Կանոնագիրքը և Անապատի Հայրերը – Գրադարան – Mashtoz.org

Կանոնագիրքը և Անապատի Հայրերը

Բենեդիկտոսի Կանոնագիրքը լատին ամենահին գրությունն է, ուր հիշատակվում են Անապատի Հայրերի կյանքն ու գործերը. Վարք Հարանցը: Բենեդիկտոսը ամբողջ Սաղմոսարանի աղոթական արտասանումը հանձնարարում է կատարել մեկ շաբաթվա ընթացքում. «Բարեպաշտության մեջ չափազանց ծույլ ծառայություն են ցուցաբերում այն վանականները, որոնք մեկ շաբաթվա ընթացքում չեն աղոթում ամբողջ Սաղմոսարանը, սովորական շարականների հետ միասին, մինչ կարդում ենք, որ մեր Սուրբ Հայրերը երբեմն քաջությամբ մեկ օրվա մեջ էին կատարում այն, ինչը որ մենք՝ գաղջերս, ծուլանում ենք կատարել մեկ շաբաթվա ընթացքում»[1]: Ահա՛ մեջբերված հատվածը. «Ծերերից մեկն այցելեց մի ուրիշ հոր: Վերջինս մի քիչ ոսպ եփեց, ապա առաջարկեց. “Մի փոքրիկ աղոթք կատարենք, հետո կուտենք”: Մեկն աղոթեց ամբողջ Սաղմոսարանը, մինչ մյուսն անգիր ու հերթականությամբ արտասանեց մեծ մարգարեներից երկուսի գրությունները: Առավոտյան այցելուն մեկնեց: Մոռացել էին ուտել պատրաստված կերակուրը»[2]:
Գինին չի վայելում ո՛չ իմաստունին, ո՛չ էլ վանականին: Ինչպե՞ս փաստել սա: Ցույց տալով Հայրերի օրինակը. «Թեև կարդում ենք, որ գինին վանականների համար բացարձակ կերպով անվայել բան է, բայց քանի որ մեր օրերում վանականները չեն համոզվում այս բանին, համաձայն ենք գտնվում գոնե այս կետում. այսինքն` որ չխմեն հագենալու չափ, այլ՝ բավական չափավոր կերպով»[3]: Համապատասխան ապոֆտեգման. «Հայր Պիմենին պատմեցին մի վանականի մասին, որ գինի չէր խմում: Ասաց. “Գինին ոչնչով վանականին հարմար չէ”»[4]:
Այս երկու կարճառոտ մեջբերումներն անկասկածելի նշանն են, որ Բենեդիկտոսն իր ձեռքերում ունեցել է ապոֆտեգմաների համակարգված ժողովածուի առաջին տասնութ գրքերը, որոնք հունարենից լատիներենի էին թարգմանվել մոտավորապես 543 թվականին, այնժամ սարկավագ և ապագա Պապ Պեղագիոսի կողմից:
Բայց բացահայտ հետաքրքրությունից բացի, որ Բենեդիկտոսն ունի Եգիպտոսի ու Պաղեստինի անապատների մեծագույն Հայրերի իմաստության նկատմամբ, այս մեջբերումները թույլ են տալիս նկատել նաև որոշ ուղղակի շփումներ Արևելքի վանական կենտրոններն այցելած եպիսկոպոսների կամ վանականների հետ[5]: «Քանոզայի եպիսկոպոսը սովոր էր այցելել Տիրոջ ծառային և վերջինս նրան շատ էր սիրում` կյանքի սրբության պատճառով»[6]: Հիշյալ եպիսկոպոսը գլուխն էր այն պատվիրակության, որը 536 թվականին առաքվել էր մասնակցելու Կոստանդնուպոլսում տեղի ունեցած Ժողովին. պատվիրակություն, որի անդամներից մեկն էր նաև Պեղագիոս սարկավագը՝ Վարք Հարանցի թարգմանիչը: Հերմանոս Քապուացի եպիսկոպոսը, որ Բենեդիկտոսի մտերիմ ընկերներից էր, բյուզանդական մայրաքաղաքում էր ապրել 519-520 թվականներին: Իտալական Նեապոլիսի մոտակայքում գտնվող Լուքուլլանոյի Աբբա Էուգիպիոսը (460-535) կիսում էր այն հիացմունքը, որն արևելյան վանականների կենցաղավարության նկատմամբ սնում էր Սէվերինոս Նորիքացին, իր հոգևոր հայրը: Այլևս հանրահայտ են կապերը, որ գոյություն ունեն Բենեդիկտոսի Կանոնագրքի և Էուգիպիոսի միջև[7]:
Թվում է, թե այս ականատես վկաների շնորհիվ Բենեդիկտոսն ավելի տեղեկություններ է ստացել արևելյան վանականների մասին, քան թե որքան կարողացել է քաղել տվյալ դարաշրջանում լատիներենի թարգմանված վանական գրականությունից:
Որո՞նք էին, ուրեմն, Բենեդիկտոսի գրավոր աղբյուրները: Նախևառաջ Անտոնի կենսագրությունը, գրված` Աթանաս Ալեքսանդրացու կողմից: Այդ օրերում, Անտոնի կյանքը համարվում էր վանական իրական կյանքի կատարյալ սրբապատկերը: Ավելի ուշ կտեսնենք, թե Բենեդիկտոսի կյանքը որքա՜ն մեծ ազդեցություն է կրել այս գրությունից: Հովհաննես Կասսիանոսի գրությունները, լինի Սկիտեի անապատում ապրող ծերերի հետ ունեցած քսանչորս “Հարցազրույցները”, թե Միջին Արևելքի վանքերի սովորույթների և ութ գլխավոր մոլությունների դեմ պայքարի մասին աշխատությունը[8], դարձել էին Բենեդիկտոսի աշակերտների դասագրքերը, ինչպես Հովհաննես Կղիմաքոսի Սանդուխքը բյուզանդական արևելքում: Թեև Կասսիանոսը մեծապես կախումնավոր է Եվագրիոս Պոնտացուց, – որ մահացել էր 399 թվականին, Սկիտեից հյուսիս գտնվող Քելիայի անապատում, – և այս իսկ պատճառով՝ իր հաջորդներին ավանդում է Անապատի Հայրերի կես-մենակեցական վանականությանը բնորոշ մի տեսություն, այնուամենայնիվ՝ իր վկայությունները շա՜տ ավելի հավանական են և ներկայացնում են շա՜տ ավելի իրական մի Մակար, մի Իսահակ, մի Պափնոտիոս և ուրիշներ, քան թե ապոֆտեգմաների խմբագրությունները, որոնք հակաորոգինեսական գրաքննությանն էին ենթարկվել Վեցերորդ դարում[9]: Առավել ճշգրիտ կերպով, Կասսիանոսի կողմից տրված մի քիչ երկարաշունչ հաշվետվության և Անապատի Հայրերի ապոֆտեգմաների էական խոսքերի կամ արարքների միմյանց միացած վկայությունն է, որ թույլատրում է ամբողջությամբ ճանաչել ծերերի միտքը: Արդյոք սա՞ չէր Բենեդիկտոսի հետաքրքրության պատճառը, որ սնում էր ապոֆտեգմաների այնժամ տակավին նոր կատարված թարգմանության նկատմամբ: Սրանցից բացի, Բենեդիկտոսը ծանոթ էր նաև 388-400 թվականներին Եգիպտոսի վանականներին Պալլադիոսի կողմից տրված այցելությունների նկարագրություններին[10]:
Դեպի Եգիպտոս կատարված վանական ճամփորդություններից մեկ ուրիշը, շարադրված` Չորրորդ դարի վերջին տարիներին, լատիներենի էր թարգմանվել և հարմարեցվել Ռուֆինոս Աքուիլեյացու կողմից, հաջորդ դարի սկզբում. «Եգիպտոսի վանականների պատմությունը»[11]: Այս գրության կողմից Բենեդիկտոսի Կանոնագրքի վրա թողնված ազդեցությունը զգացվում է հատկապես հյուրընկալությանը նվիրված գլխում, որով Բենեդիկտոսն արմատականորեն հեռանում է «Regula Magistri» կանոնագրքից: «Արդարացի է ասել, որ տեսանք մեկ ուրիշ հրաշք ևս, որն ապշած թողեց մեզ: Իրեն այցելության գնացածներս երեք եղբայրներ էինք. հազիվ թե հեռվից նկատեցին մեզ, իսկույն ճանաչեցին մեզ այն վանականները, որոնք լսել էին նրա կանխագուշակությունը, թե այցելելու էինք իրեն: Հոգատարությամբ ընդառաջ եկան մեզ[12], սաղմոսներ երգելով. այս սովորությունն ունեն բոլոր ժամանող եղբայրների նկատմամբ: Երեսները մինչև գետին խոնարհվում էին մեր առաջ[13], մեզ մատնացույց անելով ու ասելով. “Ահա՛ ժամանեցին այն եղբայրները, որոնց մասին ասաց հայրը երեք օր առաջ, ասելով. 'Երեք օր հետո մեր մոտ կհասնեն որոշ եղբայրներ, որ գալիս են Երուսաղեմից'”: Ոմանք առաջնորդում էին մեզ, մյուսները հետևում էին` շարունակելով սաղմոսերգությունը, մինչև որ հասանք նրա մոտ: Լսելով սաղմոսերգուների ձայնը, հայր Ապողոնը ընդառաջ ելավ մեզ, ինչպես որ սովոր է վարվել բոլոր եղբայրների նկատմամբ: Երբ մեզ տեսավ, առաջինն ինքը մինչև գետին խոնարհվեց մեր առջև, ապա ոտքի կանգնելով[14] համբուրեց մեզ, ներս մտցրեց, աղոթեց մեր համար, իր իսկ ձեռքերով լվաց մեր ոտքերը և հրավիրեց մեզ կերակուրները ճաշակելու[15]: Այսպես էր վարվում իր մոտ եկող բոլոր եղբայրների հետ»[16]:
Բայց այս պատմության մանրամասնությունները, որքան էլ որ գեղեցիկ են, այնուամենայնիվ միշտ մնում են երկրորդ կարգում` հավատքով խորապես ներշնչված վերաբերմունքի համեմատ:
Ճիշտ այն օրերին, երբ Ռուֆինոսը թարգմանում էր վանական ճամփորդությունների այս նկարագրությունը, Հերոնիմոսն իր հերթին պատրաստում էր լատիներեն թարգմանությունը պակոմյան հասարակության օրինադրական գրությունների, Պակոմի մի քանի նամակների և վերջինիս հաջորդներից մեկի` Օրսիեզիի հոգևոր «Կտակ»ի[17]: Բացառված չէ, որ Բենեդիկտոսը կարող էր կարդացած լինել նաև Պակոմի կենսագրությունը, որը լատիներենի էր թարգմանվել մոտավորապես 514 թվականին, Դիոնիսիոս Կրտսերի կողմից[18]: Անկասկածելի է, իսկապես, այն ազդեցությունը, որ բենեդիկտյան Կանոնագրքի վրա թողել է պակոմյան հասարակության վանական գաղափարականը:
Բայց Բենեդիկտոսը կրել է արևելյան նաև ուրիշ ազդեցություններ. վերջինները, սակայն, դյուրությամբ չեն կարող ցանկագրվել «Անապատի Հայրեր» ընդհանուր անվան ներքո: Մեծագույն օրինակը եղել է Բարսեղ Կեսարացին և Աստծո խոսքի հանդեպ անթերի հնազանդության իր գաղափարը. հիրավի, Կանոնագրքի նախաբանը Բենեդիկտոսը սկսում է` մեջբերելով մի գրությունից, որը կարծում էր, թե Կապադովկիացի Հայրապետինն էր, իսկ վերջաբանում հստակ կերպով անվանում է նրան «մեր Հայր»: Մոնտեկասսինոյի Աբբան, Վեցերորդ դարում, իրեն նույնացած է զգում Չորրորդ դարի վանական օրինադրի հետ, որովհետև նրա նման փափագում է քրիստոնեական խստակրոնությունը վերանորոգել զուտ Ավետարանի ոգու համաձայն:
Բենեդիկտոսի կրած ազդեցությունների վրա հավասարակշիռ հայացքը պետք է որ իր մեջ ներառեր նաև Օգոստինոսին, Լերինսից առաջ եկող գրություններին, «Regula Magistri» կանոնագիրքը և Սուլպիցիոս Սէվերոսի կողմից շարադրված Սուրբ Մարտինի Վարքը: Եվ քննական աշխատանքը պետք է որ ավելի ընդարձակ տարածվեր և հնարավորությունը ստեղծեր տեսնելու, որ արևելյան վանական հունարեն գրականության (Բարսանուֆ և Հովհաննես, Դորոթեոս Գազացի, Հովհաննես Մոսքոս, Հովհաննես Կղիմաքոս, և այլոք) և Բենեդիկտոսի Կանոնագրքի միջև գոյություն ունեն կառույցներ ու արձագանքներ, որ առաջ են գալիս կյանքի միևնույն գաղափարականից և մշակութային գետնի վրա միմյանց մերձակա միջավայրերից:
Միայն մեկ օրինակ բավական կլինի փաստելու այս հաստատումը. «Եթե եղբայրներից որևէ մեկը, որևիցէ նվազագույն պատճառով, հանդիմանվում է Աբբայի կամ մեծավորներից որևէ մեկի կողմից, կամ եթե նկատում է, թե ծերերից մեկի հոգին նույնիսկ թեթևակի խռովվել կամ զայրացել է իր նկատմամբ, իսկույն, առանց ուշացումների, գետին տարածված թող պառկի նրա ոտքերի առաջ, այդպիսով հատուցելով այն ամբողջ ժամանակվա ընթացքում, մինչև որ խռովքը կբժշկվի մի օրհնությամբ»[19]:
Սանդուխքի չորրորդ աստիճանին, Հովհաննես Կղիմաքոսը պատմում է օրինակելի մի քանի դեպքեր, որոնց ականատես է եղել Ալեքսանդրայից ո՛չ հեռու գտնվող մի վանքում: «Եթե նրանցից մեկը սկսում էր վիճաբանել իր մերձավորի հետ, մեկ ուրիշը մոտենում էր և նրանց ոտքերի առջև գետին տարածվելով` փարատում էր վեճը: Իսկ եթե հետագայում նկատում էր, թե տակավին ոխ են պահում միմյանց նկատմամբ, իրականությունը հայտնում էր փոխմեծավորին և աշխատում էին հաշտեցնել նրանց արևի մայր մտնելուց առաջ: Որովհետև եթե պնդագլխությամբ շարունակում էին իրենց կարծրասրտության մեջ մնալ, կա՛մ պատժվում էին կերակուրից զրկվելով, մինչև որ կհաշտվեին միմյանց հետ, կա՛մ էլ վռնդվում էին վանքից»[20]:
Քրիստոնյա արևելքում մշակված վանական կյանքի գաղափարականն ու ձևերը, հետևաբար, անկասկածելիորեն ներկա էին Բենեդիկտոսի հոգում: Հիշարժան է նրա հանձնարարությունը, որով պատվիրում է օրվա վերջին ժամերգությունից առաջ կարդալ Հայրերի Կյանքը կամ նրանց Ուսուցումները[21]: Եվ Կանոնագրքի հատկապես վերջին գլխում «Հայրերին» ներկայացնում է որպես առաջնորդներ` դեպի վանական դարձի կատարելությունը:
«Ինչ վերաբերվում է մնացած բաներին, նրա համար, ով շտապում է հասնելու դարձի կյանքի կատարելությանը, կան Սուրբ Հայրերի ուսուցումները, որոնց գործադրումը մարդուն առաջնորդում է դեպի կատարելության գագաթնակետը: Հիրավի, Հին և Նոր Կտակարանների աստվածային հեղինակության ուսուցումներից կամ էջերից ո՞ր մեկը ուղղագույն կանոն չէ մարդկային կյանքի համար: Կամ ընդհանրական Սուրբ Հայրերի գրքերից ո՞ր մեկը չի հնչում այնպես, որ նրանց միջոցով` ուղիղ արահետով հասնում ենք մեր Արարչին: Ինչպես նաև Հայրերի Հարցազրույցները և նրանց Վարքերն ու Ուսուցումները, նաև մեր Սուրբ Հայր Բարսեղի Կանոնները, ուղիղ կյանքով ապրող և հնազանդ վանականների համար ուրիշ ի՞նչ են, եթե ո՛չ միայն՝ առաքինության գործիքներ»[22]:
Ուշադրության արժանի է, որ այստեղ Անապատի Հայրերը ներկայացվում են Հին և Նոր Կտակարանների Սրբերի[23], Եկեղեցու Հայրապետների, Բարսեղի մեծ ավանդության մեջ: Սա արդեն մասնակիորեն բացատրում է, ակնհայտորեն, թե ինչո՛ւ է Գրիգոր Մեծի կողմից շարադրված Բենեդիկտոսի Կյանքն իր հերթին ևս ընդգծում, թե արևմտյան վանականության Սուրբ Նահապետը նույնպես լի էր բոլոր Արդարների ոգիով:
[1] RB 18, 24-25.
[2] Vitae Patrum V, 4, 57.
[3] RB 40, 6.
[4] Vitae Patrum V, 4, 31.
[5] “L'accès a l'Orient monastique chez saint Benoît”, Irénikon 47 (1974), pp. 48-58.
[6] II Dial. 15, 3.
[7] A. de Vogüé, “La Règle d'Eugippe retrouvée?”, RAM 47 (1971), pp. 233-266.
[8] Տե՛ս մատենագիտական ցանկը:
[9] Անապատի Հայրերի Նամակները ներկայացնում են նաև նրանց միստիկ դիմագիծը, որը մասամբ անտեսանելի է ապոֆտեգմաներում: Հմմտ. Lettres des Pères du Désert, Bellefontaine 1985; L. Regnault, “Le vrai visage d'un Père du désert”, Mémorial A.-J. Festugière, Genève 1984, pp. 225-234.
[10] «Լաուսոսյան Պատմություն»ը Հինգերորդ դարում երկու անգամ թարգմանվել է լատիներենի, առաջինը «Heraclidis Paradisus» վերնագրով, երկրորդը` «Palladii Lausiaca»:
[11] Տե՛ս մատենագիտական ցանկը:
[12] RB 53, 3. «Հազիվ թե ծանուցվի հյուրի գալուստը, վանահայրն ու եղբայրները թող ընդառաջ ելնեն ամենայն սիրով»:
[13] Հյուրընկալության միևնույն նշանները RB 53, 4 հատվածում. «Նախ թող միասին աղոթեն, ապա միմյանց ողջունեն խաղաղությամբ»:
[14] RB 53, 6-7. «Ժամանող կամ մեկնող հյուրերին ողջունելիս` թող գործի դրվի ամեն խոնարհություն. վար խոնարհած դեմքով և ամբողջ մարմնով գետին տարածված, նրանց անձում թող երկրպագվի Քրիստոսը, որ հյուրընկալվում է»:
[15] RB 53- 8-9. «Ընդունվելով, հյուրերը թող առաջնորդվեն աղոթքի [...] և հետո` նրանց հանդեպ թող ցուցաբերվի ամեն մարդասիրություն»:
[16] Hist. Mon., VIII, 48-49.
[17] Instit.
[18] H. van Cranenburgh, La vie latine de saint Pachôme, Bruxelles 1969.
[19] RB 71, 6-8.
[20] Միևնույն խստությունը RB 71, 9 հատվածում, համառների նկատմամբ. «Եթե չուզենա անել, թող որ ենթարկվի մարմնական պատժի, իսկ եթե ապստամբի, թող վտարվի վանքից»:
[21] RB 42, 3.
[22] RB 73, 2-6. Միևնույն հանձնարարությունները գտնում ենք Բենեդիկտոսից քիչ ժամանակ հետո շարադրված հունարեն վանական մի գրության մեջ. «Վանականը, – տարեց լինի, թե նորընծա, – որ բարեպաշտությամբ ու խոնարհությամբ ընթերցում և սովորում է Դավթի Սաղմոսները, վարքերն ու ուսուցումները Սուրբ Հայրերի, որոնք հսկաներ էին աղոթքի, ծոմապահության, հսկումների ու ժուժկալության մեջ, ինչպես նաև Գրքերն աստվածային մարգարեների, առաքյալների ու ավետարանիչների, Աստծո կամքը ճանաչելու և գործադրելու նպատակով, այդպիսի վանականն իր վրա է հրավիրում Սուրբ Հոգու զորությունը: Վերջինս նրան տալիս է կարդացած ուսուցումները գործի վերածելու ուժը» (“Racconti degli abati Giovanni e Sofronio”, Rivista degli Studi Bizantini e neoellenici, t. 12-13, 1965-1966, p. 267):
[23] RB 64, 18.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։