Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացություն

Քայլ առ քայլ բացահայտեցինք, թե Բենեդիկտոս Նորչացին ինչպիսի՛ հիացում ուներ այն ծերերի հանդեպ, որոնք էին Անապատի Հայրերը: Հաջորդական փոքրիկ հպումներով կարողացանք ճշտել վանական կյանքի գաղափարականի մեջ նրանց միջև գոյություն ունեցող ընդհանուր գծերը, ինչպես Կանոնագրքում, այնպես էլ՝ նրա կյանքում: Կարող էինք նաև քննել, թե ինչպե՛ս է Բենեդիկտոսը կարողացել իր դարաշրջանի եկեղեցական, հոգևոր և մարդկային միջավայրում բացահայտել և ավանդել վանական ավանդությունը, և սա շա՜տ ավելի հետաքրքրական քննություն կլիներ: Շուտով կանդրադառնայինք, որ Մոնտեկասսինոյի Աբբայի ավետարանական կշռադատ ոգին[1] հասնում է ամենամեծ Հայրերի ունեցածին: Այս հարցին անդրադարցանք նախաբանում, Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո վերաբերյալ, որ բնակվում էր Բենեդիկտոսի սրտում: Կարող ենք, եզրակացության ձևով, ընդգծել անապատից առաջ եկող հոգևոր որոշ դիրքորոշումներ, որոնք հնարավորությունն են ստեղծում տեսնելու Բենեդիկտոսի և Անապատի Հայրերի հոգևոր հիմնական ընտրությունների միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը:
Խոնարհությունը Աստծուն փնտրող վանականի արքայական ճանապարհն է, որ առաջնորդում է հասնելու այս նպատակին: Կասսիանոսի միջոցով՝ Բենեդիկտոսն այս հրաշալի ժառանգությունը ստանում է ղպտի Աբբա Պինուֆիոսի ուխտադրության ճառից[2]: Բայց սա է նաև Մակարի ուսուցումն իր որդիներին ուղղված նամակում. գոյություն ունի այս նամակի հնագույն մի թարգմանություն, որին Բենեդիկտոսը ծանոթ էր[3]: «Ահա՛, ուրեմն, իմ խորհուրդը. եթե չունի մեծ խոնարհություն, որը գագաթնակետն է բոլոր առաքինությունների. եթե պահապան չի դնում իր բերանին և իր սիրտը չի բնակեցնում Աստծո երկյուղով. եթե չի հրաժարվում ուրիշներից ավելի գերադասելուց իր անձը այն բաներում, որոնց մեջ կարծում է, թե լավագույնն է, կարծես թե ինքն իր ուժերով է կատարել բարի գործերից որևէ մեկը. եթե հոժարությամբ չի կրում նախատինքները և մյուս այտը չի ներկայացնում իրեն ապտակողին. եթե եռանդով չի շտապում դեպի բարի գործերը` դրանք կատարելու համար, և ձեռքի ափի մեջ չի պահում սեփական հոգին, կարծես թե ամեն օր պետք է մահանա. եթե, վերջապես, ունայնություն չի համարում այն ամենը, որ կարելի է տեսնել արևի տակ, ասելով. “Ուզում եմ մեռնել` Քրիստոսի հետ լինելու համար” (Փլպ 1, 23), և. “Իմ համար կյանքը Քրիստոսն Ինքն է, իսկ մեռնելը շահ է իմ համար” (Փլպ 1, 21). եթե չի անում այս բաները, մարդը չի կարող պահպանել Սուրբ Հոգու պատվիրանները»[4]:
Իրական հոգևոր հայրը նա է, ով միշտ ավելի ու ավելի է նմանվում Աստծո ողորմությանը: Վստահություն է ներշնչում և լիացնում է հույսով: «Աբբան թող որ միշտ արդարության նկատմամբ հաղթել տա ողորմությանը [...] : Ատի մոլությունները, սիրի եղբայրներին: Նաև հանդիմանելիս, թող որ խոհեմությամբ ու առանց չափազանցությունների վարվի, որպեսզի հանկարծ չպատահի, որ մինչ կամենում է չափից ավելի քերել ժանգը, կոտրվի անոթը»[5]: «Եղբայրներից մեկը մեղքի մեջ ընկավ և արցունքներն աչքերին գնաց Աբբա Մակարի մոտ: Ասաց նրան. “Աղոթի՜ր իմ համար, հա՜յր, որովհետև սոդոմականության մեջ ընկա։ Այո՛, գործեցի այն, ինչը որ այժմ լսեցին ականջներդ”: Աբբա Մակարը նրան ասաց. “Քաջալերվի՜ր, որդյակ իմ, պինդ բռնվիր Նրանից, Ով ժամանակից դուրս է, անսկիզբ. Ով մնում է հավետ և վախճան չունի: Նա ապավենն է բոլոր նրանց, ովքեր Իրենից բացի ուրիշ ոչ մի հույս չունեն: Նա այն Անունն է, որ քաղցր է բոլոր շուրթերին, միակ քաղցրությունն է։ Նա կատարյալ կյանքն է, որ ունի ողորմության անսպառելի գանձեր. մեր Տերը՝ Հիսուսը, Քրիստոսը, մեր ճշմարիտ Աստվածը: Նա՛ թող լինի քո ուժն ու օգնությունը. թո՜ղ որ ների քեզ: Որդյակ իմ, ասում եմ քեզ. եթե մի կույս մեղանչում է և պահում է այն, ինչ հղացել է, լա՛վ ուրեմն, ես քեզ ասում եմ. իր երեսը ծածկող ամոթի պատճառով, ինչպես նաև այն ստորացումների, որոնց առարկան է դարձել, և եթե այս ամենն ընդունում է հոժարությամբ, Քրիստոսն ուրախանում է նրա համար, այնպես` ինչպես եթե կույս լիներ: Նույնը վավերական է նաև քո պարագային, որդյակ իմ, որովհետև հայտնեցիր ամոթդ, ճիշտ այնպես` ինչպես ուսուցանում է մեզ Աստվածաշունչը. 'Փոխադարձաբար միմյանց խոստովանեցեք ձեր մեղքերը, որպեսզի աղոթեք միմյանց համար, որպեսզի շնորհվի ձեզ ներումը և կարողանաք փրկվել' (Հկբ 5, 16)”»[6]:
Բայց մի՞թե սա չէ Բենեդիկտոսի կողմից առաջարկված բարի գործերից վերջինը. «Եվ Աստծո ողորմությունից չհուսահատվել երբեք»[7]:
Հայտնի է նաև, թե բենեդիկտյան վանականի կյանքում ինչպիսի՛ կարևորագույն տեղ է զբաղեցնում աստվածային ընթերցումը (Աստվածաշնչի աղոթական ընթերցումը): Եղբայրներն օրվա ընթացքում մեկից ավելի ժամեր էին տրամադրում Աստծո Խոսքի ընթերցանությանը, խորհրդածությանն ու աղոթքի վերածմանը, Աստծո Խոսքը, որ դատում է նրանց և փրկում[8]: Աբբա Պողոսը՝ Կոստանդնուպոլսի մոտակայքում գտնվող Էվերգետիս վանքի վանահայրը, Սուրբ Սիմեոն Նոր Աստվածաբանին ժամանակակից, պահպանել է Եփրեմ Ասորուն պատկանող հետևյալ ապոֆտեգման. «Ծերերից մեկին հարցրեցին. “Օգտակա՞ր է աստվածային Գրությունների ընթերցանությունը”: Պատասխանեց. “Ոչխարները հովվի ձեռքից ստանում են ուտելու մի փունջ կանաչ խոտ, բայց ուտում են նաև անապատի բույսերը: Երբ անապատի փշերն այրում են, նա [ստամոքսից] ետ է բերում կանաչ խոտի փունջը և նրա բերանը քաղցրանում է, իսկ փշերի պատճառած այրուցքը չեզոքանում է: Այսպիսին է նաև մարդու պարագան. Գրությունների շուրջ խորհրդածությունն օգտակար է սատանաների չար ծրագրերի դեմ”»[9]:
Կարող էինք անսահմանորեն շարունակել կենցաղի և ուսուցումների մերձեցումը՝ բացահայտելու համար նմանություններն ու յուրահատկությունները: Բայց վերջին խոսքը թողնում ենք Հայրերին, այն խոսքին, որով փակվում է «Հայրերի Դրախտը» ապոֆտեգմաների ասորական ժողովածուն. «Ասում էր Աբբա Պիմենը, թե Աբբա Հովհաննեսն ասում էր, որ Սրբերը նմանվում են ծառերով լի պարտեզի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի պտուղ է տալիս, բայց բոլորն էլ ոռոգվում են միևնույն ջրով: Տարբեր է, իրոք, մի Սրբի գործը, և տարբեր է մյուս Սրբի գործը, բայց մեկ և միակ է Հոգին, որ գործում է նրանց բոլորի մեջ»[10]:
[1] RB Pr 21.
[2] Inst., IV, 32-43.
[3] A. Louf, “Saint Macaire l'Egyptien, Lettre à ses fils”, Lettres des Pères du Desert, Bellefontaine 1985, pp. 61-81.
[4] Նույն, էջ 65; 79-81.
[5] RB 64, 10-12.
[6] Virtù di S. Macario, ADMG 25 (1984), pp. 187-189.
[7] RB 4, 74.
[8] G. Dotti, “La lectio divina nella regola di Benedetto”, Pregare la Bibbia nella vita religiosa, Bose 1983, pp. 113-133.
[9] PE IV, 15, 2.
[10] Հովհաննես Կարճահասակ, 43.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։