Հնազանդվել խոսքին – Գրադարան – Mashtoz.org

Հնազանդվել խոսքին

Մտածումների բացահայտումը համաքայլ է ընթանում հնազանդության հետ: Երկու գաղափարները փոխադարձաբար կապված են միմյանց, մասերն են մեկ միակ իրականության, միևնույն կենցաղավարության, կամ հոգևոր բուժարվեստի, կարելի է ասել:
Առաջին հանգրվանում աշակերտը գալիս է իր հոգևոր հորը հայտնելու իր զգացումներն ու ձգտումները. բայց հետագայում, հայրական կշռադատության խաղաղարար (ո՛չ թե մտրակարար) լույսի ներքո մոլոր նկատված ձգտումներից հրաժարվելով է, որ ինքը նույնպես գտնում է սեփական ներքին ազատությունը, մի օր, իր հերթին, կշռադատության պարգևաշնորհը կիրարկելուց առաջ:
Արևելքում, այնպես` ինչպես և Արևմուտքում, նորընծա վանականի ընթացքը անփոփոխ կերպով սկսվում է սեփական ցանկություններից հրաժարվելու դասով, այսինքն` հրաժարվելով այն բոլոր բազմատեսակ ու հակասական ցանկություններից, որոնք երբեմն երբեմն կամ հաճախ ներկայանում են իր սրտին: «Աբբայի ուսուցումների գլխավոր մտահոգությունն ու նպատակը» (Աբբա, որին են վստահված վանքի երիտասարդ նորընծաները), գրում է Կասսիանոսը, «ուսուցում, որ ընդունակ կդարձնի երիտասարդ վանականին հետագայում բարձրանալու մինչև կատարելության ամենավերին գագաթները, պետք է կայանա նախևառաջ սեփական կամքից հրաժարումը սովորեցնելու մեջ»[1]: Պաղեստինում, Կասսիանոսին արձագանքում է Դորոթեոս Գազացին, սկսնակների համար գրած իր հրաշալի Հոգևոր Ուսուցումներում. «Երբ կապվում ենք մեր կամքին և վստահում ենք մեր հավակնոտ արդարությանը, այնժամ, ճիշտ երբ կարծում ենք, թե ինչ որ մի բարի բան ենք անում, խաբում ենք ինքներս մեզ և չենք անդրադառնում անգամ, որ կորստյան ենք մատնվում»[2]:
Ակնհայտ է, որ նմանատիպ հնազանդությունն ուրիշ բան չէ, եթե ո՛չ՝ հեռավոր ազգականը այսպես կոչված հասարակագիտական հնազանդության, որն անհրաժեշտ հատկանիշն է անձի և իր պատասխանատուի միջև գոյություն ունեցող որևէ հարաբերության, մարդկային որևէ խմբի ներսում: Երբ Հայրերը խոսում են հնազանդության մասին, նվազագույն չափով անգամ չեն հասկանում այն, ինչը որ մենք այսօր անվանում ենք խմբի հասարակաց բարիքը: Հայրերի համար կարևորը եղբոր միմիայն անձնական բարիքն է, եղբոր, որը հոգևոր հոր հայացքի ներքո ենթարկվում է հնազանդության այս վարժությանը որպես հոգևոր իրական բուժարվեստի: Հնազանդությունը նախևառաջ ներքին ազատության և հոգևոր հասունության ընթացքն է. հենց այս պատճառով է, որ իրավունքն ունի պահանջող լինելու, երբեմն այն տպավորությունը թողնելով, թե չափազանցում է և անցնում սահմաններից այն ամենի, ինչը որ մենք բանական ենք նկատում խմբի ծառայության գործում ենթակայի ու գերադասի միջև բնական հարաբերություններում: Այս չափազանցությունը, որ պարզապես թվացյալ է, կարող է հասկացվել միմիայն հոգեբանական և հոգևոր այն ընթացքի լույսի ներքո, որին սկիզբ տալն է իր գործը: Որոշ արտասովոր դեպքեր անհապաղ վիրահատությունների բնույթն ունեն պարզապես, որ միայն հայրը կարող է թելադրել իր որդուն, ո՛չ միայն՝ որովհետև ուրիշ որևէ մեկից ավելի լավ է ճանաչում նրան, այլ հատկապես` որովհետև որդին պարգևել է հորը իր ամբողջական վստահությունը և իրեն անչափորեն ու անմնացորդ կերպով սիրված է զգում Հոր կողմից, – այս հարցին դեռ կանդրադառնանք, – այնպես, ինչպես միմիայն Աստված կարող է սիրել իր որդիներին:
Հնազանդությունը, հետևաբար, կարող է հասնել որոշ խենթությունների: Նույնիսկ եթե Աբբան տվյալ դեպքում թվում է անխելք և ապուշությամբ փորձում է որդու համբերությունը[3], կամ եթե հրամայում է վտանգավոր բաներ, ինչպես բորենի որսալն ու կապելը[4], կամ էլ՝ ցավալի բաներ, ինչպես ձեռքը կրակի վրա պահելը[5], աշակերտը պետք է ջանա հնազանդվել տրված հրամանին: Այս վերջին օրինակը, պետք է հաշվի առնենք, Աբբայի համար ծառայել էր փորձելու համար հնազանդությունը մի եղբոր, որը եկել էր հանձնվելու իր հայրության շնորհին. «Ընդունի՜ր ինձ որպես քեզ որդի, որպեսզի սովորեմ` քո կողքին մնալով»: Մի ուրիշ դեպքում, աշակերտը վտանգի է ենթարկում մինչև իսկ սեփական կյանքը, որովհետև միմիայն «մինչև մահ հնազանդություն»ն է թույլատրում ճանաչել իրական վանականին[6]:
Այս ձևով հնազանդվելը նշանակում է ունենալ Աստծո կամքին հասնելու վստահությունը: Իրական հնազանդությունն ազատում է Աստծո պատվիրանները գործադրելու մտահոգությունից, որովհետև ապահովում է կերպարանակցությունը Աստծո կամքին. «Եթե վստահում ենք մեկին և հանձնվում ենք նրան հնազանդվելու, հարկավոր չէ մտահոգվել Աստծո պատվիրանների մասին: Բավական է հոգևոր հորը հանձնել սեփական բոլոր ցանկությունները և մարդն անմեղ կլինի Աստծո առաջ, որովհետև Աստված նորընծաներից ուրիշ ոչինչ չի պահանջում, եթե ո՛չ միայն՝ հնազանդության խաչակրությունը»[7]:
Երբ հնազանդությունն այսպիսով դառնում է միակ կանոնը և սեփական կամքից հրաժարումը վստահությամբ բացահայտում է Աստծո կամքը իրադարձությունների մեջ, ով հնազանդվում է, ազատ է որևէ տեսակի մտահոգություններից: Դառնում է «amerimnos», հանդարտ, առանց մտահոգությունների: Ով հոգևոր հայր ունի, նրան է վստահում այն ամենը, ինչը որ վերաբերվում է մյուս բոլոր մտահոգություններին: «Հանդարտ մնա», գրում է Բարսանուֆը: «Եթե ուզում ես ազատ լինել Աստծո համար, ես նույնպես կկրեմ քո հոգսը»[8]:
Հոգևոր հոր կողմից տրված հավանությունը հաճախ նկատվում է որպես օրհնություն: Հոր խոսքը, որով թույլատրում է որդուն գործել այս կամ այն ուղղությամբ, իր հետ բերում է նաև ասվածը գործադրելու կարողությունը. «Ահա այն, ինչը որ պետք է պահես մինչև մահ. ոչինչ չանես, փոքր բան լինի` թե մեծ, առանց քո հետ բնակվող հոգևոր հոր խորհրդի. խցից դուրս չգաս առանց իր թույլտվության. ջուր չխմես, քանի դեռ նա չի աղոթել, և չուտես, քանի դեռ նա խաչի նշանով չի կնքել կերակուրդ. ձեռքդ ուտելիքներին չտանես առանց նախ ասելու. “Օրհնի՜ր, հայր”. կաթսայի մեջ ջուր կամ յուղ չդնես առանց նախ նույնը ասելու: Իսկ գիշերը, քնելու չգնաս առանց նախ նրա առաջ խոնարհվելու և միմյանց ողջունելու»[9]:
Աշակերտի ողջ կյանքը կարծես դրոշմված է հոր օրհնությամբ և, վերջինիս միջոցով, Աստծո զորությամբ: Զարմանալի չէ, ուրեմն, որ հնազանդությունը հասնում է հրաշքներ գործելու: Ապոֆտեգմաներից մեկն ավանդվել է հստակ նպատակով` եղբայրներից մեկի հնազանդությանը վերագրելու մի ննջեցյալի հարությունը, մինչ եղբայրներից մեկ ուրիշը համոզված էր, թե այդ շնորհն ընդունել էր իր խստագույն ճգնությունների միջոցով. «Եղբոր հնազանդության շնորհիվ է, որ ննջեցյալը հարություն առավ»[10]:
Հոր հայացքի առջև սեփական մտածումների հայտնումը առաջացնում է նրա մեջ կշռադատության մի խոսք: Այս վերջինն, իր հերթին, պահանջում է կատարյալ հնազանդությամբ ներշնչված ընդունելություն: Եղբայրը, որն այսպիսով հրաժարվում է անձնական բոլոր ցանկություններից` փարվելու համար հոգևոր հոր խոսքից բխող լույսին, անսխալ կերպով փարվում է Աստծո կամքին, որ ներկա է հոր խոսքի մեջ: Այսպիսով, աշակերտը մաքրվում է անձնական կամքից, ազատվում է ցանկությունների բռնատիրությունից: Զգեստավորվում է Աստծո զորությամբ, որն իրեն ընդունակ է դարձնում իր հերթին արդյունավոր կերպով գործելու և ուրիշներին նույնպես օգնելու իրենց մտքերի կշռադատման ընթացքում:
[1] Inst., IV, 8.
[2] Դորոթեոս, V, 62.
[3] Nau 631.
[4] Աբբա Պողոսի աշակերտ Հովհաննեսը.
[5] Chaîne 270.
[6] Անանուն J 752.
[7] Nau 290.
[8] Բարսանուֆ 253.
[9] Անանուն K 298.
[10] Nau 294.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։