Խոսքը – Գրադարան – Mashtoz.org

Խոսքը

Խնդրանքի առարկան «rhema»ն է, այսինքն` խոսքը: Այդպիսով պատասխանելու հրավիրվելը ո՛չ այնքան սովորեցնել է, որքան ավելի` մի ազդու խոսք, խորհրդավոր ուժով բեռնված, որը, եթե ընդունվում է լավ տրամադրվածությամբ, հասնում է սիրտը խոցելու՝ բացելու համար մի ճեղք, որից կարող է հորդառատ բխել նոր կյանքը:
«Rhema»ն, այսպիսով, բավական մոտ է Աստծո խոսքին, ինչպես որ այն ներկայանում է Աստվածաշնչում: Աստծո խոսքի նմանությամբ՝ Հայրերի խոսքերը կարիքն ունեն խորհրդածվելու, այսինքն` երկար ժամանակով և սիրալի կերպով կրկնվելու սրտի ներսում, կյանքի իրենց պտուղն արտադրելուց առաջ:
Այս խոսքի պատճառով է, որ Աբբաները շուտով զանազանվում են մյուս եղբայրներից: Աբբան կարող էր նաև վաղ երիտասարդության տարիքն ապրող մեկը լինել, ինչպես Ագաթոնը, որին մեծն Պիմենն արդեն անվանում էր հայր, հետևյալ բացատրությունը տալով այն աշակերտներին, որոնք իրենից հարցնում էին այդպես վարվելու պատճառը. «Որովհետև նրա շրթունքները ստիպում են, որ անվանեմ իրեն հայր»[1]:
Աբբայի խոսքը հատուկ կշիռ ունի: Աբբաները չէին խոսում` պարզապես որովհետև սիրում էին խոսել: Ահա՛ այս պատճառով է, որ նրանց հարկավոր է լսել ուշադրությամբ և հարկավոր է քննել նրանց խոսքերը. «Հայրերը դատարկ բաներ չեն ասում, այլ՝ այն ամենը, որ ասում են, հոգու փրկության համար է»[2]: Նաև երևութապես անիմաստ խոսքերը պարտավոր ենք հարգել, որովհետև մի իմաստ ունեն, որն այսօր տակավին չենք կարողանում ընկալել. «Եթե Հայրերն ասում են, թե խավարը լույս է, ջանա՛ հավատալ, որ այդպես է, որովհետև նրանք ոչինչ չեն ասում առանց Աստծո»[3]:
Մեծ է նաև Հայրերի խոսքի արդյունավետությունը: Երբեք առանց պտուղի չի մնում, նույնիսկ եթե լավ չենք հասկանում կամ մոռանում ենք: Եթե վանականներից մեկն իր հոգևոր Հորը հարցեր ուղղելուց հրաժարվելու փորձության մեջ է, պատճառաբանելով, թե շարունակ մոռանում է իրեն ասվածները, պետք է կարգուկանոնի գա: Ինչպես որ կուժը, որի մեջ պարբերաբար լցվում է ջուր կամ ձեթ, նույնիսկ եթե լցված հեղուկները ցմիշտ չեն մնում այդ կուժի մեջ, ավելի մաքուր է, քան այն մեկը, որի մեջ երբեք ոչինչ չի լցվում, նմանապես այն հոգին, որ հարատևում է Հայրերի խոսքի ունկնդրման մեջ, նույնիսկ եթե մոռանում է նրանց կողմից տրված պատասխանները[4]: Դևերը կարող են նաև մոլեգնել և խռովք սերմանել հոգու մեջ, պրկում ստեղծելով Հայրերի կողմից արտասանված խոսքերի նկատմամբ, բայց այդ խռովքը վաղանցուկ կլինի, քանի որ խոսքի զորությունը վերջիվերջո հաղթական դուրս կգա. «Եթե հարցեր ես ուղղում Հայրերին և ճիշտ այդ պահին դևերը խռովում են քեզ Հայրերի խոսքերի նկատմամբ, երբեք մի՛ դադարիր հարցերդ ուղղելուց, քանի որ Հայրերը վնասակար կամ ծանր բաներ չեն պատվիրի քեզ: Հայրերն, արդարև, աշակերտներն են Նրա, Ով ասաց. “Իմ լուծը քաղցր է, և բեռը` թեթև” (Մտթ 11, 30): Ավելի ուշ կբացահայտենք նրանց կողմից տրված օգնության պտուղները և սաղմոսերգուի հետ կբացականչենք. “Ողբս ցնծության փոխեցիր” (Սղմ 30, 12)»:
Խոսքի նպատակը դեղագիր ներկայացնելը չէ: Իր ամենապարզ արտահայտությանը վերածված, խոսքը ավետում և հաղորդում է փրկությունը, մի այնպիսի գրավիչ զորությամբ, որ թվում է Աստծո բերանից դուրս ելած: Եթե աշակերտը հարցեր է ուղղում հոգևոր Հորը` ստանալու համար փրկարար մի խոսք, հուսալիք ամենաուղղակի պատասխանը կարող էր լինել այն, որ հոգևոր Հոր կողմից լսեր այդ փրկության հռչակումը, դատավճիռ արձակելու նմանությամբ. «Փրկվի՛ր» կամ «Փրկվա՛ծ ես»: Այն խոսքն է, որը Հովհաննես Թեբեացին երկար տարիներ շարունակ ապարդյուն կերպով սպասել էր իր Աբբա Ամոեից, մինչ հերոսական համբերությամբ ծառայել էր նրան նրա հիվանդության ընթացքում: Իր մահվան պահին, սակայն, ծերը վարձատրեց աշակերտին այդ երկար սպասման համար, բոլոր ծերերի առաջ բռնելով նրա ձեռքից և հետևյալ խոսքերը երեք անգամ կրկնելով, կարծես դատավճիռ էր արձակում. «Աստված թող օրհնի քեզ, Աստված թող օրհնի քեզ, Աստված թող օրհնի քեզ: [...] Հրեշտակ է, ո՛չ թե մարդ»[5]:
Տասներկու տարի տևած սպասմանը գոհացնելու եկող խոսքը չէր կարող կյանքից անջատ լինել: Խոսքը, հիրավի, հասնում է միայն այն չափով, որքանով որ սպասվում է աշակերտի կողմից, պահանջված տրամադրվածությամբ: Բավական չեն Աբբայի իմաստությունն ու փորձառությունը: Նույնքան բախտորոշ է աշակերտի ներքին հոգևոր պատրաստվածությունը, որն այսպես ասած գնում է ազատելու և բխեցնելու խոսքը Աբբայի սրտում և շրթունքների վրա: Եթե խոսք խնդրողի դիտավորությունն անշահախնդիր չէ, Աբբան լուռ է մնում: Կար մի եղբայր, որ երեք օր շարունակ նեղում էր Աբբա Թեոդորոսին` նրանից «rhema» ստանալու համար, բայց ծերը մի բառ անգամ չզիջեց: Երբ անհանգստացնողը մեկնեց, Աբբան իր վարմունքի պատճառը բացատրեց իր հետ բնակվող աշակերտին. «Անշուշտ թե ոչինչ չասացի: Մեկն է, որ մեծ կարևորություն է տալիս իր անձին և սիրում է պարծենալ ուրիշների խոսքերով»[6]: Անօգուտ է սեփական հոգևոր բարիքից տարբեր մի շահ փնտրել Հայրերի խոսքերում. դա նշանակում է արժեզրկել խոսքը:
Իսկ եթե հարցեր ներկայացնողի դիտավորությունն իսկապես Աստծո կամքի ճանաչումն է, այնժամ Աստված Ինքը կպարգևի նրան մի հայր, կարևոր չէ, թե որտե՛ղ կամ ինչպե՛ս, լինի նույնիսկ ամենաանսպասելի ձևով: Ահա՛ թե ի՛նչ է հանձնարարում Դորոթեոս Գազացին մի եղբոր, որը դժգոհում էր, թե չէր կարողանում մի իրական հոգևոր հայր գտնել. «Իրականում, Աստված երբեք չի լքում նրան, ով իր ամբողջ սրտով իսկապես փափաքում է Իր կամքը, այլ՝ միշտ առաջնորդում է նրան Իր կամքի համաձայն: Այո՛, իրոք, եթե մեկն իսկապես իր սիրտն ուղղում է դեպի Աստծո կամքը, Աստված լույսեր է պարգևում մինչև իսկ մի մանկան, որպեսզի հաղորդի նրան Իր կամքը: Իսկ եթե մեկն անկեղծորեն չի փափաքում Աստծո կամքը, նույնիսկ եթե գնա մարգարեների մոտ, Աստված մարգարեների շրթունքների վրա կդնի խոսքեր, համապատասխան` նրա սրտի չարությանը»[7]:
Սա նման է ասելուն, որ հոգևոր հայրության պարգևաշնորհը բնակվում է այնքան որդու, որքան Հոր սրտում: Եթե կհասնի մի ժամանակ, երբ Հայրերն այլևս չեն ունենա հաղորդելիք խոսքեր, կնշանակի, որ բացակայում են այդ խոսքերը որդիական տրամադրվածությամբ ընդունող սրտերը[8]: Աբբային հարցեր ներկայացնող որդին, ուրեմն, Աստծուց պետք է խնդրի լուսավորել Հորը և կանխավ արդեն պարտավոր է հանձնվել Աստծո խոսքին, որն իրեն հասնելու է Աբբայի կողմից տրված պատասխանի միջոցով: «Եթե գնում ես Հայրերից մեկի մոտ՝ հարցեր տալու համար մտածումներիդ վերաբերյալ, նախ աղոթիր Աստծուն այս խոսքերով. “Տե՜ր, Աբբայի շրթունքների վրա դիր այն, ինչ կամենում ես, որպեսզի հայտնի ինձ: Իրենից լսածը ես կընդունեմ այնպես, ինչպես եթե ուղղակի Քեզնից բխեր: Հաստատիր նրան, ո՜վ Տեր, ճշմարտությանդ մեջ, որպեսզի իր միջոցով ես ճանաչեմ ճշմարտությունդ”: Եվ այսպես, ուշադրությամբ և երկյուղով պահպանիր այն, ինչ ասում է քեզ Հայրը»[9]:
Բայց այս ամենից մեկնելով, պատասխաններ տալու գործում Աբբայի պատասխանատվությունը չի թեթևանում: Ուր որ է արտասանվելիք խոսքի ծանրության ներքո նա կքված է` սեփական տկարության ու անարժանության գիտակցությամբ, քաջ իմանալով, որ իր քմահաճույքի համաձայն չի կարող մատակարարել խոսքը: Սա՛ է հաստատում Հովհաննեսի պատասխաններից մեկը, տրված մի եղբոր, որն անդադար պնդում էր և փափաքում էր մի խոսք լսել նրանից. «Եվս մեկ անգամ գրում ես ինձ. ինձ, որ այսքա՜ն անզգա եմ ու տգետ [...] : Կասեմ քեզ, հետևաբար, ճշմարտությունը. ես ոչինչ եմ և ոչինչ չգիտեմ, բայց հանուն հնազանդության, այն, ինչը որ ունեմ սրտիս մեջ, հաղորդում եմ քեզ: Չեմ հավակնում, անշուշտ, թե ասածներս համապատասխանում են իրականությանը, այնուամենայնիվ այն, ինչ ունեմ, ասում եմ, [...] թեև այսքա՜ն անարժան եմ»[10]:
Հայրերի խոսքերն այս աշխարհի մեծերին կամ իմաստուններին ապշեցնելու համար չեն. կոշտ են ու անշարժ, ուշադրություն չեն դարձնում արտաքին բանաձևմանը: Մի ազնվական անձնավորության, որ եկել էր իրեն այցելելու, Թեոդորոս Փերմացին ընդառաջ է ելնում առանց այլևայլ ձևականությունների, «բզկտված քուրձեր հագած, կուրծքը բաց, կնգուղը երեսին քաշած»: Իսկ երբ աշակերտը նրան հանդիմանում է` վայելչության պակասի համար, ծերը պատասխանում է. «Մի՞թե պետք է մարդկանց ծառայենք: Վարվեցի այնպես, ինչպես պատշաճ էր: Բայց այլևս անցած բան է. ով ուզում է իր հոգուն նպաստել, թող նպաստի. ով ուզում է գայթակղվել, թող գայթակղվի: Ես իմ մոտ եկողներին ընդունում եմ այնպես, ինչպես որ եմ»[11]: Նշանակում է, որ Հայրերի խոսքը կարիքը չունի մարդկային գնահատանքի ու որակավորման. Հայրերի խոսքն արժեքավոր է ինքնըստինքյան:
Այսքա՜ն հստակ ու անմիջական լինելով, Հայրերի խոսքը նպաստում է իր կարճությամբ և կարիքն ունի տևելու նույնքան իմաստալի լռության մեջ, որովհետև իսկապես հոգեշահ խոսքը բավական է ինքն իրեն: Կարիք չունի հավելյալ բացատրությունների. կխեղդվեր խոսքերի առատության մեջ: Այսպես, երբ հաճախում էր եկեղեցի, Աբբա Ամոեն չէր թույլատրում իր աշակերտին քայլել իր կողքին, այլ` որոշ հեռավորության վրա: «Եթե աշակերտը մոտենում էր իր մտածումների մասին հարցնելու, [...] իսկույն հեռացնում էր նրան, ասելով. “Թող չպատահի, որ մինչ խոսում ենք հոգու համար օգտակար բաների մասին, ներս խցկվի օտար մի խոսք”»[12]:
Հոր և որդու միջև դժվարին ու ինքնամերժ, բայց միաժամանակ հավատքով լի այսպիսի հաղորդակցության ներսում է, որ բխում է փրկարար Խոսքը: Երկխոսության մասնակիցներից յուրաքանչյուրը ներդնում է ինքնամերժման իր բաժինը, յուրաքանչյուրն իր մակարդակի համաձայն: Մեկը մյուսի կարիքն ունի, որպեսզի իրադարձությունը տեղի ունենա: Անտոնն իր աշակերտներին տրված խրատներից մեկը եզրափակում է` ներկայացնելով հոգևոր իրական երկխոսության բանաձևը. «Գեղեցիկ է փոխադարձաբար միմյանց քաջալերելը հավատքի ոլորտում և խոսքերով միմյանց խրախուսելը: Դուք, ուրեմն, որպես որդիներ, ներկայացրեք հորը այն, ինչ գիտեք և ասացեք ինձ. ես, որ տարիքով ձեզնից ավելի մեծ եմ, կհայտնեմ ձեզ այն, ինչ գիտեմ ես և ինչ որ սովորել եմ փորձառությունից»[13]: Քանի որ ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից վերցվում և տրվում է, կարելի է հասկանալ Ամոնի խոսքը` ուղղված աշակերտների խմբերից մեկին. «Այնտեղ, ուր Հայրերն ընդունում են իրենց որդիներին, այնտեղ ներկա է Աստված, մեկ և մյուս կողմից»[14]: Խոսքը, որը հոր և որդիների միջև կիսվում է եղբայրական բերկրանքով, կարող է գալ միմիայն Աստծուց:
[1] Պիմեն 61.
[2] Բարսանուֆ 652.
[3] Բարսանուֆ 842. – Երևութապես հակասական ու անհեթեթ այս խոսքը մեծապես ծանրակշիռ իմաստ է պարունակում միստիկ հարթության վրա։ Աստծո հանդեպ հավատքով լի վստահությունը դա մի ''խավար'' է, որովհետև մարդուն մղում է ''անջատելու'' սեփական բանականության ''լույսը'', որը ''տեսնում է'' զգայական ճանաչողության ու ընկալման համաձայն և դրանց սահմաններում։ Բայց այդ ''խավարը'' ճշմարտապես ''լույս'' է, որովհետև մարդու համար հնարավորություն է ստեղծում գերազանցելու մարդկային նեղ սահմանները և ճանաչելու իրականություններն Աստծո համաձայն։ Եվ ընդհակառակը, կա մի մարդկային գոռոզ մտածողություն, որը ''լույս'' և ''լուսավորություն'' է երկրային նեղ ու սահմանափակ հարթության վրա, բայց որն իրական ''խավար'' է հոգու հարթության վրա և մարդուն զրկում է աստվածային հավիտենական ''լույսից''։
[4] Nau 223.
[5] Հովհաննես Թեբեացի.
[6] Թեոդորոս Փերմացի 3.
[7] Դորոթեոս, V, 68.
[8] Հմմտ. Երանոսի պարագան.
[9] Nau 592/58.
[10] Բարսանուֆ 270.
[11] Թեոդորոս Փերմացի 28.
[12] Ամոե 1.
[13] Vita Ant., 16.
[14] Ամոն, Նամակ Զ 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։