«Ո՛ւր էլ որ գնաս, միշտ Աստծուն ունեցիր աչքերիդ առաջ». Լինել Աստծո հայացքի ներքո – Գրադարան – Mashtoz.org

«Ո՛ւր էլ որ գնաս, միշտ Աստծուն ունեցիր աչքերիդ առաջ». Լինել Աստծո հայացքի ներքո

Ամբողջովին ինքնաբերաբար կամենում ենք Անտոնի այս խորհուրդին մոտեցնել այն առաքինությունը, որը Բենեդիկտոսի կողմից անվանվում է – հետևելով «Regula Magistri» կանոնագրքին[1] – «խոնարհության առաջին աստիճան»: Աղբյուրը, որից Բենեդիկտոսը քաղում է այս գաղափարը, իր հերթին ենթակա է Բարսեղի ազդեցությանը[2]: Բենեդիկտոսի ուսուցման էական տարրը այս կարճ նախադասությունն է. «Մարդը թող հաշվի առնի, որ ամեն վայրկյան Աստված երկնքից տեսնում է իրեն, և ինչ որ անում է, ամենուր հասնում է իրեն աստվածության հայացքը»[3]:
Միշտ հետևելով «Regula Magistri» կանոնագրքին[4], նույնը հաստատել էր արդեն նաև բարի գործերի շարքում. «Ամենայն վստահությամբ իմանալ, որ Աստված ամենուր տեսնում է մեզ»[5]: Վանականը մի անձ է, որ աշխատում է անդադար ապրել Աստծո հայացքի ներքո, երկնավոր Հոր արթուն և հսկող սիրո և գթառատ նախախնամության հանդեպ որդիական և հետևաբար վստահասիրտ, երախտագետ և հավատարիմ խղճով ու գիտակցությամբ:
Բենեդիկտոսին կանխող խանդավառությամբ ու անհողդողդությամբ, Դանիել Սկիտացին մի օր ասում է Ամոեին. «Ո՞վ կարող է հեռացնել Աստծուն մեզնից: [...] Տիրոջ աչքերը տեսնում են մեզ բոլորիս, միշտ, ամենուր»[6]:
Կան այս ուշադիր հավատքի դիրքորոշման հատուկ կերպով զորեղ պահեր, որոնք աղոթքին նվիրված պահերն են. «Մենք հավատում ենք, որ աստվածային ներկայությունն ամենուր է [...] : Սակայն, առանց նվազագույն կասկածի պետք է հավատանք, որ աստվածային ներկայությանը գտնվում ենք, երբ մասնակցում ենք աստվածային Գործին»[7]:
Այս հատվածը դե՛ռ ավելի հետաքրքրական է, քանի որ Բենեդիկտոսին հատուկ միտք է և չի գտնվում «Regula Magistri» կանոնագրքի համապատասխան հատվածում: Ինչպես նաև, այս ամբողջ գլխում, Բենեդիկտոսն իր կողմից օգտագործված աղբյուրի համեմատ շատ ավելի նվազ մտահոգ է երևում արտաքին դրսևորումների նկատմամբ և առավել կարևորություն է ընծայում հավատքի և ուշադրության հոգևոր ներքին դիրքորոշումներին[8]. հստակ կերպով կամենում է վերացնել բոլոր տեսակի ձևականությունները և ամենից ավելի աշխատում է կազմավորել դեպի Աստված ուղղված հոգևոր ներքին, մաքուր և եռանդուն հայացքը: Հարկավոր է ընդգծել Բենեդիկտոսի «maxime tamen», «հատկապես սակայն» արտահայտությունը. աղոթքը Աստծո հանդեպ ուշադրության զորեղ ժամանակն է, ինչպես գիշերը «զորեղ ժամանակն է լռության»[9]: Օրվա ընթացքում Աստծո ներկայությանը մնալու ջանքը և Նրա կամքը կատարելու հարատև ճիգը` նախապատրաստում են մի մեծագույն ամփոփում աղոթքի ժամանակ: Իրենց հերթին, աղոթքի եռանդուն պահերը – աղոթքի առիթներն են ժամերգությունները, անձնական աղոթքները և Աստվածաշնչի ընթերցումը – ազդում են մեր ամենօրյա վարքի վրա և սովորաբար ավելի ու ավելի ընդարձակ և ամբողջական են դարձնում Աստծո ներկայությունը: Պարզությամբ ու ազատությամբ ամենուր և միշտ աղոթել կարողանալու համար – «velut naturaliter ex consuetudine», «ինքնաբերաբար, սովորության ուժի ներքո»[10] – հարկավոր է նախ աղոթել որոշված ժամերին, հստակությամբ և սահմանված ձևով, միմիայն առ Աստված ուղղված ուշադրությամբ. միայն Աստծո առաջ փառաբանությամբ կամ լռությամբ կանգնելու սովորությունը` իր արձագանքը կթողնի մեր ամենօրյա կյանքում և այն կդրոշմի Աստծո ներկայությամբ:
Աստծո ներկայության այս միշտ ավելի վառ գիտակցությունը պետք է վանականին առաջնորդի ամեն բան Աստծո տեսանկյունից դատելու և որոշելու: Բենեդիկտոսն այս միտքը արտահայտում է հետևյալ խոսքերով. Վանականը «պարտավոր է բացարձակ կերպով խուսափել մոռացությունից և միշտ հիշել այն ամենը, ինչ ասել է Աստված»[11]: Փափագելով արագացնել գալուստն այն օրվա, երբ Աստված կլինի «ամեն ինչ ամեն ինչում» (1Կր 15, 28), վանականը կամենում է սկսել իր միտքն ու իր կյանքը գերեվարելով, հնազանդվելու համար Քրիստոսին (2Կր 10, 5): Սա պահանջում է ուշադրություն և ջանք ամեն վայրկյան:
Անապատի Հայրերը մոռացության մեջ տեսնում էին դեպի մեղքն ուղղված առաջին քայլը. «Յուրաքանչյուր մեղքից առաջ, սատանան կնքում է երեք հաղթանակ. առաջինը մոռացությունն է, երկրորդը` ծուլությունը, երրորդը` տենչը: [...] Եթե հոգին արթուն է, խուսափում է մոռացությունից. եթե արթնությամբ խուսափում է մոռացությունից, չի ընկնում ծուլության գիրկը. եթե տեղիք չի տալիս տենչանքին, Քրիստոսի շնորհը չի թույլատրում նրան ընկնել»[12]:
«Հայրերի առաջին օրենքը», հաստատում է ապոֆտեգմաներից մեկ ուրիշը, «ամենօրյա նախապատրաստությունն է` կանգնելու Աստծո առաջ», հանպատրաստից չբռնվելու համար` Նրա անակնկալ այցելությունների պահին[13]: Աստծո հանդեպ ուշադրությունն ու շնորհի հանդեպ հավատարմությունը դյուրին դարձնելուց բացի, մոռացության դեմ պայքարը մաքրագործում է վանականի հայացքը և հաստատում է նրան խաղաղության մեջ:
[1] RM 10, 10.
[2] A. de Vogüé, La Règle de Saint Benoît. Commentaire historique et critique (Parties I-III), SC 184, Paris 1971, pp. 306-308.
[3] RB 7, 13.
[4] RM 3, 55.
[5] RB 4, 49.
[6] Pater. Arm., 11, 4R: III, 133; հմմտ. Դանիէլ 5.
[7] RB 19, 1-2.
[8] A. de Vogüé, La Règle de Saint Benoît. Commentaire historique et critique (Parties IV-VI), SC 185, Paris 1971, pp. 563, 567-569.
[9] Նույն, էջ 706.
[10] RB 7, 68.
[11] RB 7, 10-11.
[12] Pater. Arm., XI, 30: III, 128.
[13] Pater. Arm., XI, 30: III, 128.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։