև, որ կարողանա համեմատվել վանական կյանքի հետ: Միայն մի բան կարելի է հանդիմանել նրանց. երբեմն սատանան նրանց մղում է միմյանց ատելու, մեկը մյուսի դեմ չարախոսելու և վիճելու, և իրականությունն ակնհայտ լինելով հանդերձ` չեն նկատում, թե քանի՜ցս զազրելի է իրենց այդ վարմունքը»[2]: Ով վանական կյանքը հարատևորեն ապրում է Աստծո ներկայությանը, նրանում բացահայտում է զարմանահրաշ հարստություններ. ով, մինչդեռ, հետևում է ճղճիմությունների, քննադատությունների ու հակաճառությունների, ինքն իրեն ենթարկում է հոգևոր կյանքի պտուղը կորցնելու վտանգին:
Աստծո ներկայությանն ապրված կյանքը, հետևաբար, որ պահանջվում է և՛ Անապատի Հայրերի, և՛ Բենեդիկտոսի կողմից, ունի երկու ուղղություն: Առաջինը սա է. «Քո երեսն եմ, Տե՜ր, ես փնտրում» (Սղմ 27, 8): Աբբա Բեսսարիոնի գեղեցիկ ապոֆտեգմաներից մեկն արտահայտում է այս առաջին ուղղությունը. «Վանականը պետք է նմանվի քերովբեներին ու սերովբեներին, այսինքն` պետք է ամբողջովին աչք լինի»[3]. ինչպես նաև այս մյուսը. «Ո՞վ է վանականը, եթե ո՛չ՝ մեկը, որ ջանում է ապրել միմիայն Աստծո հետ և Նրա հետ խոսել օր ու գիշեր»[4]: Կասսիանոսը հավատարմորեն հետևում է եգիպտական Հայրերի ուսմունքին, երբ հաստատում է, թե «վանականի նպատակը և սրտի կատարելությունը կայանում են աղոթքի գործում անընդհատելի հարատևության մեջ»[5]:
Բայց Աստծո հետ երկխոսության և մտերմության այս հարաբերությունը կարող է վավերական նկատվել միմիայն այն դեպքում, – և սա՛ է երկրորդ ուղղությունը, – եթե առինքնում և արմատապես փոխում է վանականի կյանքը, մղելով նրան ատելու սեփական կամքը, փարվելու այն հնազանդությանն ու սիրույն, որոնք բնորոշ հատկություններն են նրանց, «ովքեր Քրիստոսից ավելի թանկագին ոչինչ չունեն»[6]:
Վանականն, այսպիսով, ուղղահայաց չափանիշների մարդն է, որը սեփական շահով չափազանց մտահոգ և շարունակական մրցակցության մեջ գտնվող աշխարհի դիմաց աշխատում է խոնարհաբար վկայել ի նպաստ ձրիության և անշահախնդրության, միմիայն Աստծո համառ և հետևողական փնտրտուքի միջոցով: Վանականի համար, անշուշտ, խոսքը չի վերաբերվում աշխարհի նկատմամբ ուսուցչի դիրքորոշումներ բռնելուն, բայց իր կենցաղավարությունն իսկ, ամբողջովին կենտրոնացած Աստծո և եղբայրների վրա, իրենից ներկայացնում է մի բողոք` ընդդեմ աշխարհի և աշխարհի կուռքերի, որոնք են դրամը, պատիվը, իշխանությունն ու հաճույքը: Մի բողոք, սակայն, որը որպես նպատակ չունի աշխարհը դատաստանի կամ առավել ևս` դատապարտության ենթարկելը, այլ` օգնելն աշխարհին, որպեսզի կարողանա ազատվել կռապաշտությունից: Վանականն աշխարհը տեսնում է բանտարկված` մի հսկայական բազմություն կազմող տարրերի ներսում. սիրո և առ Աստված ուղղված փառաբանության իր նուրբ, բայց տոկուն վկայությամբ, վանականը աշխարհին հրավիրում է փշրելու շղթաները, շնչելու առավել առողջարար մի օդ, միավորվելու, ուղղվելու դեպի Նա, Ով ամենայն գոյության սկիզբն ու վախճանն է:
[1] RB 13, 12.
[2] Pater. Arm., XVI, 2: IV 2.
[3] Բեսսարիոն 11.
[4] Pater. Arm., I, 23Ra: I, 3.
[5] Conl., IX, 2.
[6] RB 5, 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։