Բենեդիկտոսի կյանքը և Անապատի Հայրերը – Գրադարան – Mashtoz.org

Բենեդիկտոսի կյանքը և Անապատի Հայրերը

Գրիգոր Մեծ Քահանայապետը (590-604) Բենեդիկտոս Նորչացու կյանքը շարադրել է որպես իր Տրամախոսությունների առաջին երեք գրքերի կենտրոնական մասը: Քննադատների կողմից երկար ժամանակ մոռացության մատնված լինելով, որովհետև պատմական տեսանկյունից դիտված` այնքան էլ վստահելի չէր համարվում, այսօր ապրում է մի նոր բացահայտում: Գրիգոր Մեծն այդ տողերում գծել է մեծ Աբբայի կյանքի գրական սրբապատկերը: Հազվադեպ են եղել Սրբերը, որոնք բախտն են ունեցել որպես կենսագիր ունենալ Սրբերից մեկ ուրիշին: Կենսագրությունը ներկայացնում է Բենեդիկտոսի առանձնաշնորհյալ խարիզմատիկ անձնականությունը, որը շատ բաներով հիշեցնում է Անապատի Հայրերին: Կանոնագրքից շա՜տ ավելի, իր կյանքում է, որ Բենեդիկտոսը նմանվում է առաջին վանականներին. մի նմանությամբ, որ գրավում է ընթերցողի ուշադրությունը:
Բյուզանդական և արևելյան ավանդությունը անմիջապես զգացել է այս նմանությունը. առանց որևէ կաշկանդումի որդեգրել է Տրամախոսությունները, հատկապես երկրորդ գիրքը, մինչ գործնականում անգիտացել է Կանոնագիրքը[1]: «Սուրբ հրաշագործը, մարգարեն և տեսանողը, որի մասին Գրիգորը պատմել է երևութապես ոսկեզօծված առասպելը, պարզապես գրական հորինվածք չէ, որ կարող էր պտուղը լինել գրագետ Քահանայապետի իտալական ինքնասիրության, որն հմայված էր Անպատական Հայրերի Վարքերի ընթերցանությունից: Անժխտելի նմանությունները, որ նկատվում են Չորրորդ դարի կեսին Աթանաս Ալեքսանդրացու կողմից գրված Անտոնի Վարքի, միևնույն դարի վերջավորությանը Բորդյոյի դատապաշտպան Սուլպիցիոս Սէվերոսի կողմից գրված Սուրբ Մարտինի Վարքի, և վերջում` Գրիգոր Մեծի Տրամախոսությունների երկրորդ գիրքը կազմող Երանաշնորհ Հայր Բենեդիկտոսի Վարքն ու Հրաշքները սրբախոսական կենսագրության միջև, չեն կարող որակավորվել որպես գրական պարզունակ խաղ: Այս նմանությունները նախ ապրվել են նրանցից յուրաքանչյուրի կողմից, քանի որ երեքն էլ որդեգրել էին միևնույն ապրելակերպը. մենակեցությունը, որի ներսում վանականությունը ներկայանում է այսպես ասած նորածին վիճակում: «Անապատ քաշվելը», որի մեջ է կայանում մենակեցությունը, նյութական կերպով արտահայտում է ընտանեկան և հասարակական որևէ կապի կամովին խզումը, «մենակ» և «անբաժան» ապրելու միակ դիտավորությամբ, միակ Որդու միոցով հայտնված միակ Աստծո սիրույն ամբողջովին նվիրված սրտի պարզությամբ: Անտոնը հաջորդական հանգրվաններով, միշտ ավելի վեր և միշտ ավելի հեռու, դեպի Եգիպտոսի անապատի լեռները. Մարտինը Գաղղինարիա կղզում, իսկ հետո` Լիգուժեի դաշտերի առանձնության մեջ. Բենեդիկտոսը Սուբիաքոյի քարայրում. երեք այրեր, երեք դարաշրջաններ, աշխարհագրական երեք տարբեր միջավայրեր: Բայց մեկնման պահին` միևնույն որոշումը, հոգևոր միևնույն ծրագիրը. ապրել միմիայն Աստծո հետ և միմիայն Աստծո համար: Մարտինի ժամանակակից Գաղղիան ծանոթ էր Անտոնի Վարքին և Բենեդիկտոսն իր հերթին չէր անգիտանում իր նախորդների կյանքերը: Այս իրականությունների համեմատ, կենսագիրների գրական ներշնչումը և իրադարձությունների ոճականացումը երկրորդական են»[2]:
Բենեդիկտոսի հոգևոր կյանքի ընթացքը, հետևաբար, նման է իր մեծագույն նախորդների կյանքին: Նաև, ինչպես Գրիգորը սիրում է ընդգծել, Բենեդիկտոսի կյանքն իրենում խտացնում է արդարների կյանքը: Այս կետում նույնպես, կենսագիրը ոչ մի նորություն չի մտցնում: Վերջին ժամանակներում հայտնաբերվեց և հրատարակվեց Անտոնի մասին խոսված մի ճառ, որի հեղինակը, Հինգերորդ դարի առաջին կեսին Երուսաղեմում ապրած քահանաներից մեկը՝ Էզիքիոս անունով, վանականների հորը ներկայացնում է որպես Սուրբ Հայրերի աշակերտ: «Հավատացյալ էր` ինչպես Աբրահամը, Իսահակի նման հեզ, հաստատուն` ինչպես Հակոբը, Հովսեփի նման բաշխում էր Եգիպտոսի ցորենը, ամեն տեսակ սքանչելիքների ուսուցումների շնորհիվ առաջնորդում էր ժողովրդին Մովսեսի նման, ինչպես Դավիթը` երգում էր սաղմոսները և հեռացնում էր դևերին, նվիրվում էր Աստծուն` առավել թանկարժեք տաճար լինելու համար, Մկրտիչի նման` իր քարոզչության ունկնդրմանն էր հրավիրում ամբողջ անապատը, Ավետարանի միոցով` Աստվածաբանի նման հանգչում էր Հիսուսի կրծքին, ամեն օր մահանում էր` ինչպես Պողոսը»[3]:
Ժամանակակից մասնագետներից մեկը գեղեցիկ կերպով նկարագրել է, թե ինչպե՛ս էր Բենեդիկտոսն առաջադիմում առաքինությունից առաքինություն, հաղթելով փորձություններին[4]: Առաջին ճգնություններից մինչև աստվածային լույսի տեսությունը՝ Բենեդիկտոսը բարձրանում է հոգևոր աստիճաններով, սեփական հոգու կրքոտ ազդակները (տրամաբանականը, ցանկությունը և ցասումը) վերակողմնորոշելով դեպի իմաստությունը, դեպի մարդասիրության և առնական քաղցրաբարոյության հանդեպ սերը: Հրաշքներ գործելու կարողությունը նույնպես` Սուրբ Հոգու ներգործությամբ Քրիստոսի հետ կերպարանակցության նշանն էր: Այստեղ տեղին է համեմատություն անցկացնել Բենեդիկտոսին պատահած դեպքերից մեկի և Անապատի Հայրերի պատմություններից մեկի միջև: Հրեշտակների ու սատանաների աշխարհի հետ ընտանությունը նշանն է սրտի մեծ մաքրության: Այդ հոգեղեն էակների ներկայությունը ծածկված է միմիայն նրանցից, ովքեր տակավին չեն բժշկվել իրենց հոգևոր կուրությունից: Բենեդիկտոսը, ինչպես Մակար Ալեքսանդրացին, կարողանում էր տեսնել և ճանաչել մարդկության թշնամուն:
«Մոտակա շրջաններում Բենեդիկտոսի կողմից կառուցված վանքերից մեկում ապրում էր աղոթքի մեջ հարատևությանն անընդունակ մի վանական: Հազիվ թե եղբայրները հասնում էին աղոթքի մեջ ամփոփվելու պահին, նա դուրս էր գալիս և միտքն այստեղ ու այնտեղ թափառեցնելով` զբաղվում էր նյութական դատարկ բաներով: Այդ վանքի Աբբայի կողմից բազում անգամներ հանդիմանվելով, վերջիվերջո առաջնորդվեց Աստծո ծառայի մոտ, որից նույնպես լսեց խիստ հանդիմանություններ իր հիմարության դեմ: Վերադառնալով, սակայն, իր վանքը, մեծ բան եղավ, որ Սրբի խոսքերը մտքում պահեց երկու օր: Երրորդ օրն, իրոք, վերադարձավ իր հին սովորությանը և աղոթքի պահին վերսկսեց դուրս գալ և թափառել: Աստծո ծառային կրկին հաղորդվեց իրականությունը՝ այդ վանքի Աբբայի կողմից, որին հենց ինքն էր նշանակել: Այնժամ Բենեդիկտոսը բացականչեց. “Ես ինքս կգամ և ես ինքս կհոգամ նրա վարքի ուղղման մասին”: Գնաց, հետո, այդ վանքը: Եվ ահա՛, հազիվ վերջացավ սաղմոսերգությունը, այն պահին, երբ եղբայրներն ամփոփվում էին աղոթքի համար, տեսավ մի սևամորթ մանուկ, որը զգեստի քղանցքից քաշելով` դեպի դուրս էր տանում ճիշտ այն վանականին, որը չէր կարողանում մասնակցել աղոթքներին: Բենեդիկտոսը, մի կողմ կանչելով այդ վանքի Աբբա Պոմպեյանոսին և Աստծո ծառա Մաուրոյին, հարցրեց նրանց. “Չեք տեսնո՞ւմ, թե ո՛վ է, որ դուրս է քաշում այդ վանականին”: Պատասխանեցին. “Ոչինչ չենք տեսնում”: Հայրն ավելացրեց. “Աղոթե՜նք, որպեսզի դուք նույնպես տեսնեք, թե ո՛ւմ ետևից է գնում մեր եղբայրը”: Աղոթեցին երկու օր. վերջում, եղբայր Մաուրոն կարողացավ տեսնել. մինչդեռ Պոմպեյանոսը, այդ վանքի Աբբան, տակավին ոչինչ չտեսավ: Հաջորդ օրը, աղոթքի ավարտին եկեղեցուց դուրս գալով, Աստծո ծառան հանդիպեց այդ վանականին, որ թափառում էր դրսում: Այնժամ, տեսնելով նրա սրտի կուրությունը, ենթարկեց նրան գավազանի ուղղիչ հարվածներին: Այդ օրից սկսած, փոքրիկ սևամորթն այլևս չկարողացավ ազդել նրա վրա իր խարդախություններով: Եղբայրն ամբողջովին անշարժ էր մնում, աղոթքի մեջ կատարյալ ամփոփմամբ, և այդպիսով` վաղեմի հակառակորդն այլևս չհամարձակվեց իշխանություն բանեցնել նրա մտքերի վրա, ճիշտ կարծես թե անձամբ ինքն էր ստացել գավազանի հարվածները»[5]:
«Որպես ճշմարտություն վկայվեց մեզ նրանց կողմից, ովքեր լսել էին իր իսկ բերանից, թե մի գիշեր սատանան բախեց Մակարի խուցի դուռը և ասաց. “Ոտքի ել, հայր Մակար, գնանք մասնակցելու ժամերգության աղոթքին, ուր եղբայրները հավաքվել են հսկման համար”: Բայց նա, Աստծո շնորհով լի և խաբեության ենթարկվել չկարողանալով, հասկացավ, որ խոսքը վերաբերվում էր սատանայի նենգություններից մեկին: Ասաց. “Ստախոս և ճշմարտության թշնամի: Ի՞նչ գործ ունես դու ժամերգությունների և սրբերի հավաքի հետ”: Բայց սատանան պատասխանեց. “Չգիտե՞ս, Մակար, որ առանց մեզ չեն կատարվում ո՛չ ժամերգությունները, ո՛չ էլ վանականների հավաքները: Ե՛կ, ուրեմն, և կտեսնես մեր գործերը”: Այնժամ Մակարը պատասխանեց. “Թող դատապարտի քեզ Տերը, պիղծ ոգի” (Յուդա 9): Սկսեց աղոթել և Տիրոջից խնդրել, թե արդյոք ճի՞շտ էր այն, ինչով որ պարծենում էր սատանան: Հետո ելավ, գնաց մասնակցելու ժամերգությանը, ուր եղբայրները ծիսակատարում էին հսկման արարողությունը, և աղոթքով կրկին աղաչեց Տիրոջը ցույց տալ իրեն, թե արդյո՞ք ճշմարիտ էր այն խոսքը: Եվ ամբողջ եկեղեցին լցված տեսավ եթովպացիների նմանվող պատանիներով, որ վազվզում էին` այստեղից այնտեղ ցատկելով: Այդ վանքի սովորությունն այնպես էր, որ բոլորը նստում էին և միայն մեկ հոգի էր կարդում սաղմոսը, մինչ մյուսներն ունկնդրում էին և պատասխանում կրկներգով: Եթովպացի մանուկներն, ուստի, վազում էին այս ու այն կողմ, քսվում էին նստած վանականներից յուրաքանչյուրին և եթե երկու մատով հպվում էին ինչ որ մեկի աչքերին, նա իսկույն քուն էր մտնում: Եթե մի մատով հպվում էին եղբայրներից մեկի շուրթերին, ստիպում էին նրան հորանջել: Իսկ երբ, սաղմոսից հետո, եղբայրներն աղոթքի համար տարածվում էին գետնին, սևամորթները վազում էին մեկից դեպի մյուսը: Աղոթքի համար գետին տարածված վանականներից մեկի առջև ներկայանում էին կնոջ, մի ուրիշին` շինարարության վրա աշխատողների կամ բեռներ փոխադրողների կերպարանքով, կամ կարծես թե լուծում էին այս կամ այն հարցը: Այն ամենը, ինչը որ սատանաները ներկայացնում էին նրանց ծաղրելով, եղբայրները աղոթքի ժամանակ մտածում էին իրենց սրտում: Եղբայրներից ոմանք, սակայն, հազիվ թե սատանաները սկսում էին իրենց հիշյալ գործերից որևէ մեկն անել, վճռականորեն հեռացնում և պատրաստակամ կերպով վռնդում էին նրանց, այնպես` որ չէին համարձակվում երկար մնալ այդ եղբայրների դիմաց կամ անցնել նրանց կողքով: Գնում էին խաղալու տկար եղբայրների վզին կամ թիկունքին նստած, որովհետև սրանք ուշադիր չէին աղոթքին: Երբ տեսավ սա, Մակարը խորապես դառնացավ, սկսեց հառաչել և արցունքներ հեղել Տիրոջ առաջ, ասելով. “Աստվա՜ծ, քուն մի՛ մտիր, համր ու անգործ մի՛ մնա, ո՜վ Աստված: Ոտքի՜ ել, Աստվա՜ծ, թշնամիներդ թող ցրվեն ու փախչեն առջևիցդ, քանի որ մեր հոգին հագեցել է խաբեություններով”: Աղոթքից հետո, սակայն, ստուգելու համար տեսածի իրականությունը, մեկ առ մեկ իր մոտ կանչեց այն եղբայրներին, որոնց առջև տեսել էր, թե ինչպե՛ս էին սատանաները կերպարանափոխվում և զանազան պատկերներ ներկայացնում: Նրանցից հարցրեց, թե արդյոք աղոթքի ընթացքում ունեցե՞լ էին պոռնկության, ճամփորդությունների կամ ուրիշ մտածումներ, այսինքն՝ հենց այն երևակայությունները, որոնք սատանաները թելադրում էին նրանցից յուրաքանչյուրին: Ամենքը խոստովանեցին, թե այդպիսի՛ք էին եղել իրենց սրտի մտածումները: Այնժամ փաստվեց, որ բոլոր ունայն ու ավելորդ մտածումները, որ յուրաքանչյուր ոք հղանում է սաղմոսերգությունների ու աղոթքների ընթացքում, փախուստի են մատնվում նրանց կողմից, ովքեր իրենց սիրտը պահպանում են կատարյալ արթնությամբ: Իրոք, Աստծուն միացած և դեպի Նա ձգտող հոգին, հատկապես աղոթքի պահին, չի հղանում օտար կամ անօգուտ մտքեր»[6]:
Միևնույն հստակատեսությունը Մակարի և Բենեդիկտոսի մոտ: Տարբեր է, սակայն, կիրարկված դարմանումը. Մակարի համար` խոստովանանքը, մինչ Բենեդիկտոսի համար` գավազանի մի քանի տեղին հարված ... : Ինչպես նաև ուշադրության արժանի է, որ Բենեդիկտոսը մարգարեության պարգևին մասնակից է դարձնում նաև աշակերտին, երկու օր աղոթելուց հետո: Վանքի խեղճ Աբբան, մինչդեռ, դեռևս այդ մակարդակին չէ: Կարելի էր տակավին շարունակել այս կարճ խորհրդածությունները, բաղդատելով նաև Կանոնագրքի հեղինակին` Գրիգորի կողմից նկարագրված Սրբի հետ: «Ով, հետևաբար, կկամենա առավել խորացնել նրա կյանքի ու ապրելակերպի շուրջ ունեցած ծանոթությունը, կարող է Կանոնագրքի պատվիրաններում իսկ գտնել նրա անձի մեջ մարմնացած ուսմունքի հայելին. Սուրբն, իրոք, բացարձակ կերպով չկարողացավ իր ապրածից տարբեր ձևով ուսուցանել»[7]:
Նման բաղդատությունը կարող էր թերևս հանգեցնել այն եզրակացությանը, որ Բենեդիկտոսն իր Կանոնագրքից շա՜տ ավելի արևելյան է: Իր վանական կյանքն ամբողջովին ընթանում է արևելյան սուրբ վանականների դասական ծրագրի համաձայն: Նախ միայնակյաց. հասարակություն ստեղծելու առաջին անհաջող փորձից հետո` վերագտնում է առանձնությունը: Իր կամքին հակառակ, սկսում են աշակերտներ հավաքվել իր չորս կողմը: Սուբիաքոյում նրանց բաժանում է փոքրիկ խմբերի, գրեթե արևելյան կես-մենակեցական կենցաղի համաձայն: Ավելի ուշ, հիմնում է առավել ընդարձակ մի հասարակություն, կառուցում է վանքեր, իր հեղինակությունն ու ազդեցությունը տարածվում է ճգնողական ուրիշ զանազան խմբերի վրա նույնպես: Բայց կենսագրությունից չի թվում, թե Բենեդիկտոսը մասնակցում է հասարակության սովորական օրակարգին, որպես պարզ վանական. հոգեպես, Բենեդիկտոսը շարունակում է մնալ ճգնավոր միայնակյաց, հոգևոր հայր: Այլևս սկսնակ վանականը չէ, որի մասին խոսում է Կանոնագրքում:
[1] O. Raquez, Offices byzantins en l'honneur de saint Benoît de Nursie, Cureglia 1981, pp. 5-20; Ch. Hannick, “La version slave des Paterika”, Irénikon 47 (1974), pp. 355-359. Արևելյան Եկեղեցիներում, այս առումով բացառություն է կազմում Հայ Եկեղեցին, որի Հայրապետներից մեկը՝ Սբ. Ներսես Լամբրոնացին, թարգմանել է Բենեդիկտոսի Կանոնագիրքը:
[2] J. Fontaine, “Le monachisme de saint Benoît au carrefour spirituel de l'Orient et de l'Occident”, Atti del 70 Congresso internazionale di studi sull'alto medioevo, Spoleto 1982, t. 1, pp. 23-24; San Benedetto e l'Oriente cristiano. Atti del simposio tenuto all'abbazia della Novalesa (19-23 maggio 1980), Novalesa 1981 (E. Bianchi, “Cenobitismo benedettino e monachesimo di Scete”, pp. 73-84).
[3] M. Aubineau, Les homélies festales d'Hésychius de Jérusalem I, Bruxelles 1978, pp. 280-281.
[4] A. de Vogüé, II Dial., intr.
[5] II Dial., 4, 1-3.
[6] Hist. Mon., PL 21, 453.
[7] II Dial., 36.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։