«Ի՛նչ էլ որ անես կամ ասես, հիմնվիր Աստվածաշնչի վկայության վրա». Աստվածաշունչը որպես կյանքի կանոն – Գրադարան – Mashtoz.org

«Ի՛նչ էլ որ անես կամ ասես, հիմնվիր Աստվածաշնչի վկայության վրա». Աստվածաշունչը որպես կյանքի կանոն

«Ի՛նչ էլ որ անես». Աստվածաշունչը, ուստի, կյանքի կանոն է, օրենքն է մեր կենցաղավարության: Անտոնի այս հիմնական խորհուրդը ճիշտ հասկանալու համար, պետք է դիմենք իր իսկ կյանքին[1]:
Սկզբից ևեթ, Անտոնի կյանքի բոլոր հանգրվանները ներկայանում են Աստվածաշնչի լույսով ողողված և Աստվածաշնչի գերագահությանը ենթարկված: Այսպիսով նա ցույց է տալիս, որ ուրիշներին ուսուցանելուց առաջ` ինքն է առաջին հերթին գործադրել այն: Ծնողների մահից առաջ արդեն, տակավին մանուկ Անտոնը «ուշադիր լսում էր ընթերցումները և դրանց պտուղները պահում էր իր սրտում»: Ծնողների մահից և իրենից փոքր քրոջ հետ մենակ մնալուց հետո, մոտավորապես քսան տարեկան հասակում, սովոր էր հաճախ այցելել եկեղեցի. «Մինչ քայլում էր և մտքում խորհրդածում, մտածում էր, թե ինչպե՛ս էին Առաքյալներն ամեն բան թողել` հետևելու համար Տիրոջը, և թե ինչպե՛ս էին նրանք, որոնց մասին խոսվում է Գործք Առաքելոցում, վաճառում իրենց ունեցվածքները և գումարը բերում դնում Առաքյալների ոտքերի առաջ, որպեսզի բաժանեին կարիքավորներին, և թե քանի՜ցս մեծ էր հույսը, որ նրանց վերապահված էր երկնքում»: Անտոնն ինքն իրեն հարցնում էր, թե այս խոսքերը ի՛նչ իմաստ կարող էին ունենալ անձամբ իր համար։ Մտնելով եկեղեցի՝ Ավետարանի ընթերցման ժամանակ ստացավ Աստծո պատասխանը. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքներդ և տո՛ւր աղքատներին. ապա ե՛կ, հետևի՛ր ինձ, և գանձեր կունենաս երկնքում»: Անտոնը, կարծես Սրբերի հիշատակն իր մտքում արթնացված լիներ Աստծո կողմից և կարծես Ավետարանի ընթերցումը հենց իրեն վերաբերվեր, իսկույն դուրս եկավ եկեղեցուց, իր գյուղի բնակիչներին նվիրեց ունեցվածքները, որ ժառանգել էր ծնողներից [...] : Ապա վաճառեց շարժական ողջ գույքը, հավաքեց մի մեծ գումար և տվեց աղքատներին, մի փոքրիկ մաս միայն պահելով քրոջ համար: Կրկին եկեղեցի մտնելով, հազիվ թե լսեց Տիրոջ ձայնը, որ ասում էր Ավետարանի մեջ. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին», այլևս չկարողացավ եկեղեցում մնալ, այլ՝ դուրս վազեց և մնացածը նույնպես բաշխեց աղքատներին: Ապա քրոջը հանձնեց հավատացյալ կույսերի խնամքին, [...] իսկ ինքը նվիրվեց ճգնողական կյանքին, [...] հսկելով իր անձի վրա և ենթարկվելով խիստ ապաշխարությունների [...] : Աշխատում էր իր սեփական ձեռքերով, որովհետև լսել էր, թե «Ով չի աշխատում, թող չուտի»: [...] Անդադար աղոթում էր, իմանալով, որ հարկավոր է ծածուկ աղոթել, առանց ընդհատումների:
Հիրավի տպավորիչ են մեջբերված հատվածները. հատկապես վերջին երկուսը, միմյանց մոտեցված, արդեն իսկ մատնանշում են աղոթքի ու աշխատանքի հերթափոխը (բենեդիկտյան «ora et labora» – «աղոթի՛ր և աշխատի՛ր» նշանաբանը), որը հենց Անտոնից սկսած` վերջնականորեն սահմանելու էր վանականների օրակարգը: Պատմության առաջին հատվածը, մինչդեռ, արտահայտում է այն իրականությունը, որ գտնվում է ո՛չ միայն վանական որևէ կոչման, այլ ընդհանրապես՝ Աստծուն ընծայված որևէ նվիրման հիմքում: Մի կողմից` բացարձակ հրաժարումը, նյութական և հոգևոր անվերապահ աղքատությունը, և Տիրոջ անպայմանադիր հետևորդությունը. մյուս կողմից` մի բերկրալի վստահություն, որով հնարավոր է դառնում կատարել վճռական քայլը. «Մի՛ մտահոգվիր վաղվա օրով» (Մտթ 6, 34): Պողոս Առաքյալի հոգևոր դիրքորոշումն է. «Գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է ավանդս պահպանել մինչև այն օրը» (2Տմ 1, 12):
Մեջբերված առաջին երկու և վերջին երկու հատվածների միջև կա մի ուրիշը, որ ծանրակշիռ կերպով լի է իմաստով. «prosechon heauto», «հսկելով իր սեփական անձի վրա», որ հիշեցնում է Երկրորդումն Օրինացի 4, 9 հատվածը. «Բայց զգույշ և շատ ուշադիր եղիր, որպեսզի չմոռանաս այն, ինչը որ տեսան քո աչքերը. կյանքիդ ամբողջ ընթացքում թող չհեռանան դրանք սրտիցդ»: Արթնությունն ու պայքարն են ընդդեմ մոռացության, որոնց մասին արդեն խոսեցինք և որոնք էական դեր են խաղում վանականի կյանքում, ինչպես Անապատի Հայրերի, այնպես էլ Բենեդիկտոսի համաձայն:
Անտոնի կյանքի նկարագրության սկզբում մեջբերված աստվածաշնչյան հինգ հատվածներն, այսպիսով, ունեն մարգարեական արժեք: Բայց մարգարեական է նաև Անտոնի արարքներից յուրաքանչյուրի հարատև շաղկապումը Աստվածաշնչի խոսքերի հետ: Աթանասն ընդգծում է այս ճշմարտությունը՝ հավելելով. «Այնքա՜ն ուշադիր էր Աստվածաշնչի ընթերցանությանը, որ նրանում գրված ոչ մի խոսք գետին չէր ընկնում, այլ՝ հիշում էր ամբողջը և հիշողությունը գրավում էր գրքերի տեղը»[2]:
Բենեդիկտոսը, իր Կանոնագրքի նախաբանում, չի մեջբերում Անտոնի Վարքի սկզբում մեջբերված հատվածներից ոչ մեկը, բայց սրանով չի ներկայանում որպես նվազ աստվածաշնչյան: Աստվածաշնչյան մեջբերումներն ու ակնարկները բազմաթիվ են և միշտ կողմնորոշված են, ինչպես Անտոնի պարագային, որոշակի վճիռների և որոշակի արարքների. «Հնազանդության զենքերի» պատկերը հետևում է Եփեսացիս 6, 13 հատվածին, քնից արթնանալու հրավերը վերցված է Հռոմայեցիս 13, 11 հատվածից, Տիրոջ ձայնն առանց սեփական սիրտը կարծրացնելու ունկնդրելու կոչը գալիս է Սաղմոս 95, 7-8 հատվածից. խոսքը վերաբերվում է «մեջքը հավատքով և բարի գործերի կատարումով գոտեպնդելուն» և «Ավետարանի առաջնորդության ներքո» առաջադիմելուն[3]: Կանոնագրքի նախաբանից ևեթ, այնպես` ինչպես Անտոնի առաջին ապոֆտեգմայից սկսած[4], ուշադրությունը կենտրոնանում է գործնական և արդյունավետ ուժականության (դինամիզմի) վրա, որն առաջանում է Աստվածաշնչի հետ ունեցած մեր շփումից. Սուրբ Գիրքն է կանոնավորում և միևնույն ժամանակ կերպարանափոխում մեր կյանքը:
Կանոնագրքի նախաբանը փակվում է հույսի և ապագայի նկատմամբ լավատեսության զգացումներով. «Սիրո աննկարագրելի քաղցրության մեջ ընդարձակված սրտով` արագավազ ընթանում ենք Աստծո պատվիրանների ճանապարհով»[5]: Բենեդիկտոսն Աստվածաշունչը չի գործածում սարսափեցնելու համար, այլ ընդհակառակն` քաջալերելու, «ուսուցանելու, համոզելու, ուղղելու և արդարության մեջ կազմավորելու համար, որպեսզի Աստծո մարդն անթերի լինի և քաջ պատրաստված` ամեն տեսակ բարի գործերի կատարման համար» (2Տմ 3, 16-17): Այս հիմնական լավատեսությունը սահմանված էր վանականության ողջ պատմության ընթացքում աճելու, իսկ զղջումը, որը սկզբում հատկապես երկյուղից ներշնչված զղջումն էր[6], դառնալու էր, հատկապես միջնադարում, փափագի, Աստծո փափագի, երկնքի փափագի կողմից ներշնչված զղջում[7]:
Բենեդիկտոսի Կանոնագրքի առաջին գլուխներից մեկը, ուր խոսվում է բարի գործերի մասին, մեծ մասամբ հյուսված է Աստվածաշնչից ուղղակիորեն քաղված կամ նրանից ներշնչված նախադասություններով: Բոլոր այդ հանձնարարումները որպես միակ նպատակ ունեն պատվիրանների կոնկրետ գործադրումը, գործի վերածումը:
Ծույլ, բայց ուղղվել կամեցող վանականներից մեկին Աբբա Մակարը խորհուրդ է տալիս «ընթերցել Ավետարանը և Աստծուց ներշնչված մյուս բոլոր Գրքերը»[8]: Բենեդիկտոսը նույնպես հստակ կերպով ընդգծում է Աստծո խոսքի բուժական արժեքը, որպես դարման՝ ընդդեմ հոգևոր կուրության ու կարծրասրտության[9]: Եզրափակիչ գլխում, ապա, կրկին անդրադառնում է միևնույն նյութին. «Հին կամ Նոր Կտակարանների աստվածային հեղինակություն ունեցող էջերից կամ ուսուցումներից ո՞ր մեկը ուղղագույն կանոն չէ մարդկային կյանքի համար»[10]: Այս նախադասության մեջ, Աստվածաշնչի մեջ սեփական կյանքի կանոնը փնտրելու կոչն այլևս ակնհայտ է:
Հովհան Ոսկեբերանն ասում էր. «Երբ կարդում ես աստվածային Գրությունների խոսքերը, նախ աղոթիր Աստծուն, որ բացի սրտիդ աչքերը, որպեսզի չբավարարվես գրված բառերը կրկնելով, այլ՝ կարողանաս նաև գործադրել դրանք, երկյուղով, որ թերևս քո իսկ դատապարտության համար ես ընթերցում Աստվածաշնչի կենարար խոսքերը»[11]: Կարող ենք զարմանալ՝ լսելով այս խիստ խոսքերը, քանի որ անապատ հասնողների և վանականությանը փարվողների մեծամասնությունը տրվում էր Աստվածաշնչի հատվածների կրկնությանը՝ անգիր սովորելով Սուրբ Գրքերից շատերը: Բայց Հայրերը քաջ գիտակից էին, որ Աստվածաշնչի ուսուցումները գործադրելու ճիգը շա՜տ ու շա՜տ ավելի դժվարին էր, և հատկապես` շա՜տ ավելի կարևոր էր, քան հիշողության մեջ սոսկական արձանագրումը:
«Մի ժամանակ բնակվում էի մի ուրիշ ծերունու մոտ, որին մի օր ներկայացավ մի կույս, որ ասում էր. “Հայր, [յոթ օրվա վրա վեցը] ծոմապահությամբ անցկացրեցի, երկուհարյուր շաբաթ շարունակ, անգիր սովորեցի ամբողջ Հին ու Նոր Կտակարանները: Ուրիշ ի՞նչ է մնում, որ անեմ”: Ծերը պատասխանեց. “Ի՞նչ արդյունք ստացար: Քո համար արհամարհանքը նույն բա՞նն է, ինչ պատիվը”: Պատասխանեց. “Ո՛չ”: “Կորուստը համարո՞ւմ ես քո համար շահ, օտարները` որպես ըստ մարմնի ազգականներդ, աղքատությունը` որպես բարիքների առատություն”: Պատասխանեց. “Ո՛չ”: Այնժամ ծերն ասաց. “Ուրեմն յոթ օրվա վրա վեցը ծոմապահությամբ չես անցկացրել և չես սովորել ո՛չ Հին և ո՛չ էլ Նոր Կտակարանը, այլ՝ խաբում ես ինքդ քեզ: Գնա՛, աշխատի՛ր, որովհետև ոչինչ չունես”»[12]: Անապատի Հայրերի կյանքից այս մեջբերումը հստակ կերպով ցույց է տալիս, թե ո՛ւր կարող է հասցնել Աստվածաշնչի ընթերցանությունը. ներքին մի լիակատար ազատության և երանությունների պատգամի հետ հոգևոր ներդաշնակության: Աստծո խոսքը, որ «սպառիչ կրակ է և մուրճ, որ փշրում է ժայռերը» (Երմ 23, 29), պետք է փշրի ու վերացնի մեր դիմադրությունը շնորհին, և դարձնի մեր կյանքը «Հոգու և Իր զորության հայտնություն» (1Կր 2, 4):
[1] Հմմտ. Vita Ant., 1-3.
[2] Vita Ant., 3.
[3] RB Pr 3, 8, 9-10, 21.
[4] Անտոն 3 (= Pater. Arm., I, 1).
[5] RB Pr 49.
[6] Նամակ, pp. 142-144.
[7] J. Leclerc, Cultura umanista e desiderio di Dio, Firenze 1965, pp. 63-83.
[8] Pater. Arm., XVIII, 60: IV, 85-86.
[9] RB 28, 3.
[10] RB 73, 3.
[11] Pater. Arm., I, 44Ba: I, 23-24.
[12] Nau 518.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։