«ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է ՍԵՐԸ» (1Կր 13, 13) – Գրադարան – Mashtoz.org

«ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է ՍԵՐԸ» (1Կր 13, 13)

Չորրորդ և Հինգերորդ դարերում ապրած Անապատի Հայրերը, նրանց օրինակներն ու նրանց խոսքերը տակավին կարո՞ղ են վերաբերվել այսօրվա արանց և կանանց, Քսաներորդ դարի վերջավորությանը: Անտոնը, Արսենը, Մակարը, Հովհաննես Կարճահասակը, Սիզոեն, Պիմենը, Սինքլետիկան, Սառան, Թեոդորան և շա՜տ ու շա՜տ ուրիշներ, տակավին խորը նշանակություն ունե՞ն մեր համար, թե՞ պարզապես դերակատարներն են քրիստոնեական մի գեղեցիկ վիպասանության, որոնք երբեմն ժպիտ են պարգևում մեզ իրենց միամտություններով, երբեմն էլ սարսափեցնում են իրենց արտասովոր ճգնություններով: Այսօր տակավին մեր Հայրե՞րն են` հավատքի և սրտի դժվարին դարձի գործում, որպեսզի մենք նույնպես կարողանանք ընթանալ Ավետարանի արահետներով: Քրիստոնեական Ավանդության, բոլոր Եկեղեցիների ավանդությունների կողմից տրված պատասխանը միշտ եղել է միաձայն «այո՛»:
Էութիմիոսը (377-473), Պաղեստինում, Արսենին վերցնում է որպես կյանքի օրինակ[1]. հավանաբար այդպես է սկիզբ առնում պաղեստինաբնակ վանականների կողմից իրականացված տարածման (պրոպագանդայի) այն ապշեցուցիչ գործը, որի հետևանքում` քրիստոնյա Արևելքի բոլոր լեզուներին են թարգմանվում Հայրերի ապոֆտեգմաների ժողովածուները. հունարեն, հայերեն, վրացերեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, սլավոներեն. մի գործ, որ սուրբ երկրում ավարտվում է միայն Իններորդ դարի վերջավորությանը, երբ իր մայրամուտն է ապրում Մար Սաբայի վանքը[2]:
Վեցերորդ դարում, Արևմուտքում, Բենեդիկտոս Նորչացին իր Կանոնագրքում առաջին անգամ լինելով հիշում է Վարք Հարանցը, որը լատիներենի էր թարգմանվել ապագա Պապ Պեղագիոսի կողմից[3], և դրանք առաջարկում է որպես իրական վանական կյանքի հենակետ[4]: Բյուզանդական աշխարհում, Հովհաննես Կղիմաքոսից հետո, Տասնվեցերորդ դարի էզիքաստական շարժումից առաջ, հատկապես Ստուդիոն վանքի Աբբա Թեոդորոսը և Էվերգետոս վանքի Աբբա Պողոսը դիմեցին Անապատի Հայրերի ապոֆտեգմաներին` պաշտպանելու համար իրենց առաջնորդությամբ իրականացված վանական բարենորոգումները: Յոթերորդ և Ութերորդ դարերի ասորի մեծ միստիկների բազմությունը նույնպես (Իսահակ Նինվեացի, Հովսեփ Հացցայյա, Դադիշո Քաթարացի և ուրիշ չափազանց քիչ ճանաչվածներ[5]) նվազագույն չափով անգամ չհեռացավ Եգիպտոսի անապատներից եկած ներշնչումից: Շա՜տ ու շա՜տ ավելի անհայտ է, թե Գերմանիայի, Հոլանդիայի և Միացյալ Նահանգների բողոքական բարեպաշտության վերազարթոնքը ևս քանի՜ցս պարտական է Անապատի Հայրերի ապոֆտեգմաներին և Մակար Մեծին վերագրված հոգևոր ճառերին, որոնց ծանոթացել էր Յոհան Արնդի և Գոթֆրիդ Արնոլդի միոցով[6]: Մեթոդիզմի հիմնադիր Ջոն Վեզլիյը միևնույն ճառերը թարգմանում է անգլերենի, որովհետև համոզված էր, որ դրանց մեջ պարունակված է սրտի իրական քրիստոնեությունը[7]: Արդի վանական հոգեկանության կողմից դեպի սեփական արմատներն ուղղված վերադարձի շարժումը նույնպես – լինի Աթոս լեռան վանքերում, լինի Սկիտեի անապատում, լինի Արևմտյան Եվրոպայում – չի խուսափում Անապատի Հայրերի հմայքից: Նրանց «խոսքեր»ը թարգմանվում են, ընթերցվում և ապրվում: Այսօր, ինչպես երեկ, անապատի վանականներից ժառանգված հոգեկանությունը հաղթահարում է Եկեղեցիները միմյանցից բաժանող պարիսպները և իր նպաստն է բերում սրբության քրիստոնեական համամիութենությանը:
Ո՞րն է անապատից բխած այս աղբյուրների նկատմամբ դարավոր հմայքի պատճառը: Այն, որ անապատի հոգևոր առաջնորդների օրինակը և ուսուցումները արտահայտում և ներկա են դարձնում Քրիստոսի նմանողության և պանդուխտ Եկեղեցու խորհրդի էական տարրերից մեկը: Հովհաննեսից ստացած մկրտությունից հետո Հիսուսը, Սուրբ Հոգով լի, առաջնորդվում է անապատ և Եգիպտոսից ելքի քառասուն տարիների նմանությամբ` քառասուն օր այնտեղ ապրում է Հոր հանդեպ կատարյալ հնազանդությունը (հմմտ. Ղկս 4, 1-2):
Եկեղեցին փախչում է անապատ (հմմտ. Հյտ 12), ազատվելու համար չարի ուժերից: Քրիստոնեական և վանական անապատն, իրոք, այն վայրը չէ, ուր թուլամորթները կարող են պաշտպանվել աշխարհից ու մարդկանցից. ընդհակառակն, այն ամայի վայրն է, ուր զատկական մարդը հանդիպում է Աստծուն և հակառակորդին: Այն վայրն է, ուր հին մարդու՝ մեր եսի վիհերը մերկացվում են, և ուր Աստծո առաջ խոնարհությամբ ճանաչված մեղքի հուսահատությունն ու հոգեվարքը Սուրբ Հոգու կերպարանափոխիչ զորությամբ վերջապես վերածվում են բերկրանքի և ողորմած սիրո անդունդների: Այս իմաստով, Անապատի Հայրերի խոսքերը մի ուսմունք են, որ վերաբերվում է հետևելիք գործնական ճանապարհին[8], ավելի` քան հայեցողության տեսական (թեորիկ) երևույթներին: Մեր այս հոգևոր առաջնորդների ուսմունքը հաճախ առեղծվածային է, շփոթեցուցիչ, երբեմն ուղղակի հակասական, միշտ՝ անձնական: Որովհետև կարևորն այն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա կրի իր խաչը և հասնի Հիսուս Քրիստոսի հարության մասնակցությանը: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր ոք բացահայտի ու ճանաչի իր մեղքը, որպեսզի ընդունի փրկությունը: Փրկության այս ճանապարհն անցնում է խոնարհության, կշռադատության և մերձավորի սիրո միջով: «Հայր Անտոնն ասաց. “Տեսա, թե ինչպե՛ս էին սատանայի ցանցերը տարածվել ամբողջ երկրի վրա, և հառաչելով ասացի. Արդյոք ո՞վ կարող է փրկվել: Լսեցի մի ձայն, որն ասաց ինձ. Խոնարհությունը”»: «Հայր Անտոնն ասաց. “Կան ոմանք, որ ճգնություններով նահատակում են իրենց մարմինը, բայց կշռադատության մեջ թերանալով` հեռանում են Աստծուց”»: «Դարձյալ ասաց. “Մերձավորից է, որ մեզ գալիս են կյանքն ու մահը: Որովհետև եթե շահում ենք մեր եղբորը, Աստծուն ենք շահում, իսկ եթե գայթակղեցնում ենք եղբորը, Քրիստոսի դեմ է, որ մեղանչում ենք”»[9]:
[1] B. Flusin, Miracle et histoire dans l'oeuvre de Cyrille de Scytopolis, Paris 1983, pp. 54-60.
[2] L. Regnault, “Les apophtegmes des Pères en Palestine aux Ve-Vie siècles”, Irénikon 54 (1981), p. 320-330.
[3] M. Van Parys, “L'accès à l'Orient monastique chez saint Benoît”, Irénokon 47 (1974), p. 48-58.
[4] RB 73.
[5] R. Beulay, La lumière sans forme. Introduction à l'étude de la mystique syro-orientale, Cheveto-gne 1986.
[6] E. Benz, “La littérature du Désert chez les Evangéliques allemands et les Piétistes de Pennsylvanie”, Irénikon 51 (1978), pp. 338-357.
[7] G. S. Wakefield, “La littérature du Désert chez John Wesley”, Irénikon 51 (1978), pp. 155-170.
[8] Գործք Առաքելոց 9, 2.
[9] Անտոն 7, 8, 9.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։