Երանի՜ արդարության համար հալածվողներին – Գրադարան – Mashtoz.org

Երանի՜ արդարության համար հալածվողներին

Այս երանությունը, որ սկզբում Ղուկասի կողմից հասցեագրված էր նրանց, ովքեր հալածանքներ են կրում Քրիստոսի անվան համար, Մատթեոսի Ավետարանում դարձել է արդարության մի գաղափարական, որն հարկավոր է ապրել նաև հալածանքների մեջ[1]:
Եթե հավաստի նկատենք Հերոնիմոսի կողմից տրված տեղեկությունը[2], Պողոս Թեբեացին, եգիպտացի առաջին միայնակյացը, հալածանքներից փախած մեկն էր: Իրականում հնարավոր է, որ եգիպտացի քրիստոնյաներից ոմանք ապաստանած լինեին անապատում` խուսափելու համար հալածանքներից, ինչպես Բարսեղի պապն ու տատը Պոնտոսի անապատներում: Ուրիշներ էլ անապատ էին ուղարկվում աքսորվելով, և հետագայում կամովին մնում էին այնտեղ` սիրելով միայնությունը: Վանականների այս բոլոր նախահայրերը, որ փրկվել էին մարտիրոսությունից, այնուամենայնիվ կարողացան արժանանալ մարտիրոսներին վերապահված երանությանը, որովհետև այն թշվառ պայմանները, որոնց մեջ նրանք ապրում էին, պահանջում էին հիրավի հերոսական քաջություն և համբերություն: Բայց անկասկածելի է, որ վանականությունն ամբողջովին զարգացավ միմիայն այն ժամանակ, երբ դադարեցին մեծ հալածանքները: Կարելի է մտածել, որ այս խոնարհ ու հեզ, ողորմած ու խաղաղասեր անձինք, անապատում հաստատվելով` չպետք է որ երբևէ չարչրկվեին մարդկանց կողմից: Եվ սակայն, պատմությունը մեզ տեղեկացնում է, որ արդեն 4րդ դարից իսկ սկսած, վանական միջավայրերը նույնպես ենթարկվել են այն խառնաշփոթություններին, որոնց պատճառն էին կրոնական և քաղաքական պայքարներն ու վիճաբանությունները Արևելյան Եկեղեցում:
Իր պատմության ողջ ընթացքին, վանականությունը գերառատորեն նպաստել է` ճոխացնելու մարտիրոսների երկնային խմբերը, և, օրինակ, 4րդ դարի համար արդեն գիտենք բազում վանականների մասին, որոնք իրենց արյունը հեղում էին Քրիստոսին հավատարիմ մնալու համար: Ապոֆտեգմաներում հիշվում են միայն Աբբա Միլեզիոսի երկու աշակերտները, որոնց գլխատել էին` արևին զոհ չմատուցելու համար[3], Աբբա Մովսեսը և իր վեց ընկերները, սպանված` բարբարոսների ձեռքով[4], և սարակինոսների կողմից տանջանքների ենթարկված յոթ միայնակյացները[5]: Ուրիշ շա՜տ շատեր, Անտոնի նման, պատրաստ էին «վկայելու սեփական արյամբ», և դժգոհ էին, որ «դահիճները չէին հասել իրենց»[6]: Միշտ պատրաստ էին բարբարոսների ձեռքով մահանալու[7], և վեհանձնությամբ էին կրում սատանաների ու ամեն տեսակ փորձությունների հալածանքները, որոնք հաճախ շա՜տ ավելի սարսափելի են, քան մարդկանց հասցրած տանջանքները: Վանականներից մեկը, որ «հալածանքների ժամանակ դավանել էր իր հավատքը և չարչարվել էր այն աստիճան, որ նրան մինչև իսկ նստեցրել էին հրաշեկ աթոռի վրա», վանք վերադառնալով և իր խուցը մտնելով բացականչում է. «Վա՜յ ինձ՝ դժբախտիս, որովհետև վերադարձա բազում չարիքներ կրելու»: Ի նկատի ուներ սատանաների դեմ մղված պայքարն ու մենամարտերը[8]:
Աթանասն արդեն Անտոնին անվանում է «խղճի մարտիրոս», վերջինիս խիստ ճգնությունների համար[9]: Ապոֆտեգմաները մարտիրոսներին են նմանեցնում բոլոր նրանց, ովքեր «Աստծո համար բռնություն են գործադրում իրենց անձերի վրա»[10]. նրանց, ովքեր «կամովին նվիրվում են զղջման վշտին, [...] որովհետև իր արցունքներն ընդունվում են որպես արյան կաթիլներ»[11]: Բայց մարտիրոսներին հատուկ կերպով նման է այն եղբայրը, որն իր սեփական կամքից հրաժարվելով՝ հարատևում է ծերերի հանդեպ հնազանդության մեջ[12]: Հանձնարարելի է ընթերցումը այն աշակերտի տպավորիչ և հոգեշահ պատմության, որը տասներկու տարի հավատարմաբար ծառայել էր «մի դյուրագրգիռ ու վատասիրտ ծերունու»: Երբ եղբայրը մահանում է, մոտակայքում ապրող հոգևոր Հայրերից մեկը տեսնում է նրան «մարտիրոսների դասում, որ մեծ համարձակությամբ աղոթում էր Աստծուն ծերունու համար և ասում էր. «Տե՜ր, ինչպես որ ինձ ողորմեցիր իր միջոցով, այնպես էլ իրեն խնայիր շնորհիվ Քո մեծ ողորմության»: Եվ այդ եղբորը շնորհվում է այն, ինչը որ նա խնդրում էր. քառասուն օր հետո ծերունին նույնպես մահանում է և ընդունվում է հավիտենական հանգստի մեջ[13]: Ինչպես Վարք Հարանցի ուրիշ շա՜տ պատմություններ, այս մեկը նույնպես, հետագայում ընդարձակվեց ու գեղեցկացվեց երևակայության կողմից նրանց, ովքեր այն ավանդեցին բանավոր կամ գրավոր կերպով, բայց անշուշտ` դա ոչնչով չի վնասել Անապատի Հայրերի իրական ոգուն:
[1] J. Dupont, Le beatitudini, pp. 550-553.
[2] Vita Pauli.
[3] Միլեզիոս 2.
[4] Մովսես 10.
[5] Կեղծ-Ռուֆինոս 200.
[6] Vita Ant., 46.
[7] Սիզոե 34.
[8] Nau 469.
[9] Vita Ant., 47.
[10] Nau 119.
[11] Nau 539; հմմտ. Nau 591.
[12] Պամբո 3.
[13] Nau 551.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։