«Ո՛ւր էլ որ բնակվես, շուտով մի՛ հեռացիր կամ մի՛ հեռացիր ընդհանրապես». Հարգել սեփական արմատները – Գրադարան – Mashtoz.org

«Ո՛ւր էլ որ բնակվես, շուտով մի՛ հեռացիր կամ մի՛ հեռացիր ընդհանրապես». Հարգել սեփական արմատները

Թափառաշրջիկ վանականներին վերաբերվող գլխում Բենեդիկտոսն ընդունում է նաև վանքը փոխելու հնարավորությունը. «Եթե հետագայում [հյուր վանականը] կամենա հաստատվել, այդ կամքը թող չմերժվի, հատկապես եթե հյուրընկալության ընթացքում կարողացել են ծանոթանալ նրա վարքին [...] : Եթե այնպիսի մեկը չէ, որ արժանի է դուրս վռնդվելու, եթե հայցում է, ո՛չ միայն հարկավոր է ընդունել նրան որպես հասարակությանը անդամակցելիք մեկին, այլ նաև՝ հարկավոր է համոզել նրան մնալ, որպեսզի իր օրինակով կրթվեն նաև մյուսները և քանի որ ամենուր ծառայում ենք միակ Տիրոջը, մարտնչում ենք միակ Թագավորի համար»[1]: Եթե Բենեդիկտոսը, որ միշտ խոնարհ է` վանական կյանքի իր ոճից տարբեր կերպերի դիմաց, ընդունում է, թե հնարավոր է նախընտրել իրենը, պետք է ենթադրենք, որ նաև ընդունում է, թե որևէ մեկը կարող է իրենինից ավելի գերադասել մյուսները:
Ճիշտ է, որ երբ խոսում է «վանականների տեսակների» մասին, Բենեդիկտոսը գեթ առաջին հայացքից ներկայանում է չափազանց խիստ, բայց իրականում իր դիրքորոշումները միմյանց լրացնում են. պարզապես կամենում է զգուշացնել անդադար տեղափոխությունների մոլության դեմ, ինչպես նաև այն եսասեր ձգտման դեմ, որը շարունակ մղում է փնտրելու ո՛չ այնքան սեփական անձի սրբությանը նպաստող վայրը, որքան ավելի մի վայր, ուր կարող կլինի առավել հանգստավետությամբ գոհացնել սեփական ցանկությունները. Սարաբայիտները «որպես օրենք ունեն իրենց ցանկությունների կամքը, որովհետև այն, ինչ մտածում կամ ընտրում են, որակավորում են որպես սուրբ, իսկ այն, ինչ չեն կամենում, համարում են ապօրինի»[2]: Եվ սակայն, հենց այսքան խիստ շարադրված գլխում, Բենեդիկտոսն ընդունում է վանականներից ոմանց մեկնումի հնարավորությունը դեպի առավել խստակյաց վանքեր, բայց սա անում է` տալով հարկավոր զգուշացումները: Անկասկածելի է, որ Բենեդիկտոսը հետաքրքրվում է հատկապես վանականներով, բայց անհնարին է ժխտել նաև այն մեծարանքը, որ դրսևորում է մենակեցական ճգնավորական կյանքի նկատմամբ:
Բենեդիկտոսից առաջ արդեն, որքան որ տեղյակ ենք պատմական աղբյուրներից, Աբբաները դժվարություն չունեին թույլատրելու վանականներին որոշ ժամանակով բնակվելու «մեծ անապատում»: Էութիմիոսը (377-473), պաղեստինյան վանականության կենտրոնական դեմքերից մեկը, իր անունը կրող կես-մենակեցական վանքը հիմնելուց առաջ, «ժամանակի մեծ մասն անցկացնում էր Երեսուներեք Մարտիրոսների վանքում», բայց Աստվածահայտնությունից մինչև Ծաղկազարդ` մեկնում էր դեպի անապատի խորքերը, դեպի «paneremon», ամբողջական անապատը, ուր ջանում էր «հետևել Եղիայի ու Հովհաննեսի ճգնություններին»[3]: Իր այս սովորությունը նա պահպանեց նաև Ֆառանի վանքում, Երուսաղեմի մոտ, ուր ապրեց հինգ տարի. ամեն տարի, իր վանական ընկերներից մեկի` Թեոտիկտոսի ընկերակցությամբ, մեկնում էր դեպի Քութիլայի մեծ անապատը և երկուսն էլ այնտեղ ապրում էին «մարդկանց հետ ունեցած առուտուրներից հեռու, փափաքելով Աստծո հետ խոսակցել մենության մեջ, աղոթքի միջոցով»[4]: Երբ իրադարձությունների նախախնամական ընթացքը Էութիմիոսին մղեց հիմնելու իր վանքը, այն կառուցեց Ֆառանի նմանությամբ[5]: Այսպիսով, վանքը հիմնելով, շարունակում էր ամեն տարի գնալ «Քութիլայի ու Ռուբայի անապատները, մեկնելով Հունվարի 14ին». իր հետ տանում էր աշակերտներից ոմանց և այնտեղ մնում էր «մինչև Ծաղկազարդի տոնը»[6]: Սա նշանակում է մենակեցական կյանքի տարեկան երկուսուկես ամիս:
Ո՛չ միայն մեծ անապատում ժամանակավոր այս առանձնացումները չէին ներկայացնում ինչ որ մի խնդիր կամ դժվարություն, այլ՝ խաղաղ սրտով թույլատրում էին նաև մնայուն տեղափոխությունը վանքից կես-մենակեցության, կես-մենակեցությունից` անապատ, բնակելի վայրերին մոտ անապատից` առավել ամայի անապատ: Ապոֆտեգմաներից մեկը հաստատում է, որ վանականները կարող են փոխել իրենց բնակավայրը միայն երեք պատճառով. «Եթե միջավայրը, ուր վանականը ներկայիս բնակվում է, ինչ որ մի չար մարդու պատճառով դարձել է կեղծիքի ու բաժանման վայր. եթե վանականն այդտեղ ընդունում է գովասանքներ. եթե ենթակա է պոռնկության վտանգին»[7]: Առաջին դեպքում, իրոք, վանականը ենթարկվում է հոգևոր կյանքի մեջ ամլության կամ անդամալուծության վտանգին, որի պատճառն են ուրիշների կողմից հարուցված խառնաշփոթություններն ու անհանգստությունները. երկրորդ դեպքում, վտանգի տակ է խոնարհությունը. երրորդը բացատրությունների կարիք չունի: Համենայն դեպս, Անապատի Հայրերի համար` մեկ վանքի մեջ հաստատուն բնակությունը բավական ճկուն հասկացողություն էր. դառնալու էր կանոնական՝ միայն Պակոմից սկսած, և Բենեդիկտոսի պարագային նույնպես այնքան խիստ կերպով հասկացված չէ, որքան որ ներկայացվում է սովորաբար: Վիքովարոյի վանականների հետ պատահած դեպքի վերաբերյալ, որոնցից Բենեդիկտոսը հեռանում է` թունավորումից ազատվելուց հետո, Գրիգոր Մեծը գրում է, որ «հարկավոր է համբերությամբ կրել նաև չարասիրտների ներկայությունը, եթե ի մի են հավաքված մի հասարակության մեջ, ուր կան նաև սակավաթիվ բարեսիրտ անձինք, որոնց համար` մեր ներկայությունը կարող է հոգևոր օգնություն և մխիթարություն լինել: Ուր, մինչդեռ, ամբողջովին բացակայում է մի քանի բարիներից ինչ որ մի հոգևոր պտուղ քաղելու հույսը, լիովին վատնված պետք է նկատել այն հոգնությունը, որ կրում ենք չարերի համար: Եվ սա հարկավոր է նկատի առնել հատկապես այն ժամանակ, երբ ներկայանում է հնարավորությունը՝ նվիրվելու ինչ որ մի ուրիշ գործի, որը թույլատրում է լավագույն պտուղներ ընծայել Աստծուն [...] : Նույն կերպ վարվեց նաև երանաշնորհ Բենեդիկտոսը. նա, որ ողջ էր, լքեց այդտեղի անուղղելի վանականներին և ուրիշ տեղ շատերին հարություն տվեց հոգևոր մահից»[8]: Բենեդիկտոսը, որ Վիքովարոյից տեղափոխվել էր Սուբիաքո, տակավին հարկադրված եղավ տեղափոխվել Մոնտեկասսինո, որովհետև առարկան էր դարձել Ֆիորենցիոս անունով քահանայի նախանձոտ ու համառ ատելության[9]: Եվ սակայն, հաստատուն բնակավայր ունենալու սկզբունքը միշտ անփոփոխ մնաց, ահա՛ այս իմաստով. «Տեղափոխվելով՝ Սուրբը փոխեց բնակավայրը, բայց ո՛չ՝ թշնամին»[10]: Ո՛ւր էլ որ լինենք, սատանան ընկերանալու է մեզ և հարձակվելու է մեր վրա. փորձությունը կարող է տարբեր լինել, բայց երբեք չի լինի նվազ վտանգավոր կամ նվազ սաստիկ: Աբբա Եսային խելացիորեն և առարկայական (օբյեկտիվ) աշխարհայացքով ասում էր. «Նրանք, ովքեր ճանաչում են սեփական չարությունը, իրենց տեղը հաստատուն են մնում, առանց վրդովվելու, շնորհակալություն հայտնելով Տիրոջը այն վայրի համար, որ տվել է իրենց բնակվելու: Հիրավի, համբերությունը, վեհանձնությունը և սերը շնորհակալություն են հայտնում աշխատանքների ու հոգնության համար. մինչդեռ հեղգությունը, հուսահատությունն ու հանգստավետության ցանկությունը պահանջում են մի վայր, ուր հարգանք են վայելում, և այդպիսով, բազմաթիվ անձանց գովասանքների պատճառով, զգայարանները հիվանդանում են և կրքերի շղթաները հաղթում են նրանց, մահացնելով հոգևոր ներքին ժուժկալությունը թափառաշրջիկությամբ ու հագեցվածությամբ»[11]: Միևնույն կամ մի ուրիշ Աբբա Եսայիի վերագրված ապոֆտեգմաներից մեկը նույն գաղափարը ներկայացնում է առավել կարճ և առավել անմիջական եղանակով. «Վայրը չէ, որ փախուստի է մատնում մեղքերին, այլ` խոնարհությունը»[12]: Հովհան Ոսկեբերանն իր հերթին հաստատում է. «Վախկոտին ու ծույլին` անապատը ոչնչով չի կարող օգնել։ Վայրը չէ, որ ծնում է առաքինությունները, այլ` հոգու դիրքորոշումներն ու կենցաղավարությունը»[13]: Հստակ է, որ Հայրերը շատ քիչ էին հավատում բնակավայրի «դարձի» արդյունավետությանը և ավելի նախընտրում էին սրտի դարձը, որը սովորաբար կախում չունի բնակավայրից, անշուշտ՝ եթե տվյալ վայրն Աստծուց կամեցվածն ու մատնանշվածն է: Կարևորություն չունի, մի խոսքով, ապրել այստեղ կամ այնտեղ. անզանցառնելի պայմանը, եթե կամենում ենք հոգևոր պտուղներ արտադրել, ամեն տեղ սեփական անձի համար մեռած լինելն է:
Բենեդիկտոսը նույնպես կամեցել է բնակավայրի անփոփոխելիությանը տալ քրիստոսաբանական նշանակություն. «Վանքում մինչև մահվան օրը հարատևելով, համբերության միջոցով մասնակցում ենք Քրիստոսի տառապանքներին, որպեսզի արժանանանք Իր Արքայության ժառանգորդակիցները լինելուն»[14]: Բնակավայրի անփոփոխելիությունը, հետևաբար, պատճառում է տառապանք` Քրիստոսի հետ, Քրիստոսի հետ փառավորվելու հեռանկարով (հմմտ. Հռմ 8, 17): Հայացքը Քրիստոսի, Նրա խաչակրության և Նրա համբերության վրա սևեռելով, վանականը կստանա հարատևության շնորհը՝ ընդդեմ հողմերի ու փոթորիկների, այն վայրում, ուր Աստված դրել է իրեն: Ով ցանկանում է փոթորիկներից խուսափել մի վայրում, դրանք վերստին գտնում է մի ուրիշ վայրում, իսկ վերջում նկատում է, որ բարի ոչինչ չի արտադրել ոչ մի վայրում. ցորենի հատիկը պտղաբերում է, միմիայն եթե հողի մեջ ընկնելով մեռնում է (հմմտ. Հվհ 12, 24):
[1] RB 61, 5. 8-10.
[2] RB 1, 8-9.
[3] A.-J. Festugière, “Cyrille de Scythopolis, Vie de Saint Euthyme”, Paris 1961, V, pp. 64; 55, n. 1.
[4] Նույն, VII, p. 66.
[5] Նույն, XVI, p. 80.
[6] Նույն, XXXII, p. 105.
[7] Pater. Arm., VII, 40R: II, 190-191.
[8] II Dial. 3, 10-12.
[9] II Dial. 8, 1-7.
[10] II Dial. 8, 10.
[11] R. Draguet, Les cinq recensions de l'Ascéticon syriaque d'Abba Isaïe, CSCO 294/Syr 123, Louvain 1968, Logos XXVI, 3, p. 450.
[12] Oratio 26; PG 40, 1143 B.
[13] In Gen. 43, 1; PG 53, 396.
[14] RB Pr 50.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։