Երանի՜ նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն – Գրադարան – Mashtoz.org

Երանի՜ նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն

«Երանի՜ ձեզ` աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծո արքայությունը: Երանի՜ ձեզ, որ այժմ քաղցած եք, որովհետև հագենալու եք» (Ղկս 6, 20-21): Ղուկասի Ավետարանում, երկու երանություններն անմիջապես հաջորդում են միմյանց և քաղցածները, ինչպես և աղքատները, նյութական թանձրացյալ (կոնկրետ) իմաստով հասկացված չքավորներ են. անձինք, որ ենթակա են ֆիզիկական քաղցին: Երանելի են, որովհետև իրենց ներկա զրկվածությունը արժանանալու է մի օր իրական սնունդով հագենալու, բայց նաև – և սա՛ է Մատթեոսի կողմից ներկայացված երանության իմաստը – որովհետև զրկանքները, որոնց պատճառով տառապում է նրանց մարմինը, մղում են նրանց` իրենց ողջ էությամբ փափաքելու հոգևոր այն ճշմարիտ սնունդը, որ մատնանշվում է «արդարություն» եզրով, և որն ուրիշ բան չէ, եթե ո՛չ՝ Աստծո կամքի անմնացորդ կատարումը: «Իմ կերակուրը կատարելն է կամքը նրա, ով առաքել է ինձ» (Հվհ 4, 34):
Ակնհայտ է, որ վանականներն անապատ չէին քաշվում հանգստավետ կյանք վարելու և օրերը զվարճությամբ անցկացնելու համար: Բայց նույնքան ակնհայտ է, որ այնտեղ չէին գնում քաղցից սովամահ լինելու աստիճան ծոմապահելու նպատակով: Անապատի Հայրերի համաձայն, ծոմապահությունը վանական կյանքի տարրերից մեկն է` աղքատության, զղջման և զուսպ կենցաղավարության հետ միասին, բայց որպես գործի՛ք, որպես միջո՛ց, և ո՛չ երբեք որպես նպատակ[1]: Վանականը խոնարհեցնում է մարմինը, բայց որպես միակ նպատակ ունենալով հոգու խոնարհեցումը, այսպիսով շարժելով Աստծո գութը[2]: Աբբա Դանիելի խոսքը, թե. «Որքան ավելի է նվաղում մարմինը, այնքան ավելի է փարթամանում հոգին»[3], չպետք է հասկացվի որպես բացարձակ սկզբունք, ապա թե ո՛չ, տառացիորեն հասկացված, կհասցներ ինքնասպանության. այլ ավելի` պետք է ընկալվի որպես մի ճշմարտություն, որ պտուղն է Հովհաննես Կարճահասակի կողմից առավել հստակ նկարագրված փորձառության. «Եթե մարդը պայքարում է ծոմապահությամբ ու քաղցով, թշնամիներն անուժ են դառնում հոգու դեմ»[4]: Պիմենը նույնպես հաստատում է. «Մեզ սովորեցրել են սպանել ո՛չ թե մարմինը, այլ` կրքերը»[5]: «Երբ Սկիտեի Հայրերը աղ ու հաց էին ուտում, ասում էին. “Մեր համար բացարձակ կերպով անհրաժեշտ բան չհամարենք աղն ու հացը”: Եվ այդպես՝ հզոր էին Աստծո գործի մեջ»[6], այսինքն, մեկ անգամ ևս, ընդունակ էին Աստծո կամքը, Աստծո ամբողջական կամքը կատարելու:
Ճիշտն ասած, Հայրերն ավելի խոսում են փրկությունը ստանալու, քան աստվածային կամքը կատարելու մասին, բայց քաջ գիտեն, որ Աստծո կամքը հենց բոլոր մարդկանց փրկությունն է[7]: «Մի խոսք ասա ինձ. ի՞նչ պետք է անեմ փրկվելու համար»: Աբբա Իզիդորոսի խոսքերից մեկն իր մեջ պարունակում է հնարավոր բոլոր պատասխանները. «Եթե ուզում ես փրկվել, արա՛ այն ամենը, որն առաջնորդում է քեզ դեպի այդ նպատակը»[8]: «Ի՞նչ պետք է անի վանականը: Պետք է անի այն ամենը, ինչը որ բարի է. պետք է հեռու մնա այն ամենից, ինչը որ չար է»[9]: Ծերերն ասում էին. «Շարունակ բարու մասին մտածեցեք, որպեսզի գործադրեք այն»[10]: Անապատի բնակիչների սրտում դրոշմված կատարելության այս քաղցն ու ծարավը բազում ձևերով է արտահայտվում ապոֆտեգմաներում, բայց միշտ ու միշտ հրաժարվելով կատարելություն և արդարություն եզրերից, որոնք գործածում են միմիայն ասելու համար, որ կատարելությունը կայանում է խոնարհության մեջ և որ երբեք չպետք է վստահենք մեր անձնական արդարությանը[11]: Շատ հազվադեպ է խոսվում առաքինություններ ձեռքբերելու մասին[12], եթե ո՛չ միայն՝ հիշեցնելու և ընդգծելու համար այն ջանքը, որ պահանջվում է առաքինությունների գործադրման համար. «Ծերերից մեկն ասում էր. ''Առանց ճգնության ոչ ոք չի կարող առաքինի լինել, իսկ եթե նույնիսկ լինի, չի կարող հարատև պահել իրեն այդ վիճակում։ Երկնքի Արքայությունը խոստացված է նրանց, ովքեր լալիս են և քաղցած են''»[13]: Ջանքը և ճիգը այնքա՜ն կարևոր են վանականի համար, որ կարող են դառնալ նրա սահմանումը. «Ի՞նչ է վանականը: – Ջա՛նք»[14]: «Վանական է նա, ով ամեն ինչում բռնություն է գործադրում իր անձի վրա»[15]: Իզիդորոսը այս եռանդի գեղեցիկ օրինակներից մեկն էր. մի եռանդ, որը ոչ ոք չէր կարող նրանում սառեցնել. «Եղբայրներն աղաչում էին նրան, ասելով. “Մի քիչ հանգստացիր, որովհետև այլևս ծերացել ես”: Բայց նա պատասխանում էր. “Կուզեք այրեցեք Իզիդորոսին և մոխիրները քամուն նետեցեք, այլևս ո՛չ մի չքմեղանք չկա իմ համար. Աստծո Որդին այստեղ է եկել մեր համար”»[16]: Մի ա՛յլ առիթով ասում է. «Եղբայրներ, մի՞թե այստեղ չենք եկել ջանքի ու հոգնության համար: Այժմ, սակայն, այստեղ այլևս հոգնություն չկա: Այս իսկ պատճառով, արդեն իսկ պատրաստել եմ պատմուճանս և գնում եմ փնտրելու մի վայր, ուր հոգնություն կա. ահա՛ այնտեղ կգտնեմ հանգիստս»[17]: Միևնույն նկարագրի մի ուրիշ ծեր, որին աշակերտները հորդորում էին ավելի չափավոր լինել ճգնությունների մեջ, պատասխանում է. «Որդյակներս, ասում եմ ձեզ, որ Աբրահամը, երբ տեսավ Աստծո մեծամեծ պարգևները, զղջաց` առավել պայքարած չլինելու համար»[18]:
Նմանօրինակ մեջբերումները կարող էին կարծել տալ, թե առաջին վանականների գաղափարը անդադար ու անողոք ճգնությունն էր, առաքինի գործերի դիզումը, որոնց արժեքը իբր թե համազոր էր գործի դրված ջանքին ու հոգնությանը: Բայց այդպիսի արդարությունն իսկապես Աստծո Արքայության արդարությո՞ւնն է, որը Տերը պատվիրում է փնտրել և որի քաղցն ու ծարավն ունեցողներին հռչակում է երանելի: Արդեն ասացինք, որ Հայրերը շատ քիչ են խոսում Աստծո կամքի կատարման մասին, բայց միևնույն Իզիդորոսն է, որի ճգնություններն արժանացել էին գովասանքի, որ հայտարարում է. «Սա՛ է Սրբերի գիտությունը. Աստծո կամքի ճանաչողությունը [...] : Բոլոր ոգիներից ամենասարսափելին սեփական սրտին հետևելն է, այսինքն` սեփական մտածումներին և ո՛չ թե Աստծո օրենքին»[19]: Ինչպես որ կասկածով են մոտենում անձնական դատողությանը և սեփական կամքին, այնպես էլ՝ Հայրերը հանձնարարում են պահել Աստծո պատվիրանները, բոլո՛ր պատվիրանները, և գործադրել դրանք[20]: Աբբա Ագաթոնը, «որ ջանում էր գործադրել բոլոր պատվիրանները», ասում էր. «Առանց մեծ արթնության, մարդը չի հառաջադիմում և ո՛չ իսկ մեկ առաքինության մեջ», ինչպես նաև՝ «առանց Աստծո պատվիրանները պահպանելու»[21]: Ինչը որ նշանակում է, որ առաքինի գործերն արժեքավոր են` միմիայն եթե կամեցված և շնորհված են Աստծո կողմից, ո՛չ թե տեսական գետնի վրա, այլ՝ որոշակի անձի, որոշակի պարագաներում, որոշակի կերպով: Այստեղից էլ բխում է այն վիթխարի կարևորությունը, որ Հայրերի աչքերի առաջ ուներ կշռադատությունը[22]: Վանականի կյանքը բաղկացած է բազմաթիվ կանոններից, հրահանգումներից ու «առաքինություններից»[23], որովհետև դրանք բոլորն էլ հարմար միջոցներ են՝ ստանալու համար այն փրկությունը, որին ձգտում է իր ամբողջ հոգով: Բայց այդ միջոցներին բացարձակ արժեք վերագրելը նշանակում է չզանազանել դրանք իրենց նպատակից, և քրիստոնեական արդարությունը վերադարձնել նյութապաշտ և օրինապահական մի գաղափարախոսության, որը դատապարտված է Տիրոջ կողմից. «Եթե ձեր արդարությունն ավելին չլինի, քան դպիրներինն ու փարիսեցիներինը [...] »[24]: Թեոդորոս Փերմացին կասեր, որ այդ շփոթումը կնշանակեր երկրորդականը (մարմնական ջանքը) դնել էականի տեղը, որը հոգու գործն է, որն անվանվում է նաև «Աստծո գործ», որովհետև այս վերջինն է Աստծո իրական պատվիրանը[25]: Առաջնության այս կանոնով, որ է սերը, վանականը երբեք չի կարող իրեն գոհ զգալ, ո՛չ էլ մտածել, թե արդեն բավական բան արել է: Ահա՛ այս քաղցն ու ծարավն է, որ մահվան չափ չարչարում էր Անապատի Հայրերի մեջ ամենասրբերին, և որ մղում էր նրանց՝ ամենայն համոզմամբ հաստատելու, թե՝ և ո՛չ իսկ սկսել էին գործը:
[1] Պիմեն 60.
[2] Nau 560; Մովսես 18.
[3] Դանիել 4.
[4] Հովհաննես Կարճահասակ 3.
[5] Պիմեն 184.
[6] Հովհաննես Կարճահասակ 29.
[7] Հմմտ. 1Տմ 2, 4; մեջբերված` Պողոս Պարզասիրտ; Nau 618 e 641.
[8] Իզիդորոս Երեց 6.
[9] Nau 95.
[10] Sistematica greca, XI, 84.
[11] Անտոն 6; Մաթոե 7; Սիզոե 14; Nau 381, 547, 592/27.
[12] Անտոն 35; Հովհաննես Կարճահասակ 34; Պիմեն 130.
[13] Sistematica greca, IV, 88.
[14] Հովհաննես Կարճահասակ 37.
[15] Զաքարիա 1; Eth. Coll., 14, 34; հմմտ. Nau 102, 504.
[16] Իզիդորոս 5.
[17] Պիմեն 44.
[18] Nau 197.
[19] Իզիդորոս 9.
[20] Իսահակ 11; Թեոդորոս 18.
[21] Ագաթոն 29, 3.
[22] Nau 93, 106, 222, 225.
[23] Այն իմաստով, որը տվյալ եզրը ուներ այդ դարաշրջանի վանական բառապաշարում: Հմմտ. Conl., 1, 7.
[24] Մտթ 5, 20; մեջբերված` Եպիփան 15.
[25] Թեոդորոս 10-11; Հովհաննես Ներքինի 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։