Երանի՜ ողորմածներին – Գրադարան – Mashtoz.org

Երանի՜ ողորմածներին

«”Ողորմած” վարքը, որ հանձնարարվում է հինգերորդ երանությամբ, ամբողջովին յուրահատուկ կերպով վերաբերվում է մերձավորի հանդեպ ներողամտությանը` նրա կողմից թույլատրված սխալների համար [...] : Բայց ողորմած վարք ցուցաբերելու պարտականությունը ունի առավել ընդարձակ տարածում, որ համապատասխանում է սիրո բոլոր գործերին [...] : Ողորմածության գործնական կիրառումը հատկապես բոլոր նրանց հանդեպ է, ովքեր գտնվում են չքավորության մեջ և կարիքն ունեն ուրիշների օգնության»[1]:
Ընդգծված այս երկու դիմագծերով՝ ողորմածությունը շարունակ ներկա է Անապատի Հայրերի կյանքում և խոսքերի մեջ, այն աստիճան, որ մեջբերումների պարզ ցանկն անգամ բավական կլիներ ևս մեկ անգամ ցույց տալու, թե նրանք որքա՜ն մտահոգ էին ապրելու Ավետարանը ամբողջությամբ, տառ առ տառ: Մարդկանցից խուսափելով և արմատական աղքատության մեջ ապրելով հանդերձ, Հայրերը միևնույնն է՝ գտնում էին անթիվ առիթներ` մերձավորին օգնության հասնելու համար: Հայրերի խոսքերում, Մատթեոսի այս հատվածը (5, 7) մեջբերված է միայն մեկ անգամ, արքայական մի պաշտոնյայի վերաբերյալ, որն իր շապիկով ծածկել էր ճանապարհի եզրին ընկած մի դիակ[2]: Բայց վանականներից ոմանք – ինչպես Աբբա Նիսթերոնը, Սրապիոնը և Դեոսկորոսը – շա՜տ ավելին էին արել[3]: Զանազան պատմություններ նաև հայտնում են, թե ինչպիսի՛ բախումներ էին առաջանում նրանց մեջ, կապված` սիրո – ասենք` ողորմածության գործադրման – և վանական խոնարհության ու խստակենցաղության, հատկապես՝ ծոմապահության հակասական պահանջներին: Պատմություններ են, որ տեղադրվել են համակարգված ժողովածուի տասներեքերորդ գլխում, որի վերնագիրն է. «Հյուրասիրությունը և ողորմածությունը ուրախությամբ գործադրելու մասին»: Այդ պատմություններից մեկը հիշում է, թե ինչպիսի՛ գայթակղություն էր առաջացրել Աբբա Մովսեսը, որ համարձակվել էր հյուրերի համար ինչ որ մի բան եփել, մինչ վանքում տիրում էին խիստ ծոմապահության կանոնական օրերը, բայց որին վերջում գովաբանում են, որովհետև «խախտել էր մարդկանց կողմից դրված կանոնը` պահպանելու համար Աստծո պատվիրանը»[4]: Այդ դարաշրջանի վանական բառապաշարում «պատվիրան» ասելիս հասկանում էին սիրո պատվիրանը, և հունարեն «entole» եզրը դարձել էր «agape»ի հոմանիշը[5], ինչը որ ցույց է տալիս այն բացարձակ կարևորությունը, որ եղբայրական սերը վայելում էր Անապատի Հայրերի մոտ:
Այս հարցի վերաբերյալ նույնպես, առաջին վանականները հնարավոր ամենախորը կերպով էին ըմբռնել և ապրել Ավետարանը, այն ոգով, որ հատուկ է նրան: Հստակ կերպով հասկացել էին, որ Տերը չի պահանջում արտաքին վարվելակերպեր ու արարքներ, այլ՝ ավելի պահանջում է, որ ներքուստ կերպարանակից լինենք Իր իսկ Սրտի զգացումներին, որը գերառատորեն լի է մարդկանց նկատմամբ սիրով և ֆիզիկական ու բարոյական թշվառությունների հանդեպ կարեկցանքով: Գիտակից լինելով մեղավորներ լինելու իրենց որակին, հակված լինելով իրենք իրենց անարգելու ու դատապարտելու, և հետևաբար՝ համոզված, որ անդադար կարիքն ունեին աստվածային ողորմության, Հայրերն իրենց մղված էին զգում նախևառաջ իրենք գործադրելու ողորմածությունը, իրենց մտածումներում և իրենց սրտից ներս: Երբեմն առիթն էին ունենում նաև ներելու ստացված վիրավորանքները, իրենց հերթին ստանալու համար աստվածային ներումը, ավետարանական ուսուցման հիմնական սկզբունքներից մեկի համաձայն, որն Իզիդորոսը չէր հոգնում հիշեցնել Սկիտեի վանականներին[6] և որը մեկնաբանվում է երկու կարևոր ապոֆտեգմաներում[7]: Բայց այս խոնարհ անձանց համար, որոնք իրենց միմիայն արհամարհանքի էին արժանի համարում, ի՞նչ կարող էին իրենցից ներկայացնել իրենց թշվառ անձին հասցված վիրավորանքները` համեմատությամբ այն մյուսների, որ վերաբերվում էին Աստծուն: Հատկապես եղբայրների մեղքերի առաջ է, որ Հայրերը լիովին դրսևորում էին այն ողորմածությունը, որով դրոշմված էին իրենց սրտերը: Քանի դեռ չէին զգում միջամտելու մի անզանցառնելի պարտականություն, խուսափում էին դատելուց ու դատապարտելուց, չուզենալով Տիրոջից առավել խիստ երևալ[8]. իսկ եթե նրանցից մեկին պատահում էր անուշադրությամբ սեփականացնել դատելու Աստծուն միայն հատուկ իրավունքը, պատժվում էր մի այնպիսի խստությամբ, որ բավական էր լինում նրան մեկընդմիշտ բժշկելու համար[9]: Գիտեին, որ «դատելուց առավել վատթար բան չկա»[10]. այդ իսկ պատճառով, խուսափում էին դատելուց նաև կանոնական ժողովների ժամանակ[11], ներառյալ՝ երբ խոսքը վերաբերվում էր ակնհայտ ոճրագործության[12]: Վանքից դուրս վռնդված որևէ մի վանական քաջ գիտեր, որ միշտ կարող էր հուսալ Անտոնի, Պափնոտիոսի, Պիմենի նման Հայրերի ներողամտությանը[13]: Սկիտեից վտարված եղբայրներից մեկն ընդունվում է ծերերից մեկի կողմից, որին սկսում են մեղադրել չափազանց ներողամիտ լինելու մեջ. «”Եթե Տերը նրա վերաբերյալ հարցնի քեզ, ի՞նչ ես պատասխանելու”: “Կասեմ Նրան. Մեղավորին իմ մոտ առա Քո համար, որովհետև գիտեմ, որ Դու ողորմած ես [...] “»[14]:
Բայց ուրիշների հանցանքները չտեսնելուց կամ «չտեսնելու նման տեսնելուց»[15] դե՛ռ ավելի ավետարանական դիրքորոշում կա. դա մերձավորի հանցանքները սեփական անձի վրա վերցնելն է, ինչպես ասում է ծերերից մեկը. «Եթե ինչ որ մեկին տեսնում ես մեղանչելիս, աղոթիր՝ Տիրոջն ասելով. ''Ների՜ր ինձ, որովհետև մեղանչեցի'': Այդպիսով քո մեջ կիրականանա խոսքը. ''Չկա առավել մեծ սեր ունեցող մեկը [...] »[16]: Վանականներից ոմանք եղբայրների մեղքերն աղոթքի մեջ Աստծո առջև իրենց վրա առնելով անգամ չէին գոհանում, թեև խոսքը չէր վերաբերվում փոքրիկ թերացումներին. «Երկու եղբայր գնացին շուկա` վաճառելու համար իրենց գործերը, և երբ մեկը մյուսից բաժանվեց, ընկավ պոռնկության մեջ: [...] Մյուսը, կամենալով շահել նրան, սկսեց ասել. “Նույնը պատահեց նաև ինձ. [...] բայց այժմ գնանք, ապաշխարենք մեր ողջ ուժով և Աստված կների մեզ”: [...] Եվ ինքը նույնպես սկսեց ապաշխարել մյուսի համար, թեև ինքը չէր մեղանչել: Աստված, տեսնելով նրա սիրո ջանքը, քիչ օրեր անց հայտնեց ծերունիներից մեկին, որ չմեղանչած եղբոր սիրո պատճառով թողություն էր շնորհել մեղավորին: Ահա՛, սա՛ է նշանակում եղբայրների համար նվիրել սեփական հոգին»[17]: Գիտենք նաև «եղբայրական հոգատարությամբ ու սիրով լի»[18] մի ա՛յլ վանականի մասին, որ սովոր էր ինքն իրեն մեղադրել այն բոլոր թերությունների մեջ, որոնք իրական հանցավորները չէին կամենում խոստովանել:
Անշուշտ շատ ձևեր կան` ուրիշների թշվառությունները կրելու համար: Աբբա Ագաթոնը պատրաստ էր իր մարմինը փոխել բորոտի մարմնի հետ, եթե հնարավոր լիներ[19]: Դե՛ռ ավելի հերոսական կլիներ սեփական մարմինն ու հոգին փոխանակելը ոճրագործի հետ: Պիմենը խորհուրդ էր տալիս ավելի լավ վարվել մեղավորի, քան արդարների հետ[20]: Նմանապես Քրիոնը, ավելի սեր էր սնուցում և ցուցաբերում մի մեղավոր եղբոր նկատմամբ, քան թե մյուսի, որն անստգտանելի էր[21]: Հոգու այս դիրքորոշումներից է, որ կարող ենք ճանաչել իրական աշակերտներին Նրա, Ով եկել է ո՛չ թե արդարներին, այլ՝ մեղավորներին կանչելու: «Չե՞ք տեսնում Տիրոջ ողորմությունը, որ ունեն ծերերը Տիրոջ նմանությամբ»[22]:
Աբբա Պամբոն ասում էր Թեոդորոսին. «Գնա՛, ողորմած եղիր բոլորի հանդեպ, որովհետև ողորմությունն ազատ մուտք ունի Աստծո առջև»[23]. ազատ մուտք արդեն այստեղ՝ երկրի վրա, որպեսզի ընդունելի լինեն մեր աղոթքները, և ազատ մուտք՝ անդենական աշխարհում, որպեսզի վստահասիրտ ներկայանանք գերագույն Դատավորին: Այսպիսին էր պարագան այն եղբոր, որը ճգնությունների մեջ նվազ եռանդով ապրած լինելով հանդերձ` մահվանն ընդառաջ է գնում ուրախ ու հանդարտ. «Այն օրից ի վեր, ինչ վանական եմ դարձել, որքան որ գիտեմ` չեմ դատել ոչ ոքի և ոխ չեմ պահել ոչ ոքի հանդեպ: [...] Ուզում եմ ասել Աստծուն. Տե՜ր, Դու ասացիր. “Մի՛ դատեք և չեք դատվի, ներեք և կներվեք”»[24]:
[1] J.Dupont, Le beatitudini, vol. II, pp. 993-994.
[2] Nau 38.
[3] Նիսթերոն 4; Nau 566.
[4] Մովսես 5.
[5] Ղովտ 1; Nau 288.Հմմտ.D. Tabachovitz, Etudes sur le grec de la basse époque, Uppsala 1943, pp. 63-36.
[6] Իզիդորոս 10; հմմտ. Nau 226, 304; Eth. Coll., 13, 60.
[7] Սիզոե 1; Nau 557.
[8] Հովհաննես Պարսիկ 1; Պիմեն 113; Պափնոտիոս 1.
[9] Իսահակ Թեբեացի 1; Nau 254, 477.
[10] Nau 97.
[11] Մովսես 2; Պիոր 3.
[12] Ամոն 10.
[13] Անտոն 21, 29; Պիմեն 6, 70.
[14] Eth. Coll., 13, 14.
[15] Մակար 32.
[16] Eth. Coll., 13, 40.
[17] Nau 179.
[18] Nau 452.
[19] Ագաթոն 26.
[20] Պիմեն 70.
[21] Eth. Coll., 13, 41.
[22] Eth. Coll., 13, 41.
[23] Պամբո 14.
[24] Nau 530.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։