Հայերեն թարգմանության վերաբերյալ – Գրադարան – Mashtoz.org

Հայերեն թարգմանության վերաբերյալ

«Անապատի Հայրեր» անունով հասկանում ենք այն առաջին միայնակյացներին ու վանականներին, որոնք ապրել են 4-7 դարերում Եգիպտոսի, Պաղեստինի և Սիրիայի անապատներում ու առանձնացած վայրերում: Երբ Չորրորդ դարում քրիստոնեությունը հռոմեական կայսրությունում ճանաչվեց նախ ազատ, ապա նաև պետական կրոն, հանկարծակի դադարեցին հալածանքներն ու մարտիրոսությունները, որոնք մինչ այդ համարվում էին քրիստոնեական սրբության ու կատարելության գագաթնակետը, որովհետև ամենամեծ նշանն էին Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո ու հավատարմության: Բացի սա, երբ նվիրապետական Եկեղեցին անցավ Պետության պաշտպանության ներքո, սրբության գաղափարականը թուլացավ և քահանա կամ եպիսկոպոս դառնալը առարկա դարձավ նաև իշխանության ու հարստության տենչի, զուտ քրիստոնեական մարդասիրության և խորհրդակատարության ծառայություն լինելու փոխարեն: Ահա՛ այս մթնոլորտում է, որ ի հայտ եկան Անապատի Հայրերը: Պարզ աշխարհական քրիստոնյաներ, որ մերժում էին որևէ տիտղոս, իշխանություն, ձեռնադրություն, հեղինակություն, Պետության կողմից պաշտպանություն, փոխարենը՝ առանձնանում էին ամայի վայրերում, ջանալով ամենօրյա կյանքում ապրել այն մարտիրոսությունը, որն համարվում էր Ավետարանի հանդեպ հավատարմության գագաթը: Հրաժարվում էին ամուսնությունից, հարստություններից, ջանալով ծառայել միմիայն Աստծուն և այն մարդկանց, ովքեր շարունակում էին հարգել Աստծո Խոսքը: Սրա համար էլ կոչվել են «Հայրեր» (Աբբա), կամ «Մայրեր» (Ամմա), որովհետև իրենք նախ ապրելով Հոգու կյանքը, այդ կյանքը փոխանցում էին նաև ուրիշների:
Ահա՛ այս միջավայրում են առաջացել Անապատի Հայրերի խոսքերը, որոնց մասին այս գրքի թարգմանության վերաբերյալ կկամենայի որոշ բացատրություններ տալ հայ ընթերցողին:
Հայրերի խոսքերը շարադրվել, պահպանվել և մեզ են հասել հիմնականում ղպտերեն, հունարեն, ասորերեն և ա՛յլ լեզուներով, որոնց բառապաշարը և այդ բառերի ամբողջական իմաստը հայերենի մեջ ճշգրիտ կերպով արտահայտելը շատ դժվար է: Ինչպես նաև կան բառեր, որոնք հայկական միջավայրում դարերի ընթացքում ստացել են ուրիշ իմաստ և նշանակություն: Այս իսկ պատճառով, երբեմն նախընտրեցի չթարգմանել եզրերը, այլ՝ գործածել պարզ տառադարձությամբ: Դրանցից մի քանիսը հետևյալներն են.
ա) Ապոֆտեգմա: Նշանակում է «ասացվածք», բայց հայերենը չի արտահայտում եզրի իրական իմաստը: Ապոֆտեգման Հայրերի կողմից արտասանված այն խոսքն է, որ բխում է նրանց կյանքից ու փորձառությունից, իր մեջ խտացնում է տվյալ Հոր ամբողջ փորձառությունը, ինչպես նաև այն ազատարար ճշմարտությունը, որը գործադրելու դեպքում` ունկնդրողը կարող է «փրկվել»:
բ) Աբբա: Թեև որոշ դեպքերում թարգմանել եմ այս եզրը (Հայր), բայց այնուամենայնիվ սովորաբար անփոփոխ գործածել եմ արամայերենը, որի վերաբերյալ կամենում եմ մի ճշգրտում մտցնել, որովհետև դարերի ընթացքում փոխվել է այս բառի իմաստը: Այսօր, հայկական եկեղեցական միջավայրում, «հայր» է անվանվում նա, ով քահանայական ձեռնադրությամբ և կուսակրոնության ուխտով անդամակցում է նվիրապետական եկեղեցական դասին: Այսինքն` քահանայական ձեռնադրությամբ, ինքնաբերաբար, տվյալ անձի անվան առջև դրվում է «հայր» տիտղոսը, անկախ՝ տարիքից, անկախ՝ հոգևոր փորձառությունից (ինչը որ նաև լուրջ վտանգ է դառնում տվյալ անձի համար, շատ հաճախ ներշնչելով կործանարար հպարտություն ու գոռոզամտություն): Անապատի միայնակյացների ու վանականների համար այսպես չէր: Նախ պարտավոր ենք հիշել, որ անապատում հազարից մեկն էր ձեռնադրվում քահանա, եղբայրներին մատակարարելու համար խորհուրդները: Բայց ամենակարևորն այն է, որ «հայր» տիտղոսը չէր տրվում ինքնաբերաբար (ավելորդ է ասելը, որ ոչ ոք ինքն իրեն չէր տալիս այդ տիտղոսը), այլ՝ հետևանքն էր աշակերտների կամ քաղաքից այցելության եկող անձանց կողմից տրված վկայության, որով տվյալ հասուն և փորձառու, բայց ամենակարևորը` Աստծո Հոգով լի միայնակյացի կամ վանականի անձում տեսնում էին մի Հայր, այսինքն մեկին, ով կարող էր իրենց ևս փոխանցել Աստծո կամքն ու կյանքը, որը պարզ բառով անվանում էին «փրկություն»: Իսկ սովորաբար միմյանց դիմում էին «եղբայր» տիտղոսով, որպես որդիները միակ Հոր, որ երկնքում է:
գ) Ծեր: Այս բառը չպետք է հասկանալ տարիքի իմաստով, այլ` հոգևոր փորձառության: Կարելի է ասել, որ Աբբայի հոմանիշն է: Սա նույնպես, որևէ մեկին տրվում էր ուրիշների կողմից: Անապատում ոմանք երեսուն-քառասուն տարեկան հասակում էլ էին կոչվում «ծեր», ինչպես Անտոնը, Մակարը, Պիմենը, Արսենը, Պակոմը և ուրիշներ: Կարևորը հպատակությունն է Աստծո կամքին և չխաբվելը սատանայի փորձություններից:
դ) Միայնակյաց և վանական: Անապատում գոյություն ունեին երկու կենսաձևեր. միայնակեցական և վանական: Միայնակյացները նրանք էին, որոնք սովորաբար հայտնի են «ճգնավոր» անունով: Բայց խուսափեցի «ճգնավոր» եզրը գործածելուց, որովհետև դա ցավոք առաջնորդում է որոշ քրիստոնյաների (նաև քահանաների ու կրոնավորների) իրենք իրենց ազատ զգալու քրիստոնեական կյանքի որոշ արմատական պահանջներից, միակ չքմեղանքով, թե իբր իրենք քաղաքում են ապրում, մարդկանց հետ, և «ճգնավորներ» չեն: Բայց մեղքից հեռանալու և Աստծո սիրույն հավատարիմ մնալու գործին կապված ճիգը (ճգնությունը), ջանքը և հոգնությունը միայն միայնակյացների համար չեն, այլ` բոլոր քրիստոնյաների:
Իսկ վանականները նրանք էին, ովքեր անապատում ապրում էին խմբերով, հաստատուն մի վայրում, Հայր ճանաչված մեկի առաջնորդությամբ: Աղոթում էին` նաև միասին, աշխատում էին միասին, ուտում` միասին: Ժամանակի ընթացքում, այս կենսաձևը ավելի տիրող դարձավ, որովհետև, հոգևոր տեսանկյունից դիտված, ավելի ապահով է, զուրկ` ինքնախաբեություններից ու ա՛յլ հոգևոր վտանգներից:
Հետագայում, սակայն, վանական շարժումը բավական ճնշումների ենթարկվեց նվիրապետական իշխանության կողմից, հատկապես Արևելքում, կայսերական իշխանության ներքո, որն ամեն գնով ջանաց վանքերում բազմապատկել ձեռնադրված քահանաների թիվը, այդպիսով կարողանալով իր իշխանության տակ առնել և հանգիստ կերպով հսկել վանական շարժումը (ինչը չափազանց աղետալի եղավ և՛ վանականության, և՛ ինքնին Եկեղեցու և քրիստոնեական հասարակությունների համար): Բայց այսօր, ինչպես Արևելքում (Եգիպտոս, ... ), այնպես էլ Արևմուտքում (Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, ... ) վանականությունը վերադառնում է իր արմատներին, վերստին ստանալով իր հարազատ դիմագիծը:
ե) Քոյնոնիա: Հունարեն այս բառը կարելի է ասել վանական հոգեկանության բանալին է: Իմաստավորում է ամբողջ վանական կյանքը և կարող է նշանակել հասարակություն, եղբայրություն, եղբայրսիրություն, հաղորդակցություն, ծառայություն, օգնություն, և այլն: Ցույց է տալիս այն խորը հոգևոր կապը, որ պետք է գոյություն ունենա վանականների միջև, որպես անդամները մեկ միևնույն մարմնի, որոնցից միայն մեկի ցավը կամ բերկրանքը դառնում է բոլորինը, հետևելով Հիսուսի նոր պատվիրանին. «Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ 13, 34):
 
Ինչ վերաբերվում է սույն հատորի ծանոթագրություններին, ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ հեղինակները գործածել են ապոֆտեգմաների այնպիսի ժողովածուներ, որոնք հայերենի թարգմանված չեն. հետևաբար, աղբյուրների վերաբերյալ նշված վայրը և թիվը չի համապատասխանում հայերեն միակ թարգմանությանը` «Վարք Հարանց»ին: Հայերեն «Վարք Հարանց»ից հեղինակները կատարել են մեջբերումներ` օգտագործելով նույնի լատիներեն թարգմանությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։