Երանի՜ հեզերին – Գրադարան – Mashtoz.org

Երանի՜ հեզերին

Մատթեոսին հատուկ այս երանության ծնունդը կարելի է համարել առաջինի կրկնությունը, սահմանված` «հոգով» աղքատությանը տրված բարոյական արժեքը ամրապնդելուն[1]: Ինչ էլ որ լինի, սակայն, հեզությունը սերտորեն կապված է խոնարհության հետ նույնացված հոգևոր աղքատությանը, կարելի է ասել` նրա դիմագծերից մեկն է: Խոնարհությունն ու հեզությունը խորքում միևնույն հոգեվիճակն են, միայն թե հեզությունը վերաբերվում է ուրիշների հետ հարաբերությանը, ինչպես հստակ կերպով երևում է հեզությունը պատվիրող նորկտակարանյան հատվածների ամբողջությունից: Պողոս Առաքյալը հատուկ կերպով փափաքում է, որ հեզությունը գործադրվի բոլոր մարդկան նկատմամբ (հմմտ. 2Տմ 2, 24; Տտս 3, 2): Հեզության առաքինությունը պատշաճում է հատկապես նրանց, ովքեր կրթում և սրբագրում են ուրիշների վարքը, նմանվելով «հեզ և սրտով խոնարհ» Հիսուսին (Մտթ 11, 29):
Հեզությունը քիչ անգամներ է հիշվում ապոֆտեգմաներում, և գրեթե միշտ մաս է կազմում առաքինությունների ընդհանուր ցանկերին, որոնց մեջ չի թվում, թե գրավում է հատուկ տեղ: «Պահպանենք հեզությունը, համակամությունը, համբերությունը և սերը. սրանք են առաքինությունները, որ մարդուն վանական են դարձնում»[2]: Ամմա Թեոդորայի համաձայն, հոգևոր ուսուցիչը «պետք է լինի երկայնամիտ, հեզ, խոնարհ ... »[3]: Աբբա Հելասիոսը պնդում է ավելի. «Աղոթքդ, սաղմոսերգությունդ, մերձավորիդ հետ հարաբերություններդ. ամեն բան թող խոնարհությամբ և հեզությամբ լինի ... : Հեզահամբույր եղիր ընկերներիդ հետ, սիրալիր` բոլոր նրանց հանդեպ, որ ենթակա են քեզ ... : Հեզ եղիր, երբ խոսում ես, ուրախ և հաճելի ... կարեկից` բոլորի նկատմամբ»[4]: Աստվածաշնչյան ներշնչում ունեցող մի ապոֆտեգմա, որ այբբենական ժողովածուի մեջ վերագրված է Սինքլետիկային, իրականում պատկանում է Իպերիքոսին. «Նմանվիր մաքսավորին, որպեսզի չդատապարտվես փարիսեցու հետ: Նմանվիր Մովսեսին, հետևելով նրա հեզությանը, քարեղեն սիրտդ ջրերի աղբյուր դարձնելու համար»[5]: Միևնույն ժողովածուի մեջ Նեղոսին վերագրված ապոֆտեգմաներից մեկն իրականում Եվագրիոսինն է. «Աղոթքը սերմն է հեզության և զայրույթի զսպման»[6]: Այստեղ կարելի է հիշել, որ հեզությունը Եվագրիոսի գործերում գրավում է շատ ավելի մեծ տեղ, քան Հայրերի խոսքերում, այն աստիճան, որ կարող ենք հաստատել, որ «եվագրիոսական համակարգում հեզությունն է ճգնավորի գլխավոր հատկությունը»[7]: Նմանօրինակ կերպով, Պալլադիոսի «Լաուսոսյան» պատմագրքում, որը «Եվագրիոսի ոգիով շարադրված գործ է»[8], բազմաթիվ միանձներ և միանձնուհիներ գովվում են իրենց մեծ հեզության համար. Մարկոսը, Պոսիդոնը, Մովսես Լիբիացին, Ազելլան, Պափնոտիոսը, Մելանիան, Սողոմոնը[9]: «Իրոք, հեզությունն է – որի ձեռքբերումը ենթադրում է կատարյալ տիրապետություն բոլոր կրքերի վրա – այն առաքինությունը, որն ուղղակի մտցնում է Երկնքի Արքայություն, այսինքն` հայեցողությունից ներս»[10]:
Հեթանոս իմաստասերներին անծանոթ չէր հեզության առաքինությունը[11], և սա կարող է համոզիչ կերպով բացատրել, թե ինչո՛ւ է ավելի մեծ հարգանք վայելում Եվագրիոսի գործերում, քան ապոֆտեգմաներում: Կարող ենք ինքներս մեզ հարցնել, թե արդյոք Անապատի Հայրերի կողմից հեզության արտաքսումն արդյունքը չէ՞ այն երկդիմության, որ հեզության գաղափարը պահպանում էր աշխարհից փախուստի իրենց գաղափարականի նկատմամբ: Առաջին հայացքից, անշուշտ, որպես հեզության օրինակ չենք կարող համարել Աբբա Արսենին, որ կոպտությամբ է վարվում Ալեքսանդրիայի արքեպիսկոպոսի և հռոմեացի տիկնոջ հետ, թեև վերջիններս իրեն այցելության էին եկել լավագույն դիտավորությամբ[12]: Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աբբա Թեոդորոսի մասին, որը, երբ հանդիպում էր որևէ մեկի, «նման էր երկսայրի սրի»[13]: Եվ սակայն, երկուսից ո՛չ մեկը զգայազուրկ չէր. բազում ապոֆտեգմաներ են սա հաստատում Արսենի վերաբերյալ[14], մինչ Թեոդորոսի վերաբերյալ բավական են մի քանի խոսքեր` բացահայտելու համար նրա զգացումները. «Ով ճանաչում է խցի քաղցրությունը, փախչում է մարդկանցից, բայց ո՛չ արհամարհանքով». «Եթե վճռականորեն արմատախիլ չանեմ կարեկցանքի այս զգացումները, սրանք չեն թողնի ինձ վանական դառնալ»[15]: Համենայն դեպս, բոլորից ավելի` այս երկու Աբբաներն է, որ «ատում էին մարդկային փառքը»[16]: Պլատոնի կողմից հասկացված հեզությանը հակառակ, Անապատի Հայրերի հեզությունը չի խանգարում նրանց լինել մի քիչ «վայրենի», հավատարիմ մնալու համար վանական անդորրի (hesychia) և խոնարհության էական պահանջներին: Արիստոտելի կողմից հասկացված հեզությանը համաձայն, մինչդեռ, Անապատի Հայրերի հեզությունը ընդդիմանում է բարկությանը: Այս վերջին իմաստով, Եվագրիոսի և մյուս ծերերի գաղափարականը ամբողջովին նույնն է:
Երբեմն Մակարին, երբեմն էլ Եվագրիոսին վերագրված մի ապոֆտեգմայի համաձայն, «վանականներին օտար բան է զայրանալը և որևէ մեկին վշտացնելը»[17]: Նախընտրելի է մեկը, որ մնացել է աշխարհում, բայց հեզ է, քան զայրացկոտ ու խռով վանականը[18]: «Վանական չէ, ով զայրանում է»[19]: Եթե զայրանում է, ո՛չ մի օգուտ չի քաղում, եթե նույնիսկ ծոմապահությամբ է անցկացնում ամբողջ շաբաթը[20]: Եվագրիոսը նույնպես հաստատում է նույն բանը[21]: Ագաթոնը դե՛ռ ավելի արմատական է. «Զայրացկոտ մարդը, նույնիսկ եթե մեռելներին հարություն տա, ընդունելի չէ Աստծուն»[22]:
Բարկության դեմ այս նզովքներից և Աբբաներին վերագրված «ծայրաստիճան հեզ» որակավորումից ավելի –որակավորում, որ կրկներգի նման ներկա է Պալլադիոսի ամբողջ պատմագրքում – ապոֆտեգմաներում պատմված դրվագներից մի քանիսը կարող են համոզել մեզ, թե ինչպես էր հեզությունը խոնարհության անբաժանելի ընկերը, «հեզ և սրտով խոնարհ» Հիսուսի այս հավատարիմ աշակերտների հոգիներում: Պիմենի մասին, որ վայելում էր «ծայրաստիճան հեզ» լինելու համբավը[23], մեզ է հասել այս հուզիչ ինքնավկայությունը. «Իրականում, երբ տեսնում եմ, որ եղբայրներից մեկը ննջում է (Գիշերային Ժամերգության ժամանակ), նրա գլուխը ծնկներիս եմ դնում և թողնում եմ, որ հանգստանա»[24]:
Աբբա Իզիդորոսի մասին պատմվում է, որ ի զորու էր ամենակոպիտ եղբայրների սիրտը շարժելու. գաղտնիքը կայանում էր նրանում, որ քառասուն տարիների ընթացքում երբեք թույլ չէր տվել, որ զայրույթը գլուխ բարձրացներ իր հոգում[25], հակառակ իր տաքարյուն բնավորությանը և բարկանալու բազմաթիվ առիթներին, որ ներկայացել էին[26]:
Նմանատիպ իրավիճակներում, Հովհաննես Կարճահասակը նույնպես նախընտրել էր փախչել[27], փաստելով, որ իր համար ևս հեզությունը դյուրին բան չէր. այն հեզությունը, որով նա հռչակավոր էր, հյուրասեր ու համբերատար[28]. այն հեզությունը, որով կարողացել էր հուզել հանրածանոթ մեղավոր կնոջ սիրտը և դարձի բերել նրան[29]: Ոմն հայր Հակոբն ասում էր. «Ով հեզ է երկրի վրա, հրեշտակ կլինի երկնքում»[30]: Եգիպտոսի անապատներում, «մարդկանց մեջ ամենահեզերը» թվում է, թե արդեն երկրի վրա ընդունվել էին հրեշտակային խմբերից ներս: Ծերերից մեկը տեսիլքի մեջ տեսել էր, որ Աբբա Մովսեսը ճամփորդում էր նավակով, իսկ հրեշտակները կերակրում էին նրան մեղրամոմով[31]: Նախկին ավազակն, իրոք, դարձել էր հեզ` գառնուկի նման: Հովհաննես Կարճահասակը, որ անապատում անցկացրած առաջին շրջանում երազել էր ապրել հրեշտակի նման, ավելի ուշ իր կողքին միշտ ներկա ուներ մի հրեշտակ, որ նրան հով էր անում քնած ժամանակ[32]: Եվագրիոսն ասում էր, որ զայրույթը մարդուն դարձնում է իրական սատանա: Մի անանուն ծեր, որ կարող է լինել նույն ինքն Եվագրիոսը, հաստատում է, որ «ով չի չարչարում, չի վշտացնում, չի նզովում ոչ ոքի, կատարում է հրեշտակային մի գործ»[33]: Աբբա Ամոեն իրավացի էր, երբ մահվան անկողնում ասում է իր աշակերտ Հովհաննես Թեբեացու մասին, որն իրեն ծառայել էր հերոսական համբերությամբ, առանց երբևէ ստանալու շնորհակալության նվազագույն մի արտահայտություն. «Հրեշտակ է, ո՛չ թե մարդ»[34]: Այսպիսով, վանականներով և հրեշտակներով բնակված, անապատը դարձել էր «հեզերի երկիրը»[35], դրախտի նախասրահը:
[1] J. Dupont, Le beatitudini, vol. II, p. 854.
[2] Sistematica greca, I, 36.
[3] Թեոդորա 6.
[4] Pater. Arm., II, 315.
[5] Սինքլետիկա 11.
[6] Նեղոս 2.
[7] R. Draguet, Revue d’Histoire Ecclésiastique de Louvain, t. 41 (1946), pp. 332-333.
[8] Նույն, էջ 321.
[9] Hist. Laus., 18, 36, 41, 47, 54, 58.
[10] I. Hausherr, Les leçons d’un contemplatif. Le traité de l’Oraison d’Evagre de Pontique, Paris 1960, p. 42.
[11] Հմմտ. Պլատոն, Convivio 197d; Repubblica 558a; Արիստոտել, Retorica II, 3, 1.
[12] Արսեն 7-8; 28.
[13] Արսեն 31.
[14] Արսեն 13, 16, 32, 34.
[15] Թեոդորոս 14-15.
[16] Արսեն 31.
[17] Դորոթեոս 89.
[18] Եվագրիոս, Detti ai monaci 34.
[19] Պիմեն 91.
[20] Պիմեն 203.
[21] Կեղծ-Նեղոս, De diversis malignis cogitationibus 14.
[22] Ագաթոն 19.
[23] Eth. Coll., 14, 65.
[24] Պիմեն 92.
[25] Իզիդորոս 1-3.
[26] Իզիդորոս 5.
[27] Հովհաննես Կարճահասակ 5-6.
[28] Հովհաննես Կարճահասակ 18; Պիմեն 74.
[29] Հովհաննես Կարճահասակ 40.
[30] QRT 60.
[31] Արսեն 38.
[32] Հովհաննես Կարճահասակ 2, 33.
[33] Eth. Coll., 145.
[34] Հովհաննես Թեբեացի.
[35] Vita Ant., 17.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։