Երանի՜ խաղաղարարներին – Գրադարան – Mashtoz.org

Երանի՜ խաղաղարարներին

«Eirenopoioi»ները պարզ խաղաղասերները չեն (eirenikoi), այսինքն` խաղաղությունը սիրող անձինք, այլ` խաղաղություն հաստատող անձինք: Կարելի էր թարգմանել. Երանի՜ հաշտարարներին։ Իրոք, տեղը, ուր խաղաղություն հաստատելու կարիքը կա, այնտեղ է, ուր տիրում են երկպառակությունները, ուր գոյություն ունեն թշնամություններ ու անհամաձայնություններ: Երանի՜ նրանց, ովքեր իրենք իրենց մեջ և իրենք իրենց համար միայն խաղաղություն ունենալուց դժգոհ` աշխատում են իրենց շուրջինների համար նույնպես հայթայթել իրենց կողմից վայելված այս բարիքը:
Ապոֆտեգմաներից մեկը թվում է, թե հաստատում է, որ այս երանությունը ոչնչով հարմար չէ վանականներին: Որպես փաստ, ապոֆտեգման պատմում է մի միայնակյացի մասին, որն իր ամբողջ կյանքը տրամադրել էր` այս երանությունը տառ առ տառ գործադրելու. իր միակ մտահոգությունը հաշտեցնելն էր նրանց, ովքեր գժտված էին: Նվիրվում է այդ գործին իր ողջ եռանդով, բայց քանի որ միշտ չէ, որ հասնում է դրական արդյունքների, հուսախաբ է մնում և տրտմած: Հայնժամ գնում է գտնելու իր հին ընկերներից մեկին, որն ընտրել էր վանական մենակեցությունը և որն ուրախանում էր լավագույն մասն ունենալով (հմմտ. Ղկս 10, 38-42): Մարդկանց մեջ բնակվողն, հիրավի, – բացատրում է նա, – չի կարող տեսնել իր հանցանքները, որովհետև միտքը մտահոգ է ուրիշների հանցանքներով, մինչդեռ ով միայնակ է անապատում, տեսնում է իր մեղքերը[1]:
Այս ապոֆտեգման արդյոք չի՞ հաստատում այն, ինչը որ բազում անգամներ արդեն ասացինք վանականի կենցաղավարության մասին, այսինքն` որ վանականը, թաքնվելու և խոնարհության փափաքով, ավելի տրամադիր պետք է լինի զբաղվելու ի՛ր հոգու վիճակով, քան թե միջամտելու ուրիշների գործերին: Լավագույն օրինակը Պիմենինն է, որը երկու եղբայրներին թողնում է, որ վայրագորեն ծեծեն միմյանց, առանց միջամտելու, այն աստիճան, որ արթնացնում է Աբբա Անուբի զայրույթը[2]: Այս միջադեպի վերաբերյալ, սակայն, հարկավոր է ասել, որ Պիմենն այդ օրերին տակավին երիտասարդ էր և ամբողջովին նվիրված էր սովորելու ինքնամերժումն ու անջատումը, ինչպես նաև՝ թերևս մտածում էր, որ այդ բռնցքահարումը երեխայական խաղ էր և շատ չանցած կրկին հաշտվելու էին:
Շա՜տ ավելի լուրջ տարաձայնություններ էլ էին ծագում անապատում, ինչպես ուրիշ որևիցէ մի տեղ մարդկանց աշխարհում: Աթանասը Անտոնի վերաբերյալ վկայում է, որ «Աստծուց ստացել էր միմյանց միջև վեճ ունեցողներին հաշտեցնելու պարգևը»[3], որոնք անկասկած աշխարհականներ էին, բայց նաև վանականներ, թեև ապոֆտեգմաների ամբողջությունը ներկայացնում է վանական միջավայրերի բավականին խաղաղ մի պատկեր: Գտնում ենք անձինք, որոնք անշուշտ զուրկ չէին զգացմունքներից, բայց միմյանց միջև մրցում էին համբերության, հեզության և խոնարհության ասպարեզում, պահպանելու կամ երբեմն նաև վերահաստատելու համար խաղաղությունը[4]: Ծերերից ոմանք հանձնարարություններ են տալիս այս հարցի վերաբերյալ[5], որոնք պարապ տեղն արտասանված խոսքեր չէին նրանց համար, ովքեր ապրում էին երկու երկու և գործնականում միշտ միասին էին, լինեին դրանք երկու եղբայրներ, թե մի ծեր ու իր աշակերտը: Շատ դյուրին է երևակայելը, թե եղբայրական ինչպիսի՜ գեղեցիկ մթնոլորտ կարող էր ստեղծվել նրանց միջև, բայց նաև` թե ինչպիսի՛ հարատև փոխադարձ ինքնամերժման էին ենթակա[6]: Եղբորը, որն իրենից հարցնում էր. «Ինչպե՞ս մարդ կարող է խաղաղությամբ ապրել իր հետ բնակվող եղբոր հետ», Պիմենը պատասխանում է. «Եթե մարդը համբերում է իր իսկ ընկերությանը, կարող է ապրել նաև գազանների հետ»[7]: Երկու ծեր այնքա՜ն համերաշխ էին ապրում իրար հետ, որ լիակատար կերպով անընդունակ էին դարձել վիճաբանելու[8]: Հասկանալի է, որ սատանան, տեսնելով այս աստիճան խաղաղասեր մարդիկ, փորձում էր միջամտել` իր որոմը ցանելու համար[9], բայց խոնարհությունը միշտ հաղթում էր, բազում համբերությամբ և, երբ պարագաները պահանջում էին, նաև մի քիչ դիվանագիտությամբ[10]:
Եթե խաղաղությունը սովորաբար տիրում էր անապատի վանքերում, պատճառն այն է, որ ամեն ոք փնտրում էր այն, յուրաքանչյուրը նախ ինքն իր համար, գործի դնելով ամենահարմար միջոցները. «Փախուստով` սիրտը ստանում է խաղաղությունը, իսկ հնազանդությամբ` մարդը ստանում է երկնային Երուսաղեմը, այն` որ ազատ է»[11]: Խաղաղարարների երանությունը մեկնաբանելով, Աբբա Նիսթերոնն ասում էր. «Թող որ մարդ միշտ խաղաղված լինի ներքուստ, Սուրբ Հոգու հետ, ամեն ինչում»[12]: Հենց սա՛ է վանական խաղաղության աղբյուրը. ներքին հոգևոր հնազանդությունը Սուրբ Հոգուն: 6րդ դարում, Անապատի Հայրերի հավատարիմ աշակերտներից մեկը՝ Հովհաննես Գազացին, մեծն Բարսանուֆի ընկերը, նմանատիպ կերպով է մեկնաբանում յոթերորդ երանությունը, թեև դիմում է աշխարհական հավատացյալի. «Խաղաղություն հաստատիր սրտիցդ ներս, որպեսզի կոչվես Աստծո որդի»[13]: Մի ուրիշի, որն իրենից հարցրել էր. «Քանի որ գրված է. “Երանի՜ խաղաղարարներին”, ավելի լավ չէ՞ ամբողջ եռանդով բոլորի խաղաղությանը նվիրվելը», պատասխանում է. «Ավելի լավ է սեփական սրտից ներս խաղաղություն հաստատելը: Սա վերաբերվում է բոլորին, և երանելի է նա, ով այն գործադրում է: Մինչդեռ պատերազմողներին խաղաղության հրավիրելը բոլորի գործը չէ, այլ՝ միայն նրանց, ովքեր կարող են անվնաս դուրս գալ վերջում: Իսկ նա, ով տկար է, պետք է երջանիկ լինի բոլորի խաղաղության համար, բայց չպետք է առաջարկի իր միջամտությունը` յուրաքանչյուրի խաղաղության համար, բացի նրանցից, որոնց սիրում է Աստծո համաձայն. բայց այս վերջինը նույնպես` եթե չի վնասում իր իսկ հոգուն»[14]: Անապատի Հայրերի և Գազայի ծերերի միևնույն գծի վրա, Թեոդորոսը սահմանում է վանականին. «Նա է, ով զբաղվում է միմիայն Աստծով, ով ձգտում է հասնելու միմիայն Աստծուն, ով կապված է միմիայն Աստծուն և ով որոշել է ծառայել միմիայն Աստծուն. ով խաղաղության մեջ է Աստծո հետ և ով խաղաղության առիթ է դառնում ուրիշների համար»[15]:
[1] Nau 134.
[2] Պիմեն 173.
[3] Vita Ant., 14.
[4] Պողոս 1; Nau 495; PE III, 39, 2, 5-6.
[5] Nau 232; Eth. Coll., 14, 3.
[6] I. Hausherr, Direction spirituelle en Orient autrefois, Roma 1955, p. 163.
[7] Eth. Coll., 14, 2.
[8] Nau 352.
[9] Նիչետաս; Nau 77, 474, 495.
[10] Պիմեն 4; Nau 451; PE III, 45, 10.
[11] Eth. Coll., 13, 64.
[12] Eth. Coll., 13, 74.
[13] Բարսանուֆ 627.
[14] Բարսանուֆ 677.
[15] Parva Catechesis 39, Paris 1891, pp. 142-143.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։